Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայաստանի ազատագրության Մոսկովյան ծրագիրը

 Հայաստանի ազատագրության Մոսկովյան ծրագիրը: XVII դարի վերջերին Ռուսաստանր մեծ ջանքեր էր գործադրում ծովային նոր, հարմար ուղիների տիրելու համար: Հետաքրքրություններից մեկն աղերսվում էր Սև և Ազովի ծովերի հետ, որոնք գտնվում էին Թուրքիայի տիրապետության ներքո: Կասպից ծովը նրա առջև բացում էր անկում ապրող Պարսկաստանի մետաքսով ու հումքով հարուստ տարածքները: Սակայն այդ պահին Ռուսաստանի համար առաջնահերթը հյուսիսային ծովային ամենադժվարագույն ու ամենաշահավետ ուղի՝ Բալթիկ ծով դուրս գալն էր: Այս նպատակով նա պատերազմ էր սկսել (1700 թվականից) Եվրոպայի հզորագույն տերություններից մեկի՝ Շվեդիայի դեմ, որին էլ պատկանում էին Բալթիկ ծովի՝ Ռուսաստանին շահագրգռող բոլոր ափերը: Պատերազմի սկիզբը ուղեկցվում էր Ռուսաստանի համար ծանր, ջախջախիչ պարտություններով: Բայց երիտասարդ թագավոր Պետրոս I-ը լի էր կամքով ու վճռականությամբ ոչ միայն դրությունը շտկելու, այլև պատերազմը հաղթական ավարտին հասցնելու:

