Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Լեռնային Ղարաբաղ: Պատմությունը

Լեռնային Ղարաբաղ: Պատմությունը: Մեծ Հայքի Արցախ (Փոքր Սյունիք) նահանգի սահմաններ ձգվել են անմուտքից՝ Սևանա լճի արևելյան ափով, հարավ-արևմուտքից՝ Աղավնո (Հակափ) գետով, հաշվից՝ Արաքս գետի ստորին հոսանքի հովտով՝ կիսով չափ ընդգրկելով Մուխանքի (Մուղան) դաշտը։ Հյուսիսից և հյուսիս- արևելքից սահմանակից էր Ուտիքին։ Արցախ-Ուտիքը ֆիզիկաաշխարհագրական իմաստով զբաղեցնում էր ներկայիս ԼՂՀ Հադութի, Մարտակերտի, Մարտունիի, Ասկերանի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի (Լաչին) և ազատագրած Քելբաջարի, ինչպես նաև Գետաբեկի, Թոուզի, Շամխորի, Դաշքեսանի (Քարահատ), Խանլափ, Ջաբրայիլի, Ֆիզուլիի շրջաններ։

 Տարբեր սկզբնաղբյուրներում երկրամասը կոչվել է տարբեր անուններով. Արդախունի, Ուտեխե-Ուոտեխինի (Վանի սեպագրերում), Օրխիստենե, Սոդակենե (հույն հեդինակնեփ երկերում), Արցախ, Ծավդեք, Փոքր Սյունիք, Խաչեն (հայկական աղբյուրներում), Ղարաբաղ պարսկերեն՝ «Բաղ ե-սիախ» (Սև այգի) անվանման թուրքերեն թարգմանությունը: Ղարաբաղն ավելի լայն առումով համապատասխանել է Հայաստանի Արցախ նահանգին և Ուտիք նահանգի մի մասին։

 Արցախ-Ղարաբաղի հնագույն պատմության մասին առաջին վկայությունները վերաբերում են քարի դարի վաղագույն՝ աշելյան և հաջորդ փուլերին (800-100.000 տարի առաջ)։ Դրանք քարե ու ոսկրե գործիքներ են՝ գտնված Որվան-Մզոխի, Ծծախաչի, Խորաձորի քարանձավներում։ Բրոնզի և երկաթի դարաշրջաններին պատկանող բնակատեղիների և դամբարանների պեղումները (Ստեփանակերտ, Խոջալու, Կրկժան, Ամարաս, Մադաղիս, Խաչենագետի, Իշխանագետի հովիտներ) վկայում են, որ այդ տարածքը մտել է մ.թ.ա. IV-III հազարամյակներում ձևավորված Կուր-Արաքսյան մշակութային համակարգի մեջ։ Իսկ հետո ընդգրկվել է հայկական լեռնաշխարհի արևելյան տարածքներում ստեղծված ցեղային միությունների մշակութաքաղաքական ոլորտում։

 Արցախը եղել է էթնիկորեն ձևավորվող հայ ժողովրդի սփռման հյուսիսարևելյան սահմանը (Ստրաբոն, Պլինիոս Ավագ, Պտղոմեոս)։

 Արցախը (Ուրտեխե-Ուրտեխինի) մ.թ.ա. I հազարամյակի սկզբից մտել է Արարատյան թագավորության (Բիայնիլի, Ուրարտու) սահմանների մեջ։ Սարդուրի Բ թագավորի (մ.թ.ա. 755-730) Ծովակ գյուղի մոտ պահպանված սեպագիր արձանագրությունը վկայում է, որ նրա զորքերը հասել են Ուրտեխինի երկիրը։ Մ.թ.ա. VI-II դդ. Արցախը մտել է Երվանդունիների, ապա՝ Արտաշեսյանների (մ.թ.ա. II - մ.թ. I դ), Արշակունիների (I-V դդ.) հայոց թագավորությունների կազմում։ Ըստ Ստրաբոնի՝ ունեցել է հարուստ տնտեսություն, պատերազմների ժամանակ՝ մեծաթիվ այրուձի։ Հայոց Տիգրան Բ Մեծ արքան (մ.թ.ա. 95-56), կարևորելով Արցախի դերը, այդտեղ է կառուցել իր անունը կրող 4 քաղաքներից մեկը՝ Արցախի Տիգրանակերտը (ավերակները գտնվում են ներկայիս Ակնա(Աղդամ) քաղաքի շրջակայքում)։

 IV դ. սկզբին Արցախում տարածվել է քրիստոնեությունը։ Գրիգոր Լուսավորչին քահանայապետ օծելու նպատակով Կեսարիա ուղեկցած Հայոց 16 գլխավոր նախարարների ու կուսակալների մեջ էր նաև Արցախի տերը՝ «իշխանն Ծաւդէից աշխարհին» (իշխանանիստ Ծաւդ-Ծոդ Սոդք ավանի անունից)։ Այդ շրջանում Արցախը հայտնի էր նաև Ծավդեից իշխանություն անունով։ Գրիգոր Լուսավորիչն Ամարաս ավանում (այժմ՝ ԼՂՀ Մարտունիի շրջանում) հիմնադրել է առաջին եկեղեցին, որի կառուցումն ավարտել է նրա թոռ Գրիգորիսը՝ Արցախ աշխարհի առաջին եպիսկոպոսը։ V դ. Արցախը հիշատակվում է նաև Փոքր Սյունիք անունով։ Արշակունիների թագավորության անկումից (428) հետո պարսից արքունիքը Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգներից ու բուն Աղվանքից կազմել է մեկ մարզպանություն, որի մարզպանը նստում էր Սոդքում։ Արցախը եռանդուն մասնակցել է Վարդանանց 451-ի պատերազմին։ V դ. վերջին քառորդում, օգտվելով պարսկական պետության թուլացումից, Արցախի և Ուտիքի (Առան), հետագայում Առանշահիկ (Առանի թագավոր) կոչված հայկական իշխանական տոհմերից մեկը ձեռք է բերել որոշակի ինքնուրույնություն և ստեղծել իր թագավորությունը, որի առաջին գահակալն էր Վաչագան Բարեպաշտը։ Վաչագանի թագավորությունն ուներ իր ներքին օրենսդրությունը («Սահմանադրութիւն կանոնական») պայքարում էր երկրամասի քրիստոնեական կենտրոնները հեթանոսության մնացորդներից և նոր հավատի աղանդներից մաքրելու, լուսավորություն տարածելու համար։ Այդ ժամանակ հիմնադրված, ինչպես նաև ավելի ուշ ստեղծված հոգևոր ու մշակութային կենտրոնները (Գտիչի և Կատարո վանքերը՝ երկրամասի հարավային մասում, Ամարասը, Եղիշե առաքյալի վանքը, Հոռեկավանքը, Դադիվանքը, Մեծառանից Ս. Հակոբավանքը, Գանձասարը՝Գանձասար կենտրոնական գավառներում և այլն) ամբողջ միջնադարում գործել են։ VI դ. վերացել է Առանշահիկների թագավորությունը։ Սակայն Արցախի տերը դարձյալ նույն Առանշահիկ նախարարական տունն էր, նույնիսկ այն ժամանակ, երբ Ուտիքի Գարդմանք գավառ թափանցած Միհրանյանները կոտորել են տեղի Առանշահիկներին և տիրել Ուտիքի մեծ մասին։

 Արաբական տիրապետության հաստատումից (VIII դ. սկիզբ) հետո Արցախը բազմիցս մասնակցել է բռնակալների դեմ ծագած ապստամբությունների։ IX դ. 1-ին կեսին հակաարաբական շարժումները գլխավորել են Արցախի Առանշահիկների տան երկու ճյուղերի ներկայացուցիչները՝ Դիզակի իշխան Եսայի Աբու Մուսեն և Խաչենի իշխան Սահլ Սմբատյանը։

 X դարից սկսած՝ Արցախում և հարևան հայկական շրջաններում առաջացածմանը իշխանությունների գահերեցը Խաչեն գավառի իշխանն էր։ XI-XII դդ. Արցախը ենթարկվել է սելջուկ թուրքերի ասպատակություններին: Առանձնապես տուժել է Խաչենը, որի բնակավայրերն ու մշակութային կենտրոններն ավերվել են, ժողովուրդը ենթարկվել է կողոպուտի ու ջարդի։

 IX-XIII դդ. Խաչեն գավառի անունով է կոչվել ամբողջ Արցախ նահանգը, երբ նրա նախարարական տան հիմնական նստավայր էր դարձել Խաչենի բերդը։ X դ. ստեղծված Խաչենի իշխանությունը մինչև XII-XIII դդ. իր տարածքով համապատասխանում էր ողջ Արցախին։ Սելջուկ թուրքերի, ապա մոնղոլների նվաճումների ժամանակ Խաչենի իշխանությունը զբաղեցնում էր Արցախի լեռնային ու նախալեռնային մասերը՝ առանց Մյուս Հաբանդ գավառի հարավային կեսի, որին տիրում էր Արցախի Առանշահիկ իշխանական հարստության Դիզակի (Աբու Մուսեի ժառանգներից սերված) ճյուղը։

