Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Լեռնային Ղարաբաղ: Տնտեսությունը

 Լեռնային Ղարաբաղ: Տնտեսությունը: Արցախ-Ղարաբաղում հնագույն ժամանակներից զբաղվել են գորգագործությամբ, բրուտագործությամբ, գինեգործությամբ, ձիաբուծությամբ և մետաղաձուլությամբ։ Գործել են նաև օղեթորման (թթից և խաղողից), փայտամշակման, կղմինդրի, սայլերի, կառքերի, տակառների և կենցաղային կահկարասու պատրաստման գործատներ, ջրաղացներ, դարբնոցներ, ձիթհաններ, բնական ներկերի ստացման արհեստանոցներ։

 ԼՂՀ Մարտունիի շրջանի Բերդաշեն գյուղի տարածքում հայտնաբերվել է մետաղաձուլարան, իսկ առանձին վայրերում նաև՝ ապակե ապարանջաններ, ջնարակապատ հախճապակե անոթներ, ոսկե դրամներ, սրեր, նետեր, գունավոր կավե քրեղաններ, որոնք իրենց ձևերով նման են Դվինում հայտնաբերված համանման գտածոներին։

 Երկրամասի գյուղատնտեսության առավել շահութաբեր ճյուղերը եղել են հացահատիկային բույսերի (ցորեն, գարի, կտավատ, կորեկ, վարսակ, հաճար), ծխախոտի, բամբակի մշակումը, պտղաբուծությունը (նուռ, թուզ, հոն, մոշ և այլն), խաղողագործությունը, բանջարաբուծությունը, մսակաթնատու անասնաբուծությունը, մեղվաբուծությունը։ Արցախում բուծել են զտարյուն ղարաբաղյան ձիեր, որոնք համալրել են հայոց այրուձին, իսկ հետագայում՝ ռուսական հեծելազորը։

 Արցախ-Ղարաբաղում բոժոժի արդյունաբերական վերամշակումն սկսել են XIX դ. 60-ական թթ., հիմնականում սակավահող Դիզակ, Վարանդա և Խաչեն գավառներում, մասամբ նաև Շուշիում։

 Մինչև 1918-ը երկրամասում գործել են մետաքսաթելի 36 և թելի ոլորման 10 ֆաբրիկա, որտեղ աշխատել է շուրջ 2750 բանվոր։ Ղարաբաղյան մետաքսաթելը մեծ համբավ է վայելել միջազգային շուկայում և սպառվել գլխավորապես Ռուսաստանում, Ֆրանսիայում։ 1879-ին Ֆիլադելֆիայում (ԱՄՆ) կազմակերպված միջազգային տոնավաճառում Ղարաբաղի մետաքսն արժանացել է արծաթե, իսկ 1882-ին Մոսկվայի միջազգային ցուցահանդեսում՝ ոսկե մեդալների։ XIX դ. վերջերին Ղարաբաղի մետաքսից գործվել են Փարիզի Ելիսեյան պալատի վարագույրները։

 1918-1920-ին, թուրք-ադրբեջանական ինտերվենցիայի ժամանակ, քայքայվել, ավերվել և թալանվել են մետաքսագործական ֆաբրիկաները։ Միայն Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տալուց հետո է սկսվել մետաղարդյունաբերության վերականգնումը։ 1923-ին արտադրվել է 1,6 տ մետաքսաթել, իսկ մինչև 1925-ը վերագործարկվել է 15 մասնավոր ձեռնարկություն։

 1926-ին կազմակերպվել է «Ղարմետաքս» տրեստը։ 1930-ին ազգայնացվել են մետաքսագործական ձեռնարկությունները, 1929-ին գործարկվել է Ստեփանակերտի մետաքսագործական ֆաբրիկայի 1-ին, իսկ 1943-ին՝ 2-րդ հերթը։ 1961-ին արտադրվել է 13-15 մլն մետաքսե գործվածք և նույնքան բնական մետաքսաթել։ Սակայն արտադրված գործվածքը տարվել է Նուխի և արտահանվել ադրբեջանական պիտակով. ստացված շահույթը տնօրինել է Նուխիի ձեռնարկությունը։

