Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակումը

Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակումը

 

 Առաջին աշխարհամարտը և 1917 թ. ռուսաստանյան արմատական տեղաշարժերը փոփոխություններ առաջացրին ինչպես ամբողջ Ռուսական կայսրության, այնպես էլ Անդրկովկասի ու Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Երբեմնի հզոր կայսրության հիմքերը թուլացան. տեղի էր ունենում ազգային շարժումների չտեսնված աճ։ Բուռն վերելք ապրեց նաև հայ ազգային կյանքը: Այդ առնչությամբ սոցիալ-դեմոկրատ (մենշևիկ) Գ. Ղարաջյանը գրում էր, որ երկրամասում ազգային գործոնն ավելի ուժեղ արտահայտվեց, քան սոցիալականըՀեղափոխություններն Հետփետրվարյան շրջանում երկրամասում դասակարգային իշխանության մարմինների կողքին առաջացան նաև ազգային իշխանության մարմիններ: Հայ հասարակական-քաղաքական կյանքում նշանակալի իրադարձություն եղավ 1917 թ. Սեպտեմբեր-հոկտեմբերին բազմակուսակցական հիմունքներով արևելահայերի համագումարի (համախորհրդակցության) հրավիրումը:

 Ստեղծվեցին Ազգային ժողովը և նրա կազմից առանձնացված Հայոց ազգային խորհուրդը (կենտրոնական) որպես արևելահայ կյանքի գերագույն գործադիր մարմին։

 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանի առանձին երկրամասեր, այդ թվում նաև Անդրկովկասը դուրս մնացին նորաստեղծ խորհրդային կառավարության վերահսկողությունից: Կազմալուծված և անգործության մատնված Անդրկովկասյան հատուկ կոմիտեին (ԱՀԿ) փոխարինեց 1917 թ. նոյեմբերի 15-ին ստեղծված Անդրկովկասի կոմիսարիատը՝ որպես երկրամասի գործադիր իշխանություն, իսկ 1918 թ. փետրվարի 10-ից սկսեց գործել նաև Անդրկովկասի խորհրդարանը (սեյմը)՝ որպես օրենսդիր մարմին: Իրադարձությունների բերումով սկսվեց Անդրկովկասի աստիճանական մեկուսացումը Ռուսաստանից:

 Սակայն Անդրկովկասի կոմիսարիատի և սեյմի գոյության առաջին իսկ օրերից երևան եկան երկրամասի երեք գլխավոր ազգային հատվածների (վրացի, հայ, կովկասյան թուրք կամ ադրբեջանցի) ձգտումների ու շահերի ներհակությունները: Այն ավելի բացահայտ դրսևորվեց 1918 թ. Սկզբներից՝ Կովկասյան ճակատում ռազմական գործողությունների վերսկսման պայմաններում:

Մեկ-երկու ամսում թուրքական բանակը վերագրավեց ամբողջ Արևմտյան Հայաստանը, իսկ գարնանը սկսեցին ներխուժել դեպի Անդրկովկաս ու Արևելյան Հայաստան: Անդրկովկասի կոմիսարիատում և սեյմում մեծամասնություն կազմող վրացիները և. կովկասյան թուրքերը Թուրքիայի պարտադրանքով բռնեցին Անդրկովկասը Ռուսաստանից մեկուսացնելու, անջատելու և, ի վերջո, անկախացնելու ուղին: Անդրկովկասի կառավարությունում և սեյմում իր քաղաքական կշռով երրորդը համարվող ՀՅԴ-ն 1918 թ. հունվարի վերջից թուրք-անդրկովկասյան հրադադարի խախտման և թուրքական զորքերի Կովկասյան ռազմաճակատի երկայնքով հարձակման պայմաններում, այլևս աննպատակահարմար, անգամ վտանգավոր էր համարում ինքնորոշման սկզբունքով Անդրկովկասի ու Հայաստանի անջատումը Ռուսաստանից: Այդ կապակցությամբ «Հորիզոն» պաշտոնաթերթն իր փետրվարյան խմբագրականներից մեկում զգուշացնում էր, որ Անդրկովկասի անկախությունն առնվազն թեթևամտություն է և աններելի քաղաքական պատասխանատու գործիքների համար: Օրինակ Հովհաննես Քաջազնունին, ՀՅԴ խմբակցության անունից հանդես գալով սեյմի փետրվարի 15-ի նիստում, պնդում էր, որ Անդրկովկասը պետք է մնա Ռուսաստանի անբաժան մաս։

