Խաչենի (Ասկերանի) շրջան: Վարչատարածքային միավոր ԼՂՀ-ում։Խաչեն Վերակազմվել է 1991-ին (Ասկերանի շրջանի այժմյան տարածքը մինչև 1930-ական թվականները պահպանել է Խաչեն անվանումը, որից հետո կոչվել է Ստեփանակերտի շրջան, 1978-ից՝ Ասկերանի շրջան)։ Հարավում սահմանակից է Հադրութի, արևելքում՝ Մարտունիի և Աղդամի, արևմուտքում՝ Շուշիի և Քաշաթաղի, հյուսիսում՝ Մարտակերտի շրջաններին։ Տարածքը՝ 1000 կմ2։ Բնակչությունը՝ 16,6 հզ. (2003)։ Ունի 42 համայնք, 47 գյուղական և 1 քաղաքային բնակավայր։ Շրջկենտրոնը Ասկերան քաղաքն է։ Ասկերանի շրջանը գտնվում է ԼՂՀ տարածքի կենտրոնական մասում, ընդգրկում է Կարկառ գետի ավազանը։

 Ասկերանի շրջանի տարածքի մի մասը՝ Կարկառի աջափնյա հատվածը, մտնում էր Արցախի Վարանդա, ձախափնյակը՝ Խաչեն գավառների մեջ։ 1887-1917-ին շրջանը մտել է Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմի մեջ։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո վերացվել են նախկին բաժանումները։ Ասկերանի շրջանի այժմյան տարածքի և Շուշիի շրջանի սահմաններում ձևավորվել է Խաչենի շրջանը՝ բաղկացած 5 համայնքներից (Դաշբուլաղ, Մալիբեկլու, Ասկերան, Կարմիրգյուղ և Բերդաձոր), որոնք ընդգրկել են 65 գյուղ և 2 քաղաք (Շուշի, Ստեփանակերտ)։ 1925-ին Խաչենի շրջանից առանձնացվել են Շուշին և Բերդաձորի գյուղերը, որոնց հիմքի վրա ստեղծվել է Շուշիի շրջանը։ Շրջանի մակերևույթը լեռնային է՝ խիստ կտրտված գետահովիտներով և անդնդախոր կիճերով։ Հիմնականում անտառապատ է, ցածրադիր վայրերում՝ թփուտածածկ։ Արևմտյան կողմում Ղարաբաղյան լեռնաշղթան է, որի առանձին գագաթների բարձրությունը 2500-2750 մ է։ Միջին բարձրությունը՝ 800 մ։ Շրջանի ընդերքը հարուստ է կրաքարի, պղնձի, մարմարի, պեմզայի, կոպալի, մերգելի, կավի պաշարներով։ Տարածքով են հոսում Կարկառ, Մեղրագետ (Բալուջա), Բադարա, Քոլատակ գետերը։ Կլիման չոր մերձարևադարձային է։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը 0,5° C է, հուլիսինը՝ 22,6° C:  Տեղումների միջին տարեկան քանակը 560 մմ է։

 ՄայրաբերդՏարածքում կան շուրջ 1000 պատմաճարտարապետական հուշարձաններ։ Հայտնի են Մայրաբերդը, Ավետարանոց գյուղի՝ Վարանդայի մելիքության Բերդավանի բազմաթիվ հուշարձաններ, Խաչմաչ գյուղի Շոշկա վանքը, Մոշխմհատի Ղևոնդյանց անապատը, Սարուշենի Փիրումաշեն եկեղեցին, Ասկերանի, Դահրավի, Բադարայի, Քարագլխի բերդամրոցները, ՈւլուբաբիՊտկես-բերք վանքը (Պտկես Ս. Գևորգ), Բովուրխանի հուշարձանը, Բադարայի վանական համալիրները (Ծեր նահատակ, Օխտը եղցի, Օծկա վանք և այլն), Խոջալու-Նուագյուղ-Բալուջա հատվածի 3,5–4 հզ. տարվա վաղեմության դամբարաններ, ինչպես նաև Կաչաղակաբերդ ամրոցը։

 Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է. առաջատար ճյուղերն են խաղողագործությունը, պտղաբուծությունը, հացահատիկի մշակությունը և անասնապահությունը։ Հողահանդակները կազմում են 93,6 հզ. հա, որից վարելահող՝ 13,5 հզ., այգիները՝ 0,41 հզ. (այդ թվում՝ խաղողի՝ 102 հա, թթենու՝ 167 հա), արոտավայր՝ 16,6 հզ. հա, խոտհարք՝ 1,8 հզ., անտառ՝ 40,6 հզ.։ Շրջանի գրեթե բոլոր գյուղերում գործում են միջնակարգ, 8-ամյա հանրակրթական դպրոցներ, մշակույթի տներ (նաև ակումբներ, գրադարաններ), բուժկետեր։ Ասկերանում է շրջանային կենտրոնական հիվանդանոցը։ Ունի հացի, գյուղմթերքների վերամշակման ձեռնարկություններ։

 1987-ի դեկտեմբերին Ասկերան քաղաքում ստեղծվել է ստորագրահավաք կազմակերպող խումբ (ղեկավարներ՝ Ս. Առուշանյան, Ջ. Մարտիրոսյան), որը 1988-ի փետրվարին Շարժման 40 ակտիվիստների մասնակցությամբ գումարել է ժողով, որում հաստատվել է գործունեության ծրագիրը, որոշման նախագիծը, և այն տարածվել է տարբեր շրջաններում։ Ասկերանում փակցվել է Շարժման առաջին ցուցապաստառը՝ «Կեցցե Լեռնային Ղարաբաղի և Հայկական ԽՍՀ «վերամիավորումը» (ռուսերեն)։ Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմը ԼՂ մարզկոմից պահանջել է շրջկոմների բյուրոների համատեղ նիստում դատապարտել Շարժման մասնակիցներին, ինչը սակայն կանխվել է 1988-ի փետրվարի 13-ի աննախադեպ հանրահավաքով։ 1988-ի փետրվարի 20-ին նախաձեռնող խումբը հրավիրել է Ասկերանի շրջխորհրդի նստաշրջան, որն ընդունել է մարզային արտահերթ նստաշրջան գումարելու մասին որոշում։ Փետրվարի 21-ին ԽՄԿԿ կենտկոմը դատապարտել է Շարժումը։ ԼՂԻՄ մարզկոմը հավանություն է տվել այդ որոշմանը և հանձնարարել, որ Ասկերանի շրջկոմի բյուրոն նույնպես հավանություն տա։ Նիստը կայացել է փետրվարի 21-ին և չի ավարտվել. ադրբեջանցի ազգայնամոլները (8 հզ-ից ավելի) Աղդամի կողմից հարձակվել են Ասկերանի վրա։ Այնուհանդերձ որոշումն ուղարկվել է մարզկոմ, ձևակերպվել փետրվարի 26-ի ամսաթվով։ Համատեղ ուժերով հարձակմանը հակահարված է տրվել, որից հետո նախաձեռնող խումբը ձեռնամուխ է եղել կամավորական ջոկատների ստեղծմանը։ Առաջին ջոկատներն ստեղծվել են Ասկերանում (հրամանատար՝ Վ. Բալասանյան), Բադարայում (Ս. Ավանեսյան, Կ. Արզումանյան), Խնձրիստանում (Ա. Բեգլարյան, Ն. Ղուլյան), Շոշում (Ս. Հայրիյան), Ակնաղբյուրում (Ա. Ղարամյան), Խանաբադում (Ս. Մելքումյան), Սառնաղբյուրում (Ս. Միրզոյան), Լուսաձորում (Տ. Խաչատրյան), Նորագյուղում (է. Ասլանյան), Այգեստանում (Ս. Հակոբյան), Դաշուշենում (Ս. Վարդանյան), Խանածախում (Ա. Ավագյան), Սարուշենում (Կ. Ավետիսյան), Քռասնիում (Վ. Բաղրյան), Խանցքում (Վ.Գաբրիելյան), Սարդարաշենում (Կ. Շահբազյան), Հարավում (Կ. Մելքումյան), Դահրավում (է. Խաչատրյան), Փրջամալում (Ֆ. Բեգլարյան), Կարմիրգյուղում (Ա. Ստեփանյան), Ավետարանոցում (Հ. Ստեփանյան), Աստղաշենում (Վ. Ղազարյան)։ Ջոկատների գործունեությունը համակարգել է Վ. Բալասանյանը։

Ա. Ծատուրյան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am