Ազգալդյան Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան Լեոնիդ Ռուբենի: Ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս: Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 22-ին Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947-1959թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։ Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «Էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։

 Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լեոնիդ Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին: 1990 թվականի փետրվարից վարել է «Անկախության բանակ»ի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին: 
Մայիսի 27-ին Երևանի կայարանամերձ հատվածում և Սովետաշենի (այժմ՝ Նուբարաշեն) արյունալի սադրանքից հետո ծրագրել և իրականացրել է խորհրդային զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։ 1990-ի վերջից մասնակցել է Գետաշենի ենթաշրջանի, Շահումյանի և Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:Լեոնիդ Ազգալդյան

Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը: 

 Լ. Ազգալդյանը 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ, զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով։ Ազգալդյանի անունով է կոչվել Արտաշավիի (ԼՂՀ Քաշաթաղի շրջան) միջնակարգ դպրոցը։

 

Ն. Գալստյան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am