Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Կրկժանի ռազմական հենակետերի վնասազերծում

 Կրկժանի ռազմական հենակետերի վնասազերծում: Տեղի է ունեցել 1991-ի դեկտեմբերի 26-27-ին, վերսկսվել և ավարտվել է 1992-ի հունվարի 19-20-ին։ Սկսած 1990-ից՝ Կրկժանը (Ստեփանակերտի արվարձան) վերածվել է ռազմական հենակետի և այնտեղից պարբերաբար հրթիռահրետակոծվել է Ստեփանակերտը։ 1991-ի գարնանը Կրկժանում կազմավորվել է ընդհատակյա ինքնապաշտպանական ջոկատ (հրամանատար՝ Բ. Սարգսյան), իսկ արվարձանի հայկական թաղամասում և շրջակայքում տեղակայվել են «Արամ», «Արսեն», «Վարդան», «Սարո», «Լյովա», «Անդրանիկ», «Կարո», «Գենա», «Բենո», «Գագո», «Սլավիկ» և այլ կամավորական ջոկատներ՝ ընդամենը՝ 260 ազատամարտիկ։ Ռազմական գործողությունը ղեկավարել է Ա. Տեր-Թադևոսյանը։

 1991-ի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղից դուրս են բերվել ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարի զորքերը և Զինված ուժերի ստորաբաժանումները։ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ոուժերի համար ստեղծված նոր նպաստավոր դրության հնարավոր հետևանքները կանխազգալով՝ հակառակորդը ուղղաթիռներով նոր ջոկատներ, զենք, զինամթերք, սննդամթերք է առաքել Կրկժան և շրջակա ադրբեջանաբնակ գյուղեր, այնտեղից տարհանել կանանց ու երեխաներին, շրջափակել Կրկժան-Ստեփանակերտ ճանապարհահատվածը և քաղաքը հաճախակի հրետակոծել խոշոր տրամաչափի գնդացիրներով, զրահամեքենաների հրանոթներով, «Ալազան» ևԿրկժանի ռազմական հենակետերի վնասազերծում ծանր զենքի այլ տեսակներով։ Դիրքային մարտավարությունից հետո, 1991-ի դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը, հայկական ուժերը գրոհել են հակառակորդի դիրքերի վրա՝ հայկական թաղամասի, Մելիք-Փաշաև փողոցի վերնամասի, «Կոբրա» դիրքի ուղղություններով։ Չորս զոհ տալուց հետո հայկական ուժերը նահանջել են և կարճ դադարից հետո վերսկսել մարտական գործողությունները։ Վնասազերծել են հակառակորդի՝ մի քանի տներում և դպրոցում տեղակայված կրակակետերը, գերել 8 զինյալ։ Հունվարի սկզբին կամավորական ջոկատները վերահսկողության տակ են առել Կրկժանը հարող բարձունքները, Կրկժան-Ղայբալի, Կրկժան-Քյոսալար ճանապարհահատվածները։ Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հայկական ուժերը վերսկսել են հարձակումները. գնդակոծելով կրակակետերը՝ վաղ առավոտյան չորս կողմից գրոհով մտել են արվարձան և վնասազերծել բոլոր կրակակետերը։ Հակառակորդն առանց լուրջ դիմադրության նահանջել է Ղայբալի։ Կրկժանի կրակակետերի վնասազերծումով կասեցվել են այնտեղից Ստեփանակերտի գնդակոծությունները և հարձակումները։

 

Գականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան: Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am