Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Լեռնային Ղարաբաղ: Երաժշտությունը

 Լեռնային Ղարաբաղ: Երաժշտությունը: ԼՂՀ ժողովրդական երաժշտարվեստում առկա են հայ ազգային երաժշտության բազմադարյան ավանդույթները, ունեն ոճական նույն ճյուղավորումները։ Արցախի բարբառը, փոխկապակցվելով երաժշտական տեղական նախասիրությունների հետ, այդ արվեստին հաղորդել է ինքնատիպ երանգ։ Գյուղական երգերում կան հայ ժողովրդական երգի ժանրային-թեմային բոլոր գլխավոր բաժինները։ Հատկապես նշանավոր են Արցախի հորովելները, դրանց թվում՝ դեռևս 1890-ական թթ. սկզբին Կոմիտասի գրառած Վարանդայի «Ձիգ տո, քաշի» և 1900-ական թթ. սկզբին գրառած Ջրաբերդի «Հրեն, հրեն թումբումը» խոսքերով սկսվող նմուշները։ Այդ ժանրի երգեր են գրառվել և մեր օրերում։ Նույն ժամանակներում Գ. Սյունին գրի է առել «Մանած թիլս հաստ եկավ» ճախարակի սրտառուչ երգը (որում ցայտուն դրսևորված են ղարաբաղցի գեղջկուհու կյանքի դժվարին պայմանները) և աշխույժ, փաղաքշական «Պապալ-պապալ էս տղեն» երգը։ Քաղաքային ժողովրդական երաժշտության մեջ սովորական երգատեսակներից բացի, լայն ժողովրդականություն են վայելում առօրյա կենցաղի, մենապարի և հատկապես կատակերգերը, հանրաճանաչ է Ա. Քոչարյանի գրառած «Նախշուն աքիր» սոցիալական ենթատեքստով կատակերգը։ Խոր ավանդույթներ ունեն Արցախի հայ աշուղական և ժողովրդական նվագարանային արվեստները։ Նշանավոր է XVIII դ. վերջից մինչև նորագույն ժամանակները գոյատևած մեծ թաղլարեցի Չիթչյանների աշուղական տոհմը՝ իր տասնյակից ավելի ներկայացուցիչներով։ Նոր շրջանի գուսաններից է Բագրատը։ Նվագարանային արվեստում հանրածանոթ են թառահարներ Գրիգոր Մելիքովը (1859-1929) և Բալա Մելիքյանը (1888-1935), քամանչահարներ Ավանեսը և նրա աշակերտներ Սաշա Օգանեզաշվիլին (Ալեքսանդր Օհանյան, 1889-1952) ու Լևոն Կարախանը (1889-1979), ովքեր իրենց բարձրարվեստ կատարումներով հռչակվել են Կովկասում, Ռուսաստանում և արտասահմանում։ XIX դ. վերջից Լեռնային Ղարաբաղի և, մասնավորապես, Շուշի քաղաքի հայ երաժշտական կյանքի աշխուժացմանը նպաստել են նաև Գ. Սյունու (1895) և Ս. Դեմուրյանի (1890-1910-ական թթ.) կազմած երգչախմբերը, գործել է մշտական եկեղեցական երգչախումբ։ 1916-1917- ին Շուշիում Ս. Դեմուրյանի ջանքերով բեմադրվել է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան, մինչև 1920-ը փողային նվագախումբ է ղեկավարել Հ. Իոաննիսյանը։ Հայտնի են կոմպոզիտորներ Դ. Ղազարյանը, Բ. Թումանյանը, Ա. Բաբաևը, Է. Բաղդասարյանը, Ս. Չաղալյանը, դիրիժորներ Ն. Թեյմուրազյանը, Հ. Իոաննիսյանը, Ա. Ալեքսանդրյանը, Ա. Մելիք-Փաշաևը։ 1925-ին Ստեփանակերտում Ռ. Մելիքյանը և Ա. Քոչարյանը հիմնել են «Հայ երաժշտանոց» երաժշտական տեխնիկումը, որը, սակայն, երկու տարի հետո փակվել է։ 1937-ից Ստեփանակերտում գործում է Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը, 1961-ից՝ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը, որը բաժանմունք ունի Շուշիում, 1980-ից՝ արվեստի դպրոցը։ ԼՂՀ շրջկենտրոններում և Շուշիում կան երաժշտական յոթնամյա դպրոցներ։ 1958-ից գործում են Լեռնային Ղարաբաղի հայկական ժողովրդական երգի ու պարի (հիմնադիր՝ կոմպոզիտոր Տ. Ավետիսյան), 1978-ից՝ «Ղարաբաղ» վոկալ-գործիքային պետական համույթները։ 1989- ին Ստեփանակերտում բացվել է Հայֆիլհարմոնիայի բաժանմունքը։ Արցախի ժողովրդական երգերը հավաքել են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի գիտական արշավախմբերն ու մի շարք անհատ երգահավաքներ։

 Ներկայումս (2004) ԼՂՀ-ում գործում են «Վարարակն» կամերային երգչախումբը (ստեղծվել է 1990-ին), «Արցախի բալիկներ» մանկական համույթը (1992), որոնք 1997-ին ստացել են պետական կարգավիճակ, «Ղարաբաղ» պետական էստրադային համույթը (1997)։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am