Համազասպ Խաչատուրի ՍրվանձտյանցՀամազասպ Խաչատուրի Սրվանձտյանց: Ծնվել է 1873թ. Վանի մեծահամբավ Սրվանձտյանց գերդաստանում` ականավոր հոգևորական ու գիտնական-բանահավաք Գարեգին Սրվանձտյանցի եղբոր ընտանիքում: Հայ ազգային-ազատագրական պայքարի և Հ. Յ. Դ. անվանի գործիչ Համազասպ Սրվանձտյանցի հերոսական էջերով լի կենսագրության ամենավառ էջերը կապված են 1905-1906թթ. հայ-թաթարական կռիվների և 1918թ. Բաքվի հերոսամարտի ընթացքում Արևելյան Հայաստանի ու արևելահայության պաշտպանության գործում նրա ծանրակշիռ ներդրումի հետ: Դեռևս պատանեկության տարիներից Համազասպն ընդգրկվել է հայ հեղափոխական շարժման մեջ: Հետագայում խուսափելով թուրքական իշխանությունների հետապնդումներից` 1890թ. մեկնել է Երևան, ապա` գործունեության կենտրոն ընտրել Արցախը: Առաջին մեծածավալ մարտական մկրտությունը Համազասպը ստացել է 1905-1906թթ. հայ-թաթարական կռիվների ժամանակ` թե՜ անմիջական մասնակցության և թե՜ հատկապես Ասկերանի, Խաչենի և Գանձակի շրջաններում հայոց ինքնապաշտպանության ղեկավարման առումով: Համազասպի կազմակերպչական և զորավարական տաղանդը փայլատակեց հատկապես Ասկերանի ճակատում: Առանց չափազանցության կարելի է փաստել, որ միայն Ասկերանի կիրճը փակած Համազասպի հմուտ մարտավարության շնորհիվ էր, որ հնարավոր եղավ պահպանել ուժերի հաշվեկշիռը՝ տափաստաններից Աղդամում կենտրոնացող և այնտեղից էլ հեղեղի նման Ղարաբաղի խորքերը շտապող թաթարական գերակշիռ ուժերի դեմ։ Համազասպի հմտորեն մշակած ծրագրի շնորհիվ Շուշիից Ասկերանի միջով Աղդամ վերադարձող թաթար բեկերի ջոկատները 1905p. օգոստոսի 22-ին ծուղակն ընկան, որի արդյունքում 200-ից փրկվեց միայն 6-ը: Այս դեպքից հետո Մ. Վարանդյանի դիպուկ բնորոշմամբ «Համազասպի հռչակը տարածւեցաւ Ղարաբաղի մէջ: Թուրք խուժաններու համար վանեցի կտրիճը ճշմարիտ հոգէառ սաթայէլ մըն էր: Անոնք կը յիշատակէին «Համազօնփ» անունը անէծքով ու զարհուրանքով: Իսկ հայ աշխատաւոր ժողովուրդը կերգէր խանդավառ իր «Համազանցը պանծալի...»»: 1905p. ամռան ու աշնան ամիսներին Ղարաբաղի լեռնային հատվածում ձեռք բերված հաղթանակներից հետո Գանձակի ողջ նահանգում ստեղծվել էր խիստ փխրուն հավասարակշռություն։ Դրաստամատ Կանայանի կողմից ահաբեկված Բաքվի նահանգապետ Նակաշիձեի քրոջ որդի Գանձակի նահանգապետ Տակայշվիլին ժամանակավորապես հաշվի էր նստում հայերի ուժի և վճռականության հետ: Շուշիում, Վարանդայի ու Դիզակի գավառների առանձին գյուղերում տեղի ունեցած կռիվներից հետո ուժերի հարաբերակցությունը հօգուտ հայերի էր փոխվել: Ավելին, Շուշիում պաշարված թաթարների համար խիստ ծանր վիճակ էր ստեղծվել, քանզի Մ. Վարանդյանի բնութագրմամբ. «Անդրկովկասի ոչ մէկ գաւառի մէջ հայ-թուրքական ընդհարումը այնքան կատաղի եւ արիւնահեղ եղաւ, ինչպէս