Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայկական տարածքների հարցը (1918-1920 թթ) Հայ-վրացական հակասությունները

 Հայկական տարածքների հարցը (1918-1920 թթ.). Հայ-վրացական հակասությունները:

 Պետականության հռչակման պահից Հայաստանի Հանրապետությանը լուրջ փոր­ձություններ էին սպասվում հարևանների հետ հարաբերու­թյուններում։ Պարսկաստանը միակ հարևանն էր, որի հետ սահմանների հարցում տարաձայնություններ չկային։ Ուստի ի սկզբանե նրա հետ հաստատվեցին բարիդրացիական և առևտ­րական հարաբերություններ, թեև Նախիջևանի թուրք բնակչու­թյան ապստամբ կեցվածքի պատճառով բնականոն երկաթու­ղային կապ երկու երկրների միջև այդպես էլ չհաստատվեց։

 Թուրքիայի, Ադրբեջանի և Նախիջևանի թրքության կողմից Հայաստանի շրջափակման պայմաններում արտաքին աշխարհի, հատկապես Եվրոպայի ու Ռուսաստանի հետ կապ հաստատելու գործում Հայաստանի համար կենսական նշանակություն էր ստանում Վրաստանով անցնող ճանապարհը։ Այս առումով Վրաստանի դեմոկրատական հանրապետության հետ լավ հա­րաբերությունների հաստատումը անհրաժեշտություն էր։ Սա­կայն անկախության առաջին ամիսներին երկու երկրների հարաբերությունները խիստ լարված էին։ Առանցքային հակասու­թյունը սահմանների խնդիրն էր։ Առաջնորդվելով Վրաստանի համար «ռազմավարական սահմաններ» ստեղծելու անհրաժեշտությամբ՝ Վրասաանի ղեկավարները հավակնություններ էին ներկայացնում Ախալքալաքի և Լոռու գերազանցապես հայա­բնակ գավառների նկատմամբ, որոնք համապատասխանաբար ունեին 80 հազար և 60 հազար հայ բնակչություն։ Ըստ որում Մուդրոսի զինադադարից հետո վրացիներն իրենց դիրքորոշումը բացատրում էին նրանով, որ Թուրքիայի պարտությունից հետո Հայաստանը կստանա Արևմտյան Հայաստանի 6 վիլայեթները և տարածքի կարիք չի ունենա։ Մինչդեռ սահմանագծման հար­ցում առաջնորդվելով ազգագրական սկզբունքով՝ Հայաստանի Հանրապետությունը նշված գավառները համարում էր իր տա­րածքի անբաժնելի մասը։

 Երբ 1918 թ. հոկտեմբերին թուրքերը թողեցին Լոռի-Փամ­բակի տարածքը, կառավարության հրահանգով հայկական ուժերը Դրոյի գլխավորությամբ անմիջապես զբաղեցրին այն։ Դա մեծ խլրտում աոաջ բերեց Թիֆլիսում։ Իրենց հերթին, հա­կառակ Հայաստանի բողոքներին, վրացական զորքերը դեկտեմ­բերի 5-ին մտան Ախալքալաք՝ այն հայտարարելով Վրաստանի տարածք։ Հնարավոր է, որ այլ պայմաններում կողմերը բանակցությունների սեղանի շուրջ նստեին և որոնեին ստեղծված վի­ճակից դուրս գալու խաղաղ ուղիներ, բայց նախորդ ամիսներին հայ-վրացական հարաբերություններում կուտակված լարվա­ծությունը նրանց չէր թողել այդ հնարավորությունը։

 Երկու երկրների միջև լարվածությունը հասել էր գագաթ­նակետին, որը պայմանավորված էր ոչ միայն տարածքային խնդիրներով, այլև տարբեր հանգամանքներով, այդ թվում առաջին հերթին՝ թուրքական 1918 թ. արշավանքի և հատկա­պես Անդրկովկասյան հանրապետության վերջին օրերի իրադարձություններով։ Հայ քաղաքական շրջանները, ոչ առանց հիմքի, վրացական կողմին մեղադրում էին հայերի հաշվին սե­փական շահերը պաշտպանելու, հայերի թիկունքում գործելու և հակառակորդի դեմ իրենց միայնակ թողնելու մեջ։ Դրան գու­մարվում էին նաև հակասություններն անդրկովկասյան ընդհանուր գույքի բաժանման և մի քանի այլ հարցերում։ Իրավիճակն ավելի բարդացավ այն բանի հետևանքով, որ թեև երկու կող­մերն էլ բազմիցս հայտարարում էին վիճելի հարցերը խաղաղ ուղիներով լուծելու պատրաստակամության մասին, բայց Վրասաանի ղեկավարությունը, ըստ էության, օգտագործում էր իր երկրի աշխարհագրական դիրքի առավելությունները և փոր­ձում Հայաստանի հաղորդակցության ուղիների շրջափակման միջոցով նրան տարածքային զիջումներ պարտադրել։ Ուժի դիրքից վարած նման քաղաքականությունը հատկապես բնորոշ էր 1918 թ. աոաջին ամիսներին, երբ դեռ չէր ավարտվել Առաջին աշխարհամարտը, և Վրաստանը օգտվում էր գերմանական հո­վանավորությունից։ Սովի և համաճարակի ճիրաններում գա­լարվող Հայաստանի համար, որը կտրված էր արտաքին աշխարհից, դա թիկունքից հասցված դաշույնի հարված էր։ Նման պայմաններում երկու երկրների միջև վեճը, ի վերջո, վերածվեց ոազմական բախման, և 1918 թ. դեկտեմբերի 13-ին սկսվեց Հայ-վրացական պատերազմը։

