Ղուլյան Աշոտ ՀմայակիՂուլյան Աշոտ Հմայակի: Ծնվել է 1959թ. հոկտեմբերի 6-ին Բաքվում: 1975թ. ընտանիքը վերադարձել է հայրենի գյուղ Խնձրիստան (Ասկերանի շրջան, ԼՂՀ), ապա Ստեփանակերտ: Ծնյալ զինագործ էր: Արցախյան շարժման սկզբին ընկերների հետ պատրաստել է ինքնաշեն նռնակ, նռնականետ, և այլն, զբաղվել զենքի անլեգալ փոխադրմամբ, մասնակցել պարտիզանական գործողությունների: Աչքի է ընկել 1991թ. Բաքվից Քելբաջար ուղարկվող ռազմական շարասյան ոչնչացման ժամանակ: 1991թ.-ից եղել է 1-ին վաշտի հրամանատար: Մասնակցել է Ասկերան, Հադրութ, Շահումյան, Մալիբեկլու, Խոջալու, Կրկժան, Լեսնոյ, Քարինտակ, Լաչին, Մարտակերտ-Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Հատկապես աչքի է ընկել 1992թ. Շուշիի ազատագրման ժամանակ: Մայիսի 7-ի գիշերը նրա վաշտն աննկատ մոտեցել է բանտի մատույցներին և լուսադեմին առաջինը մտել Շուշի: 11 անգամ վիրավորվել է, մարմնում ունեցել մեկ տասնյակից ավելի բեկորներ (այստեղից էլ «Բեկոր»  մականունը):  Զոհվել է 1992թ. օգոստոսի 24-ին գ. Դրմբոնում (Մարտակերտի շրջան, ԼՂՀ): Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և Շուշիի ազատագրման համար մեդալով: Նրա անունով են կոչվում Կենտրոնական պաշտպանական շրջանի 1-ին մոտոհրաձգային գումարտակը, Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը: Ստեփանակերտում տեղադրված է նրա հուշարձանը: Թաղված է Ստեփանակերտում: Արցախի Հերոս (1999): Հետմահու պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով:

 

Գրականության ցանկ

«Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am