Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1946 թթ.):Պատերազմի գլխավոր ճակատամարտերում

 Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1946 թթ.): Պատերազմի գլխավոր ճակատամարտերում: 1941 թ. սեպտեմբերի 30-ից մինչև 1942 թ. ապրիլի 20-ը տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմի առաջին շրջանի ամենանշահավոր ճակատամարտերից մեկը՝ Մոսկվայի ճակատամարտը։ Պաշտպանական և հարձակողական գործողությունների ընթացքում կարմիր բանակը ոչ միայն կասեցրեց ֆաշիստական «Կենտրոն» բանակային զորախմբի առաջխաղացումը Մոսկվայի մատույցներում, այլև հզոր հակահարվածով նրան 100-250 կմ հետ շպրտեց դեպի արևմուտք։ Այդ հաղթանակը ցրեց գերմանաֆաշիստական բանակների անպարտելիության մասին առասպելները, նպաստեց հակահիտլերյան դաշինքի ամրապնդմանը։

 Մոսկվայի ճակատամարտին ռուսների, ուկրաինացիների, բելոռուսների, ԽՍՀՄ մյուս ժողովուրդների ներկայացուցիչների հետ մասնակցեցին մի քանի հազար հայորդիներ։ Նրանց թվում էր գեներալ-մայոր Հովհաննես Բաղրամյանը։ Այդ ճակատամարտում տարած հաղթանակի գործում իրենց արժանի ավանդը ներդրեցին նաև դիվիզիայի հրամանատար փոխգնդապետ Սարգիս Մարտիրոսյանը (Հետագայում գեներալ-լեյտենանտ, Խորհրդային Միության Հերոս) և 239-րդ Հրաձգային դիվիզիայի հրամանատար գնդապետ Հայկ Մարտիրոսյանը (Հետագայում գեներալ-մայոր) և ուրիշ հրամանատարներ։

 Հայ ռազմիկներն իրենց արժանի ավանդը ներդրեցին նաև Ստալինգրադի ճակատամարտում (17 հուլիսի 1942-2 փետրվարի 1943)։ Հայրենական պատերազմի ամենախոշոր և վճռական նշանակություն ունեցող այդ ճակատամարտում կարմիր բանակը տարավ պատմական խոշորագույն նշանակություն ունեցող հաղթանակ, որն ավարտվեց գերմանական մի մեծ զորախմբի շրջապատումով և լրիվ ջախջախումով։ Հակառակորդն այստեղ կորցրեց ավելի քան 1,5 միլիոն մարդ՝ սպանված, վիրավոր և անհայտ կորած, որը կազմում էր խորհրդագերմանական ճակատում մարտնչող ֆաշիստական զորքերի 1/4 մասը։ Ատալինգրադի ճակատամարտը վճռական բեկում մտցրեց ինչպես Հայրենական մեծ պատերազմի, այնպես Էլ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքի մեջ։ Ստալինգրադի տակ ֆաշիստական զորքերի պարտությունը ցնցեց երրորդ ռայխի հիմքերը, խարխլեց նրա նկատմամբ իր դաշնակից երկրների վստահությունը, նպաստեց Գերմանիայի կողմից զավթված եվրոպական մի շարք երկրներում դիմադրական շարժման ուժեղացմանը։ ճապոնիան ստիպված էր ժամանակավորապես հրաժարվել ԽՍՀՄ նկատմամբ ակտիվ գործողությունների դիմելու ծրագրից, իսկ Թուրքիան, որը պատրաստվում էր 1942 թ. նոյեմբերի 24-ին հարձակվել Խորհրդային Միության վրա, հարկադրված եղավ իր 26 դիվիզիաները հետ քաշել Խորհրդային Հայաստանի սահմաններից։ Ստալինգրադի ճակատամարտում կատարած սխրանքների համար Խորհրդային Միության Հերոսի կոչում շնորհվեց ավիաէսկադրիլիայի հրամանատար ավագ լեյտենանտ Սերգեյ Բուռնազյանին, որը օդային մարտերում ցած գցեց հակառակորդի 22 ինքնաթիռ։ Իր խիզախությամբ աչքի ընկավ գվարդիայի մայոր Մաթևոս Մադաթյանը, որը պարգևատրվեց Լենինի շքանշանով։ Նման պարգևի արժանացան նաև տանկային բրիգադի կոմիսար Գրիգոր Գալուստովը, որի բրիգադը Ստալինգրադի մատույցներում ոչնչացրեց հակառակորդի 218 տանկ։

