Ղարադաղլուի ազատագրում: Մարտական գործողություն ԼՂՀ Մարտունիի շրջանում։ Տեղի է ունեցել 1992-ի փետրվարի 17-ին։ Ռազմական գործողությանը մասնակցել են Մարտունի քաղաքի, Ճարտար, Գիշի, Սպիտակաշեն, Հաղորտի, Կաղարծի, Ննգի գյուղերի կամավորական ջոկատները, ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերի առաջին վաշտը (հրամանատար՝ Ա. Ղուլյան) և «Արաբո» կամավորական ջոկատը (Մ. Եղիազարյան)։ Գործողության նպատակն էր ճնշել հակառակորդի կրակակետերը, պաշտպանել շրջակա գյուղերը մշտական հարձակումներից ու գնդակոծությունից, ապահովել շրջանի ճանապարհային հաղորդակցության անվտանգությունը։ Դեռես 1990-ին կամավորական ջոկատները, Բաքվի հայ ազգաբնակչության կոտորածին ի պատասխան, պատժիչ գործողություն էին իրականացրել Ղարադաղլու գյուղում տեղակայված հակառակորդի դեմ, որից հետո հակառակորդը համալրել էր տեղի կայազորը և սաստկացրել հարձակումներն ու գնդակոծությունները շրջակա գյուղերի վրա։ 1992-ի փետրվարի 16-ի գիշերը Մուշկապատի բարձունքից գործել են ԼՂՀ (քարտեզ) Ինքնապաշտպանական ուժերի մեկական ականանետ և ինքնաշեն թնդանոթ, Կաղարծիի բարձունքից՝ Հետևակի մարտական մեքենա։ Լուսադեմին ԻՊՈՒ ջոկատները տարբեր կողմերից հարձակվել են գյուղի վրա։ Հակառակորդը կատաղի դիմադրել է հատկապես դպրոցի շենքի շտաբում։ Ազատամարտիկները ճնշելով դիմադրության վերջին օղակները՝ թողնված միջանցքով դուրս են մղել կայազորի մնացորդները և ազատագրել գյուղը։ Ռազմական գործողության ժամանակ թշնամուց առգրավվել է 70 միավոր զենք, մեծ քանակությամբ զինամթերք, սպանվել է և գերևարվել 60-ից ավելի զինվոր։

Գործողության թեժ պահին Ամիրանլարի հենակետից հակառակորդի կազմավորումները հարձակվել են Մարտունի քաղաքի ուղղությամբ՝ նպատակ ունենալով շեղել ԻՊՈՒ հրամանատարության ուշադրությունը Ղարադաղլուից և կասեցնել հարձակումները, սակայն ԻՊՈՒ և կամավորական ջոկատները հաջողությամբ են իրականացրել Ղարադաղլուի ազատագրման գործողությունը։

Մ. Հարությունյան

 

Գականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան: Երևան 2004:

Ուլուբաբյան Բ., Արցախի Պատմությունը (Սկզբից մինչև մեր օրերը), Երևան, 1994 թ., 377 էջ

Ուլուբաբյան Բ., Արցախյան գոյապայքարի տարեգրություն, Երևան, 1996 թ., 822 էջ

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am