 XII դ. 2-րդ կեսին Խաչենի իշխանությունը բաժանված էր երեք մասի, որոնցից յուրաքանչյուրի զբաղեցրած տարածքն ստացել էր իր հատուկ անունը. Ներքին Խաչեն (Խոխանաբերդցիների իշխանության տիրույթները՝ Մեծառանք, Բերդաձոր գավառները, Մյուս Հաբանդի հյուսիսային մասը), Կենտրոնական Խաչեն կամ Հաթերք (Մեծ Կվենք գավառի մեծ մասը, Փառիսոսն ու Կողթը) և Վերին Խաչեն կամ Ծար, որն ընդգրկել է Սևանի արևելյան ափերը և Թարթառ (Տրտու) գետի ավազանը՝ Գեղամա, Սոդք և Ծար գավառները։

Դադիվանք XII դ. 40-ական թթ. Խաչենի իշխանությունը վերջնականապես ազատագրվել է սելջուկ թուրքերի լծից, իսկ դարավերջին եղել է Զաքարյանների գլխավորությամբ ազատագրված Հյուսիսարևելյան Հայաստանի կազմում։ XIII դ. սկզբին աննախընթաց զարգացում են ապրել տնտեսությունը, արհեստներն ու մշակույթը, վերակառուցվել ու կառուցվել են Դադիվանքի, Խաթրավանքի, Գանձասարի, Գտիչի տաճարները։

 Ժամանակի ականավոր պետական գործիչ գահերեց իշխան Հասան Ջալալ Դոլայի (իշխանավարել է 1214-61-ին) եռանդուն ու շրջահայաց քաղաքականության շնորհիվ երկրամասը երկար ժամանակ կարողացել է դիմագրավել թաթար-մոնղոլների ավերածություններին, 1254-ին ստեղծվել է հայ-մոնղոլական դաշինք, որի շնորհիվ հայկական իշխանությունները, ընդհուպ մինչև Կիլիկիայի հայկական թագավորությունը, մասամբ փրկվել են օտար զավթիչների վայրագություններից ։

 Ուշ միջնադարում Խաչեն անվան տակ հասկացվել է հիմնականում Խաչենի մելիքության տարածքը՝ Խաչենագետի ավազանում, քանի որ Խաչենի իշխանության մնացած մասերը XVI դ. սկզբից սկսած զբաղեցնում էին Գյուլիստանի, Ջրաբերդի, Ծարի, Սոդքի, Վարանդայի մելիքությունները, իսկ, XVII դ. վերջ-XVIII դ. սկզբից՝ Խամսայի մելիքությունները (Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա և Դիզակ՝ Գանձակից մինչև Երասխ, առանց Ծար և Սոդք գավառների)։

 XV դ. ակ-կոյունլու և կարա-կոյունլու ցեղերի անընդմեջ արշավանքներից նահանգը մեծապես տուժել է, տնտեսական ու մշակութային կյանքը խաթարվել։ Այդուհանդերձ, հենց Խաչենում էր, որ պահպանվել էին հայ պետականության վերջին կենսունակ բեկորները, որոնց հիմքի վրա էլ XVI դ. վերջին և XVII դ. սկզբին ստեղծվել են հայկական վարչաքաղաքական իշխանություններ (մելիքություններ), որոնց ժառանգական կառավարիչ-իշխանները կոչվում էին մելիքներ (արաբերեն՝ մալիք- տիրակալ, արքա բառից)։ Մելիքությունները ղեկավարել են Գյուլիստանի Մելիք-Բեգլարյանների, Ջրաբերդի Մելիք-Իսրայելյանների, Խաչենի Հասան-Ջալալյանների, Վարանդայի Մելիք-Շահնազարյանների և Դիզակի Մելիք-Եգանյանների տոհմերը։ Այդ մելիքություններն էին, որ XVII-XVIII դդ. գլխավորել են հայ ժողովրդի ազատագրական պայքարը պարսկական և օսմանյան բռնակալությունների դեմ։ Շաւժումնեփ քաղաքական կենտրոնը Գանձասարի վանքն էր։ XVIII դ. 1-ին քառորդում շարժման ղեկավարն էր Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը, որն Իսրայել Օրիի հետ ջանքեր է գործադրել Հայաստանի ազատագրման պայքարի համար ստանալու Ռուսաստանի օժանդակությունը։

 XVIII դ. 2-րդ կեսին քոչվոր սարըջալու ցեղի ներկայացուցիչ Փանահ Ալին, օգտվելով Ղարաբաղի մելիքությունների ներքին անհամաձայնություններից, Վարանդայի մելիք Շահնազար Բ-ին օժանդակելու պատրվակով նրանից ստացել և ապա տիրացել է Վարանդայի հին ամրություններից մեկին՝ Շոշ գյուղի բերդին։ Այնուհետև օգտվելով Պարսից շահի վստահությունից՝ իրեն հռչակել է Ղարաբաղի խան և ջանացել է զանազան միջոցներով իր տիրապետությունը տարածել ինչպես Ղարաբաղի, այնպես էլ հարևան մյուս հայկական մելիքությունների վրա։ Շուշիի այժմյան տեղում կառուցել է իր նստավայրը, շրջակայքը բնակեցրել իր ցեղակիցներով ու հայ շինականներով, իրեն հռչակել նաև որպես Շուշիի խան։ Միմյանց դեմ լարելով մելիքներին, դավեր նյութելով նրանց դեմ, ասպատակելով մեկի կամ մյուսի տիրույթները՝ Շուշիի խանը նպատակ ուներ խարխը լել երկրամասի բնիկ հայկական իշխանությունների հզորությունը։ Այդ ժամանակվանից սկսվել է երկրամասում մահմեդական տարրի (թուրք-թաթարական և քրդական) հաստատումը։ Փանահի ու նրա հաջորդ Իբրահիմի խժդժությունները հովանավորել ու քաջալերել է Թուրքիայի սուլթանը։ Իսկ մելիքների հակապարսկական ու հակաթուրքական պայքարը խրախուսվել է ռուսական պետության կողմից։ Դեռևս Պետրոս I-ի (1682-1725) ժամանակից սկսած՝ Արցախ-Ղարաբաղի աշխարհիկ ու հոգևոր իշխանությունները սերտ կապերի մեջ են եղել ռուսական արքունիքի հետ, ձգտել ռուսական զենքի օժանդակությամբ երկրամասն ազատագրել եկվոր բռնապետների տիրապետությունից և վերականգնել հայրենի պետականությունը։ Եկատերինա II կայսրուհու օրոք (1762-96) ռուսական արքունիքի ազդեցիկ գործիչ Գ. Պոտյոմկինի օժանդակությամբ որոշվել է Արցախն ու հարակից հայկական շրջաններն ազատագրել եկվոր մահմեդականների տիրապետությունից, վերականգնել հայկական թագավորությունը՝ նրա գահակալ նշանակելով տեղական մելիքներից մեկին։ Այս ծրագրով Արցախ-Ղարաբաղը լինելու էր ժամանակի հայկական թագավորության առանցքը, և «Ասիայում վերականգնված քրիստոնեական այս պետությունը» դառնալու էր Ռուսաստանի հուսալի հենարանը հարավում (Գ. Պոտյոմ կինի՝ կայսրուհուն գրած ուղերձից)։

1805-ին Ղարաբաղն ընդունել է Ռուսաստանի տիրապետությունը, որը հաստատվել է Գյուլիստանի 1813-ի ռուս-պարսկական հաշտության պայմանագրով։ XIX դ. առաջին երեսնամյակում Անդրկովկասի համար մղված մարտերում պարսիկ ու թուրք նվաճողների դեմ ղարաբաղցիներն արիաբար մարտնչել են ռուսական զորքերի կազմում։

 Միանալով Ռուսաստանին՝ Ղարաբաղի հայությունը թոթափել է թուրքական և պարսկական լուծը։ 1822-ին վերացել է Շուշիի խանությունը։ 1840-ական թթ. Ռուսաստանի կատարած վարչատարածքային բաժանման արդյունքում Անդրկովկասում ստեղծվել են Վրացա-Իմերեթյան նահանգը՝ Թիֆլիս կենտրոնով, և Կասպիական մարզը՝ Շամախի կենտրոնով։ Արևելահայկական տարածքների մի մասը ներառվել է Վրացա-Իմերեթյան նահանգի կազմի մեջ, մյուս մասը, այդ թվում Ղարաբաղը՝ Կասպիական մարզի։ Հետագայում 1868-ին ստեղծված Ելիզավետպոլի նահանգի մեջ են մտել Ղարաբաղի տարածքում ստեղծված Շուշիի, Ջաբրայիլի, Ջիվանշիրի, ինչպես նաև Զանգեզուփ գավառները։ Այդպիսի վարչատարածքային բաժանումը, աննշան փոփոխություններով, պահպանվել է մինչև 1918-ը։ 1918-20-ին Ղարաբաղում իշխանությունը գտնվում էր Հայոց Ազգային խորհրդի ձեռքում, հայկական Լեռնային Ղարաբաղն ինքն է տնօրինել իր բախտը և ամեն կերպ ջանացել է միավորվել Հայաստանի Հանրապետության հետ։ Սակայն Ադրբեջանի մուսավաթական կառավարողները Թուրքիայի օժանդակությամբ իրենց ռազմական ու դիվանագիտական բոլոր միջոցներն օգտագործել են Ղարաբաղին տիրանալու համար։ 1918-20-ին հպատակության պահանջով նրանք բազմիցս դիմել են իրենց Ազգային խորհրդին, ինչը կտրականապես մերժվել է Ղարաբաղի հայերի համագումարներում (երկու տարվա ընթացքում՝ 10 համագումար)։

