Ավան Յուզբաշի (Մելիք Հովհաննես): Ծնվել է մոտ 1670թ.: Մահացել է 1735թ.:  XVIII դ. 1-ին քառորդի հայ ազատագրական շարժումների ղեկավար Արցախում: Լոռու գավառի Մելիքյան տոհմից, Ղուկաս վարդապետի որդինԾառայել է Շիրվանի խանի զորքում: 1717-ին հաստատվել է Ղարաբաղի Շոշ գյուղում, ամրացրել վերջինիս բերդը (այժմ՝ Շուշի) և իր կազմակերպած զորախմբով, որպես հարյուրապետ (յուզբաշի), պայքարել պարսկական բռնապետության դեմ:

 Պարսկական արշավանքի ժամանակ (1722-1723) գլխավորել է Պետրոս I-ին ընդառաջ գնալու նպատակով Գանձակում կենտրոնացած հայկական զորախմբերից մեկը: Եսայի Հասան-Ջալալյանի հետ ղեկավարել է սղնախների (բերդեր և բնական ամրություններ) զինվորական ուժերը:

 1724-ի գարնանն իր զորախմբով (2 հազար մարտիկ) անցել է Սյունիք, զինակցել Դավիթ Բեկին: Թուրքական զորքերի դեմ 1725-28-ի մարտերում հռչակվել է խիզախությամբ և զորավարական հմտությամբ, որի համար պարսից շահը նրան շնորհել է «խանի» և «սպասալարի» տիտղոսներ: 1728-ին եղբոր՝ Թարխան Յուզբաշու հետ ռուսական հրամանատարությունից օգնության ակնկալիքով մեկնել է Բաքու,  1729-ին՝ Ռուսաստանին անցած Մերձկասպյան շրջաններ, ծառայել է Հայկական էսկադրոնում:

 1734-ին ռուսական կառավարությունը Հս. Կովկասում, իբրև կալվածք, Ավան Յուզբաշուն նվիրել է Ղարաբաղից գաղթած հայերով բնակեցված 9 գյուղ:

 

Գրականության ցանկ

 «Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am