Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Բարենորոգումների Մայիսյան ծրագիրը։ Բաբ Ալիի ցույցը

 Բարենորոգումների Մայիսյան ծրագիրը։ Բաբ Ալիի ցույցը։ 1895 թ. մայիսի 11-ին Կ. Պոլսի անգլիական, ռուսական և ֆրանսիական դեսպաններր հայկական վեց նահանգներում (Կարին, Բիթլիս, Վան, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա) բարենորոգումներ անցկացնելու ծրագիր ներկայացրին Բարձրագույն Դռանը։ 13 գլուխներից և 40 հոդվածներից բաղկացած բարենորոգումների այդ ծրագիրը նախատեսում էր որոշ չափով բարեփոխել վերը նշված նահանգների կառավարումը, բարելավել դատական գործը, կարգավորել հարկային համակարգը և այլն։ Ծրագիրը, սակայն, խիստ սահմանափակ էր և չէր կարող բավարարել ավելի արմատական դիրքերի վրա կանգնած հայությանը։ Դրանով հանդերձ՝ այն Բեռլինի վեհաժողովից հետո մեծ տերությունների կողմից 61-րդ խիստ անորոշ հոդվածի բովանդակությունը առարկայացնելու առաջին փորձն էր և իրագործվելու դեպքում, անշուշտ, որոշ օրինականություն կմտցներ Արևմտյան Հայաստանում ու կչափավորեր կամայականությունները։ Բայց սուլթանը մտադիր չէր իրականացնել անգամ նման չափավոր մի ծրագիր։ Առերևույթ շնորհակալությամբ ընդունելով ներկայացված նախագիծը՝ սուլթան Աբդուլ Համիդը զանազան պատրվակներով ամիսներ շարունակ ձգձգում էր բարենորոգումներն իրականացնելուն ուղղված գործնական քայլերի կատարումը։ Ձևականորեն չհրաժարվելով իրականացնել բարենորոգումները և անգամ այդ ուղղությամբ կատարվող քայլերի պատրանք ստեղծելով՛ սուլթանը համառորեն պահանջում էր հայ ազատագրական շարժումների անհապաղ դադարեցում, հայտարարելով, որ միայն խաղաղ պայմաններում է հնարավոր իրականացնել բարենորոգումներ։ Դա նշանակում էր գործնականում հրաժարվել բարենորոգումներ իրականացնելուց։ Վերջին փաստարկը հետագայում էլ բազմիցս օգտագործվում է սուլթանի կողմից՝ իր արյունալի քաղաքականությունն արդարացնելու համար։ Այդ հարցում նրան օգնության էր գալիս հայկական հարցի շուրջ այդ ամիսներին ծավալված դիվանագիտական կատաղի պայքարը մի կողմից՝ Անգլիայի, որի ազդեցությունը գնալով ուժեղանում էր հայկական շրջանների վրա, մյուս կողմից՝ ռուս ֊ֆրանսիական ալյանսի միջև, որը փորձում էր զսպել Անգլիայի ակտիվությունը և իր հովանավորության տակ վերցնել Թուրքիան։

 Այսպիսով, Հայկական հարցը հայտնվում է յուրատեսակ կախարդական շրջանակում։ Ստեղծված ճգնաժամային, սպասողական, ծանր ու տագնապալից իրավիճակում հասունանում է նոր ելույթի գաղափար։ Նման պայմաններում ռումբի պայթյունի տպավորություն թողեց 1895 թ. սեպտեմբերի 18-ին Կ. Պոլսում Հնչակյանների կազմակերպած ցույցը։

 Հնչակյանները նախօրոք եվրոպական տերությունների դեսպաններին և թուրքական դատական մարմիններին տեղեկացրել էին ցույցի խաղաղ բնույթի մասին։ Շուրջ չորս հազար ցուցարարներ՝ մշեցի, վանեցի, բաղեշցի պանդուխտներ, արհեստավորներ, կանայք ու աղջիկներ, Կ. Պոլսի Հայոց մայր եկեղեցու բակից «Զա՛յն մը Հնչեց էրզրումի հայոց լեռներեն» երգելով շարժվեցին դեպի Բաբ Ալի՝ թուրքական կառավարության նստավայրը։ Նրանք իրենց հետ տանում էին սուլթանին և եվրոպական տերություններին ուղղված Հնչակյանների կազմած պահանջագիրը, որում նկարագրելով հայ ժողովրդի ծանր կացությունը, առաջարկվում էր վերջ տալ անօրինություններին և ապահովել հայ ժողովրդի խաղաղ կյանքը։ Ոստիկանությունը թույլ չտվեց հանձնել խնդրագիրը: Վաղօրոք տեղյակ լինելով ցույցի մասին՝ կառավարությունը ռազմական պատրաստություն էր տեսել։ Սրա հրամանով զորքն ու խուժանը, փակելով ցուցարարների ճանապարհը, սկսեցին ջարդր։ Ցուցարարները դիմադրություն ցույց տվեցին: Ցույցն ավարտվեց ամբողջ քաղաքում հայերի ընդհանուր ջարդով, որին զոհ գնաց մոտ երկու հազար մարդ։

 Բաբ Ալիի դեպքերից հետո սուլթանը շտապեց իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը, ամենուրեք ծավալվող ընդհանուր զայրույթը կասեցնելու ե դիվանագիտական խաղաքարտերը կրկին խառնելու նկատառումով 1895 թ. հոկտեմբերի 18-ին, նախապես փոփոխություններ կատարելով, նա ստորագրեց մայիսյան բարենորոգումների ծրագիրը։ Ձևի համար անգամ բարենորոգումներն անցկացնող հանձնաժողով կազմվեց, որի ղեկավար նշանակվեց Շարիր փաշան: Բայց սուլթանի հրապարակած բարենորոգումների հրովարտակը կայսրության հայաբնակ շրջաններում ընդհանուր կոտորածի ազդանշան հանդիսացավ։ Սուլթանական կառավարությունը բացահայտորեն պատժիչ միջոցներ սկսեց կիրառել հայ ազատագրական պայքարի հետագա վերելքը կանխելու, հայոց զինյալ պայքարն արմատախիլ անելու համար։ Սակայն նրա ծրագիրը չիրականացավ, քանզի պայթեց Զեյթունի ապստամբությունը։

Աղբյուրը՝ Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 403-406

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am