 1918-ի հունիսի 4-ին կնքված Բաթումի հաj-թուրքական պայմանագրից հետո, որով Հայաստանի Հանրապետության տարածք է ճանաչվել ընդամենը 9 հզ. քառ. վերստ, Արցախն ստիպված էր ժամանակավորապես ինքնուրույն լուծելու իր քաղաքական հետագա կարգավիճակի խնդիրը։

 1918-ի հուլիսի 22-ին Շուշիում հրավիրվել է Ղարաբաղի հայերի առաջին համագումարը, որն էլ Լեռնային Ղարաբաղը հռչակել է անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրել Ազգային խորհուրդ և ժողովրդական կառավարություն, վերջինս հուլիսի 24-ին ընդունել է հռչակագիր, որում շարադրված էին նորաստեղծ պետական իշխանության խնդիրները։ Ադրբեջանի կառավարությունն այդ համագումարից հետո փորձել է Լեռնային Ղարաբաղը ուժով՝ թուրքական զորքերի օգնությամբ, ներառել Ադրբեջանի սահմաններում։ Թուրքական զորքերի հրամանատարությունը Ղարաբաղի Ազգային խորհրդին վերջնագիր է ներկայացրել, սակայն սեպտեմբերի 6-ին հրավիրված Ղարաբաղի հայերի երկրորդ համագումարը մերժել է թուրքական հրամանատարության և Ադրբեջանի կառավարության պահանջները։

 1918-ի սեպտեմբերի 15-ին Բաքուն գրավելուց և քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդերից (զոհվել է 40 հզ. հայ) հետո թուրքական զորքերի հրամանատարությունը դարձյալ վերջնագիր է ներկայացրել Ղարաբաղի ժողովրդական կառավարությանը՝ պահանջելով զինաթափվել, թույլատրել թուրքական և ադրբեջանական զորքերի մուտքը Շուշի և ճանաչել Ադրբեջանի իշխանությունը։ Սեպտեմբերի 17-ին հրավիրված Ղարաբաղի հայերի երրորդ համագումարը դարձյալ մերժել է ներկայացված բոլոր պահանջները։ Թուրքական հրամանատարությունը ստիպված հրաժարվել է ժողովրդի ընդհանուր զինաթափման, Ադրբեջանի իշխանությանը պարտադրելու պահանջներից, պահպանել է Ղարաբաղի ստատուս քվոն, սակայն պնդել է զորքերը Շուշի մտցնելու պահանջը։ Նկատի ունենալով Առաջին համաշխարհային պատերազմում գերմանական դաշինքի (որի մեջ էր մտնում Թուրքիան) մոտալուտ պարտությունը՝ Ղարաբաղի կառավարությունը, չնայած բնակչության դժգոհությանը, ժամանակ շահելու նպատակով համաձայնել է այդ պահանջին։ Առանց դիմադրության մտնելով Շուշի՝ ուխտադրուժ թուրքերը զինաթափել են քաղաքի հայ բնակչությանը և ձերբակալել բազմաթիվ հայ մտավորականների։ Ղարաբաղի հայերը ստիպված բեկանել են երրորդ համագումարի որոշումը և սկսել են պատրաստվել դիմադրության։

 Համաձայն 1918-ի հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարի՝ Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Թուրքիան իր զինված ուժերը դուրս է բերել Անդրկովկասից, իսկ նոյեմբերի 17-ին Բաքու են մտել անգլիական իշխանությունների ներկայացուցիչները։ Վերջիններս վարել են ադրբեջանամետ քաղաքականություն։ Ադրբեջանն այս անգամ փորձել է Լեռնային Ղարաբաղը նվաճել անգլիացիների օգնությամբ։ Հայտարարելով, թե վիճելի տարածքների ճակատագիրը պետք է որոշվի Փարիզի խաղաղության վեհաժողովում, անգլիական հրամանատարությունն Ադրբեջանում իր ներկայությունն ամրապնդելու համար իրականում ջանքեր չի խնայել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու համար։ 1919-ի հունվարի 15-ին ադրբեջանական կառավարությունը անգլիական հրամանատարության համաձայնությամբ Խոսրով բեկ Սուլթանովին նշանակել է Լեռնային Ղարաբաղի գեներալ-նահանգապետ և վերջնագիր ներկայացրել Հայոց Ազգային խորհրդին՝ Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու պահանջով։ 1919-ի փետրվարի 19-ին Ղարաբաղի հայերի չորրորդ համագումարը մերժել է Ադրբեջանի վերջնագիրը և բողոքել Խոսրով բեկ Սուլթանովին գեներալ-նահանգապետ նշանակելու առիթով։ 1919-ի ապրիլի 23- ին հրավիրված Ղարաբաղի հայերի հինգերորդ համագումարը նույնպես մերժել է Շուշի եկած Բաքվի անգլիական զորքերի հրամանատար գնդապետ Շաթելվորթի՝ Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու պահանջը։ Անխուսափելի է դարձել պատերազմը Ղարաբաղի և Ադրբեջանի միջև. ադրբեջանական գրեթե ողջ բանակը կենտրոնացվել է Լեռնային Ղարաբաղի սահմանների մոտ։ Այդ պայմաններում 1919-ի հունիսին համաձայնագիր է ստորագրվել Շուշիի անգլիական առաքելության և Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ Ղարաբաղի հայերի վեցերորդ համագումար հրավիրելու մասին։ Համագումարի հիմնական խնդիրը մինչև Փարիզի խաղաղության վեհաժողովի հրավիրումը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի փոխհարաբերությունների հարցի քննարկումն էր։ Սակայն անգլիական առաքելության և Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները Շուշի են եկել համագումարի աշխատանքի ավարտից հետո և բանակցությունները չեն կայացել։ Համագումարում ստեղծված հանձնախումբը եկել է այն եզրակացության, որ Լեռնային Ղարաբաղը պատերազմի դեպքում չի կարողանա պաշտպանել իր անկախությունը, և Ադրբեջանի զինված հարձակման սպառնալիքի ներքո Ղարաբաղի Ազգային խորհուրդը ստիպված սկսել է բանակցությունները։

 Տեղի տալով անգլիական իշխանությունների ճնշումներին և ձգտելով ժամանակ շահել ու կենտրոնացնել եղած ուժերը՝ Ղարաբաղի հայերի յոթերորդ համագումարը 1919-ի օգոստոսի 22-ին Ադրբեջանի կառավարության հետ ստորագրել է մի համաձայնագիր, ըստ որի՝ մինչև Փարիզի խաղաղության վեհաժողովում հարցի վերջնական լուծումը, Լեռնային Ղարաբաղը ժամանակ շահելու նպատակով ձևականորեն ճանաչել է Ադրբեջանի Հանրապետության գերիշխանությունը։ Հայերը զենքը ցած չեն դրել, և ադրբեջանական զորքը չի մտել Լեռնային Ղարաբաղ։ Օգոստոսի 22-ի համաձայնագիրը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը. երկրամասը շարունակել է մնալ ինքնուրույն քաղաքական միավոր։ Դա է վկայում 1920-ի փետրվարի 28-ից մարտի 4-ը կայացած Ղարաբաղի հայերի ութերորդ համագումարը, որը մերժել է փետրվարի 19-ին Ղարաբաղի Ազգային խորհրդին Խոսրով բեկ Սուլթանովի ներկայացրած Ղարաբաղն Ադրբեջանին միացնելու պահանջը։

 Ադրբեջանը, չհրաժարվելով Լեռնային Ղարաբաղը նվաճելու մտադրությունից, 1920-ի մարտին իր զորքերը մտցրել է Լեռնային Ղարաբաղ։ Թուրք-ադրբեջանական հրոսակները 1920-ի մարտի 23-ին գրավել են երկրամասի կենտրոն Շուշին, հրդեհել քաղաքի հայկական թաղամասերը, կոտորել ավելի քան 20 հզ. հայերի։ Ապրիլի սկզբին ադրբեջանական զորքերը ձեռնարկել են նոր հարձակում՝ ձգտելով գրավել Լեռնային Ղարաբաղի կենտրոնական և հարավային շրջանները։ Ինքնապաշտպանության ուժերը կարողացել են դիմագրավել և Հայաստանից օգնության հասած ուժերի հետ ազատագրել Լեռնային Ղարաբաղը։

