Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայաստանի առաջին հանրապետության անկումը

 Հայաստանի Հանրապետության անկումը

 Թուրք-հայկական պատերազմում Հայաստանի բանակի կրած պարտությունը խիստ սրեց հանրապետության ներքին իրավիճակը: Տարածքային հսկայական կորուսաները, հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող երկաթուղու վրա թուրքական հսկողության հաստատումը, բազմահազար գաղթականության ու բարոյալքված զորամասերի կենտրոնացումը Հայաստանի ձեռքում մնացած չնչին տարածքի վրա, պատերազմի անբաժան ուղեկիցներ հանղիսացող տնտեսական ու ֆինանսական քայքայումը երկիրը կանգնեցրին քաղաքական աղետի առաջ:

 Քեմալական Թուրքիան և Խորհրդային Ռուսաստանը ձգտում էին տրամաբանական ավարտին հասցնել Հայաստանի վերաբերյալ իրենց ծրագրերը: Նրանց աքցաններում սեղմված հայկական պետականությունն ապրում էր վերջին օրերը: Երկրի անկախ գոյությունը երկարաձգելու համար հանրապետության կառավարությունը մի կողմից Ալեքսանդրապոլում թուրքերի հետ բանակցություններ էր վարում հայրենիքի վերջին փշրանքները փրկելու համար, մյուս կողմից՝ տուրք տալով ժողովրդական ձգտումներին՝ փորձում էր ստանալ ռուսական օժանդակությունը: Երկու դեպքում էլ իրավիճակը հրամայաբար թելադրում էր պատերազմում պարտված և ժողովրդի աչքում հեղինակազրկված կառավարության հրաժարականը և քաղաքական նոր ուժերի կողմից երկրի ապագայի համար պատասխանատվության ստանձնումը: Նոյեմբերի 23-ին խորհրդարանն ընդունեց Հ. Օհանջանյանի կառավարության հրաժարականը: Մեկ օր անց՝ իր վերջին նիստում, խորհրդարանը հաստատեց Ս. Վրացյանի կառավարության կազմը, որը գործելով ծայրահեղ բարդ պայմաններում՝ գոյատևեց ընդամենը մեկ տասնօրյակ:

 Ալ. Խատիսյանի պատվիրակության միջոցով նոյեմբերի 25-ին Ալեքսանդրապոլում ուղղակի բանակցություններ սկսելով թուրքերի հետ՝ կառավարությունը, սակայն, գործունեության առանցք դարձրեց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Իր կազմում ունենալով ռուսամետ դաշնակցականներ ու էսէռ գործիչներ՝ նա ակնհայտորեն աշխատում էր ընդհանուր լեզու գտնել և սերտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ՝ ապահովելով վերջինիս աջակցությունը: Բայց, մի կողմ նետելով նախկին ձևականությունները, Ռուսաստանը հստակորեն վարեց Հայաստանը խորհրդայնացնելու գիծ: Ռուսական քաղաքականության մեջ այդ գիծը պարզորոշ դրսևորվեց Բ. Լեգրանի և թուրքերի հետ բանակցությունների միջնորդ նշանակված Բ. Մդիվանու Երևան ժամանելուց հետո: Ալ. Խատիսյանի պատվիրակության Ալեքսանդրապոլ մեկնելուց առաջ՝ նոյեմբերի 22-ին, կայացած կառավարության նիստում, որին հրավիրվել էին նաև վերը նշված գործիչները, նրանց առջև դրվեց Հայաստանին աջակցություն ցույց տալու հարցը: Դրական պատասխանելով հանդերձ՝ Լեգրանն անմիջապես դրեց Ադրբեջանից Հայաստան կարմիր բանակի երկու գունդ մտցնելու հարցը: Դա փաստորեն խորհրդայնացման անուղղակի առաջարկ էր, որին բացասական պատասխան տրվեց: Հետագա դեպքերը բացահայտեցին նաև ռուսական միջնորդության ոչ անկեղծ կամ անիրատես լինելը: Թուրքերը վճռաբար մերժեցին Մդիվանու միջնորդական մասնակցությունը և կտրականորեն հայտարարեցին, որ բանակցություններ կարող են լինել միայն հայերի և իրենց միջև: Հայկական կողմը ստիպված էր համակերպվել: Ալեքսանղրապոլի բանակցությունները սկզբից ևեթ ընթացան որպես հաղթողի ու պարտվողի բանակցություններ՝ դրանից բխող ծանր հետևանքներով: Ինչ վերաբերում է Մդիվանուն, ապա, Ալ. Խատիսյանի վկայությամբ, հետագա օրերին նա ավելի շատ զբաղված էր Ալեքսանդրապոլում հանրահավաքներ կազմակերպելով և Հայաստանի խորհրդայնացումը նախապատրաստելով:

