Ղարաբաղյան ազատագրական պատերազմի արտացոլումը հեռուստատեսությամբ: Ղարաբաղյան շարժման սկզբնափուլում առանձին հեռուստալրագրողներ իրենց հրապարակումներում անդրադարձել են Երևանում և Ստեփանակերտում տեղի ունեցող իրադարձություններին, օպերատիվ հեռուստասյուժեներով հերքել Կենտրոնական հեռուստատեսությամբ (Մոսկվա) հեռարձակվող Շարժումը «ծայրահեղականների» և «ազգայնամոլների» և այլ պիտակներով որակող պատվիրված սյուժեներն ու ռեպորտաժները։ Երևանի «Մայրաքաղաք» ծրագրի լրագրողներ Ա. Հովհաննիսյանը, Տ. Ռշտունին, Ա. Կարապետյանը, Ս. Գասպարյանը, Կ. Վանյանը, Կ. Դանիելյանը, Վ. Հակոբյանն իրենց հեռուստասյուժեներով լուսաբանել են Երևանում և Ստեփանակերտում ծավալվող իրադարձությունները։ 1989-ին կամավոր կամ գործուղումով ԼՂԻՄ են մեկնել լրագրողներ Գ. Սիմոնյանը, Ն. Գրիգորյանը, Ռ. Միրզոյանը, Բ. Կարապետյանը, Կ. Խումարյանը, Կ. Յալանուզյանը, Է. Սախինովը, Վ. Նազարյանցը և լուսաբանել ու վավերագրել են ԼՂԻՄ-ում ընթացող քաղաքական գործընթացներն ու ռազմական գործողությունները։ Շատ սյուժեներ ցուցադրվել են նաև արտասահմանյան հեռուստաալիքներով՝ օտարին ներկայացնելով Ղարաբաղյան ազատագրական պատերազմի դրդապատճառներն ու անկախացող Հայաստանի քաղաքական տեսակետները։ 1990-ին Մոսկվայի, ժնևի և Նյու Յորքի հեռուստաընկերությունները ցուցադրել են Բ. Կարապետյանի «Սումգայիթյան ալիքներ», «Բռնագաղթ» և «Խորհրդային զինվորի ճակատագիրը Լեռնային Ղարաբաղում» հեղինակային տեսաֆիլմերը։ 1991-ին հայ հեռուստալրագրողներին միացել է բուլղարուհի Ց. Պասկալևան։ «Ինչ է նշանակում տեղահանում» ռեպորտաժով նա ներկայացրել է խորհրդային բանակի անմիջական մասնակցությունը Շահումյանի շրջանի հայկական բնակավայրերի բռնագաղթին։ Նրա սյուժեները և ռեպորտաժները հեռարձակվել են Սիէնէն, Ռոյթեր, Անտեն-2, ՌՏՌ և Բուլղարիայի ազգային հեռուստաընկերությունների ծրագրերով։ 1994-ից ՀՀ հանրային հեռուստատեսությունում իր կայուն տեղն ունի ՀՀ ՊՆ «Զինուժ», իսկ ԼՂՀ-ում՝ ՊԲ «Գոյամարտ» ծրագրերը։
Զինադադարից հետո հնարավոր է դարձել փաստական տեսանյութերի հիման վրա վերաիմաստավորել Ղարաբաղյան շարժման և պատերազմի դեպքերն ու իրադարձությունները։ 1998-ից ՀՀ հանրային հեռուստատեսությամբ եթեր է հեռարձակվում «Հուշամատյան» պարբերական անոնս-ակնթարթը. մեկ րոպե տեողությամբ այդ շարքը, ներկայացնելով զոհված ազատամարտիկների դիմանկարները, ծննդյան և զոհվելու տարեթվերը, զուգորդվում է ձայնային՝ «Բարձրացրո՛ւ գլուխդ, զինվո՛ր, բա՛ց հոգնած կոպերդ, քո սխրանքն անմար է, քո անունը՝ մեր սրտերում» քառատող կանչով։ ՀՀ և ԼՂՀ տարբեր հեռուստաընկերություններ («Արմենիա», «Երկիր մեդիա», «Ցայգ» են) առանձին ծրագրերով պարբերաբար եթեր են հեռարձակում Ղարաբաղյան պատերազմի մասին պատմող սյուժեներ, հեռուստաֆիլմեր։
Տ. Ռշտունի
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.
Ղարաբաղյան ազատագրական պատերազմի արտացոլումը կինոյում։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am