 1950-ական թթ. բոժոժի արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով Բաքվի թելադրանքով Ղարաբաղում սկսել են ծառահատել, տարեցտարի կացնահարել թթենու շահութաբեր այգիները։ Եվ միայն ԽՍՀՄ ԳԽ որոշմամբ ԼՂԻՄ-ում հաստատված հատուկ Կառավարման կոմիտեի նախագահ Ա. Վոլսկու միջամտությամբ դադարեցվել են ծառահատումները և ընդհանրապես բոժոժի արտադրությունը։

Նյութական մշակույթի հուշարձաններն ու պեղածոները վկայում են, որ Արցախ-Ղարաբաղը Հայաստանի խաղողագործության հնագույն օջախներից մեկն է և զգալի զարգացման է հասել դեռևս ուրարտական ժամանակներում (մ.թ.ա. 1X^1 դդ.)։ Արցախ-Ղարաբաղի գինեգործության բարձր մակարդակի և մեծ ծավալի մասին են վկայում ինչպես օտար ու հայ պատմիչները, այնպես էլ ճարտարապետական հուշարձանների՝ շենքերի, խաչքարերի, շիրմաքանդակների արձանագրությունները և պատկերաքանդակները։ Խաղողի նոր՝ «մադաղիս» այգիներ հիմնելու և եկեղեցիներին նվիրաբերելու մասին վիմական արձանագրություններ են պահպանվել Դադիվանքում V-XIII դդ.) և Խաթրավանքում (XIII դ.)։ Վաղ միջնադարի աղբյուրագիտական տվյալների մեջ հատկանշական է Վաչագան Բարեպաշտի (V դ.) «Սահմանադրություն կանոնականի» 4-րդ կետը, որը կոնկրետ տեղեկություններ է հայտնում գինեհումքի շրջանառության մասին։ Հետագա ժամանակների աղբյուրներում արդեն խաղողագործության ու գինեգործության մասին խոսվում է որպես Արցախ-Ղարաբաղի հայ բնակչության կարևուագույն զբաղմունքից մեկը։ 1895-ին երկրամասում արտադրվել է 186 հզ. դույլ գինի և 300 հզ. դույլ թթի օղի։ Իսկ այգիների տարածությունը համապատասխանաբար եղել է 2200 և 1850 հա։ 1913-ին Անդրկովկասում տարբեր հումքերից թորած օղու 10 %-ը, Ելիզավետպոլի նահանգում՝ 90 %-ը ստացվել է ղարաբաղյան հանրահայտ «շահ» թթից և ապահովել երկրամասի գյուղատնտեսությունից գոյացած ամբողջ եկամուտի 18 %-ը։

 1965-80-ական թթ. պտղաբուծության, բանջարաբոստանային, տեխնիկական, հացահատիկային բույսերի ցանքատարածությունների հաշվին ընդարձակվել են խաղողի այգիները։ 1985-ին «Ղարսովխոզգինտրեստը» վերամշակման համար ընդունել է մարզում արտադրված 172 հզ. տոննա խաղող։ Սակայն ստացված գինու հումքի չնչին մասն է տեղում վերամշակվել և շշալցվել, որի արդյունքում ստացված ամբողջ եկամուտը տնօրինել է Բաքուն։

 Խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ում գործել են նաև գորգագործական, էլեկտրատեխնիկական, կոշիկի, կարի, գինու-կոնյակի, կահույքի փոքր հզորության ձեռնարկություններ, որոնց համախառն արտադրանքը 1970-ին կազմել է շուրջ 97 մլն ռուբլի, 1913-ի համեմատությամբ աճել 11,6 անգամ։ Մինչդեռ պաշտոնական Բաքուն շրջանառության մեջ է դրել ԼՂԻՄ-ի արդյունաբերության աճի անհավատալի ՝ 912 անգամ ցուցանիշը։ Եվ այդպես տարիներ շարունակ վիճակագրական պատկերը կեղծվել է։