 Գնալով Վրաստանի հետ բացահայտ ռազմական բախման՝ Հայաստանը լուծում էր իր համար կենսական երկու հարց. 1) Դեպի Բաթում ազատ ելքի բացում, որը սովահար ժողովրդի փրկության միակ ուղին էր, 2) Լոռու և Ախալքալաքի հայկական գավառների միավորում հայրենի երկրին։

 Այս առումով ընդունելի չեն այն տեսակետները, որոնք Հայ-վրացական պատերազմը փորձում են բացատրել հայկական բանակում ծառայող ռուս սպաների հակավրացական սադ­րանքներով կամ Դրոյի «ռազմատենչ խմբավորման» գործողու­թյուններով։ Հայ-վրացական պատերազմը կարճատև էր։ Հայկական բանակը Դրոյի հրամանատարությամբ դեկտեմբերի 15-ին սրընթաց գրոհով ազատագրեց Ալավերդին, 17-ին՝ Բոլնիս-Խաչենը, այնուհետև՝ Շուլավերը և Սադախլուն։ Վրացական բանակը ծանր պարտություն կրեց, դեպի Թիֆլիս տանող ճանապարհը բաց էր։ Սակայն Անգլիայի և Ֆրանսիայի միջնորդու­թյամբ դեկտեմբերի 31-ին ռազմական գործողությունները դա­դարեցին, և կողմերի միջև կնքվեց զինադադար։ Ստորագրված համաձայնությամբ Բորչալուի գավառի հյուսիսային մասը մնում էր Վրաստանին, հարավային մասը՝ մինչև Դսեղ-Ջալալօղլի գիծը՝ Հայաստանին։ Դրանց միջև ընկած տարածքում ստեղծ­վում էր «Չեզոք գոտի»՝ անգլիական զորքերի հսկողությամբ և անգլիացի նահանգապետի ղեկավարությամբ։ Վերջինս ուներ հայ և վրացի օգնականներ։ Չնայած Հայաստանի բողոքներին՝ Ախալքալաքի վրա հաստատվում էր վրացական հսկողություն։ Զեոքբերված համաձայնությունը ժամանակավոր էր։ Հարցի վերջնական լուծումը թողնվում էր համաձայնության (Ան­տանտ) պետություններին, երկու կողմն էլ իրենց ներկայացուցիչները պետք է ուղարկեին Եվրոպա։

 Երկու երկրների փոխհարաբերությունների կարգավորման խնդիրներով զբաղվեց 1919 թ. հունվարի կեսին Թիֆլիսում բացված հայ-վրացական խորհրդաժողովը, որը տևեց մոտ 3 ամիս։ Սահմանային հարցերում կողմերը ղարձյալ համաձայնու­թյան չեկան, սակայն որոշում ընդունվեց փոխադարձ անկա­խության ճանաչման ե դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին։ Ստորագրվեց փոստ-հեռագրական հա­մաձայնություն։ Երկու երկրների միջև վերացվեց անցագրային ռեժիմը։ Մարտին վերականգնվեց երկաթուղային հաղորդակցությունը և Հայաստանի համար Թիֆլիսի ու Բաթումի վրայով ճանապարհ բացվեց դեպի Եվրոպա ու Ռուսաստան։ Դրանով հանդերձ՝ երկու երկրների միջև դեռևս կային չլուծված խնդիր­ներ։ Հայ-վրացական նոր խորհրդաժողով բացվեց 1919 թ. սեպ­տեմբերին։ Թեև սահմանային հարցում դարձյալ համաձայնու­թյուն չկայացվեց, այնուհանդերձ նոյեմբերի 3-ին ստորագրվեց երկու դաշնագիր։ Կողմերը պարտավորվեցին գոյություն ունեցող կամ ապագայում ծագելիք վեճերը լուծել փոխադարձ հա­մաձայնությամբ կամ իրավարարի վճռով։ Նրանց միջև սահմանվեց առանց մաքսի ապրանքների փոխադրություն։ Անգլիացի­ների հեռանալուց հետո որոշում էր ընդունվել Լոռու «Չեզոք գոտում» խառը վարչություն պահելու մասին։ 1920 թ. ամռանը կայացած նոր խորհրդաժողովում սահմանային հարցերի կողքին երկար բանակցությունների նյութ դարձավ հպատակության հարցը, որը թելադրված էր վրացահայերի՝ Հայաստանի քաղա­քացի դառնալու հարցում Վրաստանի ժխտական կեցվածքով։ Բայց, այդ ամենով հանդերձ, ընդհանուր առմամբ երկու երկրների միջև հաստատվեցին տանելի հարաբերություններ և աստիճանաբար կարծես մոռացության էր տրվում դառն անցյալը:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am