Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1946 թթ.):Սխրագործություններ առաջին մարտերում

Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1946 թթ.)Սխրագործություններ առաջին մարտերում։

 Պատերազմի առաջին օրերին գերմարդկային սխրանք կատարեցին Բրեստի ամրոցի կայազորի պաշտպանները։ Նրանց թվում կար ավելի քան 200 հայ, որոնց կեսից ավելին զորակոչվել էր Կապանի շրջանից։ 1941 թ. հունիսի 22-ից մինչև հուլիսի 20-ը ամրոցի պաշտպանները արիաբար դիմագրավեցին հակառակորդի թվապես մի քանի անգամ գերակշռող ուժերին՝ կաշկանդելով նրանց առաջխաղացումը։ Ամրոցի խիզախ պաշտպաններից էին Սամվել Մաթևոսյանը, Աոս Նուրիջանյանը, Վահան Գրիգորյանը և ուրիշներ։

 Մարտերում կատարած սխրանքների համար հայերից առաջինը կառավարական բարձր պարգևի արժանացավ ավագ լեյտենանտ, օդաչու Պատրիկ Գազազյանը. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1941 թ. հուլիսի 8-ի հրամանագրով նա պարգևատրվեց մարտական Կարմիր դրոշի շքանշանով։ 1941 թ. հունիսի 24-ին Սարգիս Հայրապետյանն իր այրվող ինքնաթիռը գիտակցաբար մխրճեց հակառակորդի տանկային շարասյան մեջ՝ կյանքի գնով կատարելով մարտական առաջադրանքը։

 Պատերազմի առաջին տարում կատարած սխրանքների համար 4 հայորդիների շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում; Հայերից աոաջինն այդ բարձր կոչմանն արժանացավ օդաչու Լազար Չափչախովը, երկրորդը՝ Բալթյան նավատորմի ռազմաօդային ուժերի օդաչու Նելսոն Ստեփանյանը, երրորդը՝ գումարտակի հրամանատար լեյտենանտ Խաչատուր Մելիքյանը, չորրորդը՝ հրետանային մարտկոցի հրամանատար լեյտենանտ Սերգեյ Օգանովը։ Դոնի Ռոստովի Մյասնիկյանի շրջանի Մեծ Սալա հայկական գյուղի Բերբեր Օբա կոչվող բարձունքում տեղակայված Ս. Օգանովի մարտկոցը, որն ուներ 24 հոգուց բաղկացած անձնակազմ, 1941 թ. նոյեմբերի 17-18-ը անհավասար մարտ մղեց հակառակորդի 50 տանկերի դեմ և ոչնչացրեց դրանցից 30-ը։ Խիզախ հրետանավորները զոհվեցին, բայց իրենց կյանքի գնով կատարեցին մարտական առաջադրանքը՝ թույլ չտալով թշնամուն մտնել Դոնի Ռոստով։

 1941 թ. հուլիսի 10-ից մինչև սեպտեմբերի 10-ը տեղի ունեցած Սմոլենսկի ճակատամարտում մարտիկների ցուցաբերած զանգվածային հերոսության և ռազմական բարձր վարպետության արդյունքում ծնվեց խորհրդային գվարդիան։ Աոաջին գվարդիականների թվում էր 395-րդ հրաձգային գնդի հրամանատար մայոր Համազասպ Բաբաջանյանը, որը գվարդիականի պատվավոր կոչման արժանանալու հետ մեկտեղ պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով։ Դա ապագա ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի առաջին մարտական պարգևն էր։

 Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին իր ռազմավարական ունակություններով ու խիզախությամբ աչքի ընկավ ԽՍՀՄ ռազմածովային ժողկոմի առաջին տեղակալ, Գլխավոր ծովային շտաբի պետ ծովակալ Հովհաննես Իսակովը (Տեր-Իսահակյան)։ Իսակովը զբաղվում էր Լենինդրադի Հրետանային պաշտպանության ամրապնդման գործերով։ Հետագայում նրան շնորհվեց Խորհրդային Միության նավատորմի ծովակալի և Խորհրդային Միության Հերոսի կոչում։

 Արևմտյան ռազմաճակատի ռազմաօդային ուժերի շտաբի պետն էր գնդապետ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանց)։ Արտակարգ դժվարին պայմաններում նա ղեկավարեց շտաբի աշխատանքը, կապ հաստատեց բոլոր զորամասերի հետ։ Շնորհիվ դրա միայն պատերազմի աոաջին օրը Արևմտյան ռազմաճակատի օդաչուները ոչնչացրին հակառակորդի 100 ինքնաթիռ: Հետագայում Խուդյակովին շնորհվեց ավիացիայի մար֊շալի (աոաջին հայ մարշալը) կոչում, առաջ քաշվեց օդային բանակի, ապա ամբողջ կարմիր բանակի ռազմաօդային ուժերի շտաբի պետի պաշտոնում։

 Հայրենական մեծ պատերազմի առաջին մարտերում իրենց խիզախությամբ և մարտավարական հմտությամբ աչքի ընկան հարավարևմտյան ռազմաճակատի շտաբի օպերատիվ բաժնի պետ գնդապետ Իվան (Հովհաննես) Բաղրամյանը (հետագայում Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս), նույն ռազմաճակատի հրետանու պետ, Խորհրդային Միության հերոս, հրետանու գեներալ-լեյտենանտ Միքայել Պարսեղովը (հետագայում հրետանու գեներալ-գնդապետ), Հարավային ռազմաճակատի հրետանու պետ գնդապետ Իվան Վեքիլովը, 12-րդ բանակի շտաբի պետ գեներալ-մայոր Բագրատ Առուշանյանը և շատ ուրիշներ։

 

Գրականության ցանկ

Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ.:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am