Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1946 թթ.):Սփյուռքահայերի ավանդը պատերազմում տարած հաղթանակներում

Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1946 թթ.): Սփյուռքահայերի ավանդը պատերազմում տարած հաղթանակներում: Երկրորդ Համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մեջ իր ավանդն ունի նաև սփյուռքահայությունը։ Պատերազմի տարիներին նրա ճնշող մեծամասնությունը կողմնորոշվեց դեպի մայր հայրենիքը, համախմբվեց ազգային ճակատի մեջ ու ստեղծեց մի շարք առաջադիմական կազմակերպություններ և ընկերոլթյուններ։ Այսպես, օրինակ՝ ԱՄՆ-ում ստեղծվեցին հայկական առաջադիմական լիգա և ամերիկահայերի ազգային խորհուրդ, Ֆրանսիայում՝ ֆրանսահայերի ազգային ճակատ, Սիրիայում, Լիբանանում, Իրանում, Եգիպտոսում, Եթովպիայում և այլ երկրներում՝ Խորհրդային Միության բարեկամների ընկերություններ և հակաֆաշիստական առաջադիմական կազմակերպություններ, որոնք ամբողջ պատերազմի ընթացքում հետևողականորեն վարում էին հօգուտ ԽՍՀՄ-ի գործունեություն։ Սփյուոքահայերը ոչ միայն բարոյապես պաշտպանելին մայր Հայրենիքը, այլև նյութական զգալի օգնություն ցուցաբերեցին կարմիր բանակին։ Այսպես, օրինակ՝ սփյուոքահայերի հանգանակության շնորհիվ, որը կազմակերպել էր Հայ Առաքելական եկեղեցին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի նախաձեռնությամբ, պատերազմի տարիներին կառուցվեցին «Սասունցի Դավիթ» տանկային երկու շարասյուններ (առաջին շարասյան մեջ կային 21, իսկ երկրորդում՝ 22 «Տ-34» մակնիշի տանկեր)։ Բացի այդ, իրանահայերի հանգանակած գումարների միջոցներով կառուցվեց նաև «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյունը։

 Բազմաթիվ  սփյուոքահայեր ֆաշիզմի դեմ պայքարել են զենքը ձեոքներին։ Միայն ԱՄՆ-ի բանակում մարտնչել են շուրջ 20.000 հայեր։ Նրանցից լեյտենանտ Երվանդ Դերվիշյանը պարգևատրվեց ԱՄՆ-ի կոնգրեսի «Պատվո մեդալով», որը հանդիսանում է այդ երկրի բարձրագույն պարգևը։ Պատերազմի տարիներին այդ պարգևին արժանացել է ընդամենը 87 մարդ։ Ամերիկյան ռազմաօդային ուժերի խիզախ օդաչուներից էին Չարլզ Տերտերյանը, Սեմ Պարսամյանը, Քըրք Քըրքորյանը (այժմ Հայաստանի ազգային հերոս)։ Ամերիկյան բանակի գեներալներ դարձան Ջորջ Մարտիկյանը, Հայկ Շեքերջյանը, Ջոն Աբաջյանը, Սարգիս Զարգարյանը, սիրիական բանակի՝ Արամ Կարամանուկյանը, Բուլղարիայի՝ Գաբրիել Գաբրիելյանը և այլոք։ Շուրջ 30.000 հայեր կային Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի բանակներում, որոնց մի մասը զորակոչված էր Եգիպտոսից, Սիրիայից, Լիբանանից և այլ երկրներից։ Անգլիայի և Ֆրանսիայի երկնքում են հերոսացել ռազմական օդաչուներ Նոյել, Ջեկ և Լևոն Աղազարյան եղբայրները, որոնցից առաջինը զոհվել է Անգլիայում, իսկ երկրորդը՝ Ֆրանսիայում կատարած մարտական թռիչքների ժամանակ։ Նրանց քույրը՝ Մոնիկ Աղազարյանը, պատերազմի ժամանակ ռազմական օդանավակայանի պատասխանատու ծառայող էր։

 Հազարավոր սփյուռքահայեր ընդգրկված էին ֆաշիստական Գերմանիայի կողմից զավթված երկրների դիմադրական-պարտիզանական շարժման շարքերում։ Իր անմար սխրանքով Ֆրանսիայում հռչակվեց Միսաք Մանուշյանը, որը հետմահու արժանացավ Ֆրանսիայի հերոսի կոչման։ Մանուշյանը 1943 թ. մարտից հանդիսանում էր Փարիզի շրջանում գործող «Ստալինգրադ» ջոկատի Հրամանատար, իսկ նույն թվականի մայիսից՝ Փարիզի ու Փարիզի շրջանի պարտիզանական ինտերնացիոնալ ջոկատների հրամանատար։ 1943 թ. նոյեմբերի 16-ին նա մատնությամբ ձերբակալվեց ֆաշիստների կողմից և 1944 թ. փետրվարի 21-ին իր 23 զինակիցների հետ գնդակահարվեց։ Հայ ռազմագերիներին ֆաշիստական գերությունից ազատելուն մեծապես օգնեցին այժմ աշխարհահռչակ երգիչ և Հայաստանի ազգային հերոս Շաոլ Ազնավուրի ծնողները՝ Միքայել և Քնար Ազնավուրյանները, քույրը՝ Աիդան և անձամբ 20-ամյա Շառլը: Հանուն Ֆրանսիայի իրենց կյանքը զոհեցին հայ ժողովրդի անվեհեր զավակներ Լուիզա (Լաս) և Արփիար Ասլանյանները։

