Գետաշեն: Գյուղ ԼՂՀ Շահումյանի շրջանումԳետաշեն: Գյուղ ԼՂՀ Շահումյանի շրջանում ՝ շրջկենտրոնից 28 կմ հյուսիս-արեմուտք Կյուրակ գետի աջ և ձախ հովտում, Մռավ լեռնաշղթայի հյուսիսային մասում՝ 1400 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 2060 հա շրջապատված խիտ անտառներով և այգիներով։ Բնակչությունը՝ 5000 (1991)։ Ըստ ավանդության՝ գյուղը գոյություն է ունեցել նախաքրիստոնեական ժամանակներից։ Բնակլիմայական բարենպաստ պայմանների, անառիկ դիրքի շնորհիվ բնակչության քանակը պարբերաբար ավելացել է Արցախի և շրջակա բնակավայրերի եկվորների հաշվին։ Բնակիչները զբաղվում էին այգեգործությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկային և այլ բույսերի մշակությամբ։ Գետաշենում գործել են երեք եկեղեցական ծխական արական (1864), օրիորդաց (1906) և երկդասյա պետական (արքունի, 1886), իսկ 1926-ից՝ մեկական ութամյա և միջնակարգ դպրոցներ, անասնաբուծական-անասնաբուժական տեխնիկում, արհեստագործական ուսումնարան։ Գործել են նաև մշակույթի տունը, 2 գրադարան, փոստահեռագրատունը, կինոկետը, բուժկետը, հիվանդանոցը, 2 դեղատունը  և այլն։ Այստեղ է գտնվել Մելիք-Մնացականյանների ապարանքը։ Ուներ երեք՝ Ավագ Ս. Նշան (կար 1677-ի արձանագրություն), Ս. Նշան Աստվածածին (XVII դ.) և Կուսանաց անապատ (XVIII դ.) եկեղեցիներ, Եղնասարի վանք (XIV դ.), խաչքարերով հարուստ հին գերեզմանոց, 4 մեծ քարաշեն կամուրջ, 6 թաղամաս։

 1988-ին «Գետաշեն» հայրենակցական միության (ստեղծվել է 1967-ին, Երևանում) նորընտիր ղեկավարությունը (Բ. Սիսյան, Վ. Չիլինգարյան) անլեգալ հանդիպել է Շ. Մեղրյանի հետ և ընդհանուր համաձայնության գալուց հետո կազմակերպել է Գետաշենի և ենթաշրջանի գյուղերի բնակիչների ստորագրահավաք՝ Շահումյանի շրջանի հետ միավորվելու համար, իսկ 1989-ի վերջին կազմավորվել են ինքնապաշտպանական կամավորական ջոկատներ (ընդհանուր հրամանատար՝ Բ. Բոյախչյան, հրամանատարներ՝ Ա. Ղուկասյան, Վ. Չիլինգարյան, Պ. Հակոբքյոխվյան, Պ. Դավթյան, Պ. Ներսիսյան և ուրիշներ), ինքնապաշտպանության շտաբ, ապա՝ Գետաշենի Ազգային խորհուրդը (նախագահ՝ Մ. Գյուրջյան)։ Ջոկատները համալրվել են հայաստանաբնակ գետաշենցի կամավորներով։ Ենթաշրջանում տեղակայվել են «Արաբո», «Ալաշկերտ», «Մեծն Տիգրան» և Հայաստանի տարբեր շրջանների կամավորական ջոկատները։ 1989-ի նոյեմբերի 27-ին Գետաշենի ենթաշրջանի գյուղերի լիազոր-ներկայացուցիչների (300 պատվիրակ) անդրանիկ համագումարը որոշել է իշխանության և կառավարման մարմին ճանաչել ենթաշրջանի Ազգային խորհուրդը՝ իր հանձնաժողովներով, ենթաշրջանը միացնել Շահումյանի շրջանին։ Որոշումներն ուղարկվել են Արցախի Ազգային խորհդին և ՀԽՍՀ ԳԽ-ին։ Միաժամանակ 1988-1989-ին Գետաշենից պատվիրակներ են մեկնել Մոսկվա, Երևան և Ստեփանակերտ, ներկայացրել ենթաշրջանի ազգաբնակչության ծանր վիճակը, ՄՀՆՋ-ականների կողմից սանձազերծված ահաբեկումներն ու ճնշումները։

 1990-ի մարտին ԽՍՀՄ ՆԳ զորքերի աջակցությամբ տեղահանվել են ենթաշրջանի Կամո և Ազատ գյուղերը, շրջափակման մեջ են առնվել Գետաշեն և Մարտունաշենը։ 1991-ի ապրիլի 30-ից իրագործվել է «Օղակ» գործողությունը։ Անձնագրային ռեժիմի ստուգումների պատրվակով ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի ստորաբաժանումները ադրբեջանական ՄՀՆՋ-ականների հետ՝ զրահատեխնիկայի ուղեկցությամբ բնակչությանը տեղահանելու համար մտել է Գետաշեն։ Գյուղի տեղահանությունը կանխելու նպատակով Թաթուլ Կրպեյանը, օղակը քաշած Թաթուլ Կրպեյանը նռնակը ձեռքին, ցատկելով տանկի վրա, բռնել է գնդապետ Ն. Մաշկովի օձիքը և պահանջել զորքը հեռացնել գյուղից։ Դավադիր գնդակից Թ. Կրպեյանի և իր ընկերների զոհվելուց հետո, խաղաղ բնակչությանը (շուրջ 3,5 հզ.) ահաբեկելով, մայիսի 8-ին բռնի տեղահանել են և ուղղաթիռներով տեղափոխել Ստեփանակերտ, ապա՝ Երևան։ Գյուղերի ազատամարտիկները մայիսի 7-8-ի գիշերը անտառներով անցել են Շահումյանի Մանաշիդ գյուղ։

 Գետաշենի և Մարտունաշենի բնակիչների բռնագաղթն ուներ պետական բնույթ. այդ է վկայում մայիսի 1-ին բնակչությանն ի գիտություն ներկայացված փաստաթուղթը. «Ադրբեջանի հանրապետության Խանլարի շրջանի Չայքենդ (Գետաշեն) և Մարտունաշեն գյուղերի բնակիչներին. նշված գյուղերի բնակիչներին այլ տարածաշրջաններ մշտական բնակության մեկնելու վերաբերյալ բազմաթիվ դիմումներին համապատասխան՝ Խանլարի շրջգործկոմը երաշխավորում է.

1.Օրենքին խիստ համապատասխան՝ ապահովել մասնավոր տների և ունեցվածքի վաճառքի փաստաթղթերի ձեակերպումը և մոտակա 30 օրվա ընթացքում դրամական միջոցների վճարումը։
2.ԽՍՀՄ ՆԳՆ զորքերը կապահովեն բոլոր քաղաքացիների անվտանգությունը Ադրբեջանի տարածքով տեղափոխվելու ժամանակ;
3.Վերոհիշյալը համաձայնեցված է ԽՍՀՄ ՆԳ և հանրապետության ղեկավարության հետ:

Խանլարի շրջգործկոմի նախագահ՝ Ն. Մահմեդով»:

 Բռնագաղթից հետո Գետաշենի ազատամարտիկները Շահումյանի և «Եղնիկներ» պարտիզանական կամավորական ջոկատների կազմերում մասնակցել են ԼՂՀ տարբեր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am