 Ստալինգրադյան ճակատամարտին սկզբից մինչև վերջ ակտիվորեն մասնակցեց նախկին Հայկական 76-րդ հրաձգային դիվիզիան, որր մարտերում աչքի ընկնելու համար վերակազմավորվեց 51-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի։

 Դոնի ճակատի մարտերում աչքի ընկան քաղվարչության պետ գեներալ-մայոր Սերգեյ Գալաջևը, հրետանու գեներալ-մայոր Իվան Վեքիլովը, 5-րդ տանկային բանակի ռազմական խորհրդի անդամ գեներալ-մայոր Հայկ Թումանյանը, 60-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատար փոխգնդապետ Ասքանազ Կարապետյանը (Հետագայում գեներալ-մայոր, Խորհրդային Միության հերոս), Ստեփան Միկոյան և Վլադիմիր Միկոյան եղբայրները, հետախույզ Սուրեն Միրզոյանը, սակրավոր Սուրեն Ավետիսյանր և շատ ուրիշներ։

 Հայ ռազմիկներն ակտիվ մասնակցություն ունեցան նաև Հայրենական մեծ պատերազմի մյուս նշանավոր՝ Կուրսկի ճակատամարտին, որը տեղի ունեցավ 1943 թ. հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 23-ը։ Կուրսկի ճակատամարտում կարմիր բանակը ոչ միայն ամբողջովին ջախջախեց հակառակորդի 30 ընտիր դիվիզիաներից բաղկացած զորախմբավորումը, այլև ընդմիշտ թաղեց գեբելսյան ստահոդ քարոզչության սին առասպելը, թե խորհրդային զորքերն ընդունակ են միայն հաղթելու ձմեռային պայմաններում։ Կուրսկի աղեղում կրած պարտության հետևանքով լիովին կործանվեց գերմանաֆաշիստական բանակի հարձակողական ռազմավարությունը. գերմանական բանակը ստիպված էր ամբողջ ճակատով մեկ անցնել պաշտպանության։ Այդ ճակատամարտում տարած հաղթանակի գործում ցուցաբերած հերոսությունների համար հայ ժողովրդի զավակներից շատերը արժանացան կառավարական բազմապիսի պարգևների։ Մարտերում իրենց խիզախությամբ առավել աչքի ընկած գնդապետ Գրիգոր Գալուստովին և լեյտենանտ Վլադիմիր Իոնիսյանին հետմահու շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում։ Սուվորովի 1-ին աստիճանի զորավարական բարձրագույն շքանշանով պարգևատրվեց 11-րդ գվարդիական բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Հովհաննես Բաղրամյանը, որին շնորհվեց նաև գեներալ-գնդապետի կոչում: Նման պարգևի և ավիացիայի գեներալ-գնդապևտի կոչման արժանացավ Կարմիր բանակի ռազմաօդային ուժերի շտարի պետ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանցը)։

 Հիշատակության է արժանի օդաչու, ավագ լեյտենանտ էդուարդ Բունիաթյանի անձնազոհ սխրանքը։ 1943 թ. օգոստոսի 3-ին Բելգորոդի շրջանում մարտական հերթական առաջադրանքը կատարելիս թշնամու զենիթային-հրետանային կրակից սկսվեց այրվել խիզախ օդաչուի ինքնաթիռը։ Անվեհեր հայորդին չօգտվեց պարաշյուտից և այրվող ինքնաթիռր մխրճեց հակառակորդի կենդանի ուժի ու տեխնիկայի կուտակումների վրա՝ իր կյանքի գնով ոչնչացնելով դրանք։ Այդ սխրանքի համար էդուարդ Բունիաթյանը հետմահու արժանացավ Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանի։ Մինչ այդ նա պարգևատրվել էր Կարմիր դրոշի ու Կարմիր աստղի շքանշաններով։

