Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայկական հարցը Փարիզի խաղաղության վեհաժողովում

  Հայկական հարցը Փարիզի խաղաղության վեհաժողովում

  Հայ ժողովուրդն իր անուրանալի ներդրումն ունեցավ Առաջին աշխարհամարտում Համաձայնության (Անտանտի) երկրների հաղթանակի գործում: Բնական էր, որ Մուդրոսի զինադադարից հետո հայությունը զինվեց լավատեսությամբ՝ հուսալով հասնել իր կորուստների հատուցմանը և ազգային իղձերի իրականացմանը:

 Մուդրոսի զինադադարին հաջորդած ամիսներին միջազգային հանրության ուշադրությունը բևեռվել էր Փարիզի վրա: Հաղթող երկրների այստեղ հրավիրված Խաղաղության վեհաժողովին էր վերապահված հետպատերազմյան աչխարհի ճակատագիրը և քաղաքական քարտեզի վերաձևումը: Փլուզվում էին հարյուրամյակների պատմություն ունեցող կայսրությունները, և առաջանում էին նոր, ազգային պետություններ: Կարծես հեռանկարներ էին բացվում նաև Հայկական հարցի արդարացի լուծման համար: Ստեղծված իրավիճակից ելնելով՝ անհրաժեշտ եղավ պատվիրակություն ուղարկել Փարիզ՝ Խաղաղության վեհաժողովին հայկական պահանջները ներկայացնելու համար: 1918 թ. դեկտեմբերին Հայաստանի խորհուրդը կազմեց պատվիրակություն Ա. Ահարոնյանի նախագահությամբ և Հ. Օհանջանյանի ու Մ. Պապաջանյանի մասնակցությամբ: 1919 թ. փետրվարի 4-ին այն ժամանեց Փարիզ: Այստեղ էր գտնվում նաև դեռևս 1912 թ. վերջին Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ ստեղծված Ազգային պատվիրակությունը, որն արտահայտում էր արևմտահայերի և գաղութահայերի շահերը և զգալի աշխատանք էր տարել հայկական պահանջները միջազգային հանրությանը ներկայացնելու ուղղությամբ: Պողոս Նուբարը 1918 թ. նոյեմբերի 30-ին հռչակել էր անգամ ամբողջական Հայաստանի անկախությունը:

 Երկու պատվիրակություններից հայության միասնական կամք արտահայտող միացյալ պատվիրակության ստեղծումը սկզբից ևեթ բացառվեց, քանի որ առանցքային մի շարք հարցերում լուրջ տարակարծություններ առաջացան նրանց միջև: Սկզբունքորեն կանգնած լինելով միացյալ Հայաստան ունենալու գաղափարի վրա՝ կողմերը, սակայն, միանման չէին պատկերացնում դրա կազմավորման ուղիներն ու միջոցները: Ազգային պատվիրակության համար Հայաստանի Հանրապետությունը սոսկ «Արարատյան Հանրապետություն» էր, մինչդեռ իսկական Հայաստանը Արևմտյան Հայաստանն էր, որի շահերի արտահայտիչը ինքն էր: Հայաստանի Հանրապետության գոյությունն անգամ վնասակար էր համարվում հայ դատի hամար: Գտնում էին, որ Հայաստանի ստեղծումից հետո «Արարատյան Հանրապետությունը» պետք է կցվեր նրան: Մինչդեռ հանրապետության պատվիրակությունը ելնում էր առկա իրողություններից: Հայությունից զրկված Արևմտյան Հայաստանի համեմատ Հայաստանի Հանրապետությունն ուներ հայ բնակչություն, բանակ և աստիճանաբար կազմավորվող պետականություն: Ուստի հենց նա էր հայկական միացյալ պետության կորիզը, որի բարգավաճման համար պետք է կենտրոնացվեին բոլոր ջանքերը: Հայկական հարցի լուծումն ընկալվում էր Հայաստանի երկու հատվածների միացմամբ:

 Տարբեր էին մոտեցումները նաև ապագա Հայաստանի սահմանների հարցում: Արտահայտելով գաղութահայության մտայնությունը՝ դեոես 1918 թ. վերջին արված հայտարարություններում Պողոս Նուբարի գլխավորած Ազգային պատվիրակությունը (Փարիզ) գրել էր Արևելյան Հայաստանը, Արևմտյան Հայաստանի 7 վիլայեթները և Կիլիկիան ընդգրկող Հայաստան ստեղծելու պահանջ: Մինչդեռ հանրապետության պատվիրակությունը դնում էր ավելի չափավոր պահանջներ՝ միացյալ Հայաստանի սահմանների մեջ ներառելով Արևելյան Հայաստանը և Արևմտյան Հայաստանի 4 վիլայեթները՝ դեպի Սև ծով ելք ունենալու պայմանով: Ավելին, վարչապետ Հ. Քաջազնունին, որը տարածքային պահանջների մեջ ամենաչափավորն էր, անգամ դեպի ծով ելք ունենալը պարտադիր չէր համարում:

 Բանակցությունների ընթացքում հանրապետության պատվիրակությունը տարածքային պահանջների հարցում, ի վերջո, զիջեց և 1919 թ. փետրվարի 25-ին վեհաժողովին ներկայացվեցին հայկական միասնական պահանջներ՝ ա) ճանաչել հայկական պետությունը՝ Կովկասյան Հայաստանը, Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթները և Կիլիկիայի չորս սանգակները, բ) Հայաստանը դնել դաշնակիցների հոգատարության ներքո և առնվազն քսան տարով պետություններից մեկին հանձնել նրա մանդատը: Հովանավորող երկիրը պետք է օգներ Հայաստանին և ստիպեր թուրքերին ազատել Հայկական հողերը:

 Ըստ էության Հայկական պահանջների մեջ արտառոց ոչինչ չկար, քանի որ դեռևս 1919 թ. հունվարի 30-ին ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնի նախաձեռնությամբ Փարիզի խաղաղության վեհաժողովը որոշում էր ընդունել Հայաստանը ազատագրելու և նրան հովանավոր (մանդատատեր) նշանակելու մասին: Նման պայմաններում Հայկական հարցի լուծումը սկզբունքորեն կասկածի ենթակա չէր: Խնդիրը սոսկ Հայաստանի սահմանների ճշտման և որևէ պետության կողմից նրա մանդատը ընդունելու մեջ էր: Այդ հարցերը կարող էին լուծվել միայն Թուրքիային պարտադրվելիք հաշտության պայմանագրի շրջանակներում: Մինչդեռ վեհաժողովն իր հիմնական ուշադրությունը բևեռել էր Գերմանիայի հետ հաշտության խնդրի վրա, որի լուծումն ամիսներ էր պահանջում:

 Հայկական պատվիրակություններին վիճակված էր վեհաժողովի շրջանակներում և դրանից դուրս հսկայական աշխատանք տանել Հայկական հարցի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու և դրական վերաբերմունք ապահովելու համար: Անհրաժեշտ էր որևէ ազդեցիկ պետության կողմից Հայաստանի մանդատը ստանձնելու համաձայնությունը: Թեև հայկական շրջանակները սկզբունքորեն դեմ չէին Անգլիայի, Ֆրանսիայի կամ Իտալիայի թեկնածություններին, բայց առավել մեծ ջանքեր էին թափում շահագրգռելու ԱՄՆ-ին, որի նախագահ Վիլսոնը հայասերի համբավ էր վայելում: Վերջինիս առաջարկով 1919 թ. մարտի 20-ին վեհաժողովը որոշեց Մերձավոր Արևելք ուղարկել հանձնախումբ՝ Օսմանյան կայսրությունից անպատվելիք երկրամասերի վիճակը քննելու համար: Իրականում միայն ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Չ. Քրեյնը և Հ. Քինգը եղան Կ. Պոլսում: Մեկ ու կես ամսվա աշխատանքից հետո նրանք հանդես եկան Օսմանյան կայսրության տարածքում ԱՄՆ-ի հոգատարության ներքո երեք պետություն՝ Հայաստան, Թուրքիա և Պոնտոս, ստեղծելու առաջարկով:

 Հայաստանի մանդատի պայմանները քննելու նպատակով 1919 թ. ամռանը Առաջավոր Ասիա ուղարկվեց նոր հանձնախումբ՝ գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ: Լինելով Կ. Պոլսում, Կիլիկիայում, Արևմտյան Հայաստանում՝ Հարբորդը 1919 թ. սեպտեմբերի 25-ին ժամանեց Երևան: Պատմական, ազգագրական, տնտեսական, քաղաքական, բնաշխարհագրական, մշակութային ու ռազմագիտական հարուստ նյութերի հիման վրա նա կազմեց տեղեկագիր: Ելնելով հաղորդակցության ճանապարհների բարդությունից և տնտեսական պայմաններից՝ Հարբորդը Հայաստանի մանդատի ստանձնումը իրականանալի էր համարում միայն ամբողջ Փոքր Ասիան և Անդրկովկասը մեկ մանդատատերի հանձնելու դեպքում: Մանդատն ընդունելով՝ առաջիկա հինգ տարվա ծախսերը պետք է կազմեին 757 մլն դոլար: Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար նախապես անհրաժեշտ էր համարվում 59 հազարանոց բանակի առկայությունը: Իր տեղեկագրում Հայաստանի մանդատն ընդունելու օգտին Հարբորդը բերում էր 14 փաստարկ, դեմ՝ 13: Ուշագրավ է, որ իր ճանապարհին՝ Սերասաիայում, Հարբորդը հանդիպել էր թուրքական «Միլլի» շարժման առաջնորդ Մուստաֆա Քեմալին և ժամանելով Երևան՝ Հայաստանի ղեկավարությանն էր փոխանցել անմիջապես թուրքերի հետ բանակցելու Քեմալի առաջարկը:

 Հայաստանի մանդատի հնարավոր ընդունման հետ կապված՝ ԱՄՆ-ը 1920 թ. ապրիլի 24-ին փաստացի ճանաչեց նրա անկախությունը: Սակայն 1920 թ. հունիսի 1-ին, քննելով Հայաստանի մանդատի հարցը, ԱՄՆ-ի սենատը 52 ձայնով ընդդեմ 23-ի մերժեց այն:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am