Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Լեռնային Ղարաբաղ: Զանգվածային լրատվության միջոցները

 Լեռնային Ղարաբաղ: Զանգվածային լրատվության միջոցները: Լեռնային Ղարաբաղում անդրանիկ պարբերականը «Հայկական աշխարհն» էր (1874)։ Այնուհետև հրատարակվել են «Գործ» (1882-84) հանդեսը, «Ազգագրական հանդեսը» (1896), «Ղարաբաղ» (1911-12) եռօրյա թերթը, «Շուշինսկի լիստոկ» (1911) շաբաթաթերթը, «Շուշինսկայա ժիզն» (1913-14), «Ծիածան» (1916) գրական ամսագիրը, «Փայլակ» (1915-17), «Նեցուկ» (1917), «Արցախ», «Նոր կյանք» (երկուսն էլ՝ 1919) և այլն։

 1920-ից հետո շարունակել են հրատարակվել մի շարք պարբերականներ։ Պետական լրատվամիջոցը «Ղարաբաղի գեղջուկն» էր (1998-ից՝ «Ազատ Արցախ»), 1929-ին լույս է տեսել «Կայծ» հանդեսը (5 համար)։ 1934-1941-ին Ստեփանակերտում հրատարակվել է «Երիտասարդ բոլշևիկ» մարզային հնգօրյա թերթը, 1941-1958-ին՝ «Սովետսկի Կարաբախը» (ռուս.)։ 1932-ից հրատարակվում են նաև շրջանային թերթեր՝ «Ջրաբերդ», «Դիզակ», «Ամարաս», «Խաչեն», «Շուշի»։ 1958-ից լույս է տեսնում «Մետաքսագործ» բազմատպաքանակ թերթը, 1989-ից՝ «Արցախ», 1991-ից՝ «Պըլը Պուղի» հանդեսները, 1995-ից՝ «Եղիցի լույս» թերթը։

 1928-ից գործում է մարզային ռադիոհանգույցը։ 1960-ից մինչև 1988-ի մայիսը մարզն ընդունում էր ԽՍՀՄ և Ադրբեջանի հեռուստահաղորդումները։ 1988-ին ԽՍՀՄ պետհեռոատառադիոն թույլատրել է ԼՂԻՄ-ում ստեղծել հեռուստատեսային ստուդիա։ Այն ստեղծվել է ՀՀ-ի տրամադրած միջոցներով և մասնագետների օգնությամբ։ 1990-ի փետրվարին զինվորական պարետի հրամանով դրա աշխատանքը դադարացվել է, վերականգնվել է 1992-ի մայիսին՝ Շուշին ազատագրելուց հետո։ 2002-ից գործում է ԼՂՀ ռադիոհեռուստատեսային ընկերությունը։

 

 Գրականություն

 Լեո, Պատմություն Ղարաբաղի Հայոց թեմական հոգևոր դպրոցի, 1838-1913, Թ, 1914։ Ավագյան Ս., էջեր Լեռնային Ղարաբաղի կուլտուր-կրթական կյանքի պատմությունից, Ե., 1982։ Նույնի, Ղարաբաղի մամուլի պատմություն (1829-1920), 1989։

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am