Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Լեռնային Ղարաբաղ: Առողջապահությունը և սոցիալական ոլորտը

 Լեռնային Ղարաբաղ: Առողջապահությունը և սոցիալական ոլորտը: ԼՂՀ բնակչության բուժսպասարկումն իրականացվում է առողջապահության համակարգի մոտ 202 բուժկանխարգելիչ հիմնարկների միջոցով։ Հանրապետությունում գործում են Ստեփանակերտի մանկական, վարակիչ հիվանդությունների հանրապետական հիվանդանոցները, հանրապետական ծննդատունը, հակատուբերկուլոզային, ուռուցքաբանական, մաշկավեներաբանական, հոգեթմրաբանական, բժշկական ֆիզկուլտուրայի դիսպանսերները, 6 կենտրոնական շրջանային, մեկ շրջանային, 6 գյուղական տեղամասային հիվանդանոցներ, մեկ բուժմիավորում, քաղաքային և ստոմատոլոգիական պոլիկլինիկաները, ախտորոշիչ և վերականգնողական կենտրոնները։ Գործում են նաև արյան փոխներարկման, շտապ բժշկական օգնության կայանները, հանրապետական դատաբժշկական փորձաքննության բյուրոն և «Արցախդեղագործական» ՍՊԸ։ Միջին բուժաշխատողներ են պատրաստում Ստեփանակերտի բժշկական ուսումնարանում։ Գյուղական բնակչությունն առաջնային բուժօգնություն է ստանում գյուղական բժշկական 13 ամբուլատորիաներում և 148 բուժակամանկաբարձական կետերում։ Հակահամաճարակային ծառայությունն ապահովում են 7 հակահամաճարակային և մեկ հակաժանտախտային կայանները։

 Պատերազմի հետևանքով լուրջ ավերածությունների են ենթարկվել հանրապետության գրեթե բոլոր բուժհիմնարկները, զգալի է բուժաշխատողների, դեղորայքի, բուժսարքավորումների պակասը։ ԼՂՀ բնակչության բուժօգնության բարելավման ուղղությամբ հանրապետությունում աշխատում են միջազգային մի շարք կազմակերպություններ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, աջակցություն ստանալով ամերիկյան Կարմիր խաչից և համագործակցելով ԼՂՀ առողջապահության նախարարության հետ, 1998-ի սեպտեմբերից հանրապետությունում իրականացնում է առաջնային բուժսպասարկման ծրագիր։ Ծննդօգնության ծառայության կատարելագործման մեծ ծրագիր է իրականացնում ամերիկյան «Family care» կազմակերպությունը։ Ֆրանսիական «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունն իրականացնում է «Տուբերկուլոզի դեմ պայքարի» ծրագիրը, իսկ բելգիական «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը սկսել է «Հոգեկան հիվանդությունների դեմ պայքարի» ծրագիրը։ «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության շնորհիվ Ստեփանակերտում գործում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Ք. Քոքսի անունը կրող օրթոպեդիական պրոթեզավորման կենտրոնը, որի ծառայություններից օգտվում են հաշմանդամներն ու վիրավոր ազատամարտիկները։

 Հանրապետության առողջապահության ոլորտում զգալի ներդրումներ է կատարում հայկական սփյուռքը։ Հովարդ Կարագյոզյան հաստատության հովանավորությամբ Ստեփանակերտում գործում է մանկական ատամնաբուժական պոլիկլինիկան։ Կանադայի հայ ատամնաբույժների միությունը մեծերի և փոքրերի համար Շուշիում բացել է ատամնաբուժական կաբինետ։ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերությունը Կիչան գյուղում կառուցել է բուժկետ, տրամադրել է դեղորայք, գույք, նորոգել Ստեփանակերտի մանկական հանրապետական հիվանդանոցի ներքին հիվանդությունների բաժանմունքը։

 ԼՂՀ Կառավարության գործունեության ռազմավարական ուղղություններից է տնտեսական զարգացումը և բնակչության կենսամակարդակի բարձրացումը։ Կառավարությունն իրականացնում է բնակչության սոցիալական պաշտպանության համակարգի կատարելագործման աշխատանքներ։ 1996-ի հունվարից հանրապետությունում գործում է «ԼՂՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» օրենքը, ըստ որի՝ կենսաթոշակների չափը որոշվում է աշխատանքային ստաժի հիման վրա։ Հանրապետության սոցիալական ծառայությունները պարբերաբար հատուկ հետազոտություններ են անցկացնում քաղաքացիների կարիքավորության աստիճանը որոշելու և բնակչության սակավ ապահով խավերին օգնելու համար։ Տարբեր չափերի դրամական պետական նպաստներ են հատկացվում երեխաների առանձին խմբերի, միայնակ մայրերին, մինչև 2 տարեկան երեխաների ծնողներին և այլն։ ԼՂՀ կառավարությունը 1997-ին հաստատել է հնգամյա ծրագիր, որով, մասնավորապես, ընտանիքում ծնված չորրորդ և հաջորդ երեխաների համար, նրանց անունով հաշիվ է բացվում Արցախ բանկում՝ ամերիկյան 1000 դոլարի չափով, որից կարելի է օգտվել մինչև երեխաների 18 տարին լրանալը։ 1999-ից հանրապետությունում պետական պատվերի շրջանակներում իրականացվում է սոցիալական առանձին խմբերի բուժսպասարկում և բուժում, անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացվում է դեղորայք։ Ստեփանակերտում գործում է միայնակ թոշակառուների սպասարկման կենտրոն, հատուկ ուշադրություն է դարձվում զինծառայողների և զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությանը։

 Սոցիալական հիմնախնդիրների լուծման գործում ԼՂՀ-ին էական աջակցություն են ցուցաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամը, տարբեր մարդասիրական կազմակերպություններ՝ Լիբանանի «Արցախի օգնության մարմինը», «Վիտա» ընկերությունը, Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը, Համաշխարհային քրիստոնեական համերաշխություն կազմակերպությունը և այլն։

 

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am