Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Բնակչությունը

  Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Բնակչությունը: Պատմական Հայաստանի Արցախ-Ղարաբաղ նահանգի տարածքը հնագույն ժամանակներից եղել է հայաբնակ։ Այդ են վկայում տարածքում հայտնաբերված բազմաթիվ վիմագիր արձանագրություններն ու պատմաճարտարապետական հուշարձանները, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի տարածքում հայտնաբերված ուրարտական թագավոր Սարդուրի Բ-ի (մ.թ.ա. 755-730) ժամանակների սեպագրերում հիշատակված Արդաղ-Արցախ երկրամասի՝ Վանի թագավորության կազմում լինելու փաստը։

 Հին հունական և հռոմեական գրավոր աղբյուրները (Ստրաբոն, Դիոն Կասիոս, Պտղոմեոս) վկայում են, որ Մեծ Հայքի Արցախ, Ուտիք և մյուս արևելյան նահանգների բնակիչները հայեր են եղել և խոսել են մեկ միասնական լեզվով՝ հայերենով։ Արցախի հայաբնակ լինելն են փաստում նաև Մովսես Խորենացին, Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Մովսես Կաղանկատվացին և այլ պատմիչներ, ինչպես նաև արաբական, պարսկական, վրացական աղբյուրները։

 Մատենագիր Ստեփանոս Սյունեցին (VII դ.) հաղորդել է, որ Արցախի բնակիչների խոսակցական բարբառը հայերենն էր։ Բյուզանդական կայսր Ծիրանածինը (X դ.) նամակագրական կապ է ունեցել Հայաստանի Արցախ-Խաչեն նահանգի հայ իշխանների հետ։ Պարսիկ անանուն աշխարհագետի (XIII դ.) հավաստմամբ՝ Արցախ-Խաչենում «հայեր են» [բնակվում]:  Գերմանացի ճանապարհորդ Հանս Շիլտբերգերը (XIV դ.) նշել է, որ Արցախը Հայաստանի մասն է, և այնտեղ ապրող բնակիչները հայեր են։

 Միայն XII դ. թաթար-մոնղոլական, թուրք-սելջուկյան արշավանքներից հետո սկսել են Արցախ ներթափանցել քոչվոր անասնապահ թուրքալեզու ցեղեր, որոնք մինչև 1926-ի ԽՍՀՄ համամիութենական առաջին մարդահամարը պաշտոնապես կոչվել են կովկասյան թաթարներ, դրանցից հետո միայն՝ ադրբեջանցիներ անունով։ Եվ միայն XX դ. սկզբներին սկսել են ձևավորվել թաթար-ադրբեջանական գյուղեր։ Այստեղ են հաստատվել նաև Ռուսաստանից աքսորված ռուս աղանդավորների ընտանիքներ։

 Անդրկովկասում անցկացված ռուսական պաշտոնական վիճակագրական տեղեկությունների համաձայն՝ 1798-ին Արցախ-Ղարաբաղում եղել է 110 հզ. հայ ընտանիք՝ գերդաստան։ Դա հիմք է ծառայել, որ Պետերբուրգում արցախցի պատվիրակները խոստանային հոգալ Պետրոս I-ի զորքի ծախսերը դեպի Անդրկովկաս արշավանքի ժամանակ (1722) և մեծաքանակ զորք տրամադրել նրան, իսկ Եկատերինա Կայսրուհին կարգադրեր՝ «տապալել Շուշվախան Իբրահիմին և Ղարաբաղում ստեղծել հաjկական իշխանություն՝ Ռուսաստանին ենթակա պետական կորիզ»՝ Շուշի մայրաքաղաքով։

 XVIII դ. վերջ-XIX դ. սկզբին, ռուս-պարսկական ռազմաքաղաքական հակամարտության արդյունքում, 33 տարում Արցախի տարածքը 6 անգամ հայտնվել է պատերազմական իրավիճակում, ինչը խիստ բացասաբար է ազդել բնակչության աճի վրա։

 Երկրամասը ռուսների տիրապետության տակ անցնելուց հետո, և արդեն 1823-ին Ղարաբաղի լեռնային մասի բնակչության 84,6 %-ը կազմել են հայեր, 14,7 %-ը՝ թաթարներՂարաբաղի նահանգի նկարագրությունը»)։

