Հայկական լեռնաշխարհը: Այն գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիսային սահմանագլխին` Փոքրասիական և Իրանական բարձրավանդակների, Սև ծովի ու Միջագետքի հարթավայրերի միջև: Հայկական լեռնաշխարհում է ձևավորվել և իր պետականությունը ստեղծել հայ ժողովուրդը, այստեղ է կերտել իր ինքնատիպ մշակույթը: Հայկական լեռնաշխարհը գրեթե ամբողջությամբ համընկնում է հայոց պատմական հայրենիքին: Վաղնջագույն ժամանակներից այն տարածվում է Կուր և Երասխ (Արաքս)գետերի ջրկիցից մինչև Գամիրք (Կապադովկիա), Պոնտական և Թռեղքի լեռնաշղթաներից մինչև Հայկական Տավրոսի հարավային բազուկները:

Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհը բոլոր կողմերից եզերվում է բարձրաբերձ լեռնաշղթաներով, որոնց միջև ընկած բարձրավանդակը հնում կոչվել է Միջնաշխարհ Հայոց: 

Լեռնաշխարհի սահմաններն արևմուտքում կազմում են Անտիտավրոսիլեռները, որոնցով այն բաժանվում է Անատոլիական բարձրավանդակից (Փոքր Ասիա), իսկ Հյուսիս-արևմուտքից` Պոնտական լեռները: Լեռնաշխարհի հյուսիսային սահմանները ձգվում են Մոսքական և Թռեղքիլեռնաշղթաների ջրբաժանով: Արևելքում դրանք կազմում են Արցախի և Կուր-Արաքսյան դաշտավայրի եզրասահմանները: Հասնելով Ղարադաղին` լեռնաշխարհի սահմանը թեքվում է արևմուտք, ընթանում Կապուտան (Ուրմիո) լճի հյուսիսով ձգվող լեռնաբազուկներով, ապա շրջվելով հարավ` ներառում է լճի արևմտյան ափամերձ շրջանները և հասնում Հայկական Տավրոսի շարունակությունը համարվող Կորդվաց լեռնաշղթային: Շրջվելով կրկին արևմուտք և հատելով Տիգրիս գետը` հասնում մինչև Եփրատ, կտրում է այն և Մալաթիայի լեռներով ընթանում մինչև Անտիտավրոս: Այս սահմաններում երկրամասն ունի շուրջ 400 հզ. քառ. կմ տարածություն:

 Հայկական լեռնաշխարհի մակերևույթը կտրտված է տարբեր ուղղություններով ձգվող լեռնաշղթաներով և լեռնաբազուկներով, որոնց միջև տարածվում են երկրագործության համար բարենպաստ պայմաններ ունեցող գոգավորություններ և սարահարթեր, որոնք հայկական սկզբնաղբյուրներում կոչվում են «դաշտեր»: Լեռնաշխարհն ունի ծովի մակարդակից 1500-1800 մ միջին բարձրություն, որով զգալիորեն գերազանցում է թե´ հարևան Իրանական սարահարթին և թե´ Անատոլիական բարձրավանդակին:

 Լեռնաշխարհի կենտրոնով արևելքից արևմուտք ձգվում է Հայկական պար լեռնաշղթան: Վերջինիս արևելյան ծայրամասում վեր է խոյանում Արարատ (Մասիս) հանգած հրաբխային լեռնազանգվածն իր երկու գագաթներով, որոնցից մեկը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռն է (5165 մ) և հայկական աղբյուներում կոչվում է Ազատ Մասիս, որը «Սարդարի աղբյուր» անունը կրող թամքոցով միանում է Սիս կամ Փոքր Արարատ լեռնագագաթին (3925 մ): Մասիսը հայերի սուրբ լեռն է (հնագույն հայկական օրացույցի 18-րդ օրը նվիրված է նրան), հայրենիքի խորհրդանիշ: Ժողովուրդը բազմաթիվ ավանդություններ և ասքեր է հյուսել Մասիսի մասին: Աստվածաշնչի համաձայն Մասիսի (Արարատի) վրա է հանգրվանել աստվածաշնչյան Նոյյան տապանը:

 Հայկական պարի արևելյան եզրամասից հարավային ուղղությամբ տարածվում է Վասպուրականի լեռնաշղթան, որի բնական շարունակությունը Զագրոսի լեռնաշղթան է

 Հայկական բարձրավանդակն ունի բազմաթիվ լեռնաշղթաներ: Վասպուրականի լեռնաշղթայից արևմուտք տարածվում է Ծաղկանց գեղատեսիլ լեռնաշղթան, որի ծայրամասում բարձրանում է Առաջավոր Ասիայի միակ գործող հրաբխային լեռը` Թոնդրակը (3542 մ): Առ այսօր նրա շուրջ 600 մ խորությամբ խառնարանից դեռ ժայթքում են բարձր ջերմությամբ ջրային գոլորշիներ և ծծմբային գազեր: Ծաղկանց լեռների հարավային մասում վեր է խոյանում Սիփան հանգած հրաբխային լեռը (4434 մ): Այն լեռնաշխարհի երկրորդ բարձր գագաթն է: Սիփանից հարավ, Վանա լճի արևմտյան ափերը շրջանցելով` ձգվում են Բզնունյաց լեռները, որոնք ավարտվում են Նեմրութ լեռնագագաթով (3050 մ): Նեմրութը հանգած հրաբուխ է, թեև գործել է մինչև XV դարի առաջին կեսը (վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1441 թ.):

 Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան ընդարձակ հատվածը կոչվում է Փոքր Կովկաս: Այս հատվածում տարբեր ուղղություններով ձգվող լեռնաշղթաներից հիշատակության են արժանի Ջավախքի, Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գեղամա լեռներԳեղամա, Սևանի, Վարդենիսի, Մռավի, Արցախի լեռները: Վարդենիսի լեռներից սկիզբ է առնում և դեպի հարավ` մինչև Երասխ (Արաքս), տարածվում է Սյունյաց կամ Զանգեզուրի լեռնաշղթան, որի հարավային մասում վեր է խոյանում Փոքր Կովկասի ամենաբարձր լեռնագագաթը` Կապուտջուղը (3904 մ): Արարատյան դաշտի հյուսիսային սահմանագլխին բարձրանում է ՀՀ տարածքի ամենաբարձր լեռը` Արագածը (4090 մ): Նրա ստորոտներին փռված խոտավետ մարգագետիններն ու արոտավայրերը հնուց հայտնի կարևոր անասնապահական շրջաններ են: Արագածից արևելք բարձրանում է Արայի լեռը:

 Հայկական լեռնաշխարհի հարավային մասով ձգվում է Հայկական Տավրոսի լեռնաշղթան, որի տարբեր մասերում բարձրանում են մի շարք լեռնագագաթներ (Մարութասար կամ Մարաթուկ, Ծովասար, Անդոք, Առնոս, Արտոս և այլն):

 Հայկական լեռնաշխարհն աչքի է ընկնում ջրային ռեսուրսների հարստությամբ: Այն Առաջավոր Ասիայի գլխավոր ջրաբաշխն է, և պատահական չէ, որ հին Միջագետքի սեմական բնակչության կողմից դեռ Ք.ա. II հազարամյակում ստացել է Նաիրի` «գետերի երկիր» անվանումը: Այստեղից են սկիզբ առնումԵփրատը, Տիգրիսը, Երասխը, Հալիսը, Գայլգետը, Կուրը, Ճորոխը:

 Հայոց մայր գետը Երասխն է կամ Արաքսը, որի ավազանն ամբողջությամբ մտնում է Հայկական լեռնաշխարհի մեջ: Երասխի ակունքները գտնվում են Բյուրակնյան լեռների շրջանում: Հնում Երասխն անջատ թափվում էր Կասպից ծով, բայց ժամանակի ընթացքում գետը փոխել է հունը և միացել Կուրին: Երասխն ունի բազմաթիվ վտակներ` Ախուրյան, Քասախ, Հրազդան, Արփա, Որոտան, Ողջի, Տղմուտ և այլն: Վաղնջագույն ժամանակներից Երասխն ունեցել է տնտեսական և քաղաքական հսկայական նշանակություն: Նրա միջին հոսանքի ավազանում է տարածվում Հայկական լեռնաշխարհի ամենամեծ և արգավանդ հարթությունը` Արարատյան դաշտը, որը դարեր շարունակ եղել է հայոց պետականության քաղաքական կենտրոնը` արքայանիստ ոստանը: Արարատյան դաշտում են կառուցվել հայոց պետության հնագույն մայրաքաղաքներ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը: Այստեղ է գտնվում նաև ՀՀ մայրաքաղաք Երևանը:

Եփրատ գետը Եփրատն Առաջավոր Ասիայի ամենաերկար գետն է (3065 կմ), իսկ Տիգրիսը (1850 կմ)` ամենաջրառատ: Եփրատը կազմված է երկու բազուկներից` Արևմտյան և Արևելյան: Արևմտյան Եփրատը սկիզբ է առնում Կարին (Էրզրում) քաղաքից հյուսիս գտնվող Ծաղկավետ լեռներից: Դարեր ի վեր համարվել է Մեծ Հայքի արևմտյան սահմանը: Արևելյան Եփրատը` Արածանին, սկզբնավորվում է Ծաղկանց լեռներից: Եփրատի երկու բազուկներն իրար միանում են Ծոփքի Կապան քաղաքի մոտակայքում և կազմում միասնական Եփրատ, որն այնուհետև դուրս գալով Հայկական լեռնաշխարհի սահմաններից` հոսում է Միջագետքով: Միանալով Տիգրիսին` Եփրատը կազմում է Շատ-էլ-Արաբ գետը, որն էլ թափվում է Պարսից ծոց:

 Տիգրիսը նույնպես կազմված է արևմտյան և արևելյան բազուկներից: Արևմտյան Տիգրիսի ակունքները գտնվում են Ծոփքի տարածքում, Ծովք լճակի մոտ: Դուրս գալով լեռնաշխարհի սահմաններից` Տիգրիսը հոսում է Միջագետքով, միանում Եփրատին ու դրա հետ միասին թափվում Պարսից ծոց:

 Կուրը սկզբնավորվում է Տայք նահանգի Կող գավառի Կրիակունք գյուղի շրջակայքից: Իր հիմնական մասով հոսում է Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս, սակայն հնագույն ժամանակներում Մեծ Հայքը սահմանազատել է Վիրքից և Աղվանքից: Մուղանի դաշտում Կուրին է միանում Երասխը, որից հետո նրանք միասին թափվում են Կասպից ծով:

 Բարձր Հայք նահանգից սկիզբ են առնում և Սև ծով թափվում Հալիս (Ալիս), Գայլ գետերը: Սև ծովի ավազանին է պատկանում նաև Սպերում գտնվող Չորմայրի լեռներից սկիզբ առնող Ճորոխ գետը:

 Լեռնաշխարհի տարածքում հանդիպում են բազմաթիվ լճեր և լճակներ: Առավել խոշորներն են Կապուտան (Ուրմիո), Վանա և Սևանա լճերը: 

Ուրմիո լիճ Ուրմիո լիճը ընկած է Իրանական բարձրավանդակի սահմանագլխին: Մակերեսով Կապուտանը նշված երեք լճերից ամենամեծն է (շուրջ 5900 քառ. կմ), անհոսք փակ ավազան է և ունի աղի ջուր, որի պատճառով այստեղ ոչ մի ձկնատեսակ չի բազմանում: Գոլորշիացման բարձր աստիճանի պատճառով լճի հայելին անընդհատ կրճատվում է: Կապուտանի ափամերձ գոտին ունի աղի հաստ շերտ: Լիճ են թափվում մի շարք գետեր, որոնցից են Սալմաստը, Ուրմիան, Արասխը և այլն:

 

