Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Լեռնային Ղարաբաղ: Գրականությունը

 Լեռնային Ղարաբաղ:  Գրականությունը: Մեզ է հասել VII դ. բանաստեղծ Դավթակ Քերթողի «Ողբք ի մահն Ջևանշէրի՝ մեծի իշխանին» դամբանական ողբը, որն աշխարհիկ թեմայով պահպանված ստեղծագործություններից հնագույնն է հայ քնարերգության մեջ։ Բանաստեղծ ու ճարտասան է եղել Գտիչ ամրոցի տեր, Արցախի հզոր իշխաններից մեկը՝ Եսայի Աբու Մուսեն (IX դ.)։ Արաբ զորավար Բուղա Շարաբին գրած նրա «Թուղթը» (պահպանվել է Թովմա Արծրունու «Արծրունյաց տան պատմություն» երկում) արցախահայության դիմադրական ոգին փառաբանող բանաստեղծական հրովարտակ է։ «Թղթի» մասին Լեոն գրել է. «Դժվար թե գտնվի մի այլ վավերագիր, որի մեջ այդպիսի կլասիկ պարզությամբ արտահայտված լինի լեռնական մի պարզամիտ ժողովրդի հոգին»։ Գանձասարի վանքում է գործել խաչենցի եպիսկոպոս Տեր-Իսրայելը (XIII դ.), որը խմբագրել է «Հայսմավուրքը», այն հարստացրել հայ իրականության արտացոլումով, հայ գործիչների սրբախոսական պատմություններով։

 Ուշ միջնադարում գրականություն է ստեղծվել նաև Արցախի բարբառով։ Մելիքության շրջանում մեծ ժողովրդականություն է վայելել զվարճախոս Պըլը Պուղին (1731-1815)։ Վերջինիս ավանդույթները շարունակել է երգիծաբան Կ. Մելիք-Շահնազարյանը (Տմբլաչի Խաչան)։ XIX դ. վերջ - XX դ. սկզբին Շուշին դարձել է հայ գրական կյանքի նշանավոր կենտրոն։ Այստեղ են իրենց գրական առաջին քայլերը կատարել Մուրացանը, Լեոն և ուրիշներ։

 1920-ական թթ. գեղարվեստական գրականության զարգացման օրինաչափ ընթացքը ԼՂԻՄ-ում խախտվել է խորհրդային վարչակարգի և Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականության հետևանքով։ Ձերբակալվել ու հալածանքի են ենթարկվել մի շարք հայ մտավորականներ, արգելվել է Ստեփանակերտի պետհրատի գործունեությունը։ Գրողների ստեղծագործությունների հրատարակման միակ միջոց են մնացել «Խորհրդային Ղարաբաղ» և «Երիտասարդ բոլշևիկ» թերթերը։

 1930-ական թթ. 2-րդ կեսից սկսել են տպագրվել Ի. Պետրոսյանի, Վ. Վերխաչյանի, Բ. Ջանյանի, Ա. Գրաշու, Ս. Գրիգորյանի բանաստեղծությունները .

 Հետպատերազմյան առաջին տարիների գրական շարժման ու ստեղծագործական մթնոլորտի համար մեծ նշանակություն է ունեցել 1948-ին Ա. Իսահակյանի այցը Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանի ղեկավարությունն օգտագործելով այդ փաստը՝ հալածանքներ է կազմակերպել հայ գրական գործիչների դեմ (ձերբակալվել է Բ. Զանյանը), ադրբեջանական մամուլում զրպարտչական հոդվածներ են տպագրվել «հայ ազգայնամոլ մտավորականության» մասին:

 1950-ական թթ հրատարակվել են Ի. Պետրոսյանի առակների, Բ. Ջանյանի, Բ. Ուլուբաբյանի, Գ. Գաբրիելյանի, Վ. Օվյանի, Հ. Բեգլարյանի, Գ. Հովսեփյանի բանաստեղծությունների ժողովածուները: Ասպարեզ են եկել արձակագիրներ, որոնց թեմատիկան Արցախ աշխարհն է, նրա մարդիկ՝ իրենց հոգսերով ու երազներով, գյուղի ու քաղաքի առօրյան, մատաղ սերնդի դաստիարակության հարցերը: Լույս են տեսել Բ. Ուլուբաբյանի «Հայրենի հող» (1959), «Այգեստան» (1960), «Մարդը» (1963), «Թարթառ» (1963), Բ. Ջանյանի «Ես մենակ չեմ» (1964), «Լեռներն արձագանքում են» (1967), Սարգիս Աբրահամյանի «Սերունդների հետ» (հ. 1-2, 1957-58), «Մեր քաղաքը» (1963), «Ոլորաններում» (1967), «Հավատարմություն» (1967) վիպակներն ու վեպերը, Ի. Ալավերդյանի, Սերո Աբրահամյանի, Վ. Օվյանի պատմվածքներն ու բանաստեղծությունները.