 Ռուսաստանի համար հենց այս ծանր պահին էր, որ 1701 թ. հուլիսի 7-ին Իսրայել Օրին և նրան ուղեկցողները հասան Մոսկվա: Օրին Մոսկվա էր ժամանել Ավստրիայի կայսեր և Պֆալցի կուրֆյուրստի կողմից տրված հանձնարարականներով, Լեհաստանի թագավոր Ավգուստ II-ի անցագրով և դիտվում էր որպես նրանց դեսպանորդ: Դրանով պետք է բացատրել այն մեծարանքն և այն պատշաճ ընդունելությունը, որ նրան արժանացրին ռուսական արքունիքում: Օրուն անմիջապես հատկացվեց առանձին բնակարան և թիկնապահ պահակախումբ:
 1701 թ. հուլիսի 11-ին տեղի ունեցավ Իսրայել Օրու և Ռուսաստանի վարչապետ Ֆ. Ա. Գոլովինի հանդիպումը, որի ժամանակ դեսպանը բանավոր բացատրություններ տվեց իր առաքելության վերաբերյալ: Երեք օր անց` հուլիսի 14-ին, նա Պետրոս I-ին գրավոր զեկուցագիր ներկայացրեց, որտեղ հայ ազատագրական շարժման պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ազատագրության գործը վերապահվում էր Ռուսաստանին: Այստեղ նա շեշտում է, որ հայերը վաղուց ի վեր իրենց հույսը կապել են Ռուսաստանից սպասվելիք օգնության հետ: Զեկուցագրում ասված էր, որ «այս խեղճ ժողովուրդը միշտ ապրել է ու ապրում է ձեր թագավորական մեծությունից օգ-նություն ակնկալելու հույսով: Ժողովրդի մեջ կա մի նախախնամություն, թե գալու է Մոսկվայի օգոստոսափառ տնից ինչ-որ մի իշխան, Ալեքսանդր Մեծից ավելի քաջ մեկը, որն ազատելու է քրիստոնյաներին և վերականգնելու Հայոց թագավորությունը»: Հայ ազատագրական մտքի այս հերթական կտրուկ շրջադարձը պայմանավորված էր ոչ միայն Օրու ճկունությամբ, այլև ստեղծված նոր իրադրությամբ:
 Պետրոս I-ին չափազանց հետաքրքրեց Օրու անձն ու աոաքելությունը, և նա Գոլովինի միջոցով պահանջեց մանրամասն ծրագիր ներկայացնել իրեն Հայաստանի ազատագրության հնարավոր տարբերակների և այդ գործում Ռուսաստանին վերապահված դերի մասին: Ընգամենը տասն օրվա րնթացքում Օրին մշակեց և ցարական արքունիք ներկայացրեց Հայաստանի ազատագրության միանգամայն նոր ծրագիր, որը հայտնի է «Մոսկովյան ծրագիր» անունով: Այն Պետրոս I-ին ներկայացվեց հուլիսի 25-ին: Ծրագիրը բաղկացած էր 18 կետից: Ծրագրի համաձայն ռուսական 25 հազարանոց բանակը ( 15 հազար հետևակ և 10 հազար հեծյալ)՝ անհրաժեշտ քանակությամբ թնդանոթներով, ռազմերթ էր սկսելու նույն թվականի հոկտեմբերի սկզբներին: Բանակի մի մասը՝ 15 հազար զինվոր, շարժվելու էր ցամաքային ճանապարհով՝ Թերեք-Դերբենղ ուղղությամբ: Մյուս զորադունդր՝ 10 հազար զինվորներով, ճանապարհվելու էր Կասպից ծովով: Նիզովայի նավահանգստում ափ իջնելուց հետո ռուսական բանակը սրընթաց երթով շարժվելու էր հետևյալ չորս ուղղություններով՝ 1. Գանձակ, 2. Լոոի, 3. Կապան, 4. Նախիջևան: Նախիջևանում ռուսական զորքերին միանալու էին հայկական ապստամբական ուժերը (շուրջ 100 հազար զինվոր) և համատեղ սկսելու էին Հայաստանի ազատագրության ծրագրի իրականացումը: Հարվածի հիմնական ուղղությունը պետք է լիներ Երևանր, որը գրավելուց հետո ավարտվելու էր Հայաստանի արևելյան հատվածի ազատագրումը, և վերականգնվելու էր Հայկական պետականությունը: Ռազմարշավի ամբողջ ծախսերը հոգալու էր հայկական կողմը: Ռուսական բանակը լիովին ապահովվելու էր պարենով, հաղորղակցության միջոցներով: Ներկայացված փաստաթղթում Օրին քանիցս շեշտում է Հայաստանի տնտեսական հարուստ կյանքի, մեծաշահ առևտրի, հանքավայրերի մասին, որով կարծես ցանկանում էր շահագրգռել ռուսական կողմին: Ռազմական այս ամբողջ արշավանքը, այսինքն Արևելյան Հայաստանի ազատագրումը պետք է տեղի ունենար շուրջ 20 օրվա րնթացքում: Կարևոր է, որ Օրին Հայաստանի հնարավոր դաշնակցի ղերր հատկացնում էր Վրաստանին, որի