  Վանա լիճը հայտնի է նաև Բզնունյաց, Տոսպա, Ռշտունյաց անուններով: ՏարածքովՎանա լիճերկրորդն է Հայկական լեռնաշխարհում (շուրջ 3800 քառ. կմ), անհոսք լիճ է` խիստ աղի ջրով: Լճի մակարդակը մշտապես տատանվում է` մերթ իջնելով, մերթ բարձրանալով: Այսպես, 1841 թ.ջրի խիստ բարձրացման հետևանքով լիճը ծածկել է հնագույն Արճեշ քաղաքը:Աղթամար ավանը նույնպես ջրասույզ է եղել: Այդ է պատճառը, որ «Աշխարհացույցում» հիշատակվող յոթ կղզիներից մեր օրերում մնացել են միայն Աղթամարը, Արտերը, Կտուցը և Լիմը, որոնցից ամենանշանավորը Աղթամարն է` Ս. Խաչ հոյակապ վանքով: Լճում բազմանում է միայն մեկ ձկնատեսակ` տառեխը: Վանա լիճը կազմում է փակ ավազան` իր մեջ ընդունելով այլևայլ գետեր և գետակներ: Վանա լճի ավազանը հայկական պետականության հնագույն բնօրրան է: Միաժամանակ այն տնտեսական և մշակութային խոշոր նշանակություն ունեցող շրջան է: Լճի ափերին կառուցվել են բազմաթիվ բնակավայրեր` Վանը, Արճեշը, Արծկեն, Խլաթը, Դատվանը, Ոստանը և այլն:

 Սևանա լիճ Սևանա լիճը, որը հնում կոչվել է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով, ունի քաղցրահամ ջուր և հարուստ է բազմապիսի ձկնատեսակներով (իշխան, կողակ, բախտակ, ինչպես նաև վերջին տասնամյակներին այստեղ բերված սիգ): Մինչև մակարդակի արհեստական իջեցումը լիճն ուներ շուրջ 1420 քառ. կմտարածություն (այժմ` 1240 քառ. կմ ) և գտնվում էր 1919 մ բարձրության վրա (ներկայումս Սևանը 18 մ-ով ցածր է): Ուներ մեկ կղզի, որն այժմ վերածվել է թերակղզու: Այստեղ է գտնվում նշանավոր Սևանա վանքը (Սևանի անապատ)` Ս. Աստվածածին և Ս. Առաքելոց եկեղեցիներով: Սևանա լիճ են թափվում 28 գետ ու գետակ, որոնցից առավել հայտնի են Ձկնագետը, Գավառագետը, Վարդենիսը, Մասրիկը: Դեռ ուրարտական ժամանակներում կառուցված հատուկ ջրանցքով Սևանից սկիզբ է առնում Հրազդանը: Վերոհիշյալ լճերից բացի լեռնաշխարհի տարբեր շրջաններում հանդիպում են բազմաթիվ մանր լճակներ (մասամբ` աղի), որոնցից հատնի ենԱրճակը, Գայլատուն, Ծովքը, Նազիկը, Արփան, Փարվանան և այլն:

 Հայկական լեռնաշխարհն ունի հարուստ ընդերք: Անհիշելի ժամանակներից շահագործվել են Կողբի, Կաղզվանի և Նախճավանի աղահանքերը: Աղի նշանակալի հանքեր կային Աղձնիքում, Տուրուբերանում, Վասպուրականում: Աղահանքերով հարուստ է նաև Փոքր Հայքի տարածքը: Աղի մեծ պաշարներ են հայտնաբերվել Երևանի տարածքում (Ավան):