 1960-ական թթ. վերջերին Ադրբեջանի կուսակցական ղեկավարության կազմակերպած նոր սադրանքը նկատելիորեն ջլատել է ԼՂԻՄ-ի գրական բաժանմունքի աշխատանքները, դարձյալ ազգայնամոլական խարանով մեղադրվել են Բ. Ուլուբաբյանը, Բ. Ջանյանը և ուրիշներ: Գրական կյանքը, այնուամենայնիվ, շարունակվել է: 1970-80-ական թթ. տպագրվել են Ս. Խանյանի «Քո անունից» (1980), Գ. Աղաջանյանի «Օջախ և ծուխ» (1977), «Եզերք» (1981), Ա. Հովհաննիսյանի «Հայրենիք և սեր» (1980), Հ. Բեգլարյանի «Կապույտ լեռների երգը» (1975), Վ. Հակոբյանի «Մի կռունկ անցավ» (1983), Ն. Ավագյանի «Երկրորդ շնչառություն» (1978) բանաստեղծությունների, Մ. Հովհաննիսյանի «Գյուղացի մարդիկ», «Եվ սիրտն ասաց», «Նարնջագույն գիշերներ» պատմվածքների ժողովածուները:

 1988-ի վերազարթոնքը մարզի գրական կյանքում նոր տեղաշարժերի սկիզբ է դրել: Ստեփանակերտում հիմնվեցին հրատարակչություն, «Արցախ» հանդեսը: Ամրացել է կապը Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) հետ: Ընդամենը երկու տարում Երևանում լույս է ընծայվել Արցախի գրողների մոտ 20 անուն գիրք: Գրողների շարքերը համալրվել են երկու տասնյակ նոր անուններով: Տպագրվել են Կ. Դանիելյանի, Ռ. Եսայանի, Դ. Միքայելյանի, Կ. Գաբրիելյանի, Ա. Քոչարյանի, Հ. Ալեքսանյանի, Յա. Բաբայանի, Ս. Բալայանի, Հ. Ղարայանի և ուրիշների անդրանիկ գրքերը: Կազմակերպվել է ԼՂԻՄ-ի գրական ֆոնդ, ստեղծվել գրականության քարոզչության բյուրո (1990): 1939-ին ստեղծված գրողների մարզային բաժանմունքը դուրս է եկել Ադրբեջանի ԳՄ կազմից, միացել է նախ Մոսկվայի Գրողների կազմակերպությանը, 1990-ի սեպտեմբերից՝ ՀԳՄ-ին, 1991-ի սեպտեմբերից դարձել ինքնուրույն: 1995-ի մարտի 1-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂՀ գրողների առաջին համագումարը: Արցախի գրողները գործուն մասնակցություն ունեն Հայաստանի և սփյուռքահայ գրական կյանքին.

 ԼՂՀ գրողների բաժանմունքի քարտուղարներ են եղել Ի. Պետրոսյանը (1939-41 և 1954-55), Բ. Ջանյանը (1941, 1945-48), Մ. Հարությունյանը (1942-44), Բ. Ուլուբաբյանը (1949-67), Գ. Աղաջանյանը (1967-74), Ա. Հովհաննիսյանը (1974-83), Վ. Հակոբյանը (1983-ից, 1990- ին նաև ՀԳՄ քարտուղար):

 

Գրականություն

 Հայ ժողովրդական հեքիաթներ, հ. 5, Ե, 1966։

Գրիգորյան Մ., Լեռնային Ղարաբաղի բանահյուսություն, Ե., 1971։

 Անդրյան Ժ., Մեր գրական օջախը, Ե., 1979։

Ղազինյան Ա., Արցախ, Ե., 1983

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am