 Ավելի քան 300 հայորդիներ ընկան Հունաստանի պարտիզանական կռիվներում և դիմադրական պայքարում։ Ամբողջ Բուլղարիայով մեկ թնդաց հերոսուհի պարտիզան Սաշկայի (Հերմինե Ռազգրադլյան) անունը, որին ֆաշիստները դաժան խոշտանգումներից հետո կախաղան հանեցին։

 Սփյուոքահայության միայն չնչին մասը չմիացավ հայ ազգային ճակատի ուժերին։ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ղեկավարներից ոմանք Բեռլինում ստեղծեցին «Հայ ազգային խորհուրդ»՝ Արտաշես Աբեղյանի նախագահությամբ։ Խորհրդի անդամներից էին՝ Աբրահամ Գյուլխանդանյանը (փոխնախագահ), Հարություն Բաղդասարյանը (քարտուղար), Գարեգին Նժդեհը, Դրաստամատ Կանայանը (Դրո), Վահան Փափազյանը (Կոմս) և ուրիշներ։ Խորհուրդը գործում էր ֆաշիստական Գերմանիայի կողմից զավթված ԽՍՀՄ արևելյան շրջանների նախարարության հովանավորության ներքո, որի հիմնական նպատակը Կովկասում գերմանական իշխանության հաստատումն էր և այն իրականացնելու համար գերմանական բանակի կազմում հայկական լեգեոնի ստեղծումը։ Նժդեհն ու Դրոն այդ գործին լծվեցին նաև սովից հայ ռազմագերիներին փրկելու մղումներով։ Նրանք շրջում էին ռազմագերիների ճամբարներում և հավաքագրում հայ զինվորներին ու սպաներին։ Ընդհանուր առմամբ հաջողվեց հավաքագրել շուրջ 8-9 հազար մարդու և ստեղծել Հայկական լեգեոնի 10 գումարտակ։ Հատկանշական է, որ ռայխսկանցլեր Հերման Գյորինգն իր «Կանաչ թղթապանակում» ֆաշիստական զորապետներին հրահանգել էր. «Կովկասում բնիկների (վրացիների, հայերի, թաթարների և այլն) և ռուսների միջև եղած հակասությունները պետք է օգտագործել հօգուտ մեր շահերի՝ հաշվի առնելով հայերի անբարյացակամությունը մեր նկատմամբ...»։ Գերմանացիների նկատմամբ հայերի անբարյացակամության մասին նշել է նաև Ադոլֆ Հիտլերը։ 1942 թ. դեկտեմբերին անդրադառնալով ազգային լեգեոնների կազմավորման հարցին՝ նա հայտարարել է. «Չգիտեմ թե ինչպես իրենց կպահեն վրացիները։ Նրանք թուրքական ժողովուրղների թվին չեն պատկանում։ Ես միայն մուսուլմաններին եմ վստահելի համարում։ Այդ զուտ կովկասյան գումարտակների կազմակերպումը համարում եմ չափազանց վտանգավոր գործ, բայց միայն մուսուլմանական զորամասեր ստեղծելու մեջ ոչ մի վտանգ չեմ տեսնում... Չնայած Ռոզենբերգի և զինվորականների հավաստիացումներին, ես հայերին չեմ վստահում»։ Հիտլերի այս մտավախությունը անհիմն չէր։ Նա լավ էր հասկանում, որ հայ ժողովրդի մեջ դեռ թարմ էին 1915 թ. ողբերգական իրադարձությունները, երբ թուրքական կառավարությունը Գերմանիայի անմիջական հովանավորությամբ ծրագրավորված իրագործեց հայերի ցեղասպանությունը։ Չնայած Հիտլերի մտավախությանը՝ գերմանական բանակի կազմում խորհրդային ռազմագերիներից ստեղծվեցին ազգային լեգեոններ։ Անմիջապես նշենք, որ հայ լեգեոնականների մեծամասնությունը թշնամաբար էր տրամադրված գերմանացիների նկատմամբ և մտադիր չէր մարտնչել նրանց համար։ Նրանց զգալի մասը գերմանական զինվորի համազգեստ էր հագել՝ շատ թե քիչ մեղմելու ռազմագերու թշվառ վիճակը, իսկ հարկ եղած պահին անցնելու ռազմաճակատի գիծը՝ միանալու կարմիր բանակին կամ պարտիզաններին։ Ինչպես վկայում են փաստերը, ռազմաճակատ փոխադրված գումարտակների անձնակազմների մեծ մասը կամ միացավ պարտիզաններին (այսպես կազմակերպվեց Ուկրաինայում Անաստաս Միկոյանի անվան հայկական պարտիզանական ջոկատը), կամ անցավ ռազմաճակատի գիծը և շարունակեց մարտնչել կարմիր բանակի շարքերում։ Իսկ լեգեոնականների այն գումարտակները, որոնք տեղափոխվեցին Ֆրանսիա, հիմք դարձան խորհրդային պարտիզանական 1-ին գնդի կազմավորմանը։ Նման կերպ վարվեցին նաև Հոլանդիա և Հունաստան տեղափոխված հայկական գումարտակները։ Այսպիսով, հիտլերականների կողմից ստեղծված հայկական լեգեոնի ստորաբաժանումները ոչ միայն չծառայեցին ֆաշիստական վերմախտին, այլև դարձան խորհրդային պարտիզանական ջոկատների, ֆրանսիական, հոլանդական, հունական դիմադրական շարժումների համալրման աղբյուրներ։

 

Գրականության ցանկ

 

 

Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ.:

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am