Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Կլիման

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Կլիման։ Կլիման փոխվում է՝ ըստ բարձունքային գոտիականության։ Հարթավայրերում՝ չոր մերձարևադարձային, նախալեռներում՝ չափավոր տաք չորային, միջին բարձրության լեռներում՝ չափավոր տաք խոնավ, լեռների առավել բարձրադիր մասերում՝ բարձրլեռնային ցուրտ կլիմա է։ Հարթավայրերում ու միջին բարձրություններում հունվարի օդի միջին ջերմաստիճանը 3–(-2)°C է, բարձրլեռնային շրջաններում՝ (-6)–(-10)°C (նվազագույնը՝ -28,7°C), հուլիսինը՝ համապատասխանաբար՝ 20-25°C և 10–15°C: Տարեկան տեղումները հարթավայրերում ու նախալեռներում՝ 380-450մմ (նվազագույնը՝ 310 մմ, Ստեփանակերտ), միջին բարձրություններում՝ մինչև 700 մմ, բարձր լեռներում՝ մինչև 850 մմ (առավելագույնը՝ 1042 մմ, Հաթերք)։ Կայուն ձնածածկույթ գոյանում է 1400 մ-ից բարձր վայրերում։ Մռավի լեռնաշղթայում պահպանվում են ձնաբծեր։

 Ներքին ջրերը։ Ջրագրական ցանցը խիտ է, գետերի սնումը՝ խառը, հոսքը՝ սեզոնային (վարարում են գարնանը, մասամբ՝ աշնանը)։ Գետերի մեծ մասը պատկանում է Կուր, որոշ մասը՝ Արաքս գետերի ավազաններին։ Խոշոր գետերն են Թարթառը (Տրտու), Խաչենը, Կարկառը, Սևջուրը (Կուրի ավազան), Վարանդան, Իշխանը և Հակարիի մի քանի վտակներ (Արաքսի ավազան)։ Թարթառ գետի վրա են Սարսանգի ջրամբարը։

 Հողերը։ Հյուսիսարևելյան և հարավարևելյան ծայրամասերի հարթավայրերում տարածված են շագանակագույն, գետահովիտներում՝ ողողատային, նախալեռներում՝ մուգ շագանակագույն և լեռնատափաստանային, միջին բարձրություններում՝ դարչնագույն ու գորշ հողերը, առանձին զանգվածներով՝ լեռնային սևահողերը, Մռավի լեռնաշղթայի բարձրադիր մասերում՝ լեռնամարգագետնային ու կմախքային հողերը։

 Բուսածածկույթը։ ԼՂՀ տարածքի 32 %-ը անտառապատ է՝ 160 հզ. հա, որի 43 %-ը կազմում է բոխին, 31 %-ը՝ հաճարենին, 20,7 %-ը՝ կաղնին, կան նաև լորենի, թխկի, հացենի, բազմաթիվ վայրի պտղատու ծառատեսակներ ու թփուտներ։ Ավելի բարձրադիր մասերում մարգագետնաթփուտային ու լեռնաչորադիմացկուն նոսրուտներ են։ Մռավի լեռնաշղթայի բարձրադիր փոքրաթեք տեղամասերում և Ղարաբաղի լեռնաշղթայի գագաթային ու մերձգագաթային մասերում լեռնամարգագետնային լանդշաֆտ է։

Կենդանիներից կան բեզոարյան այծ, այծյամ, վայրի խոզ, գորշ արջ, գայլ, աղվես և այլն։ Հարուստ է թռչնաշխարհը։ Նստակյաց թռչուններից են թխակապույտ աղավնին, մոշահավը և այլն։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am