 Ավելի քան 100.000 հայորդիներ մասնակցեցին Կովկասի համար մղվող մարտերին, որոնք սկսվեցին 1942 թ. հուլիսի 27-ին և ավարտվեցին 1943 թ. հոկտեմբերի 9-ին։ Նրանց զգալի մասը մարտնչեց հայկական 89-րդ, 408-րդ, 409-րդ հրաձգային դիվիզիաների շարքերում։

 Կովկասի պաշտպանության մարտում ցուցաբերած խիզախության համար Խորհրդային Միության հերոսի կոչում շնորհվեց նաև ավիաէսկադրիլիայի հրամանատար կապիտան Սամսոն Մկրտումյանին և հրաձգային բրիգադի գումարտակի հրամանատար ավագ-լեյտենանտ Ղուկաս Մադոյանին։

 1942 թ. ապրիլից մինչև հոկտեմբեր Սևծովյան նավատորմի և Կովկասյան ռազմաճակատի զորքերի գործողությունները փոխհամաձայնեցնում էր ռազմաճակատի հրամանատարի տեղակալ և ռազմական խորհրդի անդամ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը։ Հոկտեմբերի 4-ին Տուապսեի շրջանում նա ծանր վիրավորվում է և զրկվում ձախ ոտքից, բայց կազդուրվելուց հետո շարունակում է ծառայությունը գործող բանակում։ ԽԱՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1942 թ. դեկտեմբերի 13-ի հրամանագրով ծովակալ Իսակովը պարգևատրվում է Լենինի շքանշանով։

 Կովկասի հերոսամարտի շրջանում հայ ժողովուրդը 1943 թ. փետրվարին հայրենասիրական նամակ-կոչով դիմեց ռազմաճակատում գտնվող իր զավակներին։ Նամակի տակ ստորագրել էին 335.316 մարդ։ Այն վառ կերպով արտահայտում էր հայ ժողովրդի ջերմ հայրենասիրությունը, հիշեցնում նրա մարտական հարուստ ավանդույթները։ Ժողովուրդն իր որդիներին ու դուստրերին կոչ էր անում տուն վերադառնալ հաղթանակով։ Նամակը, որ բազմահազար օրինակներով հրատարակվեց հայերեն և ռուսերեն, տարածվեց ոչ միայն Կովկասյան, այլև մյուս բոլոր ռազմաճակատներում, լայն արձագանք գտավ թշնամու դեմ մարտնչող բոլոր հայ ռազմիկների սրտերում։ Պատասխան նամակում նրանք երդվեցին սուրը պատյան չդնել մինչև լիակատար հաղթանակ։

 1943 թ. հոկտեմբեր-1944 մայիս ամիսներին ազատագրվեցին նաև Աերշ և Ղրիմ թերակղզիները։ Թամանյան թերակղզին գերմանաֆաշիստական զորքերից մաքրելու մարտական գործողությանը հերոսական մասնակցություն ցուցաբերեց հայկական 89-րդ դիվիզիան՝ գեներալ Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ։ Գերագույն գլխավոր հրամանատարի 1943 թ. հոկտեմբերի 9-ի հրամանագրով դիվիզիային շնորհվեց Թամանյան պատվավոր անվանումը։ Դիվիզիայի երեք մարտիկների՝ ավագ սերժանտներ Հունան Ավետիսյանին, Սուրեն Առաքելյանին և զինվոր Ջահան Կարախանյանին հետմահու շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում։ Աոաջին երկուսը մարտի ժամանակ իրենց մարմիններով փակել էին թշնամու հրակնակետերը և կյանքի գնով կատարել մարտական առաջադրանքը։ Այդ մարտերում ցուցաբերած խիզախության համար 10 հայորդու և Հայաստանում ծնված մեկ հույնի շնորհվեց Խորհրդային Միության Հերոսի կոչում։

