Չլդրան: Գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 34 կմ հարավ-արեմուտք՝ 800-900 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 2267 հա։ Բնակչությունը՝ 502 (2003)։ Զբաղվում են երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (կոչվել է սփյուռքահայ բարերար Տիգրան Իզմիրլյանի անունով), բուժկետ, գրադարան։ Չլդրան բաղկացած է Վրցկալեր, Քյուրքորեգ (Քրքորեգ), Վերին Գոմեր, Խոր ձոր, Փոքր Չլդրան, Ղալունց թաղ թաղամասերից։ Գյուղի շրջակայքում կան XIII դ. և ավելի վաղ ժամանակաշրջանի կիսավեր հուշարձաններ՝ Ամենափրկիչ վանքը, Կարմիր եկեղեցին, Հնձախութ գյուղատեղին, Սառնատուն քարայրը և  այլն։

 1990-ին գյուղում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատարներ՝ Ս. Արզումանյան, Մ. Սահակյան, Դ. Ղուլյան, Ս. Նաջարյան), որի ազատամարտիկները 1992-ի սեպտեմբերից ներառվել են ՊԲ տարբեր ստորաբաժանումների կազմում և մասնակցել մարտական գործողությունների։

 Չլդրանի և նրա ուղղությամբ մարտական գործողություններն ընթացել են 1991-ի ամռան վերջին և 1992-ին։ Հակառակորդն օդուժի և ծանր զինտեխնիկայի հեռահար հրետակոծումներից հետո գրավել է Չլդրանը։ Բնակիչները բռնագաղթել են Ստեփանակերտ և ՀՀ տարբեր շրջաններ։

 ԼՂՀ ԻՊՈՒ կազմավորումների ձմեռային պատերազմաշրջանում նախատեսվել էր հարձակողական ռազմական գործողություն երեք ուղղություններով. 1-ին՝ Վաղուհաս-Զագլիկ-Թալիշ, 2-րդ՝ Չլդրան-Դրմբոն-Կուսապատ-Մարտակերտ, 3-րդ՝ ՍրխավենդԲաշգյունեփայա-Մանիքլու-Ջանյաթաղ-Գյուլաթաղ-Մարտակերտ։ ԻՊՈՒ-ի զինված կազմավորումների հարձակողական գործողություններն սկսվել են փետրվարի 5-ին՝ ուժգին հրթիռահրետանային նախապատրաստությունից հետո։ Բոլոր ուղղություններում հակառակորդը խտճապահար փախուստի է դիմել՝ մերկացնելով ճակատային գիծը։ Միայն Չլդրանում թողել է 2 տանկ, 1 ՀՄՄ և տասնյակ սպանվածներ։ 1993-ի փետրվարի 5-ին Չլդրանը ազատագրվել է և նույն թվականին սկսվել է գյուղի վերաբնակեցումը։ 2000-2002-ին բնակարանաշինության և վերականգնողական աշխատանքներին օժանդակել է Հայ կաթոլիկ եկեղեցու օգնության ծառայության արցախյան գրասենյակը, Ժնևի Իզմիրլյան հիմնադրամը։ Չլդրանից զոհվել է 23 ազատամարտիկ։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am