 Հայոց ազգային խորհուրդը, սեյմի ՀՅԴ խմբակցությունը, մյուս քաղաքական ուժերը Ռուսաստանի հետ դաշնային (ֆեդերատիվ) կապի գաղափարը հետևողականորեն պաշտպանում էին այնքան ժամանակ, քանի դեռ դրսից Թուրքիան, իսկ ներսից վրացական և երկրամասի մուսուլմանական անջատողական ուժերը չէին դրել Անդրկովկասը Ռուսաստանից անջատելու և անկախանալու խնդիրը:

 Արդյունք չտվեցին Տրապիզոնում ընթացող թուրք-անդրկովկասյան անջատ բանակցությունները: 1918 թ. մարտի 3-ի Բրեստ-Լիտովսկի կողոպտիչ պայմանագիրը հիասթափեցրեց անդրկովկասյան իշխանություններին: Զ. Ավալովի վկայությամբ Անդրկովկասի անջատմանը թափ հաղորդեց Բրեսա-Լիտովսկի պայմանագրով Բաթումի և Կարսի հանձնումը թուրքերին։

 1918 թ. ապրիլի 9 (22)-ին Թուրքիայի պահանջով Անդրկովկասի սեյմը հռչակեց Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետության (ԱԴԴՀ) անկախությունը: Թեև սկզբում հայերը բողոքեցին դրա դեմ (որովհետև նրանք ամենևին մտադիր չէին մեկուսանալու և կտրվելու Ռուսաստանից՝ ամենից աոաջ հաշվի առնելով թուրքական ներխուժման վտանգը), սակայն հարևան ազգային միավորներից չմեկուսանալու համար ի վերջո հավանություն տվեցին Անդրկովկասի անկախությանը: Սեյմի հայ պատգամավորները, մասնավորապես ՀՅԴ խմբակցությունը, փորձելով խուսափել մեկուսացումից, «դառնությամբ հավանություն տվեցին Անդրկովկասի անկախությանը», հակառակ պարագայում «նոր կոտորածների ուրվականը» ավելի առարկայական էր դառնալում։

 Անդրկովկասյան իշխանությունները հույս ունեին, որ երկրամասի անկախության հռչակումն իրավական հիմք կտա թուրքերի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու և շուտափույթ հաշտություն կնքելու։ Սակայն 1918 թ. մայիսի 11-ին Բաթումում սկսված թուրք-անդրկովկասյան հաշտության բանակցությունները դարձյալ արդյունք չտվեցին, քանի որ թուրքերը Բրեստ-Լիտովսկի պայմանագրից շատ ավելի կողոպտիչ պահանջներ ներկայացրին, և թուրք-անդրկովկասյան բանակցությունները դարձյալ մտան փակուղի; Դրան զուգահեռ թուրքական զորքերը. հանդիպելով թույլ դիմադրության, շարժվում էին Անդրկովկասի խորքերը։ Բանակցությունների ձախողումը՝ մի կողմից, թուրքերի շարունակական հարձակումը՝ մյուս կողմից, և դրան ի պատասխան երկրամասը պաշտպանելու անկարողությունը Անդրկովկասի նորաստեղծ հանրապետությանը կանգնեցրին քաղաքական ճգնաժամի առաջ։

