Բաղյան Հեկտոր Ոուբենի (Բատյա): Ծնվել է 1942 թվականի մարտի 1-ին Ղուշչի գյուղում (Ադրբեջանի Դաշքեսանի շրջան): Ճարտարագետ, ազատամարտիկ: ՀՀ բանակի պահեստի կապիտան (1997): ՀՀ բուհերի ռազմահայրենասիրական միության նախագահ (1991-1996): Տեխնիկական գիտությունների թեկնածու (1977), դոցենտ (1982): 1962-1963-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: Ավարտել է Ֆրունզեի (Բիշքեկ) պոլիտեխնիկական ինստիտուտը (1970): 1970-1987-ին աշխատել է նույն ինստիտուտում՝ դաստիարակչական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1987-ից՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինմեքենաների և հիդրավլիկայի ամբիոնի դասախոս:

 1989-1992-ին Երևանի պոլիտեխնիկական, ճարտարապետաշինարարական, ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտների, պետական համալսարանի արցախահայ ուսանողներից կազմավորել է «Արցախ-1» ...«Արցախ-8», «Պոլիտեխնիկ 1-3», «ճարտաւապետաշինարար-1», «Աֆղանցիներ-1» կամավորական ջոկատները և գործուղել Արցախ: 1990-1994-ին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), ԼՂՀ Մարտակերտի (Մաղավուզ, Մոխրաթաղ, Կուսապատ, Դրմբոն, Կարմիրավան, Սեյսուլան և այլն) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Բազմիցս վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել մարտադաշտ: Ազատամարտիկներին ապահովել է ռազմական գրականությամբ: 1995-ին Բաղյանի ղեկավարությամբ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողական ջոկատը Հորադիզում և հարակից տարածքներում ստեղծել է ռազմաճարտարագիտական կառույցներ (խրամատ, կրակակետ և այլն):

 Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով:

 

Ի. Հայրապետյան

 

Գրականություն՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am