Գյուլիստանի հաշտության պայմանագիրը: Ռուսական զորքերը խոշոր հաղթանակներ են տանում նաև Օսմանյան կայսրության բանակների դեմ կովկասյան և դանուբյան ճակատներում: 1811 թ. վերջերին (հոկտեմբեր-դեկտեմբեր) ռուսական բանակը գեներալ-ֆելդմարշալ Մ. Կուտուզովի հրամանատարությամբ լիովին ջախջախեց թուրքական դանուբյան բանակը և Թուրքիային հարկադրեց հաշտություն խնդրել: Ռուսաստանը շահագրգռված էր ոչ միայն Թուրքիայի, այլև Պարսկաստանի հետ հաշտություն կնքելու հարցում, քանի որ խիստ լարվել էին ֆրանս-ռուսական հարաբերությունները և սպասվում էր նապոլեոնյան բանակի ներխուժումը Ռուսաստան: Բայց եթե Թուրքիայի հետ հաշտության բանակցություններն ավարտվեցին հաջողությամբ, և, 1812թ. մայիսի 16-ին Բուխարեստում ստորագրվեց հաշտության պայմանագիրը, ապա այլ կերպ րնթացան ռուս-պարսկական հաշտության բանակցությունները: Անգլիական ղեկավար շրջանների ճնշմամբ Պարսկաստանը խուսափում էր Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելուց:
Պարսկաստանին Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ պահելուն հետամուտ Անգլիան շարունակում էր ուժեղացնել բազմակողմանի օգնությունը: 1812 թ. փետրվարին կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար Տորմասովին փոխարինած գեներալ Նիկոլայ Ռտիշչևը գարնանն արքունիքից ցուցում է ստանում նորից բանակցություններ սկսել Պարսկաստանի հետ հաշտություն կնքելու շուրջ: Ռուսաստանի առաջարկությունն այս անգամ ևս մերժվում է:
Ավելին՝ որոշ ժամանակ անց, օգտվելով նապոլեոնյան բանակի Ռուսաստան ներխուժումից և ռուսների համար ստեղծված դժվարին կացությունից, պարսիկները նորից են աշխուժացնում իրենց ռազմական գործողություններրը: Սակայն նրանց այդ նոր ռազմական ձեոնարկումը նույնպես ձախողվում է, այն էլ առավել խայտառակ ձևով: Գեներալ Պյոտր Կոտլյարևսկու զորագունդը 1812 թ. հոկտեմբերի 18-19-ին հանկարծակի գրոհում է Ասլանդուզի ամրոցի վրա, որտեղ կենտրոնացվել էին Աբաս Միրզայի հիմնական ուժերը: Հակառակորդը ջախջախվում և խուճապահար դիմում է փախուստի: Այդ հաղթանակին հաջորդում է 1812 թ. հոկտեմբերի 31-ին Պ. Կոտլյարևսկու զորագնդի նոր հաղթանակը Լենքորանի մոտ: Ասլանդուզում և Լենքորանում պարսկական զորքերի ջախջախումը վերջնականապես ցրում է հնարավոր հաղթանակի վերաբերյալ պատրանքները շահի արքունիքում և բանակի հրամանատարությունում: 1812թ. ռուսներից ստացած ծանր հարվածները և Ռուսաստանում ֆրանսիական բանակի պարտությունը ստիպեցին պարսից կառավարողներին հանդես գալ հաշտություն կնքելու առաջարկությամբ:
Պայմանագիրը ստորագրվեց Ղարաբաղում Գյուլիստան բերդ-ամրոցում 1813 թ. հոկտեմբերի 12-ին, որով ավարտվեց 1804-1813 թթ. ռուս-պարսկական 8 տարի տևած պատերազմը:
Գյուլիստանի պայմանագրով Պարսկաստանը ճանաչում է Ռուսաստանի բոլոր նվաճումներն Անդրկովկասում, Ռուսաստանի սեփականությունն է համարում Դաղստանը, Վրաստանը, Մեգրելիան, Իմերեթը, Գուրիան, Աբխազիան, Ղարաբաղի, Գանձակի, Շաքիի, Շիրվանի, Դերբենդի, Ղուբայի, Բաքվի և Թալիշի խանությունները, Լոռու, Ղազախի, Շամշադինի, Զանգեզուրի և Շորագյալի (Շիրակի) գավառները: Պայմանագիրը ոչ միայն ամրագրեց Անդրկովկասում Ռուսաստանի տարածքային ձեռքբերումները, այլև սահմանափակեց Միջին Արևելքում բացարձակ գերակայության հասնելու անգլիացիների ախորժակը: Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ: Երկու երկրների վաճառականությանն ազատ առևտրի իրավունք տրվեց: Անդրկովկասի մեծ մասի միացումը Ռուսաստանին առաջադիմական նշանակություն ունեցավ այնտեղ ապրող հատկապես քրիստոնյա ժողովուրդների համար: Հետագա պատմաքաղաքական զարգացումներն ընթացան այնպես, որ Գյուլիստանի պայմանագիրը նոր պատերազմի վտանգով հղի երկարատև զինադադարի դեր կատարեց, քանի որ 13 տարի հետո անխուսափելի պիտի դառնար ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:
Գրականություն
Հայոց պատմություն (XVII դարի երկրորդ կես-XIX դարի վերջ), Հատոր 3, գիրք I, 2010 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am