 Ավելին, ԼՂԻՄ կազմավորման 40, 50 և 60-ամյակներին նվիրված հոբելյանական (Բաքվում հրատարակված) գրքույկներում նյութերը մատուցվել են այնպես, որ իբր խորհրդային Լեռնային Ղարաբաղի կյանքի բոլոր բնագավառներում եղանակ ստեղծողներն ադրբեջանցիներն են, հայերն այս երկրամասում փոքրամասնություն են կազմում և չնչին դեր են խաղում տնտեսության զարգացման մեջ։ Տպավորություն է ստեղծվել, որ զարգացման, բարգավաճման պայմաններ հայերը ստացել են միայն Ադրբեջանում. նրանք «Սովետական Ադրբեջանի կազմում են ծաղկել, ազգային արժանապատվություն ձեռք բերել, կենսամակարդակի և հոգևոր կուլտուրայի չտեսնված բարձունքների հասել»։ Իսկ իրականում ԼՂԻՄ-ի նկատմամբ հետևողականորեն իրականացվել են տնտեսական խտրականություն ու սահմանափակումներ, վարվել Ղարաբաղի հայության գաղութացման, շահագործման և տնտեսության եկամտաբեր ճյուղերի ոչնչացման քաղաքականություն։ Մարզի 30-100 բանվոր-ծառայող ունեցող, 100-200 հզ. ռուբլու արտադրանք թողարկող արտադրամասերը ներկայացվել են որպես ժամանակակից խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, ճանապարհազուրկ, հողազուրկ, քայքայման եզրին հասած գյուղական տասնյակ տնտեսությունները՝ կոլտնտեսային կարգի հաղթանակ։

 Մարզի սոցիալ-տնտեսական հետամնացությունը քողարկելու, մարդկանց ապակողմնորոշելու, վիճակը բարվոք տեսքով ներկայացնելու նպատակով այն միտումնավոր համեմատել են ԼՂԻՄ-ի համար աննպաստ 1923-ի՝ փաստորեն զրո «ցուցանիշի» հետ, այլ ոչ թե, ամենուրեք, այդ թվում Անդրկովկասի համար ընդունված 1913-ի ցուցանիշների հետ։ Եթե մարզի 1969-ի ցուցանիշները համեմատվում են 1913-ի հետ, որի հրապարակումը Բաքուն մշտապես արգելել է, ապա աճը կազմում է 3,8, իսկ 1923-ի հետ համեմատելիս՝ 215 անգամ։

 Մարզի տնտեսական աճը համեմատելու համար թույլատրելի է համարվել 1920-ական թթ. սկիզբը, երբ երկրամասում չեն գործել արդյունաբերական ձեռնարկությունները, ավերված էին տասնյակ հայկական գյուղեր և ֆաբրիկաներ։

 Իրականում, ԼՂԻՄ-ի արդյունաբերության աճը 1913-ի համեմատությամբ, 1983-ին ավելացել է մոտ 11 անգամ՝ ներառված 1970-ական թթ. կոլտնտեսությունների հիմքի վրա ստեղծված սովխոզների արտադրական ցուցանիշները։ Այսպիսով զուտ արդյունաբերական՝ ֆաբրիկա-գործարանային արտադրանքը 1913-ի համեմատությամբ 1983-ին ավելացել է 8,6, իսկ բանվորների թվաքանակը (առանց սովխոզների)՝ մոտ երկու անգամ։ Բացի այդ, 1913-ին և 1923-ին Լեռնային Ղարաբաղի 230 գյուղերում արտադրված մթերքները չեն ներառվել արդյունաբերական արտադրանքի ընդհանուր բաժնեմասում։

 Լեռնային Ղարաբաղում 1923-ին նախահեղափոխական 42 ձեռնարկություններից աշխատել է միայն երկուսը։ 1913-ին արտադրված 9,8 միլիոն ռուբլու արտադրանքի փոխարեն թողարկվել է 320 հզ. ռուբլու մետաքսաթել։ Միաժամանակ երկրամասում 1923-ին 3750 բանվորից աշխատել է միայն 93-ը։ Փաստորեն, 1923-ին, 1913-ի համեմատությամբ, բանվորների թվաքանակը պակասել է 40, իսկ արտադրանքը՝ 30 անգամ։ Այսպիսով, ԼՂԻՄ-ի արդյունաբերությունն անհամեմատ դանդաղ է զարգացել, ինչի հետևանքով մարզից բանվորների և երիտասարդների արտագաղթը հասել է մեծ ծավալների։ Բացի այդ, արդյունաբերության զարգացումն ընթացել է միակողմանի, ստեղծված կարողություններում մեծ մասամբ աշխատել են կանայք (աշխատող բանվորների 51 %-ը)։ ԽՍՀՄ-ի, ԱԽՍՀ-ի և ՀԽՍՀ-ի համեմատությամբ ԼՂԻՄ-ի ինդուստրիալ զարգացումը հետ է մնացել համապատասխանաբար՝ 20,7, 18,3 և 26,6 անգամ։