 Փաստն այն է, որ 1913-ին ներկայիս ԼՂՀ-ի սահմաններում բնակչության ընդհանուր թիվը կազմել է 372 հզ. (Շուշիում՝ 42 հզ.)։ 1918-20-ին նորաստեղծ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ագրեսիայի և թուրքական ինտերվենցիայի, մանավանդ Շուշիի հայկական թաղամասի կործանման ու հայերի կոտորածի (1920) հետևանքով հայ ազգաբնակչության ընդհանուր թվաքանակը նվազել է, 1921-ին դարձել 131,5 հզ. (94,4 %-ը՝ հայեր), 1923-ին, ԼՂԻՄ հռչակման ժամանակ՝ 157,8 հզ.։

 Ինքնավարության կազմավորումից հետո հալածվել ու երկրամասից հեռացվել են հանրապետական իշխանության վարած թուրք-ադրբեջանականացման քաղաքականության դեմ պայքարի ելած մարդկանց, նրանց մեղադրել ազգայնականության, ԼՂԻՄ-ը չճանաչելու մեջ։ Ադրբեջանի ղեկավարների թողտվությամբ ԼՂԻՄ-ում 1920-40 թթ. գործել են ադրբեջանական ահաբեկչական խմբեր, որոնք մտացածին պատրվակներով տեղում գնդակահարել են բազմաթիվ հայերի։

 Անդրֆեդերացիայի լուծարումից հետո (1936) ավելի են սահմանափակվել ԼՂԻՄ-ի հայ բնակչության իրավունքները, ոտնահարվել նրա արժանապատվությունը և այլևայլ հակահայկական գործողություններ կիրառվել նրանց հանդեպ, որոնք արագացրել են մարզից բնակչության արտագաղթը, և հայերի տեսակարար կշիռը զգալիորեն նվազել է։ Հակառակ դրան՝ խրախուսվել է ադրբեջանցիների ներհոսքը երկրամաս։

 Հայերի արտագաղթի պատճառներից մեկն էլ եղել է գործազրկությունը. Ադրբեջանի կառավարությունը կանխամտածված աստիճանաբար կրճատել է ԼՂԻՄ-ի կապիտալ շինարարության ֆինանսավորումը և տեղում աշխատանք չգտնելու պատճառով աշխատուժը ստիպված զանգվածաբար հեռացել է մարզից։ 1939-ին Ադրբեջանի քաղաքներում և շրջաններում աշխատել է ավելի քան 52 հզ. հայ՝ շինարարներ, բանվորներ, որը կազմում էր մարզի ազգաբնակչության 1/3 մասը։ Դեռևս 1920-ական թթ. կեսերից Արցախ-Ղարաբաղից և Ադրբեջանի հայաբնակ բնակավայրերից ամեն տարի հայ երիտասարդներին հավաքագրել և մշտական աշխատանքի են ուղարկել Բաքու, ինչպես նաև մերձարաքսյան հողերը մշակելու, նոր գյուղեր, ավաններ հիմնելու համար։ Բացի այդ, 1940-60-ական թթ. Արցախի գյուղերից ֆաբրիկագործարանային ուսուցման ծրագրով հավաքագրել են հայ պատանիներին ու աղջիկներին և ուղարկել աշխատելու Բաքու, Սումգայիթ, Մինգեչաուր, Կիրովաբադ։ Եվ այդ քաղաքները կառուցելու «հույժ կարևոր, անվերապահ կատարման ենթակա» կառավարական պատվերով հայաթափվել է ԼՂԻՄ-ը։ Այդ «վերաբնակեցման» հետևանքով դատարկվել են Արցախ-Ղարաբաղի 47 գյուղեր։

 1945-60-ին մարզում ոչ միայն չեն կառուցվել նոր ֆաբրիկա, գործարան, մշակութային կենցաղային օբյեկտներ, չի բացվել նոր ուսումնական հաստատություն, այլև քանդվել, ոչնչացվել են նախորդ տասնամյակներում ստեղծած արտադրական կարողությունները, սոցիալ-տնտեսական բնույթի հաստատությունները։ Եթե մինչև պատերազմը ԼՂԻՄ-ի արտադրական ձեռնարկությունները տեղաբաշխված էին 4 տասնյակ բնակավայրերում, ապա 1950-ական թթ. վերջերին դրանք գործել են հիմնականում Ստե-փանակերտում և Շուշիում։

