Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Բնությունը և բնական պաշարները: Ռելիեֆը։

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:  Բնությունը և բնական պաշարները: Ռելիեֆը։ ԼՂՀ գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան եզրին՝ Փոքր Կովկասի հարավարևելյան մասում։ Երկրի տարածքում է Կուր-Արաքսյան դաշտավայրի արևմտյան մասը։ Մակերևույթը տիպիկ լեռնային է. ընդգրկում է Ղարաբաղի բարձրավանդակի արևելյան հատվածը և արևմուտքից թեքությամբ ձգվում է դեպի արևելք՝ ձուլվելով Կուր-Արաքսյան ընդարձակ դաշտավայրի մեծ մասը կազմող Արցախի դաշտավայրին։ Տարածքի միջին բարձրությունը՝ 1025 մ։ Ամենաբարձր կետը Արիություն (Գոմշասար) լեռն է (3724 մ), ամենացածր կետը (112 մ) գտնվում է Մարտունիի շրջանում՝ Սևջուր գետակի հովտում։ Ղարաբաղի լեռնաշղթայում են Կուսանաց (2828 մ), ավելի հարավ՝ Մեծ Քիրս (2724 մ) և Դիզափայտ (2478 մ) լեռնագագաթները։ Բարձր լեռնագագաթներից է Մռավը (3343 մ)։ Մռավի հարավային կարճ, զառիթափ և հողմահարված լանջերը հանրապետության տարածքում կտրտված են Թարթառ (Տրտու) գետի Ականա, Թրղի, Մադաղիս և ձախակողմյան այլ վտակների խորը կիրճերով ու գետահովիտներով։ Լեռնաշղթայի բարձրադիր մասերում պահպանվել են ռելիեֆի սառցադաշտային ձևեր (կառեր, կրկեսներ, տաշտակաձև հովիտներ)։ Բնորոշ են ժայռոտ, մերկ կատարները, քարացրոնները, փլվածքներն ու սողանքները։ Լեռնաշղթայի նորագույն տեկտոնական բարձրացումներով է պայմանավորված գետահովիտների ու կիրճերի խորքային էրոզիան։ Տարածքի արևմտյան մասում հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ձգվում է Ղարաբաղի (Արցախի) լեռնաշղթան, որի արևելյան Օխնաղբյուր, Կուսանաց, Կաչաղակաբերդ, Շմանեկ, Ծավեն, Մարխաթուն և այլ լեռնաճյուղերը միմյանցից բաժանված են Թարթառ, Կարկառ, Խաչեն, Խոնաշեն, Վարանդա, Իշխան, Ճղպորագետ ու այլ գետերի և դրանց վտակների խոր հովիտներով։

 Հարավ-արևելքում ձգվում է Մեծ Քիրս լեռնաշղթան, որի հյուսիսային մասում է Ճաղատասարի լեռնանցքը (2080 մ բարձրության վրա), որտեղով անցնում է Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղին։ Լեռնաշղթայի արևելյան մասում է Շուշիի սարավանդը՝ կտրտված Կարկառ գետի վերին հոսանքի վտակներով։ Կան ռելիեֆի կարստային ձևեր (հայտնի է Ազոխի քարայրը)։

 Երկրաբանական կառուցվածքը։ Տարածքը գտնվում է Վիրահայոց-Ղարաբաղի տեկտոնական զոնայի հարավարևելյան մասում։ Մռավի և Ղարաբաղի լեռնաշղթաները համապատասխանում են համանուն կամարածալքերին և կազմված են յուրայի, կավճի, պալեոգենի, նեոգենի հրաբխային ու հրաբխածալքային ապարներից՝ տեղ-տեղ ճեղքված ներժայթումներով։ Ռելիեֆի ձևաբանական կառուցվածքի կարևոր գործոն են ժամանակակից տեկտոնական շարժումները։ Գոգավորությունների հատակային մասերը ծածկված են չորրորդականի գետաբերուկ ու հեղեղաբերուկ նստվածքներով։ Տարածքի հյուսիսային մասը գտնվում է 7 բալ, հարավային մասը՝ մինչև 8 բալ ակտիվ երկրաշարժամետ գոտում։ Կան բազմամետաղային հանքանյութերի, վիմագրական քարի, իսլանդական սպաթի, մարմարի, որձաքարի, կրաքարի, կավի, շինանյութերի, արտեզյան ջրերի (Մարտունիի և Մարտակերտի շրջաններում) պաշարներ, հանքային ջրերի բազմաթիվ ելքեր (Թթուջուր, Շռլան, Հաթերք, Քոլատակ և այլն)։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am