Ազատագրական կռիվներն Արցախում: Հայկական անկախ իշխանության ստեղծումը։ Պետրոս 1-ի պարսկական ձախողված արշավանքից հետո ապստամբած հայերն ու վրացիները հայտնվեցին խիստ աննպաստ իրավիճակում։ Անհրաժեշտ էր պարսից շահին պատասխան տալ իրենց հակապետական քայլերի համար։ Շահ Թահմազ II-ը Վախթանգին մեղադրելով պետական դավաճանության մեջ՝ նրան գահընկեց արեց։ Ռուսաստանի փորձերը՝ փրկել իր հովանավորյալին, անարդյունք եղան։ Գահազուրկ Վախթանգը ստիպված էր փախչել Ռուսաստան։ Ապստամբ հայերը զրկվեցին իրենց դաշնակցից և ստիպված էին միայնակ շարունակել պայքարը։
Արցախ վերադարձած հայկական զինական ուժերը ազատագրական կռիվների միջոցով երկրամասից դուրս քշեցին պարսկական վարչակազմին և զորամասերին։ Փաստորեն, 1722 թ. վերջերին և 1723 թ, սկզբներին ամբողջ Արցախն ազատագրված էր պարսկական իշխանության մնացուկներից։ Վերացան պարսկական վարչական ու հարկային համակարգերը, տեղական կառավարումն անցավ հայերի ձեռքը։ Աստիճանաբար մտցվեցին կառավարման, հարկահավաքման միանգամայն նոր ձևեր։ Ոչնչացվեցին հարկային բոլոր հին ցուցակները, ժողովուրդն ազատվեց դարեր ի վեր «սրբագործված» բռնությունների ու կամայականությունների համակարդից։ Շարժման առաջնորդ Եսայի Հասան-Ջալալյանը տեղի ունեցած երևույթները գնահատել է որպես հայոց ազգային հանգած իշխանության «նոր նորոգում»։ Արցախի հայկական իշխանության գործառույթներն իրականացնում էին տեղական մելիքական հին տոհմերի ներկայացուցիչները, որոնց գործունեությունը համակարգում էր Եսայի Հասան-Ջալալյանը։
Հատկապես մեծ հաջողություններ ձեոք բերվեցին զինված ուժերի ամրապնդման ուղղությամբ։ Կազմակերպվեցին ռազմական ամրացված հինգ շրջաններ՝ սղնախներ. Դիզակի, Խաչենի, Ջրաբերդի, Շոշի և Գյուլիստանի։ Յուրաքանչյուր սղնախ ուներ շուրջ 6 հազար զինվոր: Սղնախների զինված ուժերի ընդհանուր թիվը տատանվում էր 30-40 հազարի միջև։ Հրամանատարներն էին Ավան, Սարգիս, Եսայի, Թարխան և այլ զորավարներ։ Ընդհանուր զորահրամանատարն էր Ավան Հարյուրապետը։ Զինված էին բավարար, վաոոդն ու հրազենը հիմնականում պատրաստում էին տեղում։
Անշուշտ, հայ ազատագրական շարժումը շարունակում էր ապավինել Ռուսաստանի օգնության հույսին և այդ ակնկալությամբ էլ նոր խնդրագրեր էին ուղարկվում ցարական արքունիք։ Սակայն Պետրոս I-ի անակնկալ մահից hետո (հունվար, 1725 թ.) ռուսական քաղաքական ու ռազմական շրջանակներում թուլանում էր հետաքրքրությունը Անդրկովկասի նկատմամբ, որի արդյունքը եղան հայերին տրված անորոշ, խուսափողական պատասխանները և, ի վերջո, Անդրկովկասից հեռանալու միտումները։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am