Բալասանյան ՎիտալիԲալասանյան Վիտալի: Ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի Ասկերան ավանում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ասկերանում։ 1977-1979 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1990 թվականին ավարտել է Երևանի կոոպերատիվ առևտրի տեխնիկումը, 2011 թվականին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս։ ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976 թվականին՝ որպես Ասկերանի շրջանի հասարակական սննդի հիմնարկ-ձեռնարկության տաղավարի վարիչ, ապա՝ արտադրության պետ-փոխտնօրեն։ Այստեղ աշխատել է մինչև 1990 թվական։ 1990 թվականին ընտրվել է Ասկերանի շրջանի Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար։ 1991 թվականին ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992 թվականի օգոստոսին նշանակվել է ԼՂՀ ՊԲ Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար: Վիտալի Բալասանյանը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մարտական ուղի է անցել՝ Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարից հասնելով մինչև դիվիզիայի հրամանատարի և Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոններին՝ արժանանալով գեներալ-մայորի զինվորական կոչման։

 Նրա հրամանատարությամբ Ասկերանի գունդը մարտական գործողությունների ժամանակ պաշտպանության բնագիծ ուներ՝ ձախից Խաչեն գետը, ձգվելով մինչև Վազգենաշեն (Ավդալ-Գյուլափլի), որը հարակից էր Աղդամ քաղաքին և շրջանին, իսկ արևմտյան մասից՝ Քաշաթաղի (այն ժամանակ՝ Լաչինի շրջանը), քանի որ Ասկերանի շրջանը հարակից էր Լաչինի և Աղդամի շրջաններին։ Ասկերանի պաշտպանական շրջանի վաշտերի մեծամասնությունը մասնակցություն է ունեցել Շուշիի և Լաչինի ազատագրմանը։ Լաչինի շրջանի հյուսիսային գյուղերի ազատագրման մի շարք օպերացիաներ ղեկավարվել է անձամբ Վիտալի Բալասանյանի կողմից։

 Գունդը մասնակցել է Մարտակերտի ուղղությամբ մղվող պաշտպանական և հարձակվողական մարտերին։ 1993 թ. ապրիլին Քարվաճառի ազատագրմանը Մարտակերտում (Դրմբոնում) տեղակայված ընդհանուր շտաբի ղեկավարն է եղել, իսկ Քարվաճառի ուղղության ընդհանուր հրամանատարն էր Մոնթե Մելքոնյանը (Ավոն)։ 1994 թվականին, երբ Ադրբեջանը հակագրոհով մտավ Քարվաճառի մի շարք բնակավայրեր, ազատագրման ընդհանուր օպերացիան իրագործվել է Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ։ 1993 թ. հուլիսին Աղդամի օպերացիայի ընդհանուր հրամանատարն է եղել։ Հուլիսի 23-ին ազատագրվել է Աղդամ քաղաքն իր հարակից բնակավայրերով։ Տարբեր ժամանակներում գնդի մի մասը Բալասանյանի հրամանատարությամբ մասնակցել է Հորադիզի ուղղությամբ պաշտպանողական և հարձակողական մարտերի։ Նշված բոլոր ուղղություններում գունդը գրանցել է մշտական հաջողություններ։

 1996-1998 թվականներին՝ հանդիսացել զորամիավորման հրամանատար, 1998-1999 թթ.՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, 1999 թ. սեպտեմբերից՝ ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ։

 2000 թ. մարտին Վիտալի Բալասանյանին շնորհվել է գեներալ-Վիտալի Բալասանյանը և Քրիստափոր Իվանյանը Մարտակերտի Մեծ Շեն գյուղում, 1995 թ. դեկտեմբերի 20մայորիզինվորական կոչում։ 2000-2005 թվականներին եղել է «Արցախի պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ։ 2005 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Հանդիսացել է Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Պատգամավորական գործունեությունն իրականացրել է «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցության կազմում։ 2007-2010 թվականներին եղել է ԼՂՀ նախագահի խորհրդական։

 2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակով ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։ Դարձել է Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի և «Դաշնակցություն» խմբակցության անդամ։ 2012 թ. ԼՂՀ նախագահական ընտրություններին մասնակցելու համար հեռացվել է «Դաշնակցություն» խմբակցությունից և դարձել անկախ պատգամավոր։ 2011 թվականից «Հավատք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Անկուսակցական է։

 

Գրականության ցանկ 

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան: Երևան 2004:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am