Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Ազատագրական պայքարը XIXդարի 90-ական թվականներին:Ազատագրական պայքարի աոաջին քայլերը

 Ազգային-ազատագրական պայքարի նախադրյալները։ 1878 թ. Սան-Ստեֆանոյի նախնական հաշտության և Բեռլինի վեհաժողովի դաշնագրով ըստ էության միջազգայնացվել էր Հայկական Հարցը։ Բայց շատ չանցած պարզ դարձավ, որ դիվանագիտական ճանապարհով այդ հարցը չի լուծվելու։ Իր հերթին սուլթանական կառավարությունը ձեռնարկեց Հայկական Հարցի յուրովի լուծում: Եթե Բեռլինի վեհաժոդովին հաղորդած առաջին տասնամյակում դա առավելապես արտահայտվում էր ժողովրդագրական, վարչատարածքային և հարկային քաղաքականության իրականացումով, որի նպատակն էր հայաթափել Արևմտյան Հայաստանը, ապա 1890-ական թթ. սկզբներից արդուլհամիդյան վարչակարգը՝  ձգտելով կանխել ուժգնացող հայ ազատագրական շարժումը, դիմում է Հայկական Հարցի լուծման ավելի արմատական միջոցի՝ Հայաստանի բնիկ բնակչության ֆիզիկական բնաջնջման։

 Իր հերթին՝ Բեռլինի վեհաժողովից հետո միջազգային դիվանագիտությունից հիասթափված հայկական ազատագրական շարժման գործիչները կանգնեցին պայքարի մարտավարությունը փոխելու անհրաժեշտության առաջ՝ Հայկական Հարցի լուծման հույսը գլխավորապես կապելով զինված պայքարի հետ։

 Ազատագրական պայքարի ղեկը ստանձնած կուսակցությունները, չնայած իրենց միջև եղած մարտավարական որոշակի տարբերություններին, անվերապահորեն հեղափոխության հետ կապեցին արևմտահայության ազատագրումը։

 Ազգային-ազատագրական պայքարի գլխավոր նպատակի և դեպի այն տանող ուղու սահմանումը օրինաչափորեն դնում էր նաև տվյալ իրավիճակին ու պատմական պահին համապատասխան գործունեության ձևերի ու միջոցների ընտրության հարցը, որոնք պետք է համապատասխանեին իրական պայմաններին՝ հաշվի առնելով պայքարի ճանապարհին առկա դժվարություններն ու խոչընդոտները։

 Պայքարի առաջին շրջանում շարժումը ղեկավարող ուժերին բնորոշ էր քաղաքական ռոմանտիզմը, երր երկրից հասնող օգնության կոչերը նրանք սխալ էին ընկալում՝ գտնելով, որ ժողովուրդը պատրաստ է համընդհանուր ապստամբության: Հայկական հարցը միամտորեն համարվում էր մոտ ժամանակներում լուծելի հարց՝ ակնհայտորեն թերագնահատելով Օսմանյան կայսրության իրական հնարավորությունները։ Պայքարը ղեկավարող կենտրոններում, որոնք գտնվում էին երկրի սահմաններից դուրս, բացակայում էր Արևմտահայաստանի իրական վիճակի վերաբերյալ հստակ պատկերացումը։

 Մտավոր առումով ավելի զարգացած և տնտեսապես բարվոք վիճակում գտնվող հայության մի ստվար զանգվածի կենտրոնացումը բուն երկրից դուրս՝ կայսրության խոշոր կենտրոններում, հատկապես Կ. Պոլսում և Զմյուռնիայում, այսինքն՝ եվրոպայի տեսադաշտում, ստիպում էր թուրքական բռնապետության դեմ մղվող պայքարը հաճախ բուն Երկրից տեղափոխել այդ կենտրոնները՝ կարծելով, թե այդտեղ զինված գործողություններ ծավալելով հնարավոր է լուծել ժողովրղի ազատագրության հարցը։

 Հաշվի առնելով Հայկական Հարցի միջազգայնացած լինելը՝ հեղափոխական կուսակցությունները միամտաբար կարծում էին, թե Հայկական Հարցի վերջնական լուծման իրավարարի փրկիչ դերը, ի վերջո, վևրապահվելու է միջազգային դիվանագիտությանը։