 Հայրենական մեծ պատերազմի (1941-45) հաղթանակից հետո ժողտնտեսության զարգացման հնգամյա, յոթնամյա և ընթացիկ պլաններում ԼՂԻՄ-ի կապիտալ շինարարության համար ներդրումներ գրեթե չեն հատկացվել։ Տարեցտարի ավելացել են գյուղատնտեսական մթերքների մթերումների պլանները, կրճատվել տեխնիկայի, պահեստամասերի, համակցված կերերի, շինանյութերի, առաջին անհրաժեշտության մթերքների հատկացման ֆոնդերը։ Ապամոնտաժվել կամ փակվել ու քանդվել են 8 տարում կառուցված Ստեփանակերտի սննդի կոմբինատը, գորգագործական ֆաբրիկան, աղյուսի գործարանը, տարբեր բնակավայրերի մետաքսի շահութաբեր ֆաբրիկաները, կղմինդրի, կահկարասու, ատաղձագործական և օղեթորման մի քանի տասնյակ ձեռնարկություններ ու արտադրամասեր։

 Սննդի կոմբինատի ազատված շենքում միկրոշարժիչների արտադրություն կազմակերպելու և 1500 աշխատատեղ ստեղծելու հայտարարությունից երկու տարի հետո հայտնի է դարձել, որ փոխարենն արտադրվելու են խառատային հաստոցներ և ունենալու է 300 աշխատատեղ։ Իսկ ավելի ուշ պարզվել է, որ նշված գործարանը չի էլ կառուցվել. հատկացված կապիտալ միջոցների հաշվին, հայ շինարարների ջանքերով գործարանը կառուցվել է Աղդամ շրջկենտրոնում։

 Ստեփանակերտում չեն կառուցվել նաև նախօրոք հայտարարված Առևտրի սարքավորումների տեխնոլոգիական գործարանըՎըշկա», 8.6.1981), խոշոր գյուղմեքենաշինական գործարանըԱգիտատոր», 12, 1983) և այլ գործարաններ։

 Ավելի քան 15 տարի շարունակ պլանավորվել է Ստեփանակերտում կառուցել 800-տեղանոց մշակույթի պալատ, բայց շինարարությունը հնգամյակից հնգամյակ հետաձգվել է։ Նույն ճակատագրին են արժանացել նաև մարզային արխիվի և այլ շենքերի կառուցումները։

 Ավերման և «կառուցման» կարճ ժամանակամիջոցում Արցախում փակվել և ավերվել են 44 բնակավայրում գործող 54 արդյունաբերական փոքր ձեռնարկություններ, որի հետևանքով շուրջ 2600 գործազուրկ բանվորներ հարկադրաբար մեկնել են Բաքու, Սումգայիթ, Մինգեչաուր։ Տեղահանվել են երկրամասի 47 հայկական գյուղեր։ Այսպիսով, Ադրբեջանի իշխանությունները ծրագրված քաղաքականությամբ մի կողմից քանդել-ավերել են ԼՂԻՄ-ում գործող արդյունաբերական ձեռնարկությունները, ինչի հետևանքով հազարավոր գործազուրկ արցախահայ բանվորներ ստիպված լքել են հայրենի բնակավայրերը, մյուս կողմից՝ խնամքով թաքցնելով արցախահայության դեմ կատարված հանցագործությունները՝ արտաքուստ բարերարի, ինտերնացիոնալիստի կեցվածք ընդունել։