Ղարաբաղում եւ անոր մայրաքաղաք Շուշիի մէջ»: Ուստի, ժամանակ շահելու հետ միասին, ոխով լցված վրացի նահանգապետը նոր դավեր էր հյուսում նահանգի հայության դեմ` մտադրվելով արյան բաղնիք սարքել նահանգի կենտրոն Գանձակի հայության համար: Նման պայմաններում, 1905p. նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 1-ը Թիֆլիսում տեղի ունեցած Հ. Յ. Դ. Կովկասյան շրջանային ժողովում «Ապառաժ»-ի (Ղարաբաղ) կենտրոնական կոմիտեությունից պատգամավոր ընտրված Համազասպը բարձրացրեց Կովկասում կուսակցության ունեցած զենքի քանակության անբավարար լինելու հարցը և առաջադրեց մինչև 5 հազար հրացան ունենալու պահանջ։ Որոշվեց նաև ժամանակավորապես վերականգնել «Փոթորիկ»-ի գործը, որի միջոցով «... ձեռք բերած գումարները յանձնուելու են «‎‎ֆոնդի» Մարմնին, միմիայն ընդհանուր զինման և ինքնապաշտպանութեան գործին յատկացնելու համար»։ Հ. Յ. Դ. Կովկասյան շրջանային ժողովի աշխատանքները դեռևս շարունակվում էին, երբ 1905թ. նոյեմբերի 18-ին սկսվեց Գանձակի հայության ջարդը։ Նահանգապետ Տակայշվիլին համոզվելով, որ Ղարաբաղի լեռնային հատվածն ու Զանգեզուրը լավ են պաշտպանված, սադրանքի իրականացումը տեղափոխել էր Գանձակ: Այդ սադրանքի նպատակը Ղարաբաղի լեռնային հատվածում ու Զանգեզուրում հայերի ձեռք բերած հաղթանակները Գանձակ քաղաքում ու Դաշտային Ղարաբաղում պարտությունների վերածելու նենգ մտադրությունն էր։ Ուստի, լքելով կովկասյան շրջանային ժողովը` Գանձակ վերադարձան Ա. Գյուլխանդանյանն ու Համազասպը, որոնցից առաջինը նշանակվեց Գանձակի զինվորական շտաբի ղեկավար, իսկ Համազասպին հանձնվեց ռազմական գործողությունների ընդհանուր ղեկավարումը: Այս ճակատում «Համազասպն ալ շարունակ դիրքէ դիրք թռչելով, հրահանգներ կուտար մեր շրջանապետներուն ու խմբապետներուն»: Չնայած այն հանգամանքին, որ Գանձակում և շրջակա գյուղերում թաթարները քանակական մեծ առավելություն ունեին և ստանում էին նաև ցարական վարչության քողարկված աջակցությունը` Բաթումից, Թիֆլիսից և այլ վայրերից ժամանած ջոկատների և տեղական ուժերի մտածված գործողությունների հետևանքով 1905թ. դեկտեմբեր-1906թ. հունվար ընթացքում հաջողվեց մի շարք ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին: Համազասպի առաջնորդությամբ ավերվեցին ավազակաբների վերածված Թոփալ-Հասանլու, Մոլլա-Ջալլու, Սոգյութլու և այլ խոշոր բնակավայրերը։ Գանձակի կռիվների ընթացքում Հ. Յ. Դ. պաշտպանեց անգամ այն հայկական գյուղերի բնակչությանը, որոնք շրջապատված էին մի քանի անգամ գերազանցող թաթարական զանգվածով։ Դրանից հետո 1906թ. փետրվարին կայացած Հ. Յ. Դ. Զինվորական խորհրդակցությունը որոշեց. «... նախայարձակ լինել և ջնջել այն բոլոր որջերը, լինեն դրանք մեծ կամ փոքր, որոնք աւազակային կենտրոններ էին։ Բացի այդ, անհրաժեշտ համարուեց վերացնել խոչընդոտ հանդիսացող այն թաթարական գիւղերը, որոնք խանգարում էին Գանձակից Շուշի, Շուշուց՝ Գորիս և Նոր Բայազիտից՝ Գորիս հաղորդակցութեան»։ Արևելահայության ֆիզիկական գոյությունը պաշտպանելու գործում նշանակալի ներդրում ունեցած Համազասպ Սրվանձտյանցը հայ-թաթարական կռիվների շրջանից արդեն հայտնվել էր ցարական Օխրանայի ուշադրության կենտրոնում, ուստի բնական է, որ նա զերծ չմնաց Հ. Յ. Դ. գործիչների զանգվածային ձերբակալություններից: 1908թ. Համազասպը ձերբակալվեց Գանձակի ոստիկանական մարմինների կողմից, իսկ 1909թ. մարտի 13-ապրիլի 20-ի որոշմամբ որպես ՀՅԴ «Ահաբեկիչ-Մարմնի» ահաբեկչական խորհրդի անդամ վերջնականապես կալանավորվեց: Դաշնակցական լինելուց բացի նա հիմնականում մեղադրվել է որպես «Շուշիի և Ելիզավետպոլի կենտրոնական կոմիտեներին կից ահաբեկիչների ղեկավար»: Համազասպը հարցաքննությունների ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել: Ավելին, նա ըստ ամենայնի պաշտպանել է իր գործում հիշատակվող գործիչների (Խանասորի Վարդան, Կորյուն վարդապետ), ձգտելով նրանց զերծ պահել դատական հետապնդումներից: Արդյունքում, Համազասպը դատապարտվեց մահապատժի, սակայն Գեւորգ Ե. Ամենայն Հայոց կաթողիկոսի միջնորդությամբ վճիռը փոխարինվեց Սիբիր 15 տարվա աքսորով: 1913թ. Համազասպը փախավ աքսորից, անցավ Եվրոպա, ապա` Կ. Պոլիս: 1914թ. հունիսին որպես Կ. Պոլսի պատգամավոր մասնակցել է Հ. Յ. Դ. Կարինի 8-րդ Ընդհանուր ժողովին: Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատում Համազասպը 3-րդ հայկական կամավորական ջոկատի հրամանատարն էր: Նա մասնակցել է բազմաթիվ մարտերի, վճռորոշ դեր խաղացել Բասենի և Ալաշկերտի շրջանների հայության փրկության և Արևելյան Հայաստան գաղթեցման գործում: 1915թ. մայիսին նրա ջոկատն առաջիններից մեկը մտավ ազատագրված Վան, հետո մարտնչեց Բիթլիսի և Խիզանի շրջաններում: 1917թ. փետրվարին Ալաշկերտի շրջանում ղեկավարել է ժողովրդական աշխարհազորի ջոկատը: 1918թ. ակտիվորեն մասնակցել է Նուրի փաշայի ոհմակներից Բաքվի հայության ինքնապաշտպանությանը, եղել 3500 հոգանոց հայկական բրիգադի հրամանատարը: Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին Համազասպը եղել է Նոր-Բայազետի զորախմբի հրամանատար: Հայաստանի խորհրդայնացումից հետո 1921թ. փետրվարի 18-ի նախօրեին Համազասպ Սրվանձտյանցը բոլշևիկների կողմից կացնահարվել է Երևանի բանտում: Նրա մասունքները խմբապետ Մակեդոնի և այլ նահատակների ոսկորների հետ միասին իրենց վերջնական հանգիստն են գտել Երևանի քաղաքային այգում, որտեղ Հայաստանի երրորդ Հանրապետության տարիներին հուշարձան է կանգնեցվել:

 

 

Գրականության ցանկ

«Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am