 1920-ի ապրիլի 23-ին կայացած Ղարաբաղի հայերի իններորդ համագումարը չեղյալ է հայտարարել 1919-ի օգոստոսի 22-ին ստորագրած համաձայնագիրը և Լեռնային Ղարաբաղը հռչակել Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը։ Լեռնային Ղարաբաղը զավթելու Ադրբեջանի կառավարության բոլոր փորձերը մատնվել են անհաջողության։

Ազգերի լիգան վիճելի է ճանաչել հայկական Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ընդ որում՝ ավելի ընդարձակ սահմաններում, քան ԼՂՀ ներկայիս տարածքն է, և որոշել, որ Հայաստանի ու Ադրբեջանի անկախության ճանաչման հարցի առթիվ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է լուծում գտնի Փարիզի խաղաղության վեհաժողովում։

 1920-ի ապրիլի 28-ին Խորհրդային Ռուսաստանի զորքերը մտել են Բաքու և Ադրբեջանում հաստատել խորհրդային իշխանություն։ Կարմիր բանակի ղեկավարությունը ևս որդեգրել է Ադրբեջանի միջոցով Անդրկովկասում հաստատվելու քաղաքականություն և Ղարաբաղ-Զանգեզուփ զինված ուժերի հրամանատար Դ. Կանայանից (Դրո) պահանջել է հեռանալ Ղարաբաղից։ Պահանջը չկատարելու դեպքում սպառնացել են սկսել կարմիր բանակի և Խորհրդային Ադրբեջանի զինված ուժերի միասնական գործողություններ Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ստեղծված իրավիճակում 1920-ի մայիսի 26-ին Թաղավարդ գյուղում հրավիրված Ղարաբաղի հայերի տասներորդ համագումարը Լեռնային Ղարաբաղը ստիպված հռչակել է խորհրդային։ Ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հեղկոմ՝ Ս. Համբարձումյանի նախագահությամբ։ Դ. Կանայանն իր զորքով նույն օրը հեռացել է Ղարաբաղից։

 Բավարարվելով Արցախում խորհրդային կարգերի հաստատման փաստով՝ Ռուսաստանը չի բռնազավթել Լեռնային Ղարաբաղը հօգուտ Խորհրդային Ադրբեջանի։ 1920-ի օգոստոսի 10-ին Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է համաձայնագիր, որտեղ ամրագրվել է, որ խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների (Ղարաբաղ, Զանգեզուր և Նախիջևան) գրավումը չի կանխորոշում այդ տարածքների հանդեպ Հայաստանի Հանրապետության կամ Խորհրդային Ադրբեջանի իրավունքների հարցը։

 Լեռնային Ղարաբաղում խորհրդային իշխանության հաստատումից հետո Ադրբեջանն սկսել է երկրամասի «խաղաղ» զավթման քաղաքականությունը, որը, սակայն, կրկին բախվել է Ղարաբաղի հայերի վճռական դիմադրությանը։ 1920-ի հունիսից հայ բնակչությունը պայքարի է դուրս եկել հանուն իր անկախության, որը նույն տարվա աշնանը վերաճել է համաժողովրդական հզոր ապստամբության։

1920-ի նոյեմբերի 29-ին խորհրդային կարգեր են հաստատվել նաև Հայաստանում։ Արցախի հայ բնակչությունը համոզված էր, որ իր երկրամասն անհապաղ կմիացվի ՀԽՍՀ-ին։ 1920-ի նոյեմբերի 30-ին Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը, նկատի ունենալով քաղաքական իրավիճակի փոփոխությունը, ընդառաջ գնալով հայ ազգաբնակչության խնդրանքին և ՀԽՍՀ Կառավարության դիմումին, համաձայնել է Նախիջևանը, Զանգեզուրը և Լեռնային Ղարաբաղը հանձնել Հայաստանին։ Սակայն դա տևել է ընդամենը երեք ու կես ամիս, որից հետո Ադրբեջանը ռուս-թուրքական դիվանագիտական հարաբերությունների միջոցով 1921-ի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով դարձյալ տիրացել է Նախիջևանին, իսկ հետագա ամիսներին քաղաքական բացահայտ ու գաղտնի միջոցներով հասել է այն բանին, որ Ղարաբաղը նույնպես մնա Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։ Բայց երկրամասի բնակչության պահանջով 1921-ի հուլիսի սկզբին հարցը քննության է դրվել Ռուսաստանի կոմունիստական. (բոշևիկների) կուսակցության. կենտկոմի Կովկասյան բյուրոյի նիստում։ Հուլիսի 4-ին բաց քվեարկությամբ վճռվել է Լեռնային Ղարաբաղը ՀԽՍՀ-ին վերադարձնելու հարցը, հենց նույն օրվա նիստում էլ Ադրբեջանական ԽՍՀ-ի ղեկավար Ն. Նարիմանովը, նկատի առնելով Ղարաբաղի կարևորությունը Ադրբեջանի համար, անհրաժեշտ է համարել հարցը հետաձգել ՌԿ(բ)Կ Կենտկոմում վերջնականապես լուծելու համար։ Սակայն հաջորդ օրն իսկ Մոսկվայի թելադրանքով և Ի. Ստալինի ճնշման տակ, առանց հարցը վերաքննելու՝ վճռվել է Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում՝ նրան տալով ազգային ինքնավարություն։ Հետագայում այս ինքնավարության հարցը ևս ենթարկվել է քաշքշուկի և միայն 1923-ի հուլիսի 7-ին է արժանացել կիսատ-պռատ լուծման՝ կազմվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ). բոլոր կողմերից անդամահատելով նրա տարածքը՝ մարզից դուրս թողեցին նրա հյուսիսային, հարավային ու արևելյան մասերը, հատկապես նախկին Գյուլիստանի մելիքության տարածքը (ներկայիս Շահումյանի շրջանը և Խանլարի շրջանի մեծագույն մասը), որ պատմական ամենադժնդակ ժամանակներում անգամ գտնվել է Արցախ-Ղարաբաղի իշխանության, ապա և Խամսայի մելիքությունների կազմում։ Ադրբեջանի ղեկավարությունը կանխամտածված մարզը 5 կմ լայնությամբ շերտով նաև սահմանազատել է Հայաստանից։ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմում շուրջ 70 տարի ԽՍՀՄ մաս է կազմել՝ դրանից բխող բոլոր իրավունքներով ու պարտականություննեւով Հայաստանի Հանրապետությունից անջատելու նպատակով Արցախի արևմտյան հատվածում նրա երկու շրջաններից (Քելբաջար և Լաչին) ստեղծվել է «Կարմիր Քրդստանը», ինչը գոյատևել է մինչև 1936-ը։

 ԼՂԻՄ-ի կենտրոն է դարձել Վարարակնը (Շուշիի խանության կարճ շրջանում կոչվել է Խանքենդի), որը Ստեփան Շահումյանի հիշատակին վերանվանվել է Ստեփանակերտ։ Մարզի բնակչությունը այդ ժամանակներից լծվել է երկրի բարեկարգման ու շենացման գործին։ 1941-45-ի Հայրենական պատերազմի տարիներին Լեռնային Ղարաբաղից շուրջ 45 հզ. հայ է զորակոչվել ռազմաճակատ, կեսը զոհվել է մարտերում։ 15 հզ. մարդ պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով, 20-ը արժանացել են Խորհրդային Միության հերոսի, իսկ Ն. Ստեփանյանը՝ կրկնակի հերոսի կոչման, աչքի են ընկել զորավարներ՝ ավիացիայի մարշալ Մ. Խուդյակովը (Ա. Խանփերյանց), գեներալ-գնդապետ Մ. Պարսեղովը, գեներալ-լեյտենանտ Մ. Սարդարյանը, գեներալ-մայոր Ա. Ղազարյանը և ուրիշներ։

 Այդուհանդերձ, ինչպես նախապատերազմյան տարիներին, այնպես էլ պատերազմից հետո խոչընդոտվել է մարզի սոցիալ-տնտեսական, հատկապես ազգային մշակութային զարգացումը։ Կենտրոնական իշխանությունների նպատակադիր քաղաքականության հետևանքով ոտնահարվում էին հայ բնակչության ազգային իրավունքներն ու պահանջները, ոչնչացվում կամ յուրացվում հայկական մշակութային արժեքներն ու ճարտարապետական կոթողները։ Մարզի գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, ըստ էության, դարձել էին սոսկ հումքի ու կիսաֆաբրիկատի մատակարարներ։ Տասնամյակներ շարունակ մարզը լիովին մեկուսացված էր Հայաստանից, խոչընդոտվում էին անգամ Հայաստանի հետ մշակութային առնչությունները։

 Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը խորհրդային տարիներին շարունակել է պայքարել Ադրբեջանի կազմից մարզի դուրսբերման համար։ Ադրբեջանական ԽՍՀ Կոմկուսի կենտկոմը 1920-ական թթ. արդեն բազմիցս ստիպված է եղել անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Իսկ ԽՍՀՄ կենտրոնական մարմինների առջև Լեռնային Ղարաբաղի հարցը հարուցելու փորձեր ձեռնարկվել են հատկապես հետպատերազմյան տարիներին. այդ նպատակով բազմիցս նամակներ ու հանրագրեր են հղվել Մոսկվա։ 1965-ի հանրագրի տակ դրվել է 45 հզ. ստորագրություն։ Այդ դիմումի հիման վրա ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարությունը 1966-ին ընդունել է որոշում, որով Հայաստանի և Ադրբեջանի Կոմկուսների կենտկոմներին հանձնարարվել է համատեղ պատրաստել Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումը։ Սակայն հնարավոր լուծումն արգելակվել է Ադրբեջանի կողմից՝ ԽՍՀՄ ղեկավարության ազդեցիկ անձանց աջակցությամբ։ Ավելին, Ադրբեջանի իշխանությունների կողմից մարզում հրահրվել են ազգամիջյան ընդհարումներ և համաժողովրդական բողոքի ճնշման գործընթացում գնդակահարվել ու բանտերում սպանվել է մոտ 20 հայ, անհայտ կորել 10-ը, ավելի քան 150-ը բռնադատվել։ Երկու տարվա հետապնդումների հետևանքով Ղարաբաղից հարկադրված հեռացել են 100-ից ավելի հայ ընտանիքներ՝ հատկապես մտավորականներ։ Ղարաբաղյան հարցի լուծման բազմաթիվ առաջարկներ են արվել 1977-ին՝ ԽՍՀՄ նոր սահմանադրության նախագծի քննարկումների ժամանակ։ Ամենաբարձր մակարդակներում ճանաչվել է հիմնահարցի առկայությունը, բայց դրա լուծումը միշտ հետաձգվել է անորոշ ժամանակով։ 1980-ական թթ. կեսից ԽՍՀՄ-ում «վերակառուցման» հռչակած կարգախոսները ոչ միայն անմիջապես լայնորեն տարածվել, այլև ոտքի են հանել մարզի ամբողջ հայ բնակչությանը։ Պատվիրակների խմբեր են մեկնել Մոսկվա և մարզի հայության ոտնահարված իրավունքները վերականգնելու պահանջներով ներկայացել ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ ու ԽՄԿԿ ԿԿ։

 Ղարաբաղյան շարժման մեջ որակական նոր փուլ է սկսվել 1980-ական թթ. վերջին. 1987-ի երկրորդ կեսին սկսված յուրատեսակ հանրաքվեով, որի տակ ստորագրել է ավելի քան 80 հզ. մարդ, ԼՂԻՄ-ի բնակչությունը դիմել է Հայաստանի հետ ԼՂԻՄ-ի վերամիավորման պահանջով։ 1988-ի փետրվարի 13-ին Ստեփանակերտում կազմակերպված ցույցը պահանջել է, որ մարզի կուսակցական ու խորհրդային մարմինները դիմեն երկրի գերագույն իշխանությանը՝ այն Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու և ՀԽՍՀ-ին վերամիավորելու համար։ Նույնպիսի որոշումներ են ընդունել նաև մարզի շրջանային ու քաղաքային խորհուրդները։ Փետրվարի 20-ին ժողպատգամավորների մարզխորհուրդն արտակարգ նստաշրջանում միահամուռ ընդունել է հետևյալ որոշումը. «Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին՝ խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին ու Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ խորն ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի նկատմամբ և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցի դրական լուծման համար»։

Արցախահայության պահանջը լայն պաշտպանության է արժանացել Հայաստանի և համայն հայության կողմից։ Երևանում և Հայաստանի այլ վայրերում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքներում ընդունվել են բանաձևեր ու որոշումներ՝ ի նպաստ Ղարաբաղի խնդրի արդարացի լուծման։ Փետրվարի 21-23-ին Հայաստանում և ԼՂԻՄ-ում տեղի ունեցած ցույցերն ու հանրահավաքները հասան համաժողովրդական մասշտաբների, որոնք սակայն անտեսվեցին ինչպես կենտրոնական, այնպես էլ հանրապետության լրատվամիջոցների կողմից, շրջանցվեց նույնիսկ ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի ընդունած՝ մարզը Հայաստանին վերամիավորելու որոշման փաստը։ Ընդհակառակը՝ պաշտոնական Մոսկվան, զգուշանալով ժողովրդական զանգվածների քաղաքական ակտիվության նման դրսևորումից, ԼՂԻՄ-ի հայ բնակչության սահմանադրական պահանջը որակեց «ծայրահեղականների» և «ազգայնականների» սադրանք և դա բանաձևեց ԽՄԿԿ Քաղբյուրոյի 1988-ի փետրվարի 21-ի որոշման մեջ։ Այդ հապճեպ, անհիմն գնահատականն առաջացրել է Հայաստանի և Արցախի բնակչության վրդովմունքը։ Մարզում և Հայաստանի Հանրապետությունում սկսվել են գործադուլներ, Հայաստանի բնակչությունը պահանջում էր գումարել ՀԽՍՀ ԳԽ նստաշրջան և քննարկել ԼՂԻՄ մարզ խորհրդի դիմումը։ Արցախահայության ազգային ազատագրական պայքարը գլխավորելու համար Արցախում ստեղծվել է «Կռունկ» կոմիտեն, Հայաստանում՝ «Ղարաբաղ» կոմիտեն։

 1988-ի փետրվարի 26-ին Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին դիմել է ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Մ. Գորբաչովը, նշելով, որ ԼՂԻՄ-ում կուտակվել են բազմաթիվ դժվարություններ։ ԽՍՀՄ ղեկավարությունն առաջին անգամ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի խնդրի գոյությունը, Մ. Գորբաչովը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին կոչ է արել՝ ցուցաբերել քաղաքացիական հասունություն և համբերություն, վերադառնալ բնականոն կյանքի ու աշխատանքի, պահպանել հասարակական կարգը։ Ի պատասխան այդ կոչի՝ փետրվարի 27-ին Երևանում կայացած հանրահավաքի մասնակիցները որոշել են վերսկսել աշխատանքը և կարճ ժամկետում հատուցել գործադուլների պատճառած վնասը։ Բայց բոլորովին այլ ընթացք են ստացել դեպքերն Ադրբեջանում. փետրվարի 27-29-ին Սումգայիթում կազմակերպվել է հայերի ջարդ, որի զոհ են դարձել բազմաթիվ մարդիկ։ Այդ դեպքերից հետո սկիզբ է առել Ադրբեջանի հայ բնակչության արտագաղթը, որը հետագա ամիսներին ստացել է զանգվածային բնույթ։

 Սումգայիթի հայերի ջարդի բուն պատճառներն ու կազմակերպիչները թաքցվեցին ԽՍՀՄ լայն հասարակայնությունից, իսկ երկրի ղեկավարությունը չտվեց այդ ոճրագործության քաղաքական գնահատականը։ Մինչդեռ սումգայիթյան կոտորածի նպատակը միանգամայն պարզ էր. կազմակերպիչները ձգտում էին բարդացնել իրավիճակը, ահաբեկել մարդկանց ե կենտրոնական ղեկավարությանը ցույց տալ, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ ԼՂԻՄ-ի խնդրի լուծման ցանկացած փորձ։

 ԽՍՀՄ իշխանությունները անկարող գտնվեցին հասկանալ ու ճիշտ գնահատել այդ ժողովրդական շարժման նշանակությունը։ Ավելին, ԽՍՀՄ ղեկավարությունը, ձգտելով քողարկել Ղարաբաղյան շարժման քաղաքական բովանդակությունը, փորձել է այն ներկայացնել որպես սոսկ տնտեսական խնդիր։ 1988-ի մարտի 24-ին ԽՄԿԿ ԿԿ ե ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը համատեղ որոշում ընդունեցին ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական զարգացման արագացման վերաբերյալ։ Նախատեսվում էր 1988-95-ի ընթացքում իրագործել մի շարք միջոցառումներ մարզի արդյունաբերության, սպասարկման ոլորտի, ժողկրթության և այլ բնագավառների հետագա զարգացումն ապահովելու համար։ Միության ղեկավարությունը, այսպիսով հիմնական ուշադրությունը բեեռելով սոցիալ-տնտեսական խնդիրների վրա, փորձում էր շրջանցել խնդրի քաղաքական լուծման անհրաժեշտությունը։ Մյուս կողմից, սակայն, համաժողովրդական ճնշման տակ 1988-ի հունիսի 15-ին ՀԽՍՀ ԳԽ նստաշրջանը որոշում է ընդունել, որով իր համաձայնությունն է հայտնել ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ կազմի մեջ ընդունելու վերաբերյալ։ Նման որոշման համար հիմք է ընդունվել ազգրի ինքնորոշման խավունքը, որը մշտապես ճանաչվել է որպես խորհրդային պետության ազգային քաղաքականության հիմնադրույթային սկզբունք։ 1988-ի հունիսին ԼՂԻՄ մարզխորհրդի դիմումը քննարկվել է նաե Ադրբեջանական ԽՍՀՄ ԳԽ-ում ե մերժվել, որով հարցը մտել է փակուղի։

