Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին

 Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին: Փաստաթուղթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին։ Հաստատվել է բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում՝ 1991-ի սեպտեմբերի 2-ին։ Հռչակագիրը ստորագրել են ԼՂԻՄ մարզգործկոմի նախագահ Լ. Պետրոսյանը, Լեռնային Ղարաբաղի մարզգործկոմի քարտուղար Վ. Հակոբյանը։ Նստաշրջանն արտահայտելով ժողովրդի կամքը, որ ամրագրված է փաստորեն անցկացված հանրաքվեում և ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991-ի որոշումներում, ազատության, անկախության, իրավահավասարության և բարիդրացիության նրա ձգտումը, ղեկավարվելով քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային ոլորտների զարգացման խնդրում ամբողջ բնակչության շահերով, բնական և օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան համարելով հայ ժողովրդի միասնության ձգտումը՝ որոշել է.

1. ընդունել ներկայիս ԼՂԻՄ-ի և սահմանակից Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հռչակման մասին հռչակագիրը։

2. ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը և նրա գործադիր կոմիտեն համարել ԼՂՀ պետական իշխանության և կառավարման բարձրագույն ժամանակավոր մարմին՝ մինչև համաժողովրդական ընտրությունները, իշխանության և կառավարման հանրապետական նոր մարմինների ձևավորումը։

3. Հանձնարարել ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի գործկոմին՝ ներգրավելով լայն հասաաւկությանը՝ նախապատրաստել և մարզային խորհրդի նստաշրջանի քննարկմանը ներկայացնել ԼՂՀ պետական իշխանության և կառավարման մարմինների կառուցվածքի և գործառությունների մասին ժամանակավոր կանոնակարգը։

4. Մինչև ԼՂՀ Սահմանադրության և օրենքների ընդունումը ԼՂՀ տարածքում գործում են ԽՍՀՄ Սահմանադրությունը և օրենսդրությունը, ինչպես նաև գործող այլ օրենքներ, որոնք չեն հակասում սույն հռչակագրի նպատակներին ու սկզբունքներին, ԼՂՀ առանձնահատկություններին։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am