Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հնչակյան կուսակցություն:Գործունեությունը

 Հնչակյան կուսակցություն:Գործունեությունը: Հնչակյան կուսակցության գործունեության առաջին շրջանը (1887-1896) կարելի է բաժանել երեք հիմնական փուլերի. ա) կուսակցության հիմնադրման շրջան (1887-1890), բ) Հեղափոխական զինված պայքարի ժամանակաշրջան (1890-1895), գ) պառակտման տարիներ (1895-1896)։ 

 Գործունեության աոաջին տարիներին կուսակցության հիմնական խնդիրն էր կազմակերպական կառույցի ստեղծումն ու ազատագրական զինված պայքարի ծավալումը Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում։ Այս առումով հատկապես կարևորվում էր «Հնչակ» թերթի կանոնավոր հրապարակումն ու գաղափարական այն խոսքը, որ թերթը տանելու էր դեպի ժողովուրդ։ Մեծագույն դժվարությամբ Աազարբեկյանին, Ղարաջյանին և Խանազատին հաջողվում է աստիճանաբար ոտքի կանգնեցնել «Հնչակը», ստեղծել համակիր և թղթակցական լայն շրջանակ։ Հատկապես կտրուկ էին «Հնչակի» առաջին խմբագրականները, որոնցում հստակեցվում էին աշխարհայացքային սկզբունքները, գնահատական էր տրվում Հայկական Հարցում մեծ տերությունների վերաբերմունքին և այլն։

 «Հնչակի» հրատարակման և տարածման ընթացքում ձևավորվում էին կազմակերպության գաղտնի ցանցի գործունեության սկզբունքները։ 1888 թ. հոկտեմբեր-նոյեմբերին հրատարակվեց կուսակցության ծրագիրը, լայն աշխատանքներ ծավալվեցին թերթի էջերում մարքսիստական-սոցիալիստական գաղափարների արծարծման առումով։ Թարգմանվեցին Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» և զգալի թվով մարքսիստական գրականություն։ Միաժամանակ որոշակի գործ կատարվեց հնչակյան գաղափարները թուրքերեն լեզվով տարածելու ուղղությամբ։ Կարևորվում էր Համիդյան վարչակարգի տապալման և օսմանյան աշխատավորների ընդհանուր ճակատի կազմակերպման անհրաժեշտությունը։ Սակայն թերթի առանցքային հարցը մնում էր Թուրքահայաստանի խնդիրը։

 Կուսակցությունն իր առարկայական գործունեության ծավալման հենակետ ընտրեց Կ. Պոլիսը։ Մեկ տարվա ընթացքում այստեղ ստեղծվեց շուրջ 1000 մարդ միավորող ամուր կազմակերպություն։ Կարճ ժամանակ անց Հնչակյան մասնաճյուղեր հիմնվեցին Մարզվանում, Թոխաթում, Յողզաթում, Արաբկիրում, Տրապիզոնում և այլ քաղաքներում։ Արևմտահայ ազատագրական պայքարի տասնյակ ճանաչված գործիչներ անդամագրվեցին նորաստեղծ կուսակցությանը՝ հիանալի հասկանալով, որ բնաջնջման ենթարկվող ժողովուրդը զինված պայքարից բացի այլընտրանք չունի։ Այս գործիչները նոր որակ հաղորդեցին կուսակցության գործունեությանը՝ Հնչակյան մտածելակերպի և աշխարհայացքի մեջ մտցնելով հարազատ հողի վրա պայքար սկսած կազմակերպությանը բնորոշ նոր երանգներ։

 Թերևս այս սկզբնական տարիներին էր, որ առաջացավ առաջին անջրպետը՝ դեռևս չգիտակցված տարբերակումը Եվրոպայում գործող Հնչակյան կենտրոնի և տեղական կազմակերպությունների միջև։

 1890 թ. հուլիսի 15-ին Կ. Պոլսի Գում Գափու թաղամասում կազմակերպված հայտնի ցույցը բացում էր Հնչակյան կուսակցության գործունեության նոր փուլը։