 Փաստորեն, Արցախ-Ղարաբաղից նպատակադրված դուրս է մղվել աշխատուժը, իսկ դրան հակառակ՝ մարզի բնակավայրերում արտոնյալ պայմաններով վերաբնակեցվել են ադրբեջանցիներ։ Կտրուկ փոխվել է մարզի և հատկապես Շուշի քաղաքի ժողովրդագրական պատկերը։ Եթե 1913-ին Շուշիի բնակչության (42400) 61,5 % հայեր էին, ապա ըստ 1989-ի մարդահամարի՝ քաղաքում ոչ մի հայ չէր մնացել, համապատասխանաբար Հադրութի շրջանի 37138 հայից Ղարաբաղյան շարժման նախօյակին մնացել էր ընդամենը 11600։

 Հայրենական մեծ պատերազմի (1941-45) ժամանակ մարզի բնակչության 35 %-ը կամ բացարձակ թվերով 45 հզ. (4–5 անգամ ավելի, քան հարևան ադրբեջանական շրջաններից) զորակոչվել է բանակ։ Պատերազմում զոհվել է 22 հզ. արցախցի։ Պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունները 1949-ի հունիսի 14-ի գիշերը մարզից արտաքսել և Ալթայի երկրամաս են աքսորել հազարավոր հայկական ընտանիքների։ Փակվել են մարզի 44 բնակավայրերում գործող 52 արտադրական ձեռնարկություններ, արտադրամասեր, և գործազուրկ դարձած 3700 բանվորներ հարկադրաբար հեռացել են ԼՂԻՄ-ից։ Կոլտնտեսությունները խոշորացնելու պատրվակով դատարկվել են մի շարք հայկական գյուղեր և բնակիչներին հարկադրաբար ուղարկել ադրբեջանական շրջաններ։ Այս ամենի հետևանքով 1959-ին հայ բնակչության թվաքանակը 1946-ի համեմատությամբ նվազել է 1/3-ով կամ բացարձակ թվերով՝ 37 հզ-ով, իսկ ծնված յուրաքանչյուր 10-ը հայից 9-ը հեռացել է ԼՂԻՄ-ից։ Հայերի մշտական արտահոսքի և ադրբեջանցիների ներհոսքի հետևանքով զգալիորեն փոխվել էր մարզի ժողովրդագրական պատկերը։

 Բնակչության թիվը և ազգային կազմն ըստ մարդահամարների տվյալների (հզ. մարդ) Այսպիսով, 1923-59-ին հայ բնակչությունը պակասել էր 39,5 հզ-ով։ ԼՂԻՄ-ի բնակչության աճը 1979-ին 1923-ի համեմատությամբ կազմել է ընդամենը 2,8 %, ընդ որում հայերի թիվը նվազել է 19 %-ով, ադրբեջանցիներին ավելացել 4,84, ռուսներինը և այլ ազզություններինը՝ 2 անգամ։ Նշված ժամանակաշրջանում ԼՂԻՄ-ում հիմնովին հայաթափվել է 47 բնակավայր, ստեղծվել են 27 ադրբեջանական նոր բնակավայրեր։

 Եթե 1961-ին մարզում 1000 շնչի հաշվով ծնվել է 40,5 երեխա, բնական աճը կազմել 33,3 մարդ, ապա 1986-ի բնական աճը կազմել է ընդամենը 16,2 մարդ։ Ղարաբաղի հայության հանդեպ Բաքվի վարած քաղաքականությունը հետապնդել է երեք նպատակ. հայաթափել Արցախը, հայկական երկրամասը բնակեցնել ադրբեջանցիներով, հայերի գործուն մասնակցությամբ իրականացնել Ադրբեջանի քաղաքների կառուցապատումը և զարգացնել արդյունաբերությունը։

 Այսպիսով, Արցախ-Ղարաբաղում խորհրդային տարիներին իրականացվել է ծրագրված քաղաքական ցեղասպանություն։ Եվ միայն Ղարաբաղյան շարժումն ու Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակները խափանեցին Արցախի հայաթափման ծրագրի վերջնական իրագործումը։

Դեռևս 1988-ին Սումգայիթում և Ադրբեջանի մյուս վայրերում կազմակերպված ջարդերի ու բռնությունների հետևանքով բռնագաղթած հայերի որոշ մասը բնակություն է հաստատել ԼՂԻՄ-ում, ինչի հետևանքով 1989-ին մարզի հայ բնակչությունն աճել է։ Սակայն 1988-94-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով մարզի բնակչության քանակը դարձյալ զգալի չափով պակասել է։ 2004-ի հունվարի 1-ի դրությամբ՝ ԼՂԻՄ-ում բնակվում է 145,4 հզ. մարդ։  

Շ. Մկրտչյան

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am