Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Արցախի անկախության նվաճումը
 Արցախի անկախության նվաճումը: ԼՂՀ-ի անկախության հռչակումը և պետականության ձևավորումը:
 Սոցիալ-տնտեսական ծանր կացության մեջ հայտնված Հայաստանի Հանրապետությունն իր ունեցած բոլոր հնարավոր միջոցներով օգնում էր Արցախին՝ Ադրբեջանի դեմ մղվող ազատագրական պայքարում։

 Օգտվելով ԽՍՀՄ ղեկավարության բացարձակ աջակցությունից՝ ադրբեջանական իշխանությունները շարունակում էին զավթել հայկական գյուղերը և բնակիչներին արտաքսել իրենց բուն հայրենիքից։

 1991 թ. ապրիլ-մայիս ամիսներին ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները (ռուս.՝ ՕՄՕՆ) խորհրդային բանակի աջակցությամբ բացահայտ պատերազմ սկսեցին Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության դեմ։ Փաստորեն 1991 թ. մայիսին Ադրբեջանի կողմից հրահրվեց ղարաբաղա-ադրբեջանական պատերազմ։

 1991 թ. հուլիսին ստեղծվեցին ինքնապաշտպանության ընդհատակյա կոմիտե և ինքնապաշտպանական ուժերի շտաբ։ Մարզի բոլոր շրջաններում կազմակերպվեցին զինված ջոկատներ, որոնք հետագայում համախմբվեցին մեկ միասնական հրամանատարության ներքո։

 1991 թ. օգոստոսի 30-ին Բաքվում հրավիրված՝ Ադրբեջանի Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց անկախության վերականգնման մասին հռչակագիր, որով 1918-1920 թթ. մուսավաթական Ադրբեջանի սահմաններում ազդարարվում էր անկախություն։ Փաստորեն Բաքուն հրաժարվում էր Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց։ Դա նշանակում էր, որ նրա կազմում չէին կարող լինել ո՛չ Նախիջևանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը, որովհետև այդ ժամանակ դրանք Ադրբեջանի սահմաններում չէին եղել։ Ուստի անհրաժեշտ էր շտապել և ձեռքից թաց չթողնել հարմար պատմական պահը։

 1991 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը։ Ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» որոշում։ Նախկին ԼՂՒՄ-ի և Շահումյանի շրջանի տարածքում հռչակվեց անկախ հայկական պետություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ)։

 Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որին մասնակցեց բնակչության ձայնի իրավունք ունեցողների 80 %-ը, իսկ քվեարկողների 99 %-ից ավելին ձայն տվեց անկախության օգտին։

 1991    թ. դեկտեմբերի 28-ին տեղի ունեցան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի (հետագայում՝ Ազգային ժողով) պատգամավորների ընտրություններ։ 1992 թ. հունվարի 6-ին կայացավ հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց ԼՂՀ անկախության հռչակագիրը։

 Հունվարի 8-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց 33-ամյա պատմաբան Արթուր Մկրտչյանը։ Ստեղծվեց ԼՂՀ նախարարների խորհուրդ՝ Օլեգ Եսայանի վարչապետությամբ։

 1992    թ. հունիսի 2-ին ԼՂՀ Գերագույն խորհուրդը հաստատեց պետական դրոշը, իսկ նոյեմբերի 17-ին՝ երկրի զինանշանն ու օրհներգը։ ԼՂՀ դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն՝ սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով։ Հայաստանի Հանրապետության օրինակով աստիճանաբար կազմավորվեց դատական համակարգը։ Հանրապետության անվտանգության երաշխավորը ԼՂՀ զինված ուժերն էին, որոնք ազատագրական պայքարում իրենց պսակել էին հաղթանակների փառքով։

 Առաջնային համարվեց ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ բանակցությունների գործընթացը։ Վերջինս դարձավ Եվրոպայի անվտանգության և համագործակցությանկոմիտեի (ԵԱՀԿ) քննարկման առարկա։ Բայց Ադրբեջանի իշխանությունները մերժում էին Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական մեթոդներով կարգավորմանն ուղղված ամեն մի առաջարկ՝ աոաջ քաշելով Արցախը կրկին իրենց ենթարկելու անիրական պահանջներ։ Ավելին, Թուրքիայի հովանավորությամբ ու աջակցությամբ ադրբեջանցիներն իրենց ռազմական բազաներից սկսեցին անրնդհատ ռմբակոծել Արցախի բնակավայրերը: Խոջալուից, Շուշիից և Աղդամից ամեն օր ռմբակոծվում էր Ստեփանակերտը՝ պատճառելով ավերածություններ և բազում մարդկային զոհեր։ Համապարփակ շրջափակումն ու շուրջօրյա հրետակոծություններն ավերում ու կաթվածահար էին անում Արցախի տնտեսությունը: Ուստի առանց հակառակորդի ռազմական հենակետերի ու կրակակետերի վերացման հնարավոր չէր ապահովել բնակչության անվտանգությունը:

 

Գրականություն՝

 

1. ԱՐՑԱԽ

http://www.historyofarmenia.am/am/Books_Artsax

 2.ԱՐՑԱԽ (ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ)

http://www.historyofarmenia.am/am/books_Arcax

3.ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՊԱՅՔԱՐԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ

http://www.historyofarmenia.am/am/Books_Arcaxyan_goyapayqar

4. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ (1918_1921 ԹԹ.)

 http://www.historyofarmenia.am/am/books_Lernayin_Gharabagh_1918-1921

5. ԼՂՀ ՀՌՉԱԿՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ (1991_1994 ԹԹ.)

http://www.historyofarmenia.am/am/Books_LXH_hrchakumy

  

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am