Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Խաչենի դեպքեր 1988 թ. (Ասկերանի դեպքեր)

 Խաչենի դեպքեր 1988 թ. (Ասկերանի դեպքեր):Ընդհարումներ Խաչենի (Ասկերանի) հայ բնակչության և ադրբեջանցի ազգայնամոլների միջև։ Տեղի են ունեցել 1988-ի փետրվարի 21-ին։ Հայաստանի հետ վերամիավորվելու մասին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի 1988-ի փետրվարի 20-ի որոշումից հետո ադրբեջանցի ծայրահեղականները որոշել են մտնել Ստեփանակերտ և «այնտեղ կարգ ու կանոն հաստատել»։ Ամբոխը (8 հզ-ից ավելի) Աղդամի կողմից շարժվել է դեպի Ասկերանի շրջան, ներխուժել նավթամթերքի ձեռնարկություն, գազի գրասենյակ, կոմունալ ծառայության կոմբինատ, ջարդել սարքավորումները, տրանսպորտի միջոցները, տեխնիկան ու գույքը, հրդեհել ալրաղացը և Ներքին Գործերի պետավտոտեսչության կետը։

 

 Ասկերանի հայ բնակչության և ամբոխի միջև տեղի են ունեցել ընդհարումներ, որոնք կանխվել են խորհրդային բանակի միջամտությամբ։ Վնասվածքներ են ստացել 25 հայ բնակիչներ, որոնցից 15-ը հոսպիտալացվել է։ Դեպքերի կապակցությամբ ԽՍՀՄ դատախազությունը քրեական գործ է հարուցել։ Ադրբեջանի ՆԳ աշխատակիցները փակել են Ասկերան տանող բոլոր ճանապարհները։ Միևնույն ժամանակ Ստեփանակերտում, մարզի շրջաններում և Երևանում տեղի են ունեցել զանգվածային հանրահավաքներ, բողոքի ցույցեր։

 

 

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am