 Հայ ազատագրական շարժմանը խանգարող մյուս հանգամանքը այն ֆինանսավորող, նյութապես ապահովող արտաքին ու ներքին կայուն, քիչ թե շատ նշանակալի ուժերի բացակայությունն էր։ Շարժումը նյութապես քիչ թե շատ ապահովում էին աշխատավորական զանգվածները, որոնց օժանդակությունը չէր կարող բավարար լինել։ Ուստի պայքարի ղեկավար ուժերը հարկադրված էին երբեմն նյութական ռեսուրսներ ձեոք բերել ոչ ցանկալի եղանակով՝ բռնի մեթոդներով;

 Շարժման առջև  մեծ խոչընդոտ էր Արևմտյան Հայաստանում այլազգի, քուրդ ստվար բնակչության առկայությունը, որի հետ դաշինքը կամ գոնե նրա չեզոքացումը կենսական խնդիր էր, թեև կյանքը ցույց տվեց, որ քրդերի հետ դաշինքը անիրականանալի է։ Ավելին, քրդությունը չեզոք չէր։ Հավակնելով տիրանալ հայոց երկրին՝ ինքն էլ ակնհայտ թշնամանքով էր տրամադրված հայության հանդեպ։ Հիմնականում հենց քուրդ բեկերն ու աղաներն էին հանդես գալիս արևմտահայության հարստահարողի դերում։ Իշխանությունները քրդերի ուժերն օգտագործում էին հայության պայքարը զսպելու համար՝ բնականաբար առաջ բերելով հայ զինյալների պատասխան հակահարվածը։

 Պայքարի կոնկրետ ձևերի ու միջոցների ընտրության խնդրում հայ ազատագրական շարժումը երկար որոնումների անհրաժեշտություն չզգաց։ Մի կողմից՝ նա իր աչքի աոաջ ուներ XIX դարի ընթացքում ուրիշ ազգերի մղած և հաճախ հաղթանակով ավարտված պայքարի օրինակները, մյուս կողմից՝ արևմտահայ իրականության կոնկրետ պայմաններն իրենք էին հուշում, երբեմն նաև պարտադրում պայքարի նոր ձևեր կամ ճշգրտում արդեն հայտնի ձևերը։

 Ստեղծված պայմաններում անհնարին համարելով կանոնավոր կռիվը թուրքական բռնապետության դեմ՝ հայ զինյալ պայքարը ղեկավարող կուսակցությունները (Հնչակ, Դաշնակցություն) փարվեցին Հայդուկային (պարտիզանական) պայքարի գաղափարին, քանի որ կանոնավոր պատերազմ, իսկական ճակատամարտեր անհնար էին։

 Այսպիսով, հայ ժողովրդի ազատագրական զինված պայքարը հիմնականում ստանում է ֆիդայական կռիվների կերպարանք։ Ֆիդային (հայդուկը) թուրքական բռնակալության դեմ պայքարող ժողովրդական վրիժառուն էր, որր տուն ու ընտանիք թողած՝ իրեն նվիրաբերել էր հայրենիքի ազատագրության գործին։ Նա մարմնավորում էր ազգի կռվող ոգին, նրա արիությունը, վեհանձնությունը և անկոտրում կամքը։

 Սուլթանական կառավարության հայաջինջ քաղաքականության հետևանքով ծայրահեղ աննպաստ պայմաններում ընթացող հայ ազատագրական շարժումը հայդուկային պայքարի հետ մեկտեղ հարկադրված էր որդեգրել նաև պայքարի այլ՝ անգամ ծայրահեղ ձևեր, քանզի աբդուլհամիդյան անմարդկային ռեժիմի դեմ կռվում դեպի ազատություն տանող պայքարի բոլոր միջոցներն արդար էին։

 Հայոց ազատամարտը, չսահմանափակվելով հայդուկային կռիվներով, լրացվում էր զինյալ պայքարի այնպիսի ձևերով, ինչպիսիք էին ինքնապաշտպանական կռիվները, արշավանքները, անհատական ահաբեկումները և այլն;

 Այսպիսին էր հայ ազատագրական զինված պայքարի առաջին փուլի մարտավարությունը՝ ռոմանտիկ ու ոչ իրատեսական, բայց միանգամայն բնորոշ ազատագրական պայքարի ղեկավարների այդ շրջանի աշխարհայացքին։

 Աղբյուրը՝ Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 394-397

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am