1988-ի հուլիսի 18-ին ԽՍՀՄ ԳԽ Նախագահությունը ԼՂԻՄ-ի, ՀԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարությունների մասնակցությամբ քննարկել է ԼՂԻՄ-ի և նրա շուրջը ստեղծված իրադրությունը և որոշում ընդունել, որով անհնար է համարել ՀԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ սահմանների ու սահմանադրությամբ հաստատված ազգային տարածքի փոփոխություն։ Այդպիսով, ազգերի ինքնորոշման իրավունքը, որն ի դեպ, ամրագրված էր ԽՍՀՄ Սահմանադրությունում, հնարավորություն էր ընձեռում քաղաքական լուծում տալ հիմ նախնդրին։

 ԽՍՀՄ ղեկավար մարմինների որոշումների համաձայն՝ ԼՂԻՄ են ուղարկվել մի շարք պատվիրակություններ, հանձնաժողովներ, ԽՄԿԿ ԿԿ ե ԽՍՀՄ ԳԽ նախագահության ներկայացուցիչներ և այլն։ Սակայն դրությունը շարունակել է մնալ լարված։ Հաճախակիացել են ադրբեջանցիների հարձակումները հայ բնակչության վրա։ ԼՂԻՄ-ում և հարակից շրջաններում մտցվել է արտակարգ դրություն։ Իսկ Հայաստանում և ԼՂԻՄ-ում շարունակվում էին բողոքի հանրահավաքներն ու գործադուլները։ Ուժեղացել է հայ բնակչության նկատմամբ ազգային ու քաղաքական հալածանքը, և մեծացել է հայ բնակչության արտագաղթը Ադրբեջանից։ Անվտանգության նկատառումներով սկսվել է նաև ադրբեջանցիների դուրս բերումը Հայաստանից։ Ադրբեջանի և ԽՍՀՄ ղեկավարության վարած քաղաքականության հետևանքով ծայր առած ազգամիջյան թշնամանքը հետզհետե սուր բնույթ է ընդունել։ 1988-ի նոյեմբերի վերջին հայերի ջարդեր են տեղի ունեցել Կիրովաբադում, Ադրբեջանի այլ վայրերում, ազգամիջյան ընդհարումներ են հրահրվել Հայաստանի առանձին շրջաններում (Գուգարք, Կապան, Գորիս)։

 1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որը խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանք, հսկայական վնաս հասցրեց հանրապետության ժողովրդական տնտեսությանը։ Հայաստանում վիճակն էլ ավելի է վատթարացել Ադրբեջանից հայ փախստականների շարունակվող ներհոսքի հետևանքով։ Սակայն աղետը, նրա ավերիչ հետևանքների շուտափույթ վերացման անհրաժեշտությունն անգամ անկարող էին լռեցնել Լեռնային Ղարաբաղի պահանջը. հայ ժողովուրդը շարունակել է պայքարը՝ հանուն խնդրի քաղաքական լուծման։

1989-ի հունվարի 12-ին ԽՍՀՄ ԳԽ Նախագահության հրամանագրով ԼՂԻՄ-ում մտցվել է կառավարման հատուկ ձև, համաձայն որի՝ կասեցվել է մարզի կուսակցական և պետական ղեկավար մարմինների՝ մարզկոմի և մարզխորհուրդի գործունեությունը։ Մարզը ղեկավարելու էր Հատուկ կաոավարման կոմիտեն, որն իր հերթին անմիջապես ենթարկվելու էր ԽՍՀՄ պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմիններին։ Մարզը, որպես վարչաքաղաքական միավոր, ամբողջապես դրվել է կառավարման բարձրագույն մարմինների տնօրինության տակ՝ չնայած հրամանագրի առաջին իսկ կետում նշված էր՝ «պահպանելով Լեռնային Ղարաբաղի՝ որպես Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում ինքնավար մարզի ստատուսը»։ Հատուկ կառավարման կոմիտեի նախագահ է նշանակվել ԽՄԿԿ ԿԿ բաժնի վարիչ, ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր Ա. Վոլսկին։ Հատուկ կառավարման կոմիտեն որոշակի աշխատանք է կատարել՝ ձգտելով կայունացնել իրադրությունը Ղարաբաղում։ Որոշ միջոցառումներ են իրագործվել տնտեսության բնագավառում, ուժեղացել է ԽՍՀՄ նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես և Հայաստանի համապատասխան ձեռնարկությունների օգնությունը, որով իսկապես խթանվեց մարզի արտադրողական ուժերի զարգացումը։ Ուշադրություն է դարձվել սոցիալական ոլորտի զարգացման վրա, որոշ աշխուժացում է ապրել առողջապահության, կրթության, մշակույթի հաստատությունների և բնակարանների շինարարությունը։ Ընդլայնվել են կապերը Հայաստանի հետ, հատկապես մշակույթի բնագավառում։ Հատուկ կառավարման կոմիտեի գործունեությունը, սակայն, միանշանակ չի գնահատվել։ Եթե Հայաստանում գտնում էին, որ այն հիմնականում գործում է ճիշտ ուղղությամբ և նրա լիազորությունները պետք է ընդլայնել, որի շնորհիվ կաճի ԼՂԻՄ-ի ինքնուրույնությունը, ապա Ադրբեջանում կոմիտեի գործունեությունը դիտվել է որպես ինքնիշխան հանրապետության իրավունքների խախտում։ Ադրբեջանի ղեկավարությունը բացահայտ բացասական վերաբերմունք է դրսևորել կոմիտեի նկատմամբ և խոչընդոտել նրա ձեռնարկումները։

 1989-ի օգոստոսին Ստեփանակերտում տեղի է ունեցել մարզի աշխատավորների ներկայացուցիչների համագումար, որը կազմավորել է Արցախի Ազգային խորհուրդը մարզի իշխանության բարձրագույն մարմինը (մինչև ժողպատգամավորների խորհրդի վերականգնումը)։ Ադրբեջանի ղեկավարությունը Ազգային խորհրդի ստեղծումը հայտարարել է անօրինական։ Հատուկ կառավարման կոմիտեի լուծարման համար դիմել է ԽՍՀՄ ԳԽ Նախագահությանը՝ համապատասխան որոշում ընդունելու խնդրանքով։ Նույն ժամանակ ադրբեջանական կողմը վերստին շրջափակել է Ադրբեջանից Հայաստան և ԼՂԻՄ տանող երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները։ Այս բոլոր գործողությունները վկայում են, որ Ադրբեջանի ղեկավարությունը ձգտել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել իր նախընտրած՝ ուժային եղանակով։

 1989-ի նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ ԳԽ երկրորդ նստաշրջանը ՀԽՍՀ-ից և ԼՂԻՄ-ից ընտրված պատգամավորների բացակայության պայմաններում քննարկել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ընդունվել է Հատուկ կառավարման կոմիտեն լուծարելու մասին որոշում և փոխարենն ստեղծվել ԼՂԻՄ կազմակերպական կոմիտե՝ առանց նշելու նրա նպատակներն ու իրավասությունը։ Կազմկոմիտեի ստեղծումից հետո մարզի ադրբեջանաբնակ բնակավայրեր են մտել ադրբեջանական ՄՀՆՋ-ի ստորաբաժանումները։ Հետագայում կազմկոմիտեն ԽՍՀՄ ՆԳՆ և խորհրդային բանակի աջակցությամբ իրականացրել է ԼՂԻՄ-ի և մերձակա շրջանների հայ բնակչության տեղահանության գործողություններ։

 1989-ի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ ԳԽ նստաշրջանը՝ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի մասնակցությամբ, որոշում է ընդունել «Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին», ըստ որի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա տարածվել են Հայաստանի քաղաքացիության իրավունքները։ Միաժամանակ խնդիր է դրվել իրագործել անհրաժեշտ միջոցառումներ Հայաստանի և ԼՂԻՄ-ի քաղաքական, տնտեսական և մշակութային կառուցվածքների միաձուլման և միասնական պետական-քաղաքական համակարգի ստեղծման համար։

 1990-ի հունվարի 10-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահությունն ընդունել է հատուկ որոշում, որով ՀԽՍՀ ԳԽ որոշումը՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին, հայտարարվել է հակասահմանադրական։