 1918 թ. գարնան վերջին սուր հակասություններ էին առաջացել իրեն անկախ հռչակած ԱԴԴՀ թե՛ կառավարության և թե՛ խորհրդարանի (սեյմի) ներսում։ Հիմնականում վրացի, հայ և կովկասյան թուրք֊թաթարներից (ադրբեջանցի) բաղկացած Անդրկովկասի դաշնային իշխանության մարմիններում առկա էին ազգային-տարածքային սուր վեճեր, քաղաքական իրարամերժ կողմնորոշումներ, միջկուսակցական հակամարտություններ և այլն։ Նրանց միջև չկար միասնություն պատերազմի և խաղաղության հարցում: Եթե հայերը, մասամբ նաև վրացիները, թուրքական զորքերի առաջխաղացումը կասեցնելու փորձեր էին անում, ապա ադրբեջանցիները «աներկիմաստ, ուղղակի բացահայտ հայտարարում էին, որ իրենք չեն պատերազմի Թուրքիայի դեմ»։ Եթե հայերը ներքուստ կողմնորոշված էին դեպի Ռուսաստանը, Կովկասի մահմեդականությունը՝ դեպի Թուրքիան, վրացիներն իրենց շահերի թելադրանքով հակվեցին դեպի Գերմանիան։ Այսինքն 1918 թ. գարնանը Անդրկովկասի նորաստեղծ Հանրապետության երեք բաղկացուցիչ ազգային միավորներից յուրաքանչյուրը «անդրկովկասյան սայլը» միաժամանակ քաշում էր իր ուղղությամբ: Այդ անհամաձայնությունների ու ազգային շահերի հակասությունների հետևանքով էր, որ Անդրկովկասը ի վիճակի չեղավ քիչ թե շատ ծանրակշիռ դիմադրություն ցույց տալու թուրքական ներխուժմանը։

 Արված տարաձայնությունների պատճառով Անդրկովկասի դաշնության փլուզումը դարձավ անխուսափելի։ «Օր օրի վրայ,-գրում է Սիմոն Վրացյանը,-սաստկանում էին հակամարտութիւնները կովկասեան ժողովուրդների միջեւ, որոնցից վրացիները գաղտնի, բայց տենդագին որոնում էին գերմանացիների հովանաւորութիւնը, ազրբէջանցիները բռնել էին թիւրքերի փեշից եւ քաշում էին դէպի Բագու, որը այդ օրերին բոլշեւիկների ձեռքն էր. հայերը մնացել էին մենակ եւ օրհասական կռիւ էին մղում մահ ու աւեր սփռելով առաջ շարժւող թիւրքական զօրքերի դէմ»։

 Ստեղծված պայմաններում առաջինը վրացիները սկսեցին ուղիներ փնտրել դուրս գալու ծանր կացությունից: Նրանք ի վիճակի չեղան պատերազմելու թուրքերի դեմ: Դա ակներև դարձավ 1918 թ. ապրիլի 1-ին Բաթումի անկումից հետո:

 Տեղի ունեցավ վրաց-գերմանական հարաբերությունների սերտացում: Վրաց քաղաքական ղեկավարները Վրաստանի փրկության հույսը կապեցին Գերմանիայի օգնության հետ։ Դա համընկնում էր նաև Գերմանիայի շահերին, քանի որ տնտեսական, հաղորդակցության տեսակետից Վրաստանն ուներ գրավչություն. Բաթումի խորհրդաժողովի մասնակից Զ. Ավալովը հավաստում է, որ մայիսի 21-ին սկսվեցին գաղտնի բանակցություններ, հանդիպումներ Գերմանիայի պատվիրակության և Թիֆլիսից Բաթում ժամանած Վրաստանի ազգային խորհրդի նախագահ Նոյ Ժորդանիայի, Բաթումում գտնվող Ակակի Ջխենկելու և վրացի այլ պաշտոնատար անձանց միջև։ Ն. Ժորդանիան Գերմանիայի ներկայացուցիչներից (Օ. Ֆոն Լոսով, կոմս Շուլենբուրգ, Ֆոն Քրես) սկզբունքորեն ստացավ երաշխիքներ Վրաստանի անկախության և տարածքային ամբողջականության վերաբերյալ և հաջորդ օրը մայիսի 22-ին, վերադարձավ Թիֆլիս: Հետագա օրերին մայիսի 23-25-ը ևս շարունակվեցին վրաց-գերմանական անդրկուլիսային բանակցությունները, որոնք տվեցին իրենց պտուղները: Գեներալ Ֆոն Լոսովը, փաստորեն բանակցելով վրացիների հետ Վրաստանի անկախությունը պաշտպանելու երաշխիքով, մայիսի 25-ի երեկոյան Բաթումից նավով մեկնեց Փոթի։ Արդեն ծրագրվել էր, որ մայիսի 26-ին հռչակվելու է Վրաստանի անկախությունը: Նախագծվեց ժամանակավոր համաձայնագիր, որը, պայմանավորվածության համաձայն, ստորագրվեց մայիսի 28-ին Փոթիում արդեն նորանկախ Վրաստանի վարչապետ Նոյ Ռամիշվիլու և գեներալ Օ. Ֆոն Լոսովի միջև։ Վրաստանը ստանում էր անկախության և անվտանգության երաշխիք Գերմանիայի հովանու ներքո: Բացի այդ, Վրաստանը ճանաչում էր Բրեստի պայմանագրի պայմանները, Գերմանիան իրավունք էր ստանում օգտվելու վրացական երկաթուղիներից, նավահանգիստներից, այլ ենթակաոուցվածքներից, հանքահումքային ռեսուրսներից:

 Դեռևս Վրաստանի անկախության հռչակման նախօրյակին մայիսի 25-ին, սեյմի սոցիալ-դեմոկրատական խմբակցության խոսնակ Ի. Ծերեթելին մուսուլմանական խմբակցության ղեկավարներին տեղեկացրել էր Վրաստանի անկախանալու մասին։ Դրանից հետո մուսուլմանները ևս ձեռնամուխ են լինում իրենց անկախացման գործընթացին՝ բնականաբար ստանալով Թուրքիայի հովանավորությունը:

 Ծանր վիճակում են հայտնվում Բաթումի բանակցությունների հայ պատվիրակները: Հայոց ազգային խորհրդի գիտությամբ նրանք որոշում են վրացիների օրինակով ապավինել գերմանացիների հովանավորությանը։ Սակայն Օ. Ֆոն Լոսովը հայտնում է, որ թուրքերն իրենց չեն լսում, և հայերին խորհուրդ է տալիս պատվիրակություն ուղարկել Գերմանիա:

 Այսպիսով մայիսի 26-ի առավոտյան և՛ քաղաքական, և՛ գործնական-փաստաթղթային առումներով արդեն նախապատրաստվել էր Վրաստանի անկախության հռչակումը։

 1918 թ. մայիսի 26-ի կեսօրին (ժամը 3-ին) գումարվեց Անդրկովկասի սեյմի վերջին նիստը: Սոցիալ-դեմոկրատական խմբակցությունն առաջարկ մտցրեց սեյմի արձակման և Անդրկովկասի դաշնության կազմալուծման մասին։ Սեյմը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց հետևյալ որոշումը. «Նկատի ունենալով, որ պատերազմի և խաղաղության հարցում ի հայտ են եկել արմատական տարաձայնություններ Անդրկովկասի անկախ հանրապետությունը կազմող ժողովուրգների միջև, և դրանով իսկ անհնար է դարձել Անդրկովկասի անունից խոսող մեկ հեղինակավոր իշխանության հանդես գալը, սեյմը հաստատում է Անդրկովկասի [դաշնության] կազմալուծումը և վայր է դնում իր լիազորությունները»։

 Նույն օրը ժամը 5-ին, նույն դահլիճում վրաց ազգային խորհուրդը, Ն. Ժորդանիայի նախագահությամբ, մեծ հանդիսավորությամբ Վրաստանը հռչակեց անկախ պետություն։ Վրաստանի անկախության հռչակումից անակնկալի գալով պատմական այդ նույն օրը մայիսի 26-ի երեկոյան, գումարվեց նաև Հայոց ազգային խորհրդի նիստը, որում, չնայած վրաց մենշևիկների դեմ ուղղված բողոքներին ու դժգոհություններին, այնուամենայնիվ Վրաստանի անկախությունն ընդունվեց որպես կատարված փաստ։ Միաժամանակ Ազգային խորհուրդն իր վրա վերցրեց հայկական շրջանների նկատմամբ ժամանակավոր կառավարության գործառույթներ:

 Հաջորդ օրը ՀՅԴ Թիֆլիսի ներկայացուցչական ժողովի և թաղային կոմիտեների անդամների համատեղ արտակարգ նիստը լսելով ներկա պահի, սեյմի արձակման և Վրաստանի անկախության հայտարարության մասին հարցերը ընդունեց հետևյալ բանաձևը. «Ի նկատի ունենալով այն, որ Անդրկովկասի սէյմի ինքնացրումից եւ Վրաստանի անկախութիւն հայտարարելուց յետոյ լուծւելու է Անդրկովկասի կառավարութիւնը, եւ հայ ժողովուրդը մնալու է բախտի բերմունքին՝ ներկայացուցչական ժողովը գտնում է անհրաժեշտ, որ հայոց ազգային խորհուրդը, ուժեղացնելով իր կազմը, անցնի գործելու հայութեան կենտրոնում ստանձնելով կառավարական ֆունկցիաները, օժտւած դիկտատորական իրաւունքներով հայ կեանքի բոլոր երեւույթների եւ գործերի նկատմամբ»։ Դա նշանակում է, որ ՀՅԴ-ն, որը մինչ այդ արտահայտվում էր ռուսական համապետականության օգտին բավարարվելով միայն Ռուսաստանի կազմում ինքնավարության պահանջով, այժմ արդեն ինքնաբերաբար կանգնում է անկախ պետականության գաղափարի նյութականացման փաստի առաջ:

 Եվ երբ մայիսի 27-ին մուսուլմանների ազգային խորհուրդը, հիմք ունենալով Անդրկովկաս ներխուժած ցեղակից Թուրքիայի անվերապահ աջակցությունն ու հովանավորությունը, հայտարարեց «Արևելակովկասյան Մուսուլմանական Հանրապետության» (ԱԿՄՀ) անկախության մասին, որին, ի դեպ, հենց այդ ժամանակ թուրքերն առաջին անգամ կոչեցին «Ադրբեջան», Հայոց ազգային խորհրդին այլ բան չէր մնում, քան կողմնորոշվել դեպի Հայաստանի անկախությունը: «Ընտրութիւններ անելու տեղ չէր մնացել,-գրում է Հ. Քաջազնունին ճակատագրական այդ օրերի մասինՊատմութիւնը բերել կանգնեցրել էր մեզ մի որոշ գծի առջեւ. պէտք է յանդգնութիւն ունենայինք անցնել վրայից, եթէ չէինք ուզում խորտակւել: Պէտք է տէր դառնայինք մեր Հայրենիքին, ապա թէ ոչ կը կորցնէինք այն գուցէ անդառնալիօրէն։ Եթէ տատանւէինք, եթէ ուշացնէինք մեր յայտարարութիւնը, Հայաստան կը մնար res nullius (ոչ ոքի պատկանող իր) ու, իբրեւ այդպիսին, բաժին կը դառնար հարեւաններին՝ թուրքերին, վրացիներին, ադրբեջանցիներին»։

 Հայոց ազգային խորհրդի մայիսի 27-ի երեկոյան նիստում ստեղծված կացության մասին հանգամանալիորեն զեկուցեցին Բաթումից վերադարձած հայ պատվիրակներ՝ Հ. Քաջազնունին և Ա. Խատիսյանը: Նրանք նույնպես ստեղծված կացությունից ելքը տեսնում էին Հայաստանի անկախության հռչակման մեջ:

Անկախության խնդիրը քննարկվեց Հայոց ազգային խորհրդի մայիսի 28-ի նիստերում (առավոտյան և երեկոյան)։ Այդ օրը պետք է պատասխան տրվեր նաև Բաթումում մայիսի 26-ին թուրքերի կողմից Անդրկովկասի դաշնությանը ներկայացրած վերջնագրին, քանի որ հաջորդ օրը լրանում էր վերջնագրի ժամկետը։ Բուռն քննարկումներից հետո Հայոց ազգային խորհուրդը որոշեց ընդունել թուրքերի վերջնագիրը՝ Բաթում գործուղել նոր պատվիրակություն՝ Ա. Խատիսյան, Հ. Քաջազնունի, Մ. Պապաջանյան կազմով՝ տալով նրան բանակցելու և անկախ Հայաստանի անունից հաշտություն կնքելու անսահմանափակ լիազորություն։ Սակայն անկախության պաշտոնական հայտարարության հարցը որոշ ժամանակով հետաձգվեց, չնայած այդ օրը անկախության կողմնակիցները խորհրդում արդեն մեծամասնություն էին կազմում:

 Հաջորդ օրը՝ մայիսի 29-ին, գումարվեց ՀՅԴ արևելյան և արևմտյան բյուրոների, ՀՅԴ Թիֆլիսի կենտրոնական կոմիտեի, սեյմի ու Հայոց ազգային խորհրդի դաշնակցական ներկայացուցիչների միացյալ նիստ։ Այդտեղ մեկ անգամ ևս քննության առնվեց քաղաքական կացությունը, և որոշվեց Հայաստանը հայտարարել անկախ Հանրապետություն: Միաժամանակ որոշվեց կազմել կառավարություն՝ միջկուսակցական սկզբունքով, ինչպես նաև ազգային խորհուրդն ու նորակազմ կառավարությունը տեղափոխել Երևան, որը պետք է դառնար Հայաստանի նորանկախ Հանրապետության մայրաքաղաք: Այդ նույն նիստում Հ. Քաջազնունին առաջադրվեց կառավարության նախագահի (վարչապետի) պաշտոնի թեկնածու:

 Միայն դրանից հետո՝ մայիսի 30-ին, Հայոց ազգային խորհուրդը կատարեց վճռական քայլը. որոշեց հայտարարություն անել Հայաստանի անկախության մասին: Հանձնարարվեց Նիկոլ Աղբալյանին մշակել Հայաստանի անկախության պաշտոնական հայտարարագիրը (հռչակագիրը): Հռչակագրի տեքստն ընդունվեց Հայոց ազգային խորհրդի կողմից, իսկ մայիսի 31-ին այն հրապարակվեց մամուլում։ Հռչակագրում ասվում էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմել հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»։ Եվ քանի որ Հայոց ազգային խորհուրդը մայիսի 28-ին վճիռ էր կայացրել Բաթում ուղարկելու նոր պատվիրակություն և անկախ Հայաստանի անունից բանակցելու ու հաշտություն կնքելու Թուրքիայի հետ, այդ իսկ պատճառով «Մայիսի 28-ը» Հայոց պատմության մեջ մտավ որպես Հայաստանի անկախության օր:

 Հռչակագրում քաղաքական և հոգեբանական որոշակի գործոնների թելադրանքով թեև կոնկրետ չէր խոսվում անկախության մասին, սակայն դիվանագիտական մոտեցմամբ ձևակերպված այն միտքը, որ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն, ինքնըստինքյան նշանակում էր Հայաստանի անկախության հռչակում: Բացի դրանից, հռչակագրում հեռատեսորեն մատնանշվում է «Հայկական գավառներ» հասկացությունը, որի տակ կարելի է հասկանալ Անդրկովկասի նահանգներում գտնվող հայաբնակ բոլոր գավառները, այդ թվում նաև Նախիջևանը, Զանգեզուրը, Ղարաբաղը, Գանձակի հայկական շրջանները, Լոռին, Ջավախքը, թուրքական զորքերի կողմից ռազմակալած Երևանի նահանգի մի շարք գավառներ, Կարսի մարզը և հայկական այլ տարածքներ:

 Այսպիսով՝ երեք օրվա ընթացքում Անդրկովկասի դաշնության փլատակների վրա հիմնվեցին երեք անկախ պետություններ՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետությունները: Հարկ է նշել, որ մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Արամյանցի տանը, Հայաստանի անկախության մասին վճիռը կայացվել է խորհրդի անդամների բուռն քննարկումների և խռովահույզ տրամադրությունների պայմաններում: Սակայն, ինչպես վկայում է Ա. Խատիսյանը, Հայոց ազգային խորհուրդը ներկայացնող գրեթե բոլոր կուսակցությունների խմբակցությունները ի վերջո հանգել են անկախության գաղափարին, և անկախության բանաձևն ընդունվեց ազգային խորհրդում ներկայացված բոլոր կուսակցությունների համաձայնությամբ: Մայիսյան այդ ծանր ու ճակատագրական օրերին Հայոց ազգային խորհուրդը ներկայացնող քաղաքական ուժերը հանդես եկան գրեթե միասնական, ինչը պայմանավորված էր արտաքին վտանգով և, առաջին հերթին, թուրքական ներխուժմամբ: Իհարկե, խորհրդի շատ անդամներ երկչոտ ու թերահավատ զգացումով էին համակված անկախության հանդեպ: Անկուսակցական և էսէռ անդամներից բացի, դաշնակցականներ Ա. Ահարոնյանը, Ռ. Տեր-Մինասյանը և Ա. Բաբալյանը ևս տարակուսում էին անկախության խնդրում։ Այդ մտավախությունը պետք է բացատրել 1918 թ. գարնանը հայ ժողովրդի համար ստեղծված չափազանց բարդ քաղաքավան վիճակով, երբ, ըստ Ս. Վրացյանի, «անկախութիւնը կարող էր աւելի ևս ծանրացնել կացութիւնը»: Սկզբում անկախության փաստը չընդունող գործիչներից Ա. Բաբալյանն իր դիրքորոշումը հիմնավորում էր նրանով, որ «մնալով միանգամայն մենակ եւ շրջապատուած թշնամիներով ու անբարեացակամ տարրերով, անկախութեան յայտարարութեամբ մենք կարող էինք մեծապես վնասել մեր ժողովրդի ֆիզիկական անկայուն գոյութեանը եւ նոր կոտորածների ու գրաւումների տեղի տալ»։ Անկախության հարցում առարկողները չունեին գործնական առաջարկ, բացի բողոք-դժգոհություններ արտահայտելուց: Անկախության խնդրում չկար միասնություն նաև ՀՅԴ շարքերում։ Օրինակ՝ ՀՅԴ Բաքվի կոմիտեն, որը շատ խնդիրներում համերաշխվում էր Ս. Շահումյանի գլխավորած Բաքվի կոմունայի հետ, ոչ միայն դեմ արտահայտվեց անկախությանը, այլև այն որակեց որպես «հայ ժողովրդի կամքի» ոտնահարում։ Անկախության խնդրում կար նաև հոգեբանական արգելք, որն ամենից առաջ նշանակում էր կտրվել Ռուսաստանից:

 Եվ, իրոք, Հայոց ազգային խորհուրդը տարակուսում էր այդ հարցում, և դրա համար կային լուրջ հիմնապատճառներ: Դեռևս թարմ էր 1,5 միլիոն հայության կորստի հիշողությունը, թշնամու զորքը Երևանի մոտերքում էր, և Հայաստանի անկախության հռչակումը, առանց քաղաքական ծանրակշիռ դիրքորոշումների ու երաշխիքների, կարող էր լուրջ սպառնալիքի տակ դնել արևելահայության գոյությունը։ Հակառակ հայերի անկախության հարցում ամենևին չտատանվեցին վրացիներն ու ադրբեջանցիները։ Նրանք չերկմտեցին այն պարզ պատճառով, որ արդեն ունեին իրենց հովանավոր պետությունները՝ հանձինս Գերմանիայի և Թուրքիայի, իսկ Հայաստանը հովանավոր պետություն չուներ։

 Հակառակ Հայոց ազգային խորհրդի անդամ կուսակցությունների՝ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Անդրկովկասի կենտրոնական վարչությունն իր բողոքն արտահայտեց Հայաստանի անկախության հայտարարության կապակցությամբ: Այդ որոշումը համարվեց ոչ օրինական, իսկ Հայոց ազգային խորհուրդը ինքնակոչ մարմին, որ բռնատիրում է հայ ժողովրդի ազատ իրավունքներին:

 Հայաստանի անկախության ամենաանհաշտ ընդդիմախոսը հայ կոմունիստ բոլշևիկներն էին: Նրանք չէին պատկերացնում Հայաստանի անջատումը և գոյությունը առանց Խորհրդային Ռուսաստանի: Ըստ նրանց՝ այնպես, ինչպես որբը չի կարող ապրել առանց խնամակալի, նույնպես և հայ ժողովուրդը չի կարող գոյատևել առանց Ռուսաստանի:

 Անկախության հարցում առավել ակտիվ էին հայ սոցիալ-դեմոկրատ մենշևիկներ Ա. Երզնկյանը, Ս. Փիրումյանը, ովքեր հետևում էին իրենց կուսակից վրաց մենշևիկներին, թեև մի քանի տարի անց բոլշևիկ դարձած նույն Ա. Երզնկյանը «Մայիսի 28-ը» համարում էր «Հայ աշխատավորության ստրկացման օր»։

 Ակներև է, որ եթե Հայոց ազգային խորհուրդը տվյալ պահին իրեն չհայտարարեր հայկական գավառների գերագույն իշխանություն, ապա հայկական գավառները պարզապես բաժին կդառնային հարևան թուրքերին, ադրբեջանցիներին և վրացիներին։ Հարկ է ընդգծել, որ այդպես էին վճռել նաև Կովկասի այն ժամանակվա փաստական տերերը՝ Գերմանիան և Թուրքիան:

 Հայաստանի անկախանալը պատմական անհրաժեշտություն էր և ստեղծված պայմաններում չուներ այլընտրանք։

 Այդ օրերին հայ ժողովուրդն ունեցավ իր երկրորդ Ավարայրը։ Նրա բազմադարյա պատմության մեջ տեղի ունեցան ամենավճռական ու բախտորոշ հերոսամարտերը՝ Սարդարապատը, Քաշ Ապարանը և Ղարաքիլիսան։ Այդ կռիվներում հայերը կարողացան գերմարդկային ճիգերով թշնամուն արժանի հակահարված տալ և վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու և տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը: Ավելին՝ Մայիսյան հաղթական հերոսամարտերը հիմք հանդիսացան Հայաստանի անկախության համար, քանի որ այդ հաղթանակները ստիպեցին հակառակորդին հաշվի նստել հայ ժողովրդի կամքի հետ և ճանաչել նրա անկախ ապրելու իրավունքը: Անկախությունը փաստացիորեն ձեռք բերվեց Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում: «Մայիսի 28-ի» բանաձևը իրավական վավերացումը եղավ Հայաստանում մղվող մայիսյան հաղթական հերոսամարտերի: «Սարդարապատի, Ղարաքիլիսէի և Բաշ Ապարանի ճակատամարտերուն մէջ,- գրում էր այդ մարտերի հերոսներից մեկը՝ Դրոն,- իր տարած անօրինակ յաղթանակներով հայ ժողովուրդը տիրացաւ ազատ եւ անկախ ապրելու անփոխարինելի բարիքին։ Այդ ճակատամարտերն եղան պատճառ, որ տաճիկները հարկադրւեցին դաշինք կնքել հայերի հետ եւ ճանաչել Հայաստանի անկախութիւնը»:

 1918 թ. հունիսի 13-ին նորընտիր վարչապետ Հ. Քաջազնունին ի լուր աշխարհի պաշտոնապես հայտարարություն արեց Հայաստանի անկախության մասին:

 Այսպիսով՝ Հայաստանի անկախությունը ուներ իր ներքին օրինաչափ ընթացքը։ Անշուշտ, Հայաստանի անկախությունը համաշխարհային պատերազմի և ռուսական հեղափոխությունների հետևանք էր: Բայց դա արդյունք էր նաև հայ ժողովրդի նախընթաց տասնամյակների և 1918 թ. Մայիսյան հերոսական պայքարիՍարդարապատ:

 Հարյուրամյակների ընդմիջումից հետո կրկին վերականգնվեց հայոց անկախ պետականությունը: Հայաստանի անկախության հռչակումը, իրավամբ, շրջադարձ եղավ հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր մշակութային կյանքում։ Դրանով փակվում էր հայ ժողովրդի ողբերգական և հերոսական դրվագներով հարուստ նոր պատմության ժամանակաշրջանը, և սկսվում էր նորագույն հայկական պետականությունների պատմության դարաշրջանը։

 

 

Գրականություն՝

 

Հայոց պատմություն, հատոր 4, գիրք 1: Նորագույն ժամանակաշրջան (1918-1945 թթ.), ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2010, Զանգակ-97 հրատ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am