Բալայան Զորի Հայկի: Ծնվել է  1935 թվականի փետրվարի 10-ին Ստեփանակերտում: Գրող, հրապարակախոս, բժիշկ, Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից: Սպորտի վարպետ (1967): 1953-1957-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Բալթիական նավատորմում: Ավարտել է Ռյազանի (Ռուսաստան) Ի. Պավլովի անվան բժշկական ինստիտուտը (1963): 1963-73-ին աշխատել է Կամչատկայի մարզային հիվանդանոցում: 1967-ին ինքնաշեն «Վուլկան» և «Օեյզեր» նավակներով ընկերների հետ Կամչատկայից հասել է Սև ծով, իսկ 1970-ին Խաղաղ օվկիանոսով՝ Ատլանտյան օվկիանոս: 1973-ի ձմռանը շնասահնակով անցել է Կամչատկայի և Չուկոտկայի տունդրաները, հասել մինչև Սառուցյալ օվկիանոս: 2004-ին «Կիլիկիա» առագաստանավով անցել է 7 ծովով և հասել Վենետիկ: Բալայանի ճանապարհորդությունների արգասիքն են եղել «Հիպոկրատի գլխարկը» (1972), «Երկնագույն ճանապարհներ» (1975) և «Սպիտակ մարաթոն» (1980, ռուսերեն) և այլ գրքեր: «Օջախ» (1981) գրքում գրել է Հայաստանի, Նախիջևանի և Արցախի մասին: Գրքի լույս տեսնելուց հետո թուրք-ազերի պատմաբանները, չկարողանալով հակափաստարկներ բերել, հարձակումներ են սկսել Բալայանի անձի նկատմամբ: Նրա «Հատուցում», «Խիղճ», «Բարության ծառ» գրքերը նվիրված են շրջակա միջավայրի առողջացման, տնտեսական հարցերինԲալայանը Շարժման և Ղարաբաղյան պատերազմի տարեգիրներից է, Ղարաբաղի ազատագրման և անկախության ջատագովը: Պայքարել է ոչ միայն Արցախի հարցի, այլև, ամբողջությամբ վերցրած Հայ դատի արդար լուծման համար՝ համոզված, «որ կարող ենք ինքներս մեզ հաղթել, մեր մեջ սպանելով ստրուկին, ազատագրվել զոհի ախտանիշից և հաղթել, եթե գիտակցենք, որ դատապարտված ենք հաղթության, որ պարտությունն ամեն ինչի վերջն է...»: Բալայանի ստեղծագործություններն աչքի են ընկնում ներգործության տեսական ուժով և ճանաչողական բնույթով: Բալայանը մերկացրել է պանթուրքիզմի ռազմամոլ ծրագրերը, պատմության կեղծարարներին և մասնավորապես Խոջալուի ազատագրման զեղծարարներին

 Ղարաբաղյան շարժման մասին առաջին գիրքը՝ «Հայկաշենը», գրել է 1988-ին և հրատարակել Երևանում և ԱՄՆ-ում: Գրքում պատմում է սկսվող ազատագրական պայքարի մասին: Բալայանը իրատեսորեն է մեկնաբանել ղարաբաղյան ոգու բացառիկության գաղտնիքը՝ ներառված ազատատենչ հայ անհատի մեջ:

 Արցախի ազգային-ազատագրական պատերազմի, հերոսների, շրջափակման մասին «Դժոխք և դրախտ» (Ե., 1995) գիրքն ազատության համար պայքարող մարդկանց և հերոսական կյանքի ընդարձակ համայնապատկեր է՝ գրված իրադարձությունների մասնակից հեղինակի օրագրային գրառումներով, վավերագրական ակնարկներով ու գծանկարներով: «Բժիշկ Մարությանը» վավերագրական վիպակը Արցախի ռազմական բժշկության և ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիր Վ. Մարությանի հերոսական կյանքի մասին է: «Երեկ, այսօր, վաղը» գրքում փիլիսոփայական-հրապարակախոսական երկխոսության ժանրով (լրագրող Գ. Մկրտչյանի հետ) ներկայացրել է իր ժամանակակիցներին հուզող թեմաներն ու խնդիրները: Այն Ղարաբաղյան շարժման և ռազմական գործողությունների տարեգրություն է: Բալայանը հեղինակ է «Գոտեմարտ» երկսերիանոց (ռեժիսոր՝ Յու. Երզնկյան, գլխավոր դերում՝ Ա. Ջիգարխանյան) և «Ասիայի ծայրամասում» (ռեժիսոր՝ Ն. Միխալկով) կինոնկարների սցենարների: 1980-ական թթ. նրա անվան հետ անխզելիորեն կապված է Ղարաբաղյան շարժումը: 1988-1991-ին Մ. Գոդաչովի, Ա. Յակովլևի և ԽՄԿԿ ԿԿ և գործադիր իշխանությունների բարձրագույն տարբեր գործիչների հետ հանդիպումների ժամանակ, ԽՍՀՄ ժողպատգամավորների համագումարներում, Բ. Ելցինին հղած նամակում ներկայացրել է Արցախյան հիմնախնդիրը, ԼՂԻՄ-ում տեղի ունեցող ողբերգությունների հիմքերը, պանթուրքիզմի տարածման վտանգավորությունը, պատճառաբանված ու հիմնավորված ելույթներով դատապարտել Ադրբեջանի և Կենտրոնի կողմից կատարված հակաօրինական, հակահայկական գործողությունները: Բաքվի ջարդերից հետո, 1990-ի փետրվարի 19-ի ԽՍՀՄ ԳԽ երկու պալատների միացյալ փակ նիստում, դիմելով Մ. Գորբաչովին, ասել է. «Ես համոզված եմ, որ ամեն ինչ սկսվում է ձեզանից, Միխայիլ Սերգեևիչ: Հիշո՛ւմ եք, երբ Դուք 1988-ի փետրվարին մեզ հարցրիք «իսկ դուք մտածե՞լ եք 200 հզ. այն հայերի մասին, որ ապրում են Բաքվում... սարսափելի է, երբ իրավական պետության մեջ այդ նույն պետությունն ի վիճակի չէ ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը...»: Բալայանը 1990-ի սեպտեմբեփ 9-29-ին «Մոսկվա» հյուրանոցի իր համարում հայտարարել է հացադուլ՝ բողոքելով «ԼՂ-ում տեղի ունեցող անօրինականությունների և Մ. Գորբաչովի անգործության դեմ» և պահանջել, որ «վերականգնվեն ԼՂԻՄ-ի իրավական-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները»: 1988-1994-ին Բալայանը գործուն մասնակցություն է ունեցել Արաքսից մինչև Օմարի լեռնանցք ընթացող ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի պլանների մշակման աշխատանքներին: Հորդորել և ԼՂ է ուղարկել Ռուսաստանի և այլ երկրնե-րի առաջադեմ մտավորականների ու իրավապաշտպանների՝ դրանով իսկ փրկելով հազարավոր մարդկանց կյանքը:

 «Լիտերատուրնայա գազետա» (Մոսկվա) թերթի սեփական թղթակից Հայաստանում, «Բայկալյան շարժում» միջազգային էկոլոգիական կազմակերպության համանախագահ, բազմաթիվ արտասահմանյան երկրների կողմից Արցախին ցույց տրվող օգնության (այդ թվում՝ Ք. Քոքսի առաքելության) նախաձեռնողն ու կազմակերպիչը: ԽՍՀՄ ԳԽ (1989-92) և ԼՂՀ ԳԽ (1992-1995) պատգամավոր:

 ՀԽՍՀ Պետական (1988), ԽՍՀՄ լրագրողների միության և Ն. Օստրովսկու անվան համամիութենական գրական մրցանակների դափնեկիր:

 

Երկեր.

Ցավ, Ե., 1978: Խիղճ, Ե., 1981:  Нужен мужской разговор, Е., 1974;  Ураган, Е., 1977;  Красная Яранга, М., 1979; Хлеб, М., 1984; Расплата, М., 1986; Дорога, М., 1988; Авария, Е., 1988.

Գրականություն՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am