 1990-ի հունվարի 13-19-ին Բաքվում Ադրբեջանի ժողովրդական ճակատի հրոսակները տեղական իշխանությունների թողտվությամբ և աջակցությամբ կազմակերպել են տեղի հայ բնակչության կոտորածներ։ Հայերի ջարդը, նրանց ունեցվածքի կողոպուտն ու վայրենի բռնությունները շարունակվել են մի քանի օր՝ Բաքվում գտնվող խոշոր զինվորական կայազորի, ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի և ոստիկանության աչքի առաջ։ Իսկ բանակային ուժերը Բաքու են մտցվել միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանի ժողովրդական ճակատի վայրագությունները սպառնացել են վերածվել հակախորհրդային հեղաշրջման փորձի։ Բաքվում մտցվել է արտակարգ դրություն, ինչը միաժամանակ տարածվել է նաև ԼՂԻՄ-ի վրա։

 1990-ի փետրվարի 19-ին ԽՍՀՄ ԳԽ փակ նիստում վերստին քննարկվել է ԼՂԻՄ-ի հարցը. մարտի 5-ին ընդունած որոշումով Հայաստանին և Ադրբեջանին առաջարկվել է բանակցություններ սկսել՝ վստահության և խաղաղության միջհանրապետական պայմանագիր կնքելու նպատակով։ Այդ որոշումը, սակայն, չկարողացավ վերջ տալ ազգամիջյան հակամարտությանը, առավել ևս վերացնել դրա պատճառները։ Ադրբեջանը շարունակել է իր ագրեսիվ քաղաքականությունը և Արցախի ու Հայաստանի շրջափակումը՝ փորձելով աստիճանաբար իրագործել նաև մարզի վարչատարածքային բաժանման մասնակի փոփոխություններ։ Այդ քաղաքականության նպատակն էր փոփոխել մարզի ժողովրդագրական պատկերը (ավելի ուշ Ադրբեջանի կառավարությունը որոշում է ընդունել Շահումյանի շրջանը լուծարելու և այն հարևան՝ հիմնականում ադրբեջանաբնակ շրջանին միացնելու մասին)։

 1990-ի մայիսին ՀԽՍՀ ԳԽ ժողպատգամավորների ընտրություններին մասնակցել է նաև ԼՂԻՄ-ի հայ ազգաբնակչությունը (այնտեղ ստեղծվել էին 10 ընտրական օկրուգներ)։ Օգոստոսին տեղի է ունեցել Հայաստանի նորընտիր ԳԽ նստաշրջանը, որը հաստատել է իր հավատարմությունը 1989-ի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» ՀԽՍՀ ԳԽ և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը։

 1990-ի            2-րդ կեսին ԼՂԻՄ-ում իրադրությունը չի փոխվել. չի վերականգնվել մարզային խորհուրդը, չի գործել ԽՍՀՄ ԳԽ ստեղծած վերահսկիչ հանձնաժողովը, շարունակվել է մարզի տնտեսական շրջափակումը Ադրբեջանի կողմից։ Վրաստանի անկախության հռչակումից հետո Ադրբեջանը մնացել էր Անդրկովկասի միակ հանրապետությունը, որտեղ իշխանության կառուցվածքները չէին ենթարկվել ժողովրդավարական փոփոխությունների, և Կոմկուսը պահպանել էր իր իշխող դիրքը, ինչը էապես նպաստեց ԽՍՀՄ-ի և Ադրբեջանի ղեկավարության հետագա մերձեցմանը։ Կենտրոնական լրատվամիջոցները գրավել են ադրբեջանամետ դիրք, անսքող արշավանք ծավալել ՀՀ-ի և հայ ժողովրդի դեմ։ ԼՂԻՄ-ում իշխանությունը զավթել են զինվորականները, որոնք հաճախ գործիք են դարձել հանրապետական կազմկոմիտեի ձեռքին։ Ադրբեջանի իշխանությունները, հենվելով մարզում տեղակայված ԽՍՀՄ ներքին զորքերի և բանակային ստորաբաժանումների վրա, ձգտել են մեկուսացնել ԼՂԻՄ-ը արտաքին աշխարհից, շարունակաբար խափանել են օդային կապը Հայաստանի հետ։ 1991-ի սկզբին ադրբեջանական իշխանություններն արգելել են Եվրախորհրդարանի ներկայացուցիչների, ապա՝ ԽՍՀՄ և Ռուսաստանի ԳԽ-ների պատգամավորական խմբերի մուտքը Ստեփանակերտ։

 1991-ի փետրվարին, Ադրբեջանի նախագահի հատուկ հրամանագրով, ծավալվել է երկրի տարբեր վայրերից ադրբեջանցիների վերաբնակեցումը Ղարաբաղում։ Միաժամանակ շարունակում էին ոտնահարվել հայ բնակչության իրավունքները. չափազանց լարված իրադրություն էր ստեղծվել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Սովորական էին դարձել հարձակումները սահմանամերձ բնակավայրերի վրա, պատանդներ վերցնելը, անասնագողությունը և ընդհարումները կողմերի զինված խմբերի միջև։ 1991-ի առաջին ամիսների ընթացքում ՀԽՍՀ ԳԽ և Կառավարությունը բազմիցս դիմել են ԽՍՀՄ բարձրագույն իշխանություններին՝ նշելով սաստկացող բռնություններին և Ադրբեջանի կողմից ագրեսիայի ընդլայնմանը նրանց նպաստելու մասին։

 1991-ի ապրիլ-մայիսին Ադրբեջանական ԽՍՀ Գետաշենի ենթաշրջանում ԽՍՀՄ ներքին զորքերի և բանակային զորամասերի ակտիվ մասնակցությամբ ադրբեջանական իշխանություններն իրագործել են բնիկ հայ բնակչության բռնի տեղահանման գործողություն («Օղակ»)։ Միաժամանակ հարձակումներ են կատարվել սահմանամերձ հայկական բնակավայրերի վրա, որոնց հետևանքով եղել են բազմաթիվ զոհեր ու ավերածություններ։ Ստեղծված արտակարգ վիճակը քննարկելու համար ՀԽՍՀ ԳԽ դիմել է ԽՍՀՄ ԳԽ-ին՝ պահանջելով գումարել ժողպատգամավորների արտահերթ համագումար, ինչը, սակայն, ԽՍՀՄ ԳԽ մերժել է։

 1991-ի օգոստոսի 30-ին Ադրբեջանական ԽՍՀ հայտարարել է ԽՍՀՄ կազմից իր դուրս գալու մասին։ ԼՂԻՄ-ը, օգտագործելով պատմական պահի ընձեռած հնարավորությունը և օգտվելով սահմանադրական իր իրավունքից, 1991-ի սեպտեմբերի 2-ին մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովի ուղեկցությամբ խաղաղարար առաքելությամբ Ստեփանակերտ են ժամանել ՌԴ նախագահ Բ. Ելցինը և Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևը։ Հաջորդ օրը Ժելեզնովոդսկում նրանց նախաձեռնությամբ ՀՀ, ԱՀ և ԼՂՀ պատվիրակությունների միջև կայացել են բանակցություններ և ընդունվել է համատեղ կոմյունիկե։

 Սակայն այդ միջնորդական նախաձեռնությունը նույնպես չհանգեցրեց Լեռնային Ղարաբաղի իրավիճակի որևէ բարելավման։ Ադրբեջանը կտրուկ սաստկացրել է հրետակոծումները և հարձակումները հայկական բնակավայրերի վրա՝ պատճառելով բազմաթիվ զոհեր և նոր ավերածություններ։ 1991-ի նոյեմբերին ԽՍՀՄ ՆԳՆ զորքերը և Կազմկոմիտեի անդամները հեռացել են ԼՂՀ-ից, որից հետո նոյեմբերի 23-ին Ադրբեջանի ԳԽ օրենք է ընդունել ԼՂԻՄ-ը լուծարելու մասին։ ԼՂԻՄ-ի շրջանները վերանվանվել են և վերաենթարկվել նորաստեղծ վարչական կենտրոններին։ ԽՍՀՄ սահմանադրական հսկողության կոմիտեն դատապարտել ու բեկանել է Ադրբեջանի ԳԽ այդ օրենքը՝ որպես ԽՍՀՄ Սահմանադրությամբ ամրագրված ԼՂԻՄ-ի կարգավիճակը խախտող ակտ։

1991-ի դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում անցկացվել է համահանրապետական հանրաքվե, որի մասնակիցների 98%-ը քվեարկել է ԼՂՀ անկախության օգտին, ինչը շրջադարձային փուլ էր ղարաբաղյան պայքարի պատմության մեջ։ Իսկ դեկտեմբերի 28-ին ԼՂՀ-ում տեղի են ունեցել ԳԽ ընտրություններ և ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ է ընտրվել Ա. Մկրտչյանը։ 1992-ի հունվարի 6-ին ԼՂՀ նորընտիր օրենսդիր մարմինը, ելնելով ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից և հիմնվելով հանրաքվեի միջոցով ԼՂՀ ժողովրդի ազատ կամքի արտահայտման վրա, ընդունել է ԼՂՀ պետական անկախության մասին հռչակագիրը։