 Ալեքսանդրապոլի բանակցություններին զուգահեռ՝ Երևանում շարունակվում էին բանակցությունները Ս. Վրացյանի և Բ. Լեգրանի միջև: Դրանք անպտուղ էին և ակնհայտ դարձավ, որ անգամ ռուսամետ կառավարությունը չի կարող ապահովել Ռուսաստանի հետ բարեկամական կապերի հաստատումը և հանրապետության անկախության պահպանումը: Լեգրանը պահանջում էր մեկընդմիշտ հրաժարվել Եվրոպայից, խաչ քաշել Սևրի պայմանագրի վրա և հույսերը կապել միայն Խորհրդային Ռուսաստանի հետ: Առերևույթ ցուցադրելով բարյացակամ կեցվածք և Հայաստանին օգնելու պատրաստակամություն՝ նա առաջարկում էր մերժել թուրքերի պահանջները, Ալեքսանդրապոլից հետ կանչել Խատիսյանի պատվիրակությունը և ռուսական զորք մտցնել Հայաստան: Դրանով հանդերձ՝ նա որևէ երաշխիք չէր տալիս, որ նման քայլի դեպքում թուրքերր հաշվի կնստեն ռուսների հետ և չեն գրավի երկրի մնացած մասը: Դա կառավարությանը հարկադրում էր շարունակել բանակցությունները թուրքերի հետ: Իսկ վերջիններս խիստ անզիջող էին և խոսում էին վերջնագրերի լեզվով:

 Հայ-ռուսական բանակցություններն ի վերջո ավարտվեցին անարդյունք: Ռուսաստանն անցավ բացահայտ դիվանագիտական ճնշման: Նոյեմբերի 29-ին Լեգրանը վերջնագրի ձևով Հայաստանի կառավարությանը հայտարարեց, որ «Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական Կոմիտեն որոշել է Հայաստանում հաստատել խորհրդային կարգեր...»: Իսկ հաջորդ օրը նա Հայաստանի խորհրդայնացման գրավոր պահանջ ներկայացրեց: Այդ դեպքերին նախորդել էր նախապատրաստական աշխատանք: Դեռևս նոյեմբերի կեսերին Ադրբեջանում գտնվող հայ բոլշևիկների ներկայացուցիչներից Բաքվում ստեղծվել էր Հայաստանի հեղկոմ՝ Սարգիս Կասյանի գլխավորությամբ: Տեղափոխվելով Ղազախի շրջան՝ հեղկոմը նոյեմբերի 29-ին մի զորամասի ուղեկցությամբ մտավ Ադրբեջանին սահմանակից Իջևան գյուղը, որտեղ նույն օրր հրապարակած հռչակագրով տեղի չունեցած բանվորագյուղացիական ապստամբության անունից տապալված հայտարարեց «դաշնակցականների կառավարությունը» և Հայաստանը հռչակեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն: Հաջորդ օրը, Վ. Լենինին ողջույնի հեռագիր ուղարկելով՝ հեղկոմը Ռուսաստանից ռազմական օգնություն խնդրեց: Նույն օրը դեպքերի ընթացքի վրա ազդելու նպատակով Ադրբեջանի հեղկոմը հանդես եկավ մի հայտարարությամբ, որով հօգուտ Խորհրդային Հայաստանի Ադրբեջանը հրաժարվում էր Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի նկատմամբ ունեցած հավակնություններից: Հետագա դեպքերը, սակայն, ցույց տվեցին այդ հայտարարության կեղծ լինելը:

 Հայտնվելով, մի կողմից, թուրքական բացահայտ ռազմական ճնշման, մյուս կողմից՝ խորհրդայնացման անխուսափելիության առաջ՝ Հայաստանի կառավարությունը տեղի տվեց: Կառավարության, Դաշնակցության բյուրոյի և խորհրդարանի դաշնակցական ֆրակցիայի համատեղ խորհրդակցությունում որոշվեց ընդունել ռուսական առաջարկը: Մյուս կողմից, վտանգավոր զարգացումներից խուսափելու համար Խատիսյանի պատվիրակությանը լիազորվեց ընդունել թուրքական պայմանները և ստորագրել հաշտության պայմանագիրը:

 Նոյեմբերի 30-ին Լեգրանի և Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ Դրոյի ու Հ. Տերտերյանի միջև Երևանում սկսված բանակցությունները դեկտեմբերի 2-ին ավարտվեցին համաձայնագրի ստորագրմամբ: Հայաստանը հռչակվում էր անկախ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն: Խորհրդային Ռուսաստանը Խորհրդային Հայաստանի անվիճելի տարածքներ էր ճանաչում Երևանի նահանգն ամբողջությամբ, Կարսի նահանգի մի մասը, Զանգեզուրը, Ղազախի գավառի մի մասը և Թիֆլիսի նահանգի այն տարածքները, որոնք մինչև 1920 թ. սեպտեմբերի 28-ը գտնվում էին Հայաստանի կազմում: Ռուսաստանը պարտավորվում էր ռազմական ուժեր կենտրոնացնել ՀՍԽՀ-ի պաշտպանության համար: Խորհրդային կողմը պարտավորվում էր նախկին գործունեության համար պատասխանատվության չենթարկել հայկական բանակի հրամանատարական կազմին, ինչպես նաև չհալածել Դաշնակցության և սոցիալիստական մյուս կուսակցությունների անդամներին: Հեղկոմի կազմի մեջ պետք է մտնեին 5 բոլշևիկ և 2 ձախ դաշնակցական: Մինչև հեղկոմի ժամանումը իշխանությունն անցնում էր կարմիր բանակի հրամանատարությանը՝ Դրոյի գլխավորությամբ: Նրան կից ՌԽՖՍՀ կոմիսար էր նշանակվում Օ. Սիլինը: Այսպիսով, Հայաստանի խորհրդայնացումն արդյունք էր ոչ թե բանվորագյուղացիական ապստամբության, այլ միանգամայն խաղաղ բանակցությունների, որոնց արդյունքում Հայաստանի կառավարությունը ստիպված զիջեց իշխանությունը:

 Երևանում տեղի ունեցող իրադարձություններին ուշադիր հետևում էին թուրքերը, որոնք շտապեցին կանխել դեպքերի իրենց համար անցանկալի ընթացքը: Նոյեմբերի 30-ին նրանք ներկայացրին հաշտության թուրքական պայմանները, իսկ հաջորդ օրը Քյազիմ Կարաբեքիրը վերջնագրի ձևով պահանջեց ընդունել դրանք՝ սպառնալով վերսկսել պատերազմական գործողությունները: Ստեղծվեց անելանելի վիճակ: Ալ. Խատիսյանի պատվիրակությունը դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ալեքսանդրապոլում ստորագրեց հայ-թուրքական հաշտության դաշնագիրը: Այն ստորացուցիչ էր Հայաստանի համար: Այդ դաշնագրով երկու երկրների միջև սահմանագիծ հաստատվեցին Ախուրյան և Արաքս գետերը՝ Թուրքիային թողնելով Կարսի նահանգն ու Սուրմալուի գավառը: Հայաստանը հրաժարվում էր Սևրի պայմանագրից և Թուրքիայի դեմ ուղղված իր բոլոր պայմանագրերից: Շարուրն ու Նախիջևանը, մինչև նրանց ճակատագրի վերջնական որոշումը, Թուրքիայի հովանավորության ներքո ստանում էին ինքնավարություն: Խիստ կրճատվում էին Հայաստանի զինված ուժերը, որոնք այլևս ի վիճակի չէին ապահովել նրա ինքնիշխանությունը:

 Ալեքսանդրապոլի պայմանագիրը հետագայում չվավերացվեց և չեղյալ հայտարարվեց Խորհրդային Հայաստանի կառավարության կողմից: Չդիմանալով արտաքին հզոր ուժերի և ռազմատենչ հարևանների ճնչմանը՝ երկու և կես տարվա մաքառումից հետո Հայաստանի Հանրապետությունը կործանվեց:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am