 Այս ցույցով, փաստորեն, Հնչակյաններն ավետում էին հայրենիքում կազմակերպորեն ընձյուղվելու և բռնատիրության դեմ բացահայտ հեղափոխական պայքար ծավալելու սկիզբը։ Ցույցը բացահայտեց հնչակյան գործելակերպի կարևոր մարտավարություններից մեկը. զանգվածային և հախուռն ելույթներով Հայկական Հարցի (տե´ս Հայկական Հարց, Ադոնց Ն., Երևան, 1996, 244 էջվրա հրավիրել եվրոպական տերությունների ուշաղրությունը՝ պահանջելով բարենորոգումների գործադրում։ Բռնությունների և ջարդերի ալիքի տարածմանը զուզընթաց՝ Հնչակյան կենտրոնն աստիճանաբար պայքարի այս ձեր մարտավարությունից վերածեց ռազմավարության՝ Արևմտահայաստանում ժողովրդական ապստամբություն կազմակերպելու ծրագրային դրույթը հանգեցնելով հիմնականում ցուցական, եվրոպական միջամտություն ակնկալող, չնախատեսված ելույթների անընդհատ շարքի։

 Սրան հակառակ՝ Կիլիկիայում, Արևմտյան Հայաստանում գործող հեղափոխականների մի ամբողջ խումբ տարիների համառ աշխատանքով քայլ առ քայլ ձևավորում էր հնչակյան տեղական կոմիտեները, ժողովրդին նախապատրաստում պայքարի բարձրագույն ձևին։ Կիլիկիայում, օրինակ, հսկայական էր Ժիրայր Պոյաճյանի ազդեցությունը։ Նրա շուրջն էր համախմբվում կռվող երիտասարդության և մտավորականության կարող կորիզը։ Սասունում գործում էր Միհրան Տամատյանր, որի ջանքերով հաջողվեց հարթել լեռնականների միջև առկա տարաձայնությունները և նրանց կազմակերպել պայքարելու քուրդ հարստահարիչների դեմ։

 Հնչակյան կուսակցությանը ծանր հարված հասցվեց 1893 թ., երբ ձերբակալվեց և կախաղան բարձրացվեց ժիրայր Պոյաճյանը, բանտարկվեց Միհրան Տամատյանը։ Դեպքերի գահավեժ զարգացումը հրամայաբար պահանջում էին ուժերի համախմբում և առավել լուրջ գործողությունների ծավալում։

 Հնչակյան կուսակցությունը նշանակալից դեր խաղաց 1890-ական թվականների ինքնապաշտպանական մարտերի ժամանակ։ Բայց ընդհանուր ժողովրդական ապստամբություն կազմակերպելու և եվրոպական երկրների միջամտությամբ բարենորոգումներ անցկացնելու հնչակյան ծրագրերը ձախողվեցին։

 Կուսակցության մեջ հասունանում էր ներքին դժգոհություն ղեկավար մարմնի գործունեությունից։ Ա. Նազարբեկյանի գլխավորած կենտրոնը մեղադրվում էր ազատագրական լուրջ պայքար կազմակերպելու անկարողության, անիմաստ և հրահրիչ խմբագրականներով ու գործունեությամբ սուլթանին նախահարձակ լինելու հնարավորություն ընձեռելու, ազգային-ազատագրական խնդիրները սոցիալիստական գաղափարախոսությանը ստորադասելու մեջ։ Հիմնական քննադատությունը գալիս էր արեմտահայ գործիչներից և երկրում գործող կազմակերպություններից, որոնք պահանջում էին վերանայել կուսակցության ծրագիրը և այնտեղից բացառել սոցիալիզմի հատվածը՝ պահպանելով միայն մոտակա նպատակի՝ ազգային-ազատագրական խնդիրների բաժինը։ 1896 թ. օգոստոսին Լոնդոնում գումարված համագումարում հականազարբեկյան թևը վճռականորեն դեմ արտահայտվեց ծրագրում սոցիալիզմին վերաբերող մասի պահպանմանը, իսկ երկու տարի անց՝ 1898 թ., Ալեքսանդրիայի համաժողովում ազգային այդ թևը հռչակեց նոր՝ վերակազմյալ Հնչակյան կուսակցության ծնունդը։ Հետագա փորձերը՝ ձևավորելու նոր Կենտրոն և վերականգնելու կուսակցության միասնությունը, դատապարտված էին ձախողման։

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» , Երևան, 1996թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am