 ԼՂ Ադրբեջանին բռնակցվելուց և Անդրֆեդերացիայի լուծարումից հետո (1936) մարզում կոշտ ծածկով ճանապարհներ չեն կառուցվել, չեն բարեկարգվել ու վերականգնվել եղած ճանապարհները։ Վիճակն աղետալի էր բնակչությանն առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդամթերքի ֆոնդերի հատկացման բնագավառում։ 1971-ին Ստեփանակերտում յուրաքանչյուր բնակչի հաշվով վաճառվել է 6,5 կգ յուղ, իսկ հարևան աղրբեջանաբնակ Շուշիում՝ 13,7 կգ, համապատասխանաբար շաքար՝ 16,1 կգ և 32 կգ, միս 20 կգ և 28 կգ, օղի 184 դկլ և 382 դկլ, կաթնամթերք 44 կգ և 151 կգ և այլն։

 ԽՍՀՄ-ի, ԱԽՍՀ-ի և ՀԽՍՀ-ի համեմատությամբ ԼՂԻՄ-ում 1971-ին վաճառվել է 7-10 անգամ ավելի քիչ առաջին անհրաժեշտության մթերք։ Այդ նույն տարում ԼՂԻՄ-ը մթերել է 12 հզ. Տ. միս, որի միայն 5 %-ն է հատկացվել տեղի կարիքների համար։ Իսկ Մարտակերտի շրջանին հատկացված մսի վաճառքի ֆոնդը կազմել է ընդամենը 6 տ, ավելի քան 3 հզ. տ մթերման դիմաց։ Նույն ժամանակաշրջանում ԽՍՀՄ-ում մեկ շնչի հաշվով վաճառվել է 38 կգ միս, 307 կգ կաթնամթերք, 38,8 կգ շաքար, 35 կգ միրգ։ Երկրում միջին ամսական աշխատավարձի՝ 211 ռուբլու դիմաց՝ ԼՂԻՄ-ում կազմել է ընդամենը 97 ռուբլի։ ԼՂԻՄ կոլեկտիվ և պետական տնտեսություն-ներում արտադրված հացահատիկի 80-85, անասնապահական մթերքների 94, խաղողի 99, բրդի, ձվի 100%-ը զանազան պլանային առաջադրանքների կատարման պարտադրանքով մարզից դուրս են տարվել։ Միաժամանակ ստիպել են, որ յուրաքանչյուր հայ ընտանիք անհատույց ադրբեջանական մթերակայաններին հանձնի տարեկան 51 կգ միս, 76 հատ ձու, այծի կամ ոչխարի 2 մորթի, յուրաքանչյուր ոչխարից 2,7 կգ բուրդ, այծից՝ 1,6 կգ մազ, 4,8 կգ յուղ, 49 կգ կարտոֆիլ և այլն։ Իսկ հարկային պարտականությունները ժամանակին չկատարողների նկատմամբ կիրառվել են բռնություններ՝ ծեծ, ունեցվածքի բռնագրավում և այլն։ Փաստորեն արցախահայության դեմ իրականացվել է տնտեսական ահաբեկչություն, որի հետևանքով 1945-59-ին երկրամասից հեռացել է ամբողջ բնակչության 41,2 %-ը։ ԼՂԻՄ-ում իրականացվող կապիտալ շինարարության ծրագրերը դիտավորյալ ձախողելու և հատկացված միջոցները հետ տանելու նպատակով արգելել են մարզում օգտագործել տեղական շինանյութեր, տեղում ստեղծել անհրաժեշտ շինարարական, նյութատեխնիկական բազա։ 1966-1980-ին մարզում կապիտալ շինարարության ծավալը կրճատվել է 57, իսկ բնակարանային շինարարության պլանները՝ 65-70 %-ով։

 Մարզում ջրատնտեսական և հողաբարելավման աշխատանքներ գրեթե չեն կատարվել։ Ավելին՝ մայիս-հոկտեմբերին (ոռոգման շրջան) մարզի գետերի երկարությամբ կարգվել են ադրբեջանցի հսկիչներ, որոնք արգելել են հայ բնակչությանն օգտվել ոռոգման ջրից։ 1965-1976-ին մարզին հատկացված կապիտալ ներդրումների (150 մլն ռուբլի) հաշվին կառուցվել է 500 մլն մ3 ծավալով Սարսանգի ջրամբարը։ Ջրամբարի շահագործումից հետո, սակայն, Մարտակերտի շրջանի ջրովի հողերի կեսից ավելին զրկվել են Թարթառ գետի ջրերից օգտվելու հնարավորությունից ։ Ջրամբարի և հիդրոտեխնիկական կառույցների (ջրանցքներ և այլն) տակ են մնացել հարյուրավոր հա բերրի հողեր, մեկ տասնյակից ավելի պատմաճարտարապետական հուշարձաններ, արտադրամասեր և բնակելի շինություններ։ Անմխիթար վիճակում էր մարզի ջրամատակարարման համակարգը։ Ստեփանակերտը օրվա ընթացքում մեկ շնչի հաշվով ծախսում էր ընդամենը 2 լ խմելու ջուր։ Նույն վիճակում էր նաև Մարտակերտ ավանը։ Մարզում չեն գործել ջրառու, մաքրման կառույցները, չեն ստեղծվել սանվերահսկողության համակարգերը և այլն։

 Մարզում չեն գործել գիտական հաստատություններ, հեռուստաստուդիա և հրատարակչություններ։ Բնակչության ապահովվածությունը գրադարաններով, գրքերով և ակումբներով, երկրի նորմատիվային ցուցանիշների համեմատությամբ, կազմել է 27-29 %, դեղատներով և դեղանյութերով՝ 16 %, կենցաղային սպասարկման ծառայություններով՝ 13,5 %։ Մարզի երեխաների միայն 13 % է հաճախել մանկապարտեզ: Ստեփանակերտում բնակարան կարող էին ստանալ 20-25 տարի հերթագրվածները: ԼՂԻՄ-ի բնակչության մեկ շնչի հաշվով թերթերի, ամսագրերի բաժանորդագրության պլանը 6 անգամ գերազանցել է միութենական, 22 անգամ ադրբեջանական միջին ցուցանիշները: Կինոհաճախումների տարեկան պլանը մարզում նախատեսվել է 25 մարդ, իսկ Ադրբեջանում՝ 4: Կենցաղային սպասարկումների կատարման դիմաց ԼՂԻՄ-ում մեկ շնչի հաշվով պահանջվում էր 17 ռուբլի, իսկ ադրբեջանական շրջաններում՝ 3,7: Մարզկենտրոնի, շրջկենտրոնների, մարզի գյուղերի հետ երթուղային ավտոբուսներով կապվածությունը կազմել է 9 %. Ստեփանակերտ-Աղդամ ավտոբուսային երթուղու հայ վարորդը 3 անգամ ավելի հարկ է վճարել, քան Աղդամ-Ստեփանակերտի երթուղու ադրբեջանցի վարորդը:

 Հակառակ այս ամենի՝ ադրբեջանցի գիտնական էլիտան Մեհթիևը գրել է. «Տնտեսական մշակութային առումով ԼՂԻՄ անհամեմատ բարվոք վիճակում է եղել, և կյանքի մակարդակը ավելի բարձր էր՝ քան Ադրբեջանի և Հայաստանի մյուս տարածաշրջաններում» (Մեհթիև է., «Հայ-ադրբեջանական բախման զարգացման մի քանի հայեցակետերը և այն կարգավորելու ջանքերը», «Գիտություն», N 15, 1998). Ակադեմիկոս Մահմեդ Իսմայիլովը «Բակինսկի ռաբոչի» թերթում (15 հունվարի 1991) գրել է, որ «Լեռնային Ղարաբաղը իրենից ներկայացնում է զարգացած ինդուստրիալ-ագրարային մարզ և զարգացման մակարդակով գերազանցում է Ադրբեջանի մյուս շրջաններին»: Ի հակադրություն ասվածների՝ «Պրավդա» թերթի 1989-ի հունվարի 13-ի համարում Հատուկ կառավարական կոմիտեի նախագահ Ա. Վոլսկին գրել է. «Երկրում շրջագայելիս ես երբեք չեմ հանդիպել մարդկանց ճակատագրերի նկատմամբ նման անուշադրության ու արհամարանքի, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղում»: Իսկ Մոսկովյան «Պոլիտիչեսկոյե օբրազովանիե» հանդեսի 1989-ի 3-րդ համարում հրապարակախոս-քաղաքագետ Վ. Դորոֆեևը գրել է. «Լեռնային Ղարաբաղի պետական ու կոոպերատիվ ձեռնարկությունները միայն 1981-1985 թթ. ստացել են 69 անգամ քիչ կապիտալ ներդրումներ, քան Ադրբեջանում՝ միջին հաշվով». Եվ ընդհանրապես, եթե Ադրբեջանական ԽՍՀ-ի պետական բյուջեն 6 տարում ավելացել էր 106,5 անգամ, ապա ԼՂԻՄ-ի բյուջեն՝ ընդամենը 3,6 անգամ.

 Ղարաբաղի հայության նկատմամբ իրականացված նման քաղաքականությունն ունեցել է մի անսքող նպատակ՝ առավելագույնս արգելակել հայկական երկրամասի սոցիալ-տնտեսական զարգացումը, արմատական հայ ազգաբնակչության աճը, ոտնահարել հայ բնակչության արժանապատվությունն ու շահերը, ստեղծել անտանելի վիճակ և դրանով իսկ արագացնել մարզից հայերի դուրսմղումը:

 1988-1994-ի Ադրբեջանա-Ղարաբաղյան պատերազմի հետևանքով ԼՂ գործող արտադրական հզորությունների 85 %-ը, բնակելի ֆոնդի 50 %-ը, սոցիալ-մշակութային ոլորտի հարյուրավոր օբյեկտներ, ճանապարհների, կապի և հաղորդակցության մյուս տեսակների մեծ մասը շարքից դուրս է եկել: Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ին հասցրած ուղղակի տնտեսական վնասը կազմել է մոտ 5 մլդ ԱՄՆ դոլար.

 1994-ին՝ հրադադարի հաստատումից հետո, նորաստեղծ ԼՂՀ պատերազմից ավերված տնտեսության վերականգնմանը զուգահեռ ձեռնամուխ է եղել տնտեսական բարեփոխումների, որոնց սկզբնական փուլը բնութագրվում է սեփականության իրավական հիմքի ստեղծումով, շուկայական հարաբերությունների անցման գործընթացով. 1995-ին երևան են եկել տնտեսության վերականգնման առաջին նշանները. Տնտեսական աճի արագացումն ապահովելու համար իրականացվում են ժողտնտեսության ճյուղերի կառուցվածքային փոփոխություններ, միջոցներ են ձեռնարկվում հիմնական կապիտալի նորացման ուղղությամբ. Ներկայումս ամբողջովին ավարտված է հանրապետության փոքր ձեռնարկությունների սեփականաշնորհումը, շարունակվում է միջինՍտեփանակերտի գորգագործական ֆաբրիկայի արտադրանքը ձեռնարկությունների ապապետականացումը։

 Տնտեսական համալիրը հիմնականում բնորոշվում է տնտեսության բազային ճյուղերի (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, տրանսպորտ, առետուր) առկայությամբ։ Ճյուղային կառուցվածքում 2003-ին 2002-ի համեմատությամբ նկատելի աճ է եղել արդյունաբերությունում 14,3 %, շինարարության մեջ՝ շուրջ 129,1, գյուղատնտեսության մեջ 125,7, տրանսպորտում՝ շուրջ 112,3 %:

 Պետական ներդրումներն իրականացվում են տեղական հումքով աշխատող արտադրության հեռանկարային ճյուղերի արտոնյալ վարկավորման պայմաններում։ Պետական ֆինանսների ոլորտում կենտրոնական տեղը պատկանում է պետական և կառավարման այլ ոլորտների բյուջեներին։ Եկամուտների ձևավորման հիմնական միջոցը հարկերն են։ ԼՂՀ-ում վարկային համակարգը ներկայացված է բանկային, սպառողական, առետրային, պետական վարկերով։ Վարկային քաղաքականությունն իրականացնում է բանկային համակարգը, որը ներառում է մի շարք առետրային բանկեր։ Գլխավոր բանկը «Արցախբանկն» է։

 

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am