 1991-ի 2-րդ կեսից և հատկապես Ադրբեջանում ժողովրդական ճակատի իշխանության գալուց (1992-ի մարտ) հետո Ադրբեջանն ընդարձակել է ռազմական գործողությունները ԼՂՀ-ի դեմ՝ օգտագործելով խորհրդային բանակից մնացած հսկայական քանակության մարտական ծանր տեխնիկա, զանգվածային ոչնչացման միջոցներ ու մարտական ինքնաթիռներ։ Սաստկացել են նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շարունակվող մարտերը։ 1992-ի մայիսին ԼՂՀ ԻՊՈՒ ազատագրել են Շուշին, ապա ճնշել Լաչինի կրակակետերը՝ բացելով ԼՂՀ-ն Հայաստանի հետ կապող «Մարդասիրական միջանցքը»։ Ավելի ուշ՝ 1992-ի հունիսին, ադրբեջանական բանակին հաջողվել է զավթել Շահումյանի շրջանը (հունիսի 3-14), Մարտակերտի շրջանի մեծ մասը, վերջինս շուրջ մեկ տարի մնաց բռնազավթված վիճակում։

 1993-ի փետրվարին անցնելով հակահարձակման՝ ՊԲ միայն հունիսին կարողացավ ազատագրել Մարտակերտի շրջանը։ 1993-ի վերջին ղարաբաղյան կողմին հաջողվեց հսկողության տակ վերցնել Հորադիզ երկաթուղային հանգույցից մինչև ՀՀ սահմանն ընկած տարածքը, ինչը հնարավորություն է տվել ԼՂՀ հարավային սահմանի երկարությամբ ստեղծել անվտանգության գոտի։

 1994-ի սկզբին ամբողջ ռազմաճակատով անցնելով հարձակողական գործողությունների՝ Ադրբեջանը մեկ անգամ ևս փորձել է տիրել իրավիճակին։ Ծանր մարտեր են ծավալվել Օմարի լեռնանցքից մինչև Արաքս գետը։ 1994-ի փետրվարի 18-ին ռազմաճակատի հյուսիսային հատվածը՝ ներառյալ Օմարի լեռնանցքը, լիովին անցել է ղարաբաղյան ուժերի հսկողության տակ։ Ապրիլին հյուսիսարևելյան հատվածում ծավալված հակահարձակողական գործողությունների շնորհիվ ԼՂՀ ՊԲ գրավել է Գյուլիստան-Թալիշ հատվածի մի շարք ռազմավարական բարձունքներ, իսկ հարավարևելյան ուղղությամբ հսկողության տակ է վերցրել Աղդամ-Բարդա մայրուղու մի հատվածը։ Ռազմական անընդմեջ պարտություններն Ադրբեջանին հարկադրել են ընդունել ՌԴ կողմից արված զինադադարի առաջարկը։ 1994-ի փետրվարին ՌԴ պաշտպանության նախարարի առաջարկությամբ Մոսկվայում կայացած ՀՀ, ԱՀ պաշտպանության նախարարների և ԼՂՀ ՊԲ ներկայացուցչի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել զինադադարի հաստատման ռազմատեխնիկական պայմանների վերաբերյալ։ 1994-ի մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղըրղզստանի և ԱՊՀ միջխորհդարանական վեհաժողովի միջնորդությամբ Ղըրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ԱՀ, ԼՂՀ և ՀՀ ստորագրել են արձանագրություն (տես Բիշքեկյան. ազատագրություն), որի հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել զինադադարի մասին։ 1994-ի մայիսի 16-ին ՌԴ ՊՆ նախաձեռնությամբ Մոսկվայում ՀՀ ու ԱՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ հրամանատարի հանդիպման ընթացքում ստորագրվել է համաձայնագիր՝ 1994-ի մայիսի 16-ի 00 ժամից հրադադար հաստատելու վերաբերյալ, որը պահվում է մինչև օրս (2004)։

 1988-ից սկսած՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը դարձել է միջազգային հասարականության քննարկման առարկա։ ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում գործող տարբեր կազմակերպություններ, Ամերիկայի հայկական համագումար, Հայ դատի հանձնախմբերը մեծ աշխատանք են ծավալել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը համաշխարհային հասարակայնությանը ներկայացնելու համար։ Սփյուռքահայ մամուլը շարունակաբար լուսաբանել է Ղարաբաղյան շարժումը որպես ազգային-ազատագրական պայքարի օրգանական շարունակություն։

 1991-ի մարտի 5-ին Արցախի հիմնախնդիրը քննարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում, և նշվել Արցախում հայ ազգաբնակչության ազատությունների և նրա ինքնորոշման իրավունքի ոտնահարման փաստը։ 1991-ին մի խումբ ռուս մտավորականների նախաձեռնությամբ ստեղծվել է Ռուսաստանի մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն [Комитет россий ской интеллигенции КарабахКРИК: Սանկտ Պետերբուրգում ձևավորվել է Արցախի մարդասիրական օգնության միջազգային կոմիտե։ Լեռնային Ղարաբաղ այցելած օտարերկրյա գործիչներ (Ա. Սախաով, Ք. Քոքս, Մ. Դուդին և ուրիշներ), եվրոպական մի շարք երկրների և ՌԴ խորհրդարանականներ արձանագրել են մարդու իրավունքների ոտնահարման, ԼՂՀ հայ բնակչության կյանքի անապահովության և, ըստ էության, պատերազմական վիճակ։ 1991-93-ին ԼՂՀ հիմնախնդրով և հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցով զբաղվել են Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցության (ԵԱՀԽ) շրջանակներում։ Հարցերի քննարկման նպատակով որոշվել է գումարել հատուկ համաժողով Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, որի նախապատրաստման համար կազմակերպվել են նախնական հանդիպումներ Հռոմում։ Ադրբեջանը, չճանաչելով ԼՂՀ անկախությունը և ԼՂՀ հետ կապված բոլոր խնդիրները համարելով իր ներքին գործը՝ միշտ խոչընդոտել է խաղարարար գործընթացին նրա ներկայացուցիչների մասնակցությանը՝ որպես բանակցությունների լիիրավ կողմ։ Հենվելով ԵԱՀԽ-ի կողմից ընդունված միջպետական սահմանների անփոփոխության սկզբունքի վրա՝ Ադրբեջանը պնդում է, որ ԼՂՀ կազմում է իր տարածքի մի մասը և պատրաստ է երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում ապահովել նրա ամենաբարձր ինքնավարությունը։ ԼՂՀ հիմնահարցի արդարացի լուծումը տեսնում է ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայության շրջանակներում, շեշտելով հատկապես այն հանգամանքը, որ իր տարածքը որևէ ժամանակաշրջանում չի մտել անկախ ադրբեջանական պետական կազմավորման մեջ. ՀՀ գտնում է, որ ԼՂՀ հիմնահարցի լուծման գործում որոշիչ դեր կարող է խաղալ ՄԱԿ-ը։ Հայաստանը կողմ է հարցի քննարկմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ինչպես նաև նրա դիտորդների ներկայությանը տարածաշրջանում։ 1993-ին ՄԱԿ-ը ընդունել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման չորս բանաձև (տես Միավորված ազգերի կազմակերպությունը և Ղարաբաղյան ազատագրական պատերազմը):

 Հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրվում են Մինսկի խմքի և այլ ձեաչափի տարբեր հանդիպումների բանակցային գործընթացների միջոցով, որոնք շարունակվում են մինչե օրս (2004)։

 

Գրականություն

1.Ագաթանգեղոս, Պատմություն Հայոց, Ե., 1983։

2.Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1997։

3. Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե., 1982։

4.Մովսես Կաղանկատվացի, Պատմութիւն Աղուանից աշխատի, Ե., 1983։

5.Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1982։

6.Եսայի Հասան–Ջալալյանց, Պատմութիւն կամ Յիշատակ ինչ-ինչ անցից դիպելոց յաշխարհին Աղուանից, Եաւսաղեմ, 1868։

7.Բարխուդարյան Մ., Ապախ, Բաքու, 1895։

8.Ղափանցյան Գ., Ուրարտուի պատմությունը, Ե., 1940։

9.Ուլուբաբյան Բ., Արցախը պատմական աղբյուրնեում և պատմագիտական գրականության մեջ, Երևանի Խ. Աքովյանի անվան մանկ. ինստիտուտի ղիտ. ժող., Ե., 1969։ Նույնի, Խաչենի իշխանությունը X-XV1 դարում, Ե., 1975։

10.Հովհաննիսյան Գ., Սովետական իշխանության հաստատումը Լեռնային Ղարաբաղում, Ե., 1971։

11.Պոտտո Վ., Ղարաբաղի առաջին կամավաները, Ե., 1974։

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am