Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայերի բռնագաղթը (1985-1991 թթ.)

  Հայերի բռնագաղթը 1985-1991 թթ.: Հայաստանի վիճակն ավելի ծանրացավ 1988թ. կեսերին Ադրբեջանից հայերին զանգվածաբար արտաքսելուց հետռ:  1988թ. սումգայիթյան եղեռնագործությունից հետո մինչև տարեվերջ շուրջ 200 հազար բռնագաղթված հայեր ապաստանեցին Հայաստանում և ԽՍՀՄ տարբեր վայրերում: Բռնագաղթվածներին տեղավորելը, նրանց կարիքները հոգալը շատ ծանր էր ճգնաժամային պայմաններում գտնվող Հայաստանի համար, հատկապես այն պատճառով, որ Ադրբեջանից Հայաստան ներգաղթածները հիմնականում քաղաքաբնակներ էին:

 Այդ վիճակը ավելի ծանրացավ աղետալի երկրաշարժի պատճառով, որը նոր զոհեր ու ավերումներ բերեց հայ ժողովրդին: 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ: Այն ընդգրկեց հանրապետության տարածքի 1/3 մասը` մեկ միլիոն 130 հազար բնակչությամբ: Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը, Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը, հարյուրից ավելի ավաններ ու գյուղեր: Ավերվեց հանրապետության ամբողջ բնակֆոնդի մոտ 17%-ը:  Պաշտոնական նվազեցված տվյալներով զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, բայց իրականում այն անցնում էր 35 հազարից: Անօթևան դարձավ 530 հազարը: Աղետի լուրը Հայաստանի վրա բևեռեց համայն մարդկության ուշադրությունը: Երկրաշարժից անմիջապես հետո տարբեր երկրներից հումանիտար օգնության բեռներով Հայաստան էին գալիս օդանավեր, գնացքներ, ավտոմեքենաների շարասյուններ: Համակողմանի օգնությանը մասնակցում էին աշխարհի 113 երկրներ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ:  Չնայած դրսից եկած անշահախնդիր մեծ օգնությանը` աղետի գոտու բնակչության մեծ մասը շարունակում էր մնալ անօթևան և առանց աշխատանքի: Դա ավելի էր սրում հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը:

 Ժողովրդական հուզումների նոր ալիք Հայաստանում: Արցախահայության գոյամարտը (1989թ. հունվար - 1991 թ. օգոստոս): Թեպետ օրավուր ծանրացող վիճակին` հանրապետության բնակչությունը շարունակում էր իր արդարացի ազատագրական պայքարը: Աղետի գոտի ժամանած Մ. Գորբաչովից նա վճռականորեն պահանջեց լուծում տալ հարցին: Բայց ԽՍՀՄ ղեկավարը ոչ միայն չընդառ ջեց, այլև կարգադրեց հաշվեհարդար տեսնել շարժման կազմակերպիչների ու ղեկավարների հետ: 1988 թ. դեկտե բեր - 1989 թ. հունվար ամիսներին կալանավորվեցին և մոսկովյան բանտերում արգելափակվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները և մի քանի տասնյակ երիտասարդներ` Հայաստանից ու Արցախից: Մոսկվայի ադրբեջանամետ իշխանությունները փորձում էին օգտագործել երկրաշարժի ծանր հետևանքները, գլխատել հայերի ազատագրական պայքարը և դաժան միջոցներով վերջնականապես ճնշել այն:

 Բայց դա հակառակ արդյունք տվեց: Չնայած գործող հատուկ դրությանն ու պարետային ժամին, երկրաշարժի ավերումներին ու շրջափակումներին` Հայաստանում ու Արցախում նոր թափով բորբոքվեցին բազմահազարանոց ցույցերն ու հանրահավաքները:

 1989 թ. ամռանը Ադրբեջանում հակահայկական հիստերիան հասավ իր գագաթնակետի: Դրա համար առիթ ծառայեցին ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարում հայ պատգամավորների ելույթները, որոնք ապացուցելով ղարաբաղյան պայքարի արդարացի լինելը` կրկին պահանջեցին մարզը միավորել Հայաստանին: Ադրբեջանական մամուլը վայնասուն բարձ րացրեց, իսկ հանրապետության իշխանությունները դիմեցին նոր զինված վայրագությունների: Ամենուր սկսվեցին լայնածավալ բռնություններ: Հայաշատ վայրերում նոր ուժով բորբոքվեցին հալածանքները, խոշտանգումներն ու սպանությունները: Տասնյակ հայկական բնակավայրեր թալանվեցին ու հրկիզվեցին: Սկսվեց նոր, է°լ ավելի ծավալուն բռնագաղթ, որի հետևանքով լիովին հայաթափվեցին Կիրովաբադը, Մինգեչաուրը, Խանլարը, Շահումյանը և այլ շրջաններ: Հուլիսին Ադրբեջանի կողմից փակվեցին Հայաստան և Արցախ տանող երկաթուղիներն ու ավտոճանապարհները:

 Այդ ծանր օրերին, 1990 թ. մայիսի 20-ին, կայացան ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություններ, որոնց ընթացքում մրցապայքարը հիմնականում տեղի ունեցավ Հայաստանի կոմկուսի և ՀՀՇ-ի միջև: Երկար վիճաբանությունների, պատգամավորների զգալի մասի անհամաձայնության և հոգեբանական ճնշումների պայմաններում Գերագույն խորհրդի նոր նախագահ ընտրվեց ՀՀՇ վարչության նախագահ Լ. ՏերՊետրոսյանը: 1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց  «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին»  փաստաթուղթ, որով դրվեց հանրապետության անկախության գործընթացի սկիզբը: Իսկ արցախահության վրա ճնշումները գնալով ուժեղանում էին: Առջևում Արցախյան ազատամարտն էր:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am