 Վաղնջական ժամանակներից Հայկական լեռնաշխարհը հռչակված է իր մետաղային հանքերով և համարվում է մետաղագործության համաշխարհային հնագույն կենտրոններից մեկը: Բավական է նշել Մեծամորի մետաղաձուլական համալիրը Արարատյան դաշտում, որ գոյություն է ունեցել դեռ Ք.ա. 4-րդ հազարամյակում: Լեռնաշխարհի տարբեր շրջաններում հանդիպում են պղնձի, երկաթի, կապարի, զառիկի հանքեր: Հայտնի են Գուգարքի և Սյունիքի պղձահանքերը: Պղնձով աչքի է ընկել նաև Աղձնիքը: Երկաթ հանդիպում է Հայաստանի նահանգների մեծ մասում, բայց հատկապես նշանավոր էին Աղձնիքի և Տուրուբերանի հանքերը, որոնք շահագործվել են հնագույն ժամանակներից: Երկաթի առատության շնորհիվ Տավրոսի լեռնային որոշ գավառների (Տալվորիկ, Խութ, Շենաձոր և այլն) բնակչության հիմնական զբաղմունքը եղել է դարբնությունն ու զինագործությունը: Ազնիվ մետաղներից հանդիպում են արծաթ և ոսկի: Արծաթահանքերով աչքի են ընկնում մասնավորապես Բարձր Հայքը, Ծոփքը, Արցախը և այլն: Հնուց հռչակված են եղել Սպերի ոսկու հանքերը: Ոսկով հարուստ էր նաև Սյունիքի Սոդք (Ծավդեք, Զոդ) գավառը, Տայքի Ոսկեհատ լեռան շրջանը: Հանդիպում են նաև քրոմ, մոլիբդեն և բազմաթիվ այլ հազվագյուտ մետաղներ:

 Հայկական լեռնաշխարհը նաև բազմապիսի շինանյութերի հարուստ շտեմարան է: Լայնորեն տարածված են բազմագույն տուֆերը (վարդագույն, սև, սպիտակ և այլն), որոնցից առանձնապես հայտնի է Արթիկի հռչակավոր հանքավայրը: Հանդիպում են նաև մարմարի, բազալտի, գրանիտի, քարախնկի (պաղլեղի կամ շիբի), պեմզայի (գայլախազի), պերլիտների, կավի, կրաքարերի և այլ օգտակար հանածոների հարուստ հանքեր: Քարածխի զգալի պաշարներ կան Տայքի Օլթի գյուղաքաղաքի շրջանում, Շիրակում (Ջաջուռ), Տավուշում (Իջևան), Արարատում (Ջերմանիս): 

 Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր կողմերում բխել են սառը և տաք աղբյուրներ, որոնք հայտնի էին ջերմուկներ անունով: Հնուց ի վեր հռչակված էին Վայոց ձորի Ջերմուկը, Եղեգիք-Եղեգին` Կարնոդաշտում, Վարշակի աղբյուները` Ծաղկոտնում, Ջերմաջրի (Արքունական բաղնիքներ) բուժիչ ջրերը`Վայկունիք գավառի տարածքում (Արցախ) և այլն: Հայտնի էին նաև Բջնիի, Արզնիի, Դիլիջանի, Արարատի, Գավառի տաք և սառը հանքային աղբյուները:

 Հայկական լեռնաշխարհը համարյա բոլոր կողմերից եզերվում է անտառներով: Անտառներ կան Ծոփքում, Բարձր Հայքի հյուսիսային հատվածում, Աղձնիքում, Տուրուբերանի Տավրոսյանլեռնաշղթայի շրջանում, Տայքում, Արցախում, Գուգարքում, Սյունիքի հարավում, Ուտիքիհյուսիսարևմտյան շրջաններում (Տավուշ, Աղստև), Այրարատի հյուսիս-արևելքում, Մոկքում: Ծառատեսակներից լայնորեն տարածված են կաղնին, հաճարենին, բոխին, թխկին, գիհին, հացենին, ընկուզենին: Արցախի և Ուտիքի անտառները հայտնի են իրենց վայրի մրգատու ծառատեսակներով: Տեղ-տեղ հանդիպում են նաև կեչու և սոճու պուրակներ: Հին Հայաստանում տարբեր ժամանակահատվածներում տնկվել են նաև արհեստական պուրականտառներ: Դրանցից հայտնի ենՍոսյաց (Արմավիրի մոտ), Ծննդոց (Բագարանի շրջանում), Խոսրովակերտ և Տաճար մայրի (Գառնու և Դվինի միջև ընկած տարածքում) անտառները:

