Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Լեռնային Ղարաբաղ: Գյուղատնտեսությունը

 Լեռնային Ղարաբաղ: Գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են հացահատիկային (զբաղեցնում է ցանքատարածությունների մեծ մասը), կերային բույսերի մշակությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը։ Գյուղատնտեսության կարևոր ճյուղերից է նաև թթենու մշակությունը (2 հզ. հա, հիմնականում՝ Ասկերանի, Հադրութի ու Մարտունիի շրջաններում), որի հիմքի վրա զարգացել են շերամապահությունը, օղու և դոշաբի արտադրությունը, խաղողագործությունը (1980-ական թթ. 11 հզ. հա, տարեկան արտադրանքը՝ ավելի քան 170 հզ. տ) և պտղաբուծությունը (խնձոր, տանձ, դեղձ, նուռ, թուզ, սերկևիլ)։ Խաղողագործությունն առավել զարգացած է Մարտունիի և Մարտակերտի շրջաններում։ Կարևոր ճյուղ է բանջարաբոստանային (սոխ, վարունգ, կաղամբ, սեխ, ձմերուկ և այլն) բույսերի մշակությունը։ Ոռոգման ցանցի աղքատիկ վիճակը խոչընդոտում է երկրագործության զարգացումը։ Տեխնիկական մշակաբույսերից գլխավորը ծխախոտն է (նախկինում եղել է բամբակը)։ Սարսանգի ջրամբարի ջրերով ոռոգվում են ԼՂՀ տարածքի միայն Մարտակերտի շրջանի դաշտային ցածրադիր մասերի հողատարածությունների 1/3 մասը։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղերից են նաև խոշոր ու մանր եղջերավոր անասնապահությունը, խոզաբուծությունն ու թռչնաբուծությունը, համախառն արտադրանքի ծավալով զիջում է բուսաբուծությունը։ 1988-ին կային մոտ 300 հզ. մանր, 100 հզ. խոշոր եղջերավոր անասուն, մոտ 95 հզ. խոզ, տարեկան արտադրվել է 66000 տ կաթնամթերք, 900-920 տ կենդանական յուղ, 1000 տ պանիր, 11 հզ. տ միս։ 1989-1995-ին զգալի չափով կրճատվել է անասունների գլխաքանակը։ Գյուղատնտեսության ապրանքների տարեկան միջին արտադրությունը 1988-1991-ին նվազել է 31,3 %-ով, մշակվող հողային մակերեսը՝ 60,3 հզ. հա-ով։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում չեն օգտագործվում գյուղատնտեսական նշանակության ավելի քան 40 հզ. հա. հողահանդակներ։

 Գյուղատնտեսական բնագավառի զարգացման պետական քաղաքականությունն ուղղված է հանրապետության պարենային անվտանգության ապահովմանը, ֆերմերային տնտեսությունների ստեղծմանը, տեղական արտադրողի շահերի պաշտպանությանը, գյուղատնտեսական արտադրության ինտենսիվացմանը։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am