Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հնչակյան կուսակցություն: Ձևավորումը

 Հնչակյան կուսակցություն: Զևավորումը։Հայ ազգային հեղափոխական երկրորդ կազմակերպությունը՝ Հնչակյան կուսակցությունը, հիմնվեց 1887 թվականին Ժնևում։ Հիմնադիրները Եվրոպայում ուսանող ռուսահայ երիտասարդներ էին՝ դաստիարակված ռուսական հեղափոխական գաղափարների ազդեցությամբ և իրենց նվիրաբերած Արեմտահայաստանի ազատագրության գործին։

 Սկզբնական շրջանում Փարիզի, Ժնևի, Մոնպելիեի, եվրոպական մյուս կրթական կենտրոններում ուսանող հայ երիտասարդների համար հեղափոխական ուղեցույցի դեր էր կատարում Մկրտիչ Փորթուգալյանի «Արմենիան»։ Գաղափարական համախմբման ընթացքում, սակայն, շուտով սկսեցին երևալ լուրջ տարաձայնություններ Փորթուգալյանի և հեղափոխական ավելի արմատական կազմակերպություն հիմնել փորձող ուսանողների միջև; Փարիզում հումանիտար կրթություն ստացող և «Արմենիային» թղթակցող արմատական երիտասարդներից մեկը՝ Ավետիս Նազարբեկյանը (Նազար-Բեկ), 1886 թ. ամռանն իր հարսնացուի՝ Մարիամ (Մարո ) Վարդանյանի հետ ուղևորվեց ժնև՝ նպատակ ունենալով տեղում աշխատանքներ ծավալել մարքսիստական ուղղվածությամբ կուսակցություն ստեղծելու համար։ Մարոն արդեն այդ շրջանում ուներ հեղափոխական գործունեության որոշակի փորձ։ Ս. Պետերբուրգում ուսանելու տարիներին նա մասնակցել էր ռուսական հեղափոխական գաղտնի խմբակներից մեկին և գտնվում էր մարքսիստական գաղափարների ազդեցության ներքո: ժնևյան հանդիպումների ընթացքում բարձրացվում էր Արեմտահայաստանի ազատագրմանը նվիրված հեղափոխական կուսակցության ստեղծման անհրաժեշտության հարցը։ Նախատեսվում էր ստանալ Փորթուգալյանի հավանությունն ու աջակցությունը և բոլոր կարող ուժերը համախմբել «Արմենիայի» շուրջը։ 1886 թ. ամռանը Ավետիս Նազարբեկյանը նույն հարցի մասին նամակ է առաքում Փորթուգալյանին և ստանում բացասական պատասխան: «Արմենիայի» խմբագիրը մասնավորապես նշում էր, որ արդեն գործում է համահայկական կազմակերպություն՝ նկատի առնելով 1889թ. իր հիմնադրած «Հայոց հայրենասիրական միությունը», որն ունենալով ընդամենը կրթական չափավոր ծրագիր, չէր կարող կազմակերպորեն աղերսվել հեղափոխական բնույթի գործունեության հետ: Դա էր պատճառը, որ արդեն 1886 թ. ամռան վերջերին Ժնևում ձևավորվեց հեղափոխական մի խմբակ հետևյալ կազմով՝ Ավետիս Նազարբեկյան, Մարո Վարդանյան, Գաբրիել Կաֆյան, Ռուբեն Խանազատ, Գևորգ Ղարաթյան և Քրիստափոր Օհանյան։ Կուսակցության ստեղծման գաղափարով սկզբում ոգևորված մյուս երիտասարդները՝ Մատթեոս Շահազիզյանը, Պողոս Աֆրիկյանը, Մկրտիչ Մանուչարյանը, Նիկոլայ Մատինյանը տարբեր պատճառներով հրաժարվեցին խմբակին մասնակցելուց։

 Ձևավորված խմբակը հրապարակավ խզեց հարաբերությունները Փորթուգալյանի հետ և սկսեց լուրջ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել սեփական թերթ ունենալու համար։ 1887 թ. օգոստոսին, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, Ժնևում հիմնվեց հեղափոխական կուսակցություն, որը միայն 1890 թ. ստացավ Հնչակյան անվանումը։ Կուսակցության 7 հիմնադիր անդամներն էին՝ Ավետիս Նազարբեկյանը, Մարո Վարդանյանը, Գևորգ Ղարաջյանը, Ռուբեն Խանազատը, Քրիստափոր Օհանյանը, Գաբրիել Կաֆյանը և Լևոն Սարգսյանը։ Կուսակցության պաշտոնաթերթը «Հնչակն» էր, որի անունը հերցենյան նշանավոր «Կոլոկոլի» թարգմանությունն էր և հուշում էր խնդիրների այն բեռը, որ իր վրա էր վերցնում խմբագրությունը։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am