 Հայկական լեռնաշխարհի հողն արգավանդ է: Նախալեռնային` 1100-1300 մ բարձրության վրա գտնվող գոտին նշանավոր է խաղողի և զանազան կորիզավոր մրգերի (ծիրան, դեղձ) տեղական ընտիր տեսակներով: Հայաստանը շատ մրգատեսակների աճեցման հնագույն կենտրոններից է: Նախալեռնային գոտին աչքի է ընկնում ինչպես մրգերի (խնձոր, տանձ, սալոր և այլն), այնպես էլ հացազգիների մշակությամբ: Հայկական լեռնաշխարհը ցորենի հնագույն հայրենիքն է, ուր այսօր էլ կարելի է հանդիպել դրա վայրի տեսակին: Հացահատիկային կուլտուրաների կենտրոններ են Տարոնի կամ Մշո, Բագրևանդի, Հարքի, Խարբերդի, Կարնո, Կարսի, Բասենի, Երզնկայի դաշտերը, Վանա լճի ավազանը և այլն: Ցածրադիր` կիսաանապատային և անապատային վայրերում արհեստական ոռոգման դեպքում աճում են բամբակ, բրինձ, թուզ, նուռ, ձիթենի, սեխ, ձմերուկ, բանջարանոցային այլևայլ կուլտուրաներ:

 Բազմազան է Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհը: Անասնապահության զարգացման համար առկա բարենպաստ պայմանները թույլ են տվել անհիշելի ժամանակներից այստեղ բուծել ոչխար, այծ, խոշոր եղջերավոր անասուններ, ավանակ, թռչունների բազմաթիվ տեսակներ: Հայաստանը հնուց համարվել է ձիաբուծության խոշոր կենտրոն: Հույն աշխարհագրագետ Ստրաբոնի վկայությամբ Աքեմենյան տիրապետության շրջանում Հայաստանը Միհր (Միթրա) աստծո տոնակատարությունների համար տարեկան տրամադրել է 20 հազար մտրուկ: Ձիաբուծությամբ հայտնի էր մասնավորապես Արցախը: Հնում լայնորեն տարածված է եղել խոզաբուծությունը:

 Վայրի կենդանիներից հանդիպում են գորշ արջը, գայլը, աղվեսը, անտառային կատուն, լուսանը, փորսուղը, եղջերուն, այծյամը, վայրի ոչխարը, քարայծը, բազմաթիվ թռչնատեսակներ: Հարկ է նշել, որ հնում վայրի կենդանական աշխարհն ավելի բազմազան է եղել: Ցավոք, մարդու գործունեության հետևանքով ներկայումս շատ կենդանիներ, որոնք հիշատակվում են հայկական և օտարալեզու սկզբնաղբյուրներում, կա°մ իսպառ ոչնչացել են, կա°մ խիստ կրճատվել է դրանց կենսատարածքը: Արարատյան դաշտում բազմացել է միջատի մի տեսակ, որից ստացվող հռչակավոր «որդան կարմիր» ներկը տնտեսական մեծ նշանակություն է ունեցել և հայտնի է եղել Հայաստանից դուրս: 

 Հնագույն սկզբնաղբյուրներում արժեքավոր տեղեկություններ են պահպանվել Հին Հայաստանի վարչատարածքային միավորների` «աշխարհների» («նահանգներ»«գավառներ») մասին: Ք.ա. IV դարի կեսերից հանդես է գալիս Մեծ և Փոքր Հայքեր հասկացությունը: Հին Հայաստանի երկու հատվածները դարերի ընթացքում ունեցել են հարափոփոխ սահմաններ, հետևաբար` նաև տարբեր ընդգրկում:

