Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություն:Գործունեությունը

 Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություն: Գործունեությունը։ Նորաստեղծ կուսակցությունն իր գործունեության մեջ շեշտը դնում էր թուրքական բռնակալության դեմ զինված պայքար կազմակերպելու և հայության մյուս հատվածներին դրա շուրջ համախմբելու աշխատանքների վրա։

 Ընդհանուր ժողովից անմիջապես հետո ընկած ժամանակաշրջանը (1892-1895) Դաշնակցության տեղական կազմակերպությունների համար ամրապնդման և աճի տարիներ դարձան։ Գործուն աշխատանքներ էին տանում Կ. Պոլսի, Տրապիզոնի, Թիֆլիսի, Ղարաբաղի, Գանձակի, Եվրոպայի հիմնական հայաշատ կենտրոնների կոմիտեներն ու կենտրոնական կոմիտեները։

 1890-ականների երկրորդ կեսին հիմնական խնդիր էր համարվում երկրի զինման աշխատանքի կազմակերպումը։ Մեծ թափ ստացավ դեպի Արևմտյան Հայաստան զենքի և զինամթերքի առաքման գործը։ Այդ նպատակով մշակվեց Արևմտյան Հայաստան զենք ու զինամթերք և մարտական խմբեր առաքելու ծրագիր։ Երկրում ստեղծվեցին մի քանի կոմիտեներ։ Տեղական կազմակերպությունները հատկապես ուժեղացան Ատրպատականի, Սուրմալուի, Կարսի սահմանամերձ շրջաններում։ Որպես հենակետներ ընտրվեցին Պարսկաստանի սահմանակից շրջանները և Կարսը։ Թավրիզում սկսեց գործել զինագործական արհեստանոց։ Զենքը և խմբերը կենտրոնանում էին Վասպուրականում՝ Թավրիզ-Սալմաստ-Թադեի վանք-Վան ճանապարհով, Սասունում՝ Կարս-Բասեն-Սասուն գծով։ 1895-1896 թթ֊ զենք և մարտական խմբեր երկիր ուղարկելու տարիներ էին։

Սասունի, Զեյթունի ապստամբությունները, Բաբ Ալիի ցույցին հետևած ջարդը, Վանի ինքնապաշտպանների եղերական վախճանն ու ջարդարարական ոհմակների անսանձ բռնությունները Դաշնակցությանն ստիպում էին անցնել պայքարի ավելի կտրուկ գործողությունների։

Գործունեության կարճ ժամանակի ընթացքում Դաշնակցությանը հաջողվեց Արևմտահայաստանի զինված պայքարը բարձրացնել որակական նոր աստիճանի և ձեռնամուխ լինել համազգային զինված ապստամբության կազմակերպման աշխատանքներին։      .

1898 թ. ապրիլ-հունիս ամիսներին Թիֆլիսում գումարված ՀՀԴ II ընդհանուր ժողովը, քննելով զինված պայքարի փորձը և մատնանշելով թերություններն ու բացթողումները, որոշեց նոր ուժ ու որակ հաղորդել մարտական խմբերի և ռազմամթերքի կենտրոնացման աշխատանքներին՝ համընդհանուր զինված ապստամբություն բարձրացնելու նպատակով։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am