ԱՐՑԱԽ, ԱՐՁԱԽ. Ծավդեից աշխարհ, Փոքր Սյունիք, Մեծ Հայքի 10-րդ նահանգը արևելյան մասում։ Նախապես, մինչև 4-րդ դար, ներառել է նաև Սևանա լճի ավազանի արևելյան հատվածը (Ծավդեք կամ Սոդք)։ Արցախի հիմնական մասը կազմող հյուսիսային և կենտրոնական շրջանները պատկանում են Կուրի, իսկ հարավը՝ Արաքսի (Երասխ) ավազաններին՝ բացառությամբ արևելյան և հարավային (Արաքսին հարող) տափարակ շրջանների (կազմել են Միլի դաշտի մի մասը)։ Տարածքը հիմնականում լեռնային է (Արցախի կամ Ղարաբաղի, Մռավի լեռնաշղթաներ)։ Սահմանակից էր հյուսիսից և արևելքից՝ Ուտիք, հարավից՝ Փայտակարան, արևմուտքից՝ Սյունիք աշխարհներին։ Ըստ «Աշխարհացույց»-ի՝ ուներ 12 գավառ՝ Մյուս Հաբանդ, Վայկունիք (Վակունիք), Բերձոր (Բերդաձոր), Մեծիրանք (Մեծա-ռանք), Մեծկուանք (Մեծ Կվենք), Հարճլանք (Հարջլանք), Մուխանք, Պիանք, Պածկանք (Պարզկանք), Քուստի Փառնես, Սիսականի Կոտակ, Կողթ։

Արցախը եղել է հայ ժողովրդի կազմավորման հնագույն կենտրոններից։ Մ.թ.ա. 8-րդ դարի առաջին կեսին միացվելով Վանի թագավորությանը (Ուրարտու), սեպագիր արձանագրություններում հայտնի է Ուրտեխե անունով: Հետագա դարերում ևս շարունակաբար մնացել է հայոց պետականության ոլորտում՝ Երվանդականներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ։ Մեծ Հայքի 387 թվականի բաժանումից հետո Արցախը մինչև 428 թվականն եղել է Արևելահայկական թագավորության, ապա՝ Հայոց մարզպանության կազմում։ Ձգտելով թուլացնել Հայաստանը՝ Պարսից արքունիքը, հայկական այլևայլ շրջանների նման, 451-ին Արցախը ևս դուրս է բերել Հայոց մարզպանության կազմից՝ այն կցելով Աղվանքին։ Այս ամենով հանդերձ Արցախը շարունակել է մնալ հայկական երկրամաս՝ կազմելով Հայոց Արևելից կողմանց կարևոր հատվածը, որի բնակչությունն ակտիվորեն մասնակցել է ազգային կյանքին և հաստատված Առանշահիկների (Եռանշահիկներ) իշխանական տան գլխավորությամբ դիմագրավել օտար նվաճողների ոտնձգություններին։ 10-րդ դարում, երբ երկրամասի քաղաքական կենտրոնն Առանշահիկները տեղափոխել են Խաչենագետի հովիտ, Արցախ տեղանունն աստիճանաբար փոխարինվել է Խաչենով, իսկ 13-14-րդ դարերին գերիշխող է դարձել օտար Ղարաբաղ անվանումը։ Արցախ տեղանունը կրկին շրջանառության մեջ է մտել 1988-ից։

 

 

Հոդվածի հեղինակ՝

Գեղամ Բադալյան:

 

Գրականության ցանկ՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ «1988-1994». Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am