Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայկական առաջին պետական կազմավորումը. Արատտա

 Հայկական առաջին պետական կազմավորումը.

Արատտա.
 
 Հայկական լեռնաշխարհՀայաստանի Ք.ա. III-II հազարամյակների պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն` շումերական և աքքադական գրավոր հուշարձանները: Շումերները` աշխարհի առաջին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները, մինչև Հարավային Միջագետքը յուրացնելը բնակվել են Միջագետքի հյուսիսային և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում: Հեռանալով այնտեղից` նրանք երկար ժամանակ պահպանել են կապը լեռնաշխարհի հետ: Այդ իսկ պատճառով մեր լեռնաշխարհի մասին ամենավաղ հիշատակությունները գտնում ենք շումերական գրավոր հուշարձաններում: Շումերները ստեղծեցին առաջին սեպագիրը, որը Ք.ա. III հազարամյակի երկրորդ կեսին նրանցից փոխառեցին սեմական ծագում ունեցող աքքադացիները, իսկ հետագայում այն լայն տարածում ստացավ Առաջավոր Ասիայի երկրներում, այդ թվում` Վանի թագավորությունում: Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը: Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է: Նրա մասին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին: Ի՞նչ են պատմում շումերական աղբյուրներն Արատտա երկրի, նրա տեղադրության, պետական կառուցվածքի, տնտեսության, մշակույթի և այլ հարցերի մասին: Հերոսավեպում Արատտան հիշատակվում է որպես բարձր լեռնային երկիր: Արատտայից Շումեր գնում էին «Ուրուկի» գետով: Ուրուկ քաղաքով հոսող միակ գետը Եփրատն է, որի ավազանում միակ լեռնային շրջանը Հայկական լեռնաշխարհն է: Հետևաբար Արատտան, անկասկած,գտնվել է Հայկական լեռնաշխարհում: Այդ են վկայում նաև Շումերից Արատտա ճանապարհին հիշատակվող տեղանունները: Դրանցից է, օրինակ, Զամուա երկիրը: Վերջինս Ուրմիո լճի
Ուրմիո լիճ հարավում էր (ասորեստանյան աղբյուրներում Ուրմիո լիճը կոչվում է «Զամուա երկրի ծով»), հետևաբար շարունակելով Շումեր-Զամուա գիծը` անխուսափելիորեն դուրս կգանք Հայկական լեռնաշխարհ: Հայտնի է, որ  Հայկական լեռնաշխարհի հետ էր կապվում իմաստության և տիեզերական ջրերի աստված Հայ(ա)ի պաշտամունքը, որի որդի Հայկն Արատտայի հովանավոր աստվածն էր: Արատտան եղել է աստվածապետական (կրոնապետական կամ թեոկրատական) կարգերով երկիր: Դա պետական կառավարման այն ձևն է, որում և´ աշխարհիկ, և´ հոգևոր ողջ իշխանությանը տիրում էր հոգևոր դասը, որն էլ Աստծո անունից իրականացնում էր իշխանությունը: Արատտայի արքան միաժամանակ երկրի գերագույն քուրմն էր: Երկրի ճակատագրին վերաբերող կարևոր հարցերի լուծման համար քրմապետ-արքան գումարում էր ավագների ժողով: Հիշատակվում է երկրի գլխավոր տնտեսական պաշտոնյան, որը կոչվում էր «կառավարիչ»: Արատտայում հիշատակվում են նաև տնտեսական ոլորտի պաշտոնյաներ` հարկահաններ, վերակացուներ, ինչը խոսում է երկրում արդեն որոշակի զարգացում ստացած պետական համակարգի մասին: Մեզ են հասել տեղեկություններ նաև Արատտայի և Շումերի տնտեսական հարաբերությունների մասին: Արատտացիները հացահատիկ և այլ երկրագործական ապրանքներ են ներմուծել և փոխարենը արտահանել մետաղներ ու թանկարժեք քարեր: Բացի դրանից, հարավ են ուղարկել նաև շինարարական հումք` «լեռնային քարեր»: Շումերում որպես քաշող ուժ և փոխադրամիջոց օգտագործվել են ավանակները, Արատտայում` ձիերը: Ձիերի կիրառումը տնտեսության մեջ և ռազմարվեստում բերեց աննախադեպ առաջընթացի: Շումերական բնագրերը տեղեկություններ են պահպանել Արատտայի բանակի և պարսպապատ մայրաքաղաքի մասին: Դրանցից մեկի համաձայն` շումերական բանակը պաշարում է Արատտայի համանուն մայրաքաղաքը, սակայն մեկ տարի պաշարելով` չի կարողանում գրավել. «Քաղաքից տեղում էին նետեր, ինչպես անձրևն ամպերից, պարսատիկների քարերն անձրևի կաթիլների պես Արատտայի պարիսպներից թափվում էին ամբողջ տարին աղմկոտ սուլոցով: Օրերն անցնում էին, ամիսները` երկարում, տարին բոլորեց մի ամբողջ շրջան»…Արատտայի մասին կարևորագույն տեղեկություններից մեկն Արատտայում սեփական գրի գործածության փաստն է, ինչն ապացուցվում է նաև Հայկական լեռնաշխարհից հայտնաբերված Ք.ա. III հազարամյակի մեհենագիր հուշարձաններով, որոնք դեռևս վերծանված չեն: Ք.ա. XXVIII-XXVII դարերում Արատտայից Շումեր էին գնում ճարտարապետներ այնտեղ մեծ շինություններ կառուցելու նպատակով: Ք.ա. XXVI-XXVդարերով թվագրվող բնագրերում Միջագետքում բնակություն հաստատած սուբարեցիները հիշատակվում են որպես դպիրներ, դպրապետեր, հացթուխներ, հացթուխապետեր, դարբիններ, այգեպաններ և այլն: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Արատտայի հիշատակության ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ մշակութային գոտում,որը հնագիտական գրականության մեջ ընդունված է կոչել Հայաստանի վաղ բրոնզիդարյան մշակույթ:
 
Մովսիսյան Ա.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am