 1943 թ օգոստոսի վերջերից մինչև 1944 թ. վերջերը 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ Ուկրաինական ռազմաճակատների զորքերը գերմանաֆաշիստական զավթիչներից ազատագրեցին Ուկրաինան։ Այդ ռազմաճակատների զորքերի կազմում մարտնչել են շուրջ 80.000 հայ ռազմիկներ։ Եթե դրան ավելացնենք նաև 1941-1942 թթ. Ուկրաինայի պաշտպանական ծանր մարտերին մասնակցած հայերի թիվը, որը կազմել է ավելի քան 20.000, ապա Ուկրաինայի համար մարտնչած հայերի թիվը անցնում է 100.000-ից։ Նրանցից ավելի քան 30.000-ը զոհվել են մարտերում։ Այդ մարտերում իրենց սխրանքներով առավել աչքի ընկած 21 հայ խիզախների շնորհվել է Խորհրդային Միության Հերոսի կոչում։ 1943 թ. նոյեմբերի 6-ին առաջինների թվում Կիև մտան 50-րդ Հրաձգային կորպուսի զորամասերը, կորպուսի հրամանատարն էր գեներալ-մայոր Սարգիս Մարտիրոսյանը, որն արժանացավ Լենինի շքանշանի։ Ուկրաինայի ազատագրման մարտերում աչքի ընկավ նաև Հայկական 409-րդ հրաձգային դիվիզիան, որն արժանացավ Կիրովոգրադյան պատվավոր անվան։

 50 հազար հայ ռազմիկներ մասնակցեցին Բելոռուսիայի ազատագրմանը, որոնցից 15.000-ը զոհվեց մարտերում։ Նրանցից շատերը սխրանքների համար պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով, իսկ 11 հայորդիներ արժանացան Խորհրդային Միության Հերոսի կոչման։ Նրանց թվում էր Առաջին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանը։ Բելոռուսիայի ազատագրման մարտերում աչքի ընկնելու համար «Վիտեբսկյան» անվանում շնորհվեց 51-րդ գվարդիական (Հայկական 76-րդ) հրաձգային դիվիզիային, նրա երեք հրաձգային գնդերին շնորհվեց «Պոլոցկյան» անվանում։

 Բազմաթիվ հայորդիներ ակտիվորեն մասնակցել են նաև Լենինգրադի, Մերձբալթյան հանրապետությունների, Կարելիայի, Խորհրդային Անդրբևեռի համար մղված մարտերին։ Լենինգրադի և Մերձբալթիկայի համար մղված կռիվներում հերոսաբար զոհվեց Խորհրդային Միության Հերոս, գրոհային ավիագնդի հրամանատար փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանը, որին հետմահու շնորհվեց Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում։

 Հազարավոր hայորդիներ մասնակցեցին ֆաշիզմի լծից Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հարավսլավիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի, Ավստրիայի և Գերմանիայի ազատագրման մարտերին։ Միայն Լեհաստանի համար մղված մարտերում Խորհրդային Միության Հերոսի կոչման արժանացավ 18 հայորդի, իսկ 8 շարքային զինվոր դարձավ Փառքի շքանշանի լրիվ ասպետ։ 10 հայեր հերոսացան ֆաշիստական Գերմանիայի ջախջախման և Բեռլինի գրավման մարտերում, իսկ նույնքան հայ ռազմիկներ էլ դարձան Փառքի շքանշանի լրիվ ասպետ։ Բեռլինի գրավման մարտերին ակտիվորեն մասնակցեց Հայկական 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիան՝ գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ։ Դա մեծ պատիվ էր հայկական դիվիզիայի համար, քանի որ կարմիր բանակի ազգային զորամիավորումներից միայն նրան էր պատմական այդպիսի կարևոր առաջադրանք տրվել։

