Դավիթ բեկի արձանը ԿապանումԴավիթ Բեկ (ծննդյան թվականը անհայտ 1728) հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար: Ծառայել է վրաց թագավոր Վախթանգ VI-ի բանակում: Սյունիքի մելիքների որոշման համաձայն՝ Դավիթ Բեկը իր զորախմբով 1722-ի վերջին եկել է Կապան և գլխավորել օտար զավթիչների դեմ բռնկված ազատագրական շարժումը։ Արագ կազմակերպել է հայկական զորախմբեր, վերականգնել հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական կայուն հենակետեր, սանձել Սյունիք թափանցած վաչկատուն հրոսակախմբերի խժդժությունները։ Հակահարված հասցնելով մահմեդականացած հայ մելիքներ Բաղրին (Տաթևում), Ֆրանգյուլին (Արծվանիկում) և թուրք-թաթարական մի շարք ցեղապետերի՝ բռնագրավել է նրանց տիրույթները և տվել իր զորահրամանատարներին։ 1724-ի սկզբին Արցախից օգնության եկած Ավան Յուզբաշու զորամասի (2 հզ. մարտիկ) հետ հաղթական մարտեր մղելով Օրդուբադի, Նախիջևանի, Բարգուշատի, Ղարադաղի խաների դեմ, ազատագրելով Շինուհայրը, Հալիձորը, Զեյվան, Որոտանը՝ Դավիթ Բեկը Սյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն՝ Հալիձոր կենտրոնով։ Կազմակերպել է մշտական կարգավարժ բանակ, որը հսկել է ռազմական կարևոր հենակետերը։ 1724-25-ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարներ Թորոսը, Մխիթար Սպարապետը, Ստեփան Շահումյանը, Տեր-Ավետիսը հաջող մարտեր են մղել շրջակա թշնամիների դեմ, մաքրել Սյունիքը մահմեդական հրոսակ ցեղերից։ 1725-27-ին, երբ Թուրքիան ռազմակալել է Այսրկովկասը, առժամանակ ջլատվել են Դավիթ Բեկի ուժերը։ Նա փակվել է Հալիձորի բերդում (1727-ի մարտ) և մարտնչել այն պաշարած թուրքական գերակշիռ զորքերի դեմ։ Անսպասելի հակագրոհով ջախջախելով թուրք զորքերին՝ Դավիթ Բեկը նրանց մնացորդներին ոչնչացրել է Մեղրիի, Բարգուշատի և Բեխ ավանի մատույցներում։ Վերականգնելով անկախությունը՝ Դավիթ Բեկը 1727-ին կապ է հաստատել Պարսից շահ Թահմազ II-ի հետ, որը ճանաչել է նրա իշխանապետությունը Սյունիքում, տվել դրամ հատելու իրավունք։ Աակայն քաղաքական անբարենպաստ պայմաններում Դավիթ Բեկի փոքրաթիվ ուժերը չեն կարողացել երկար դիմադրել մահմեդական թշնամիների գերակշիռ ուժերին։ 1728-ի գարնանը թուրքական զորքերը վերստին ռազմակալել են Սյունիքը և Արցախը։ Այդ ժամանակ էլ Դավիթ Բեկը հանկարծամահ է եղել, նրան փոխարինել է Սխիթար Սպարապետը։ 1882-ին Րաֆֆին գրել է «Դավիթ Բեկ» պատմավեպը, Ա. Տիգրանյանը՝ «Դավիթ Բեկ» օպերան (1941-50), նկարահանվել է «Դավիթ Բեկ» գեղարվեստական ֆիլմը (1944,Հայֆիլմ)։ Դավիթ Բեկի անունով փողոցնեի են կոչվել Երևանում և ՀՀ այլ քաղաքներում, թաղամաս՝ Կապանում, որտեղ կանգնեցված է նրա հուշարձանը (1978)։

Գրականություն՝

Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան), հատոր 1

 Ընտիր պատմութիւն Դաւիթ Բեգին և Պատերազմաց Հայոց Խափանու..., Վաղ-պատ, 1871։

Կնյազյան Հ.Ա., Ազատագրական պայքարը Դավիթ Բեկի գլխավորությամբ, Ե., 1963։ Հովհաննիսյան Ա., Դավիթ Բեկի գլխավորած Ղափանի ապստամբությունը, ԲԵՀ, 1970, ՒՎտ1:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am