գահազուրկ թագավոր Արշիլ II-ը այդ ժամանակ ապաստան էր գտել Մոսկվայում: Անձնական հանդիպումների ժամանակ Արշիլը Օրուն հավաստիացրել էր, թե վրաց ժողովուրդը ես կապստամբի, եթե ռուսական մի փոքրաթիվ զորամաս մտնի Վրաստան: Փաստորեն երկու երկրներում էլ պետականության վերականգնման հիմնական ուժը լինելու էին ազգային ֊ազատագրական բանակները, իսկ Ռուսաստանը առավելապես հանդես էր գալու որպես երաշխավոր: Եթե միջազգային դրության վատթարացման դեպքում Թուրքիան փորձեր խառնվել իրադարձություններին հօգուտ Պարսկաստանի, նախատեսվում էր եվրոպական երկրների միջամտությունը: Օրին ծրագրին կցել էր Հայաստանի և հարևան երկրների ձեռանկար քարտեզը, որպեսզի ռուսական ռազմական գործիչներն առավել առարկայական պատկերացում ունենային Հայաստանի ճանապարհների, քաղաքների, բերդերի տեղադրության ու տարածքի մասին: Այս ծրագրում որևէ խոսք չկար հայերի դավանափոխության մասին, որ նախորդ ծրագրի հիմնակետերից մեկն էր: Դա բնական էր ու հասկանալի, քանզի ռուսական կողմին հարցի այդ մասը բնավ չէր հետաքրքրում: 
 Ծրագիրր կազմված էր Հայաստանի, Կովկասի ու Մերձավոր Արևելքի կացության քաջատեղյակությամբ: Փաստաթղթի հեղինակի բացատրություններն ու առաջարկությունները հիմնավորված էին ու համոզիչ: Նախորդ ծրագրի հետ համեմատած, սա առավել իրատեսական էր և ուներ ավելի գործնական բնույթ:
 Ծրագիրն ու քարտեզը խիստ հետաքրքրեցին Պետրոս I-ին, և նա ցանկություն հայտնեց անձամբ բացատրություններ ստանալ նրա հեղինակից: Պետրոս I-ի և Օրու առաջին տեսակցությունը տեղի ունեցավ 1701 թ. հոկտեմբերի 7-ին իշխան Գոլովինի պալատում: Թագավորն ուշի-ուշով լսեց հայ բանագնացին և համոզվեց, որ գործ ունի լավիմաց մեկի հետ, որը կարող էր օգտակար լինել իր քաղաքական հետագա նպատակների համար: Ռուսաստանն արդեն խիստ հետաքրքրություն էր ցուցաբերում իր երկրի հարավային սահմաններից այն կողմ գտնվող տարածքների նկատմամբ, ցանկանում էր ընդարձակել իր քաղաքական ազդեցության ոլորտը արևելքում, ամրանալ Կասպից ծովի ափերին և վերահսկողություն հաստատել մետաքսի շահաբեր շրջանների վրա: Այս խնդիրների իրագործման ճանապարհին, անշուշտ, հայերն ու Հայաստանը կարող էին անգնահատելի ծառայություններ մատուցել: Փաստորեն ռուսական կողմը ևս շահագրգռված էր Հայաստանի անկախության վերականգնմամբ և նման մի բարեկամ երկրի առկայությունը բխում էր Ռուսաստանի քաղաքական շահերից: Հանդիպման վերջում ցարը որոշակիորեն հայտնեց, որ ինքը ընդառաջելու է հայերի այս դիմումին, որը հնարավոր կլիներ հյուսիսային պատերազմի ավարտից հետո: Ժամանակ չկորցնելու համար նա հայ դիվանագետին խորհուրդ տվեց շարունակել հայ-ռուսական երկխոսությունը և նախապատրաստվել ապագա իրադարձություններին: Դեռ ավելին, 1702 թ. մարտին Պետրոս I-ը հատուկ գրությամբ իրավունք վերապահեց Օրուն իր ծրագրի մասին հայտնել մելիքներին և հոգևոր առաջնորդներին:
 Ռուսական կողմի գիտությամբ Օրին 1702 թ. Հայաստան ուղարկեց մոսկվաբնակ մի հայ զորականի՝ կապիտան Միրոն Վասիլևին, որը գրություններ տարավ էջմիածնի և Գանձասարի կաթողիկոսներին, մելիքներին: էջմիածնի և Գանձասարի միաբաններն անորոշ, խուսափողական և զգուշավոր պատասխաններ ուղարկեցին, իսկ մելիքները ընդհանրապես որևէ արձագանք չտվին; Այս իրողությունր կարող էր սասանել Օրու հեղինակությունը ցարի առջև և, ամենակարևորը, կասկածի տեղիք տալ հայերի ռուսական կողմնորոշման մասին: Բայց հասկանալի էր, թե ինչու էին հայկական շրջանակները ցուցաբերել այդպիսի ծայրահեղ զգուշավորություն. պարսկական իշխանություններն ինչ-որ չափով տեդյակ էին տարվող բանակցություններին և պատրաստ էին խանգարել, պատժել անհնազանդ հպատակներին:
 Ստեղծված անհարմար դրությունից ելք փնտրելու նպատակով Օրին և Մինաս Տիգրանյանցը հմտորեն օգտագործեցին Անգեղակոթի ժողովի կողմից իրենց տրված մաքուր, սակայն ստորագրված թղթերը: Նրանք կազմեցին մելիքների անունից Պետրոս 1-ին ուղղված մի դիմում՝ թվագրված 1703 թ. մայիսի 7-ով: Այստեղ վերստին հավաստում էին հայերի անխախտ քաղաքական դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ և կրկին շեշտում Ռուսաստանի աջակցությամբ ազատություն ձեռք բերելու ակնկալությունները. «Հավատում ենք, որ Զեզնով է լինելու հայերի ազատագրումը»,- գրում էին նրանք Պետրոս I-ին;
 Ելքը գտնված էր, և Օրին ավելի դյուրությամբ կարող էր շարունակել հետագա բանակցությունները: Ցարի հետ նա հանդիպեց ևս մի քանի անգամ և հասկացավ, որ ձգձգվող ռուս-շվեդական պատերազմը առժամանակ Ռուսաստանին ստիպելու է հետին պլան մղել Հայաստանի ազատագրության հարցը: Սակայն Օրու համար այդ հարցը երբեք դուրս չեկավ օրակարգից: Նա չափազանց եռանդուն շարունակում էր բանակցությունները վրաց քաղաքական շրջանակների հետ, ծանոթանում ռուսական ռազմական արվեստին: Ռուսական բանակի առաջին հաղթանակները շվեդների դեմ էլ ավելի աշխուժացրին Օրու գործունեությունը: Նա հստակեցրեց ապագա ազատագրական արշավանքի մանրամասն երբ, պատրաստել տվեց Հայաստանի նոր, առավել հանգամանալից քարտեզ;
 Պարսկաստանի ներքին դրության վերաբերյալ ավելի ճշգրիտ տեղեկություններ ունենալու, հայ և վրաց ապստամբական ուժերը համախմբելու և այլ անհրաժեշտ գործողություններ կատարելու համար Օրին առաջ քաշեց իր գլխավորությամբ Պարսկաստան ռուսական մեծ դեսպանություն ուղարկելու գաղափարը, որին ռուսական կողմը անմիջապես հավանություն տվեց: Դեսպանությունը պետք է ժամաներ Սպահան՝ շահ Հուսեյն I-ին ռուսաց թագավորի բարեկամությունը հավաստիացնելու նպատակով, բայց իրականում պետք է զբաղվեր հետախուզական անհրաժեշտ տվյալներ հայթայթելով և նախապատրաստական աշխատանք տաներ տեղի հայերի ու վրացիների շրջանում: Իր դիրքը շեշտելու և կասկածներ չհարուցելու համար Օրին նաև խնդրում է իրեն շնորհել ռուսական բանակի գնդապետի աստիճան: Պետրոս I-ը հավանություն է տալիս պարսկական դեսպանության գաղափարին և ընդառաջելով Օրու խնդրանքին՝ նրա դիմումի վրա մակագրում է. «Շնորհել գնդապետի կոչում  ըստ իր ցանկության»:
 Մինչև Պարսկաստան մեկնելը Օրին անհրաժեշտ համարեց մեկ անգամ ևս լինել Եվրոպայում և այստեղ մի վերջին անդամ բանակցություններ վարել պապի, ավստրիական կայսեր և Հովհան Վիլհելմի հետ՝ ռուսական բանակի պարսկական ապագա արշավանքի վերաբերյալ նրանց դիրքորոշումը  ճշգրտելու համար: 1704-1706 թթ. Օրին եղավ եվրոպական մի շարք երկրներում, հանդիպեց Ավստրիայի կայսրին, Պֆալցի մեծ իշխանին, Կղեմես ԺԱ պապից ստացավ հավատարմագիր և նամակ՝ հասցեագրված շահին: Շատ կարևոր էր այն, որ Օրին իր ունեցած նյութական սուղ միջոցներով և հայ առևտրականների կողմից իրեն փոխտրված գումարներով Ամստերդամում գնեց զենք, հանդերձանք և Արխանգելսկի վրայով ուղարկեց Աստրախան` այնտեղից Հայաստան տեղափոխելու մտադրությամբ: 1706 թ. հոկտեմբերին նա արդեն Մոսկվայում էր, իսկ 1707 թ. հուլիսի կեսերին դեսպանությունը ճանապարհվում է Պարսկաստան:
 Որոշ դժվարություններ հաղթահարելուց հետո 1709 թ. հուլիսին դեսպանը ժամանեց Սպահան: Իսրայել Օրու դեսպանությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց ինչպես բուն Պարսկաստանում, այնպես էլ Անդրկովկասում, դեռ ավելին՝ այն ունեցավ միջազգային հնչեղություն: Պարսկաստանում կաթոլիկական քարոզչությամբ զբաղվող ֆրանսիացի միսիոներները, որ միաժամանակ զբաղված էին հետախուզական տվյալներ հավաքելով, փորձեցին անբարենպաստ կարծիք ստեղծել դեսպանության և անձամբ Օրու մասին: ՛Քաջ գիտակցելով Օրու դեսպանության նպատակները՝ ֆրանսիացիներն ամեն կերպ աշխատում էին խոչընդոտել նրա հանդիպումր շահի հետ: Հենց ֆրանսիացիների ջանքերով էր, որ իմացվեց ու տարածվեց դեսպանի հայ լինելու հանգամանքը, որն անսպասելի և ցնցող տպավորություն թողեց պարսկական քաղաքական ֊դիվանտգիտական շրջանակներում: Չպետք է մոռանալ, որ Օրին պաշտոնապես համարվում էր նաև Հռոմի պապի դեսպանորդ և հնա-րավոր չէր վերջնականապես խոչընդոտել նրա բանագնացությունր: Ավելին, Օրին հանդիսավորությամբ րնդունվեց շահի կողմից: Հուսեյն I-ը դրականորեն վերաբերվեց պապի խնդրանքին՝ Պարսկաստանում քրիստոնյաների վիճակը բարելավելու վերաբերյալ: Շահը, սակայն, առանձին դրություն ուղարկեց ցարին, որր լի էր հայերի նկատմամբ անբարյացակամ արտահայտություններով. այստեղ նա հասկացնում էր, որ չի խրախուսում հայ-ռուսական մերձեցումը:
 Կատարելով դեսպանական իր առաքելությունը` 1709 թ.օգոստոսի կեսերին Օրին Սպահանից վերադարձավ: Ամբողջ երկու տարի նա մնաց Անդրկովկասում; Դժվար չէ կռահել, թե այդքան երկար ժամանակ ինչով էր նա զբաղված. Օրին եռանդուն գործունեություն էր ծավալել հայ քաղաքական ուժերին համախմբելու, նրանց դեպի Ռուսաստան կողմնորոշելու ուղղությամբ: Անձամբ հանդիպել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ա Ջուղայեցու և Գանձասարի կաթողիկոս էսայի Հասան-Զալալյանի հետ: Առավել երկար նա մնաց Սյունիքում և Արցախում, համախմբեց տեղական ուժերը, Աստրախանից ստացված զենքերը բաժանեց րստ անհրաժեշտության: Հանդիպումներ ունեցավ նաև վրաց ռազմա-֊քաղաքական գործիչների հետ՝ պայմանավորվելով հետագա միասնական գործողությունների մասին: Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան֊-Ջալալյա֊նը, Օրու գաղափարներով խանդավառված, միացավ նրա պատ֊վիրակությանը ՝ ռուսաց ցարին անձամբ բացատրություններ տալու նպատակով: Այս հանգամանքը հայ-ռուսական հետագա հարաբերություններին տալու էր ավելի գործնական ու պաշտոնական բնույթ: Ի վերջո, 1711 թ. ամռանը պատվիրակությունը Կասպից ծովով նավարկեց մինչև Աստրախան, ուր հասավ օգոստոսի սկզբներին: Այստեղից ցամաքային ճանապարհով Օրին շտապում էր վերադառնալ Մոսկվա: Նրա համար Ռուսաստանի պարսկական արշավանքի ուրվագիծը դարձել էր ավելի ու ավելի որոշակի: Սակայն տեղի ունեցավ անսպասելին, օգոստոսի վերջերին ուժերի ծաղկուն շրջանում, 50 տարեկանում, կասկածելի ու մութ հանգամանքներում Աստրախանում հան֊կարծամահ եղավ հայ ազատագրական շարժման անխոնջ և եռանդուն գործիչը: Եսայի կաթողիկոսր Աստրախանի հայկական եկեղեցու բակում կատարելով Օրու թաղման կարգը՝ ձեռ֊նունայն վերադարձավ Արցախ:
Պատվիրակության փաստաթղթերն ու իրերը ցիրուցան եղան և անհետացան: Օրու մահվան մասին Պետրոս I-ր իմացավ Կազանի նահանգապետ Պ. Մ. Ապրակսինի՝ ցարին ուղղված 1711 թ. նոյեմբերի 7-ի գրությունից: Օրու մահվանից ուղիղ 11 տարի անց՝ 1722 թ., Պետրոս I-ը վերջապես սկսեց պարսկական արշավանքը: Բայց այղ արշավանքը չունեցավ այն արդյունքը, որի համար ապրել և պայքարել էր ազատագրական շարժման նշանավոր գործիչն ու հայ մեծ մտածողը:
 
Աղբյուրը՝
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:/Երևան 2012 թ.., էջ 213-220

 
 
 Տե´ս նաև`

Ա. Սիմոնյան, Հայոց պատմություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2012 թ.

 
 
Հովհաննիսյան Պ.
   
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am