 Ռազմաճակատի զորքերի աոաջապահ խմբի կազմում 89-րդ Թամանյան դիվիզիան ապրիլի 16-ի առավոտյան անցնելով հարձակման, համառ մարտերում կոտրելով հակառակորդի դիմադրությունը՝ շարժվում է դեպի ֆաշիստական Գերմանիայի մայրաքաղաք՝ ճանապարհին գրավելով Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքը և բազմաթիվ բնակավայրեր։ Ապրիլի 29-ին Հայկական դիվիզիան արդեն փողոցային մարտեր էր մղում Բեռլինում։ Գործելով գրոհային ջոկատներով, դիվիզիան համառ մարտերով առաջ էր շարժվում դեպի Բեռլինի կենտրոնը՝ Ռայխստագի շրջան, որտեղ Հումբոլդ-Հայն այգում հանդիպում է հակառակորդի պաշտպանական երկաթբետոնե հզոր ամրություններ ունեցող բերդի կայազորի կատաղի դիմադրությանը։ Դիվիզիայի հզոր հարվածների տակ մայիսի 2-ին, ժամը 14-ին, ամրոցի կայազորը  անձնատուր է լինում։ Դիվիզիայի զորամասերը գերի են վերցնում հակառակորդի 5112 զինվոր ու սպա, գրավում հարուստ ռազմավար։

 Բեռլինի գրավումը մեծ ցնծություն է առաջ բերում հաղթող զորքերի մեջ։ Օդ են թռչում հազարավոր հրթիռներ, թնդում են հաղթական կրակոցներ և ուռաներ, որոնց ձայնը խլացվում է Ռայխստագի պատերի տակ հայկական քոչարի պարողների խրոխտ դոփյունի և զուռնադհոլի զիլ նվագի ներքո։ Բեռլինի ճակատամարտում ցուցաբերած սխրանքների համար դիվիզիան պարգևատրվում է Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշանով և դառնում եռակի շքանշանակիր։ Բեռլինյան մարտական գործողության ընթացքում դիվիզիայի գործողությունները հմտորեն ղեկավարելու համար գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը նույնպես պարգևատրվում է Կուտուզովի 2-րդ աստիճանի զորավարական շքանշանով։

 Չեխոսլովակիայի ազատագրման տարեգրության մեջ ոսկե տառերով է գրված 73-րդ Հրաձգային կորպուսի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանի անունը, որի զորքերը առաջինների թվում 1945 թ. մայիսի 9-ին մտան Պրահա։ Կորպուսի գործողությունները հմտորեն ղեկավարելու և այդ ընթացքում ցուցաբերած խիզախության համար Սարգիս Մարտիրոսյանին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում:

 Մայիսի 9-ին ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը։ Ընդհանուր առմամբ հայերից Խորհրդային Միության հերոսի կոչման է արժանացել 106 մարդ, որոնցից 4-ը՝ Խորհրդա-ֆիննական պատերազմում (1939-1940), 99-ը՝ Հայրենական մեծ պատերազմում (1941-1945), 3-ը՝ հետպատերազմյան տարիներին: 26 հայ շարքային զինվորներ դարձել են Փաոքի շքանշանի լրիվ ասպետ։ Բացի այդ Հայաստանում ծնված 10 այլազգի քաջերի նույնպես շնորհվել է հերոսի կոչում; Հայրենական մեծ պատերազմի մասնակից հայերից 4-ին (Արմենակ Խամփերյանց, Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Օգանով) շնորհվել է մարշալի, մեկին՝ Հովհաննես Իսակովին, Խորհրդային Միության նավատորմի ծովակալի կոչում։ Պատերազմին մասնակցել է 68 հայ գեներալ։ Հետագայում՝ 1946-1997թթ., գեներալի կոչման են արժանացել ևս 94, ծովակալի կոչման՝ 8 հայեր։

 

Գրականության ցանկ

 

Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ.:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am