Եվրոպական խորհրդարանը և դարաբաղյան ազատագրական պատերազմը: Եվրախորհրդարանը (ԵԽ) Եվրամիության օրենսդիր մարմինն է: Ստեղծման գաղափարն սկիզբ է առել 1950-ական թթ. Եվրահամայնքի ձևավորման առաջին համաձայնագիրից: 1979-ից կազմավորվում է յուրաքանչյուր 4 տարին մեկ, անդամ պետությունների ներկայացուցիչների ուղղակի ընտրությունների արդյունքում՝ անդամ երկրների բնակչության թվաքանակին համարժեք: Ունի ներքին, արտաքին և ժամանակավոր հանձնաժողովներ: Եվրախորհրդի հետ հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնությամբ, Եվրամիության կառույցների միջոցով իրականացնում ժողովրդավարական գործառնություններ, վերհսկում, ընդունում կամ մերժում Եվրամիության բյուջեն: ԵԽ-ի նիստերը գումարվում են Ստրասբուրգում, հանձնաժողովների, քաղաքական խմբակների աշխատանքային հանդիպումները նաև Բրյուսելում:
Հայկական հիմնախնդիրներին առաջին անգամ անդրադարձել է 1987-ի հուլիսի 18-ի որոշումով, որով Թուրքիային կոչ էր արվում հաշտվել իր պատմական անցյալի հետ և ճանաչել 1915-ի Հայոց ցեղասպանության փաստը: Առանձին հոդվածով Թուրքիային պարտավորեցվում էր հոգ տանել և պահպանել իր տարածքում գտնվող հայկական պատմաճարտարապետական հուշարձանները: Ղարաբաղյան շարժման վերսկսման և Ադրբեջանի կողմից արցախահայությանը պարտադրած պատերազմի ընթացքում ԵԽ ընդունել է մեկ տասնյակ բանաձևեր: 1988-ի մարտի 10-ին ընդունած առաջին բանաձևում արձանագրվել է Հայաստանում տեղի ունեցող բազմամարդ ցույցերի փաստը և Եվրոպական համայնքի անդամ երկրներին կոչ է արվել հայանպաստ միասնական դիրքորոշում ունենալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Երկրորդ բանաձևը ընդունվել է նույն թվականի հուլիսի 7-ին, որում նշվում է. «... նկատի ունենալով Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի միավորվելու պահանջը և Լեռնային Ղարաբաղի պատմական կարգավիճակը որպես Հայաստանի մաս, ինչպես նաև 1988 թվականի փետրվարին Սումգայիթում սանձազերծած կոտորածները դատապարտել հայերի նկատմամբ իրականացվող բռնությունները և աջակցել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը Ղարաբաղը Հայաստանի հետ միավորելու պահանջին, ապահովել Ադրբեջանի հայ բնակչության անվտանգությունը, պատժել հայկական ջարդերն իրականացնողներին...»: Բանաձևում, որպես հիմնախնդրի ժամանակավոր լուծում, առաջարկվել է ԼՂ-ի կառավարումը հանձնել կենտրոնական իշխանությանը: 1989-1991-ին ընդունած բանաձևերում մտահոգություններ են արտահայտված «Ղարաբաղ» կոմիտեի անդամների անօրինական ձերբակալության, Բաքվի հայկական ջարդերի, ՀՀ և ԼՂ շրջափակման, «Օղակ» գործողության ժամանակ խորհրդային բանակի և Ադրբեջանի ՄՀՆՋ-ականների կատարած բռնությունների և անօրինականությունների կապակցությամբ: 1991-94-ին ընդունված բանաձևերն առանձնանում են հակամարտող կողմերի միջև որոշակի հաշվեկշիռ ապահովելու ձգտմամբ և փոփոխված դիրքորոշումներով :
2002-ի փետրվարին և 2004-ի հունվարին խորհրդարանը պատգամավոր Պ. Գարթոնի ներկայացրած զեկույցների հիման վրա ընդունել է երկու բանաձև, որոնցով կոչ է արվում հակամարտող կողմերին հիմնախնդիրը լուծել քաղաքական և ոչ առճակատման ճանապարհով:
Հ. Դեմոյան
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am