Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Իշպուինի գահակալությունը

  Իշպուինիի գահակալությունը: Ք. ա. մոտ 825-810 թվականներին Տուշպա-Վանի տիրակալն էր Սարդուրի-I-ի որդի Իշպուինի արքան: Վանի թագավորության հզորացման և տարածաշրջանային տերություն դառնալու գործում կարևոր դեր էին խաղում Իշպուինիի օրոք սկսված և Մենուայի գահակալության ընթացքում շարունակված բարեփոխումները: Իշպուինիի գահակալության առաջին շրջանում անցկացված բարեփոխումները կապված էին միայն նրա անվան հետ, իսկ երկրորդ շրջանում հեղինակակից է հանդես գալիս նրա որդի Մենուան, ինչը երևում է նրանց համատեղ արձանագրություններից: Եթե գրային բարեփոխումը` տեղական սեպագրի ստեղծումը, տեղի է ունեցել Իշպուինիի կառավարման սկզբնական շրջանում, ապա կրոնական բարեփոխումը` ողջ թագավորության համար միասնական դիցարանի (պանթեոնի) ստեղծումով, կատարվել է նրա գահակալության երկրորդ շրջանում: Դրանով է պայմանավորված, որ դիցարանի արձանագրումը «Խալդյան դարպասի» վրա, որին հետագայում մեր ժողովուրդը կոչեց «Մհերի դուռ», կատարվել է երկուսի անունով: Դիցարանում միավորված էին նախկին Նաիրյան համադաշնության երկրների աստվածությունները. դա, փաստորեն, Ք.ա. IX դարավերջի հարավհայաստանյան դիցարանն էր: Իշպուինիի օրոք սկսվեցին և Մենուայի օրոք շարունակվեցին ռազմական ոլորտի բարեփոխումները: Նախկին դաշնային աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ  (պրոֆեսիոնալ) կանոնավոր բանակով, որը բաժանված էր ըստ զորատեսակների: Կատարվեցիննաև բանակի վերազինում և այլ միջոցառումներ: Դրանց շնորհիվ Իշպուինին արձանագրեց առաջին խոշոր հաջողությունները Ք.ա. 820-ական թթ. վերջինՈւրմիո լճի ավազանի հարավում ընդլայնելով թագավորությունը: Նա թագավորությանը միացրեց Արդինի-Մուսասիր երկիրը, որի համանուն կենտրոնը դարձրեց նաև պետության հոգևոր կենտրոն: Իշպուինին այնուհետև արշավանքներ ձեռնարկեց դեպի Արածանիի ակունքների և Արաքսի վերին հոսանքի շրջանները`բախվելով Էթիունյան համադաշնության ուժերին: Արդյունքում նա Հայկական Պար լեռնաշղթան դարձրեց թագավորության հյուսիսային սահմանը: Այնուհետև նա նվաճեց նաև Կոտուր-Վասպուրականի լեռներից մինչև Արաքս ձգվող տարածքը և Մակվի դաշտում կատարեց ամրաշինական աշխատանքներ: Դրան հաջորդեցին ռազմերթեր դեպի Սյունիք, Արաքսի հովտով դեպի արևելք, ինչպես նաև Ուրմիո լճի ավազանով դեպի հարավ` մինչև Պարսուա երկիրը:

 
 Մովսիսյան Ա.
 

 

 Գրականության ցանկ
 
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., 
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am