Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Լեռնային Ղարաբաղ: Ճարտարապետությունը

 Լեռնային Ղարաբաղ:  Ճարտարապետությունը: ԼՂՀ տարածքում պահպանված ավելի քան 2600 պատմաճարտարապետական արժեքավոր հուշարձաններից հնագույնը, ըստ մատենագիտական տվյալների, IV դ. սկզբին Գրիգոր Լուսավորչի՝ Ամարասում հիմնադրած եկեղեցին է, որի հորինվածքն օրինակ է ծառայել Արցախի առաջին եկեղեցիների կառուցման համար: Վաղ միջնադարից պահպանված հուշարձաններից են Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսի Դամբարանը (V դ.) Ամարասում, Մոխրենեսի Օխտը դռնի վանքը (VI դ.) և Վանքասարի եկեղեցին (VII դ.)։ V դ. հայկական արվեստին բնորոշ խարիսխներ կան Բռի եղցի վանական համալիրում, խոյակ՝ ճարտար գյուղում (այժմ՝ Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանում)։ ԼՂՀ տարածքում շինարարական արվեստը ծաղկում է ապրել XII-XIII դդ., երբ ձևավորվել է հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, որի գլուխգործոցները հիմնականում կենտրոնացած են վանական համալիրներում. Գանձասար, Դադիվանք, Խաթրավանք, Գտիչի վանք, Բռի եղցի։ Արցախի ճարտարապետական դպրոցը զարգացել է միջնադարյան Հայաստանի՝ Անիի, Սյունիքի, Լոռու ճարտարապետական դպրոցներին բնորոշ ընդհանուր օրինաչափություններով. եկեղեցիների հորինվածքում գմբեթավոր դահլիճ և «ներգծված խաչ» տիպերի կիրառումը, ճակատների հարդարումը դեկորատիվ կամարաշարով, կտիտորական քանդակներով ու շքամուտքերով, գավիթների ծածկերի իրականացումը փոխհատվող կամարներով։ Միաժամանակ առկա են Արցախի ճարտարապետական դպրոցին բնորոշ առանձնահատկություններ. եկեղեցիների հորինվածքում միանավ դահլիճ տիպի XII-XIII դդ. Հայաստանի այլ նահանգներում այդ հորինվածքով կառուցվել են հիմնականում մատուռները, վանական համալիրների փոքր եկեղեցիները) անհամեմատ լայն կիրառումը (Հավապտուկի, Հակոբավանքի, Կոշիկ անապատի, Կիչանի անապատի, Եղիշե առաքյալի վանքի, Բռի եղցիի, Բաղիրխանի վանքի եկեղեցիները)։ Առանձին ծխական եկեղեցիները, վանքային համալիրների մեծ մասի մեկ կամ մի քանի եկեղեցիներ ունեն ուղղանկյուն բեմ (Գտիչի վանք, Հոռեկա վանք, Վաղուհասի Կարմիր վանք, Չարեքտարի վանք, Բադարայի Օխտը եղցի, Պտկեսբերքի Ս. Գևորգ և այլն)։ Պաշտպանական կառույցներից նշանավոր են Մայրաբերդը (Ասկերան), Կաչաղակաբերդը, Խոխանաբերդը, Գանձասարի վանքի մերձակայքում Հասան Ջալալ Դոլայի դղյակը, Գյուլիստանի ամրոցը։ XVI-XVIII դդ. Արցախում կիրառվել են հայկական ճարտարապետության մեջ տարածում գտած եռանավ և գմբեթավոր բազիլիկների հորինվածքները, կառուցվել են վանք-ամրոցներ։ Ինչպես հարևան Սյունիքում, Արցախում ևս երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկների հետ (Տողի Ս. Հովհաննես, Կաքավավանք, Ավետարանոցի Ս. Աստվածածին, Թաղասեռի Ս. Աստվածածին և այլն) կառուցվել են Հայաստանում XVII դ. մշակված բազիլիկի միայն մեկ զույգ մույթով ենթատիպը (Ծաղկավանք, Հակակուի Ս. Աստվածածին, Եղիշա կուսի անապատ, Ավետարանոցի Կուսանաց անապատ և այլն)։ Երեք զույգ մույթերով եռանավ բազիլիկի հազվադեպ օրինակներից է Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղի Ս. Սարգիս եկեղեցին (1716)։ Քառամույթ գմբեթավոր բազիլիկներից ուշագրավ է Հերհերի Ս. Գրիգորիս եկեղեցին։ XVII դ. վանք-ամրոցի է վերածվել Ամարասը, կառուցվել է ամրացված Երեք մանկունք վանքը։ Ուշ միջնադարում Արցախում (նաև Սյունիքում) մելիքական տան պաշտպանական կառույցի համադրումով ստեղծվել է համալիրի նոր տիպ՝ ապարանքը։ Այն զուգակցում է բազմաբաժին բնակելի տան (գլխատնով կամ առանց դրա) և բերդի հորինվածքները: Արցախի այդ համալիրներից հայտնի են Գյուլիստանի, Մոխրաթաղի, Թուխնկալի, Մաղավուզի, Թալիշի, Ավետարանոցի մելիքական ապարանքները։ Հայկական կամրջաշինության լավագույն նմուշներ են Թարթառ գետի վրա՝ Պառավի (VII-XVII դդ.), Ասիայի (XIII դ.), Վարըն կաթաղի (VII-XVII դդ.), Սարսանգի (XIII դ., մնացել է ջրամբարի տակ), Իշխանագետի վրա՝ Ավան Յուզբաշու (XVIII դ.) և Հաթամի (XVII դ.), Խաչենագետի վրա՝ Թախտեն (XIII դ.), Կարկառ գետի վրա՝ Մազի (XVIII դ., պայթեցվել է 1989-ին), Ավետարանոց գյուղի (Ավետարանոց գետակի վրա, XVII դ.), Շահումյանի շրջանի Մանաշիդ և Վերինշեն գյուղերի (XVII-XVIII դդ.) կամուրջները։ XIX դ. կոթողային կառույցներից է Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին, աշխարհիկ ճարտարապետության ուշագրավ նմուշներից են Շուշիի բազմահարկ բնակելի տները և հասարակական շենքերը։ Խորհրդային շրջանում շինարարական աշխատանքները հիմնականում կատարվել են Ստեփանակերտում, մասամբ՝ նաև շրջկենտրոններում։ Հայկական դասական ճարտարապետության ձևերով են լուծված Հանրապետական գրադարանի (ճարտարապետ՝ Ա. Շիրինյան), հայկական դրամատիկ թատրոնի (ճարտարապետներ՝ Ի. Վրդանեսով, Ա. Շիրինյան, երկուսն էլ՝ Ստեփանակերտում), Մարտունի քաղաքի և ճարտար գյուղի մշակույթի պալատների (ճարտարապետ՝ Գ. Թամանյան) շենքերը։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am