 Փոքր Հայքը նախապես ներառնում էր Արևմտյան Եփրատի վերին ավազանը, նաև Հալիս և Գայլգետերի վերնագավառները: Ք.ա. 331 թ. հետո, երբ վերականգնվեց հայոց անկախությունը, երկու Հայքերի զարգացումն ընթացավ ուրույն, ինքնատիպ ձևով: Որպես ինքնուրույն պետություն, Փոքր Հայքը գոյատևեց մինչև Ք.հ. I դար (եղել է ժամանակ, երբ նրա սահմանների մեջ են մտել մերձսևծովյան Պոնտոսերկրամասի գավառները` Տրապիզոն և Կերասունտ քաղաքներով), սակայն հետզհետե կորցնելով իր հիմնական տարածքները` վերածվեց նախ` Հռոմից կախյալ երկրի, իսկ Ք.հ. 72 թ. դարձավ վերջինիս սովորական նահանգներից մեկը: 

 Այլ կերպ ընթացավ հայոց պետականության բնօրրանի` Մեծ Հայքի պատմական ճակատագիրը: Լինելով ազգային պետություն` այն գոյատևեց նաև հետագա հարյուրամյակների ընթացքում (մինչև Ք.Հ. V դարի առաջին տասնամյակները) և միավորող կենտրոն դարձավ հայկական երկրամասերի համար: Ըստ հռոմեացի նշանավոր գիտնական Պլինիոս Ավագի (Ք.հ. I դար) տեղեկությունների Արտաշիսյան Հայաստանը բաժանված է եղել 120 «զորավարություն»-գավառների (հունարեն` «ստրատեգիաների»): Արշակունիների հայոց գահին տիրանալուց հետո (Ք.հ. 66 թ.) տեղի ունեցան երկրի վարչատարածքային կառուցվածքի նոր ձևափոխություններ, որոնց հետևանքով վարչամիավորները խոշորացվեցին, ու հանդես եկավ վաղմիջնադարյան «աշխարհների» կամ «նահանգներ» համակարգը: Մեծ Հայքի նահանգների բաժանումն արձանագրվել է դեռ հին աշխարհի խոշոր մտածող Կլավդիոս Պտղոմեոսի (Ք.հ. II դար) «Աշխարհագրություն» հայտնի երկում: Այստեղ հիշվում են 20 նահանգներ, որոնք ընդհանրություն ունեն Ագաթանգեղոսի (V դ.) «Պատմության» տվյալների հետ: Հետագա տասնամյակները, մասնավորապես IV դարի երկրորդ կեսին տեղ գտած իրադարձությունները, լուրջ փոփոխություններ մտցրին Մեծ Հայքի վարչական կառուցվածքում: Դա է պատճառը, որ «Աշխարհացույց»-ում Մեծ Հայքի նահանգների թիվն արդեն 15 է: Դրանք են. Բարձր Հայք կամ Կարնո աշխարհ, Ծոփք կամ Չորրորդ Հայք, Աղձնիք, Տուրուբերան կամ Տարոնո աշխարհ, Մոկք, Կորճայք կամ Կորդվաց աշխարհ, Պարսկահայք, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Ուտիք, Փայտակարան, Գուգարք, Տայք, Այրարատ:Այս նահանգներն ունեցել են ավելի քան 190 գավառ: Հայոց պատմության մեջ հատկապես մեծ դեր են խաղացել Այրարատը, Վասպուրականը, Տուրուբերանը, Սյունիքը, Արցախը, Գուգարքը, Բարձր Հայքը, Ծոփքը:

 Գտնվելով միջազգային խոշոր մայրուղիների խաչմերուկում և ունենալով ռազմավարական մեծ նշանակություն` Հայաստանը մշտապես ենթարկվել է օտար նվաճողների ասպատակություններին: Դրա հետևանքով երկրի սահմանները եղել են անկայուն, նրա տարածքն անընդհատ կրճատվել է: Ներկայումս հայ ժողովուրդն իր պետականությունը պահպանել է Մեծ Հայքի հյուսիսարևելյան 1/10 մասում` հանձինս ՀՀ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ), որոնք ընդգրկում են Այրարատ, Սյունիք, Գուգարք, Ուտիք և Արցախ նահանգների առանձին հատվածները:

 

Բադալյան Գ.

 

 

 Գրականության ցանկ

Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, Երևան, 2012 թ.:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am