Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Լեռնային Ղարաբաղ: Կրթությունը, մշակութային-լուսավորական հիմնարկները

 Լեռնային Ղարաբաղ: Կրթությունը, մշակութային-լուսավորական հիմնարկները: Արցախում առաջին դպրոցը (V դ.) հիմնել է Մեսրոպ Մաշտոցը Ամարաս վանքում։ Հետագայում դպրոցներ են հիմնվել Հոռեկա, Երեք մանկունք, Մեծառանից Ս. Հակոբա և այլ վանքերին կից։

 Արցախ ներխուժած սելջուկ թուրքերի և ուրիշ զավթիչների ասպատակությունների հետևանքով մշակույթը խաթարվել է, դպրոցների մեծ մասը ավերվել։ Այնուհանդերձ, հայերը կարողացել են դիմակայել և պահպանել իրենց ազգային մշակույթն ու ինքնությունը։ Արևելահայ հատվածում, այդ թվում նաև Արցախում, Ռուսաստանին միանալուց հետո ստեղծվել են նպաստավոր պայմաններ տնտեսության մշակույթի և դպրոցի զարգացման համար։ 1800-ին Գանձասարում բացվել է ծխական դպրոց (30 աշակերտ)։ 1805-ին Մ. Ագուլյանը Շուշիում բացել է մասնավոր դպրոց, որի օրինակին հետևել է նաև Հ. Յուզբաշյանը։ 1827-37-ին Շուշիում գործել է Բազել քաղաքի Ավետարանական ընկերության միսիոներական դպրոցը (130 աշակերտ), 1830-ին հիմնվել է գավառական պետական դպրոցը (127 աշակերտ, 15 ուսուցիչ), 1838-ին՝ թեմական դպրոցը (փակվել է 1920-ին)։ 1830-ական թթ. վերջին Լեռնային Ղարաբաղի տարածքում գործել են 25 հայկական ծխական և մասնավոր դպրոցներ։ 1848-ին ծխական դպրոց է բացվել Աշան, հետագա տարիներին՝ նաև Կուսապատ, Տող, Հադրութ և այլ գյուղերում։ 1857-1858-ին Հայոց կաթողիկոս Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցու աջակցությամբ ծխական կրթական հաստատություններ են ստեղծվել Ամարասի և Գանձասարի, 1861-ին՝ Երեք մանկունք և Գտիչի վանքերում։ 1860-70-ական թթ. Ղարաբաղի թեմում գործել է 30 ծխական դպրոց։ Այդ տարիներին Շուշիում հիմնվել են միջնակարգ, ռուսական յոթնամյա արական դպրոցներ, ռուսական օրիորդաց յոթնամյա պրոգիմնազիան, Մարիամ Ղուկասյան հայոց օրիորդաց միջնակարգ դպրոցը (1864), Շուշիի ռեալական ուսումնարանը (1881)։ 1906-ին բացվել է 23 ծխական դպրոց, որոնցից 8-ը՝ երկդասյա։ Այստեղ աշխատել և դպրոցական գործին նպաստել են Մ. Թաղիադյանը, Պողոս վարդապետ Ղարաբաղցին, Հովսեփ վարդապետ Արցախեցին, Պ. Պռոշյանը, Ղ. Աղայանը, Պ. Շանշյանը, Խ. արքեպիսկոպոս Ստեփանեն, Ա. Բահաթրյանը, Մ. Աբեղյանը, Լեոն, Հ. Աճառյանը և ուրիշներ։ 1918-20-ին թուրք-մուսավաթականների հարձակումների, նրանց հայաջինջ քաղաքականության հետևանքով երկրամասի գրեթե բոլոր դպրոցները փակվել են։

 ԼՂԻՄ-ում 1922-1923 ուսումնական տարում գործել է 79 (4375 աշակերտ, 140 ուսուցիչ), 1923-24-ին՝ 104 (7687, 222), 1940-41-ին՝ 196 դպրոց (40766, 1696)։ Հետպատերազմյան տարիներին, մարզից հայերի հարկադրաբար հեռանալու պատճառով, աշակերտների թիվը չի աճել։ 1960-1988-ին փակվել են 46 հայկական դպրոցներ։ Դպրոցական ծրագրերից հանվել է հայ ժողովրդի պատմությունը, փոխարենը մտցվել է Ադրբեջանի պատմությունը։ 1990-91 ուսումնական տարում կար (Շահումյանի շրջանի հետ միասին) 214 հայկական դպրոց (շուրջ 36 հզ. աշակերտ)։ Գործել են 89 նախադպրոցական հիմնարկ (7 հզ. երեխա, 800 դաստիարակ), 6 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն (ավելի քան 2200 սովորող), 5 պրոֆտեխնիկական ուսումնարան, 7 արվեստի, 6 երաժշտական, 6 մարզական դպրոցներ, 229 հանրային և մանկական գրադարաններ, 237 ակումբ և մշակույթի տուն, 180 կինոսարք, 4 թանգարան։ 1969-1970 ուսումնական տարվանից Ստեփանակերտում գործել է Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղը (հայկական, ադրբեջանական բաժիններով), որը 1973-ից դարձել է ինքնուրույն (հայկական, ռուսական և ադրբեջանական բաժիններով), փակվել է 1988-1989 ուսումնական տարում։ 1988-92-ին Ստեփանակերտում գործել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի, 1990-1991 ուսումնական տարում՝ ԵՊԻ ընդհանուր տեխնիկական բաժանմունքները։ 1992-ին Ստեփանակերտում հիմնվել է Արցախի պետական համալսարանը։ Գործում են Ուսուցիչների կատարելագործման ինստիտուտը (1976-ից), ԳՀ տարածքային փորձակայանը (1958-ից), «Գիտելիք» ընկերությունը (1948-ից)։

 Պատերազմը մեծ վնասներ է հասցրել նաև ԼՂՀ կրթական համակարգին։ Ադրբեջանական զորամիավորումների կողմից գրավված բոլոր բնակավայրերում ավերվել են դպրոցներն ու նախադպրոցական հիմնարկները։ Ստեփանակերտի գրեթե բոլոր դպրոցները տուժել են ռմբակոծումներից և հրետակոծումներից։ Ներկայումս (2004) ԼՂՀ-ում գործում է 149 դպրոց (30 հզ. աշակերտ, 2884 ուսուցիչ)։ Կառուցվել են 15 նոր դպրոցներ, մի քանիսի կառուցումն ընթացքի մեջ է։ Բացի Արցախի պետական համալսարանից, ԼՂՀ-ում գործում են նաև 11 մասնավոր բուհեր, այդ թվում՝ «Մեսրոպ Մաշտոց» համալսարանը, միջնակարգ մասնագիտական 3 ուսումնական հաստատություններ, գյուղատնտեսական քոլեջ, բժշկական և երաժշտական ուսումնարաններ։ Գործում են մշակույթի 6 շրջանային (քաղաքային) տներ, գյուղական 127 ակումբ, 136 գրադարան, 7 պատմաերկրագիտական թանգարան, 1 պատկերասրահ, 6 երաժշտական և 1 արվեստի դպրոցներ, հանրապետական 2՝ Մեսրոպ Մաշտոցի անվան և Հ. Թումանյանի անվան (մանկական) գրադարանները։

 Հանրապետությունում գործում են մանկապատանեկան 10 մարզադպրոց, Ստեփանակերտի շախմատի կենտրոնական տունը և շախմատային դպրոցը, 2 մարզադաշտ՝ Ստեփանակերտում և Մարտակերտում, մարզական 10 ֆեդերացիա։

 

 

Գրականություն

 Հարությունյան Գ., Ժողովրդական կրթությունը Լեռնային Ղարաբաղում, Ե, 1985։ Նույնի, Արցախի դպացն ու մանկավարժական միտքը 5-րդ դարից 20-դ